Ցավոտ կետեր. – Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Իսկ բնակֆոնդի մասին ամբողջական տեղեկություն չունենք… Լավ չէ, բայց գնում ենք… Գնում ենք, որ լավ լինի…

Սկիզբը՝ թիվ  7-ում

Մեր երկրի բնակֆոնդի շենքերի սեյսմակայունության մակարդակը մեծապես նվազել է, որովհետեւ այդ բնակֆոնդը շատ վատ է պահպանվում: Այդ ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման կարիք կա, ինչը թույլ կտա հստակեցնել շենքերի պահպանմանն ուղղված քայլերը ձեռնարկելու եւ աշխատանքները ֆինանսավորելու մեխանիզմները: Այս գործընթացին էապես կարող է խթանել նաեւ շենքերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը: Այլ քայլեր էլ են քննարկվում: Ինչի՞ց է որոշել սկսել պետությունը՝ ընդունելով շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը:

Նախ՝ պարզվում է, որ մենք մեր բնակֆոնդի իրական վիճակի մասին համապարփակ տեղեկատվություն դեռ չունենք:

Այդ իսկ պատճառով շենքերի անձնագրավորում կարվի ու միասնական տեղեկատվական հենք կստեղծվի: Անձնագրավորումը տեխնիկական փաստաթղթի ձեւով կլինի, որում կամփոփվի շենքի կոնստրուկտիվ վիճակը, ինժեներական համակարգերում ու ենթակառուցվածքներում առկա վնասվածքների նկարագրությունը, դրանց առաջացման պատճառները: Կլինի նաեւ եզրահանգումը շենքի հետագա շահագործման, առանձին կոնստրուկցիաների ու շենքի ընդհանուր ուժեղացման կամ քանդման անհրաժեշտության վերաբերյալ: Կառավարությունից վստահեցնում են, որ սա «անհրաժեշտ հիմք կդառնա երկրում ընդհանուր առմամբ, սեյսմիկ ռիսկի իրական գնահատականը տալու նպատակով վերլուծությունների եւ արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողություններ անելու ուղղությամբ հիմնավորված ծրագրերի մշակման համար»:

Շենքերը կհաշվառվեն ըստ անհրաժեշտության, փուլ առ փուլ կվերականգնվեն ու կուժեղացվեն: Կհայտնաբերվեն վթարային եւ բնակության համար ոչ պիտանի շենքերը: Գործադիրն իր հերթին հավելում է, թե այս գործընթացն է, որ հնարավորություն կտա հանրապետության բնակավայրերի տարածքային սուղ պայմաններում աստիճանաբար նորացնել բնակարանային ֆոնդը՝ այն փոխարինելով ճարտարապետական ժամանակակից լուծումներով ու սեյսմակայունության առումով ներկայիս պահանջներին բավարարող շենքերով:

Իսկ այս համապատկերում ի՞նչ է սպասվում մեր ճարտարապետական եւ պատմամշակույթային արժեք ներկայացնող, մասնավորապես՝ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններ հանդիսացող շենքերի հետ: Գործադիրը վստահեցնում է, որ այդ շենքերի պահպանմանն ուղղված ծրագրեր կմշակվեն եւ կիրագործվեն:Կառավարությունը լավ կանի, այս գործում որպես կողմ չներգրավի մշակույթի նախարարությանը, թե չէ վերջինս իր ենթակա ՊՈԱԿ-ի միջոցով եզրակացություն կտա, որ այդ շենքերը իրենցից մշակութային արժեք չեն ներկայացնում եւ հարկ է քանդել՝ տեղը սրճարան սարքելով ու զբոսաշրջիկներ բերելով:

Երկրորդ քայլը վերաբերում է շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված առաջնահերթություններին: Այսօրվա դրությամբ մեր շենքերի գերակշիռ մասը, հիմնականում բազմաբնակարան ֆոնդի շուրջ 2 տասնյակ հազարի հասնող շենքեր, չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության գործող նորմերի պահանջներին ու ուժեղացման կարիք ունեն:

2013թ. դրությամբ միայն բազմաբնակարան շենքերի թվում՝ 421 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն (անբավարար տեխնիկական վիճակ) եւ ենթակա են վերականգնման ու ուժեղացման, 26 շենք ունի 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ), որոնց բնակիչները ենթակա են վերաբնակեցման: Հասկանալի է, որ գումարներ կպահանջվեն: Ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը:

Դարձյալ ըստ գործադիրի, կպահանջվեն ոչ միայն «հսկայական ֆինանսական ներդրումներ», այլեւ «տասնյակ տարիների ժամանակահատված», ինչը, ներկայիս տնտեսական հնարավորությունների պայմաններում, անիրատեսական է դարձնում պահանջվող ծավալով միջոցառումների իրականացումը: Միայն 3-րդ աստիճանի վնասվածության 421 բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ուժեղացման համար, խոշորացված հաշվարկներով, կպահանջվի շուրջ 250 մլրդ դրամ, իսկ «ներկայիս տնտեսական պայմաններում դա հնարավոր կլինի իրականացնել ոչ պակաս քան 30 տարում:

Բացի այդ, երկրում շահագործվող բնակարանային ֆոնդը հիմնականում կառուցվել է 1960-1980-ականներին, որից անցել է շուրջ 40-50 տարի: Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ շենքերի պահպանման պարտադիր նորմերի կատարման դեպքում դրանց ծառայության ժամկետ է սահմանված միջինը 100 տարին, հասկանալի է դառնում, որ այդ շենքերն արդեն իսկ կիսով չափ սպառել են իրենց ծառայության ռեսուրսը եւ տասնայակ տարիներ հետո դրանց ուժեղացումը տեխնիկատնտեսական առումով լավագույն դեպքում կարող է գնահատվել աննպատակահարմար:

Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ նաեւ նկատի ունենալով վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման հետ կապված խնդիրները, համապատասխան մոտեցումներ ցուցաբերելու համար շենքերի նկատմամբ առաջնահերթություն սահմանելու խիստ պահանջ է առաջանում»:

Մի խոսքով, առաջարկել է առաջնահերթ դիտարկել՝ 1. վթարային բազմաբնակարան շենքերից բնակիչների վերաբնակեցման հարցը՝ նախապատվությունը տալով այն շենքերին, որտեղ բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու պահանջարկ չի առաջանում: Այս խնդրի լուծմանը կարելի է հասնել սոցիալական բնակարանների կառուցմամբ բնակիչների պարբերաբար վերաբնակեցման միջոցով՝ նախապես ստեղծելով որոշակի փոխանակման ֆոնդ:

2. Վերականգնման ու ուժեղացման ենթակա շենքերում համապատասխան միջոցառումներ իրականացնելիս, ըստ առաջնահերթության նախապատվությունը տալ՝ ա. պետական կառավարման համակարգի շենքերին, որտեղից պետք է կոորդինացնեն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերը, բ. բնակչության բնականոն կենսագործունեությունը ապահովող օբյեկտների շենքերին, գ. անչափահաս երեխաների եւ բնակչության սակավ շարժունակ խմբերի սպասարկման համար նախատեսված օբյեկտների շենքերին, դ. մարդկանց մասսայական գտնվելու համար նախատեսված օբյեկտների շենքերին, ե. շենքերին, որոնցում կարող են հանգրվանել եւ առաջին օգնություն ստանալ երկրաշաժից վնասվածքներ ստացած ու անօթեւան մնացած մարդիկ, զ. հատուկ բարձր ազգային արժեք ներկայացնող օբյեկտների շենքերին, է. մարդկության համար հնարավոր վտանգ ներկայացնող օբյեկտների շենքերին, ը. բազմաբնակարան շենքերին:

Ի դեպ, վերջինիս մասով պատկան մարմինն ասում է, թե այդ շենքերի վերականգնման ու ուժեղացման հնարավորությունը հիմնականում պետք է դիտարկել սեփականատերերի միջոցների հաշվին, որին կգումարվեն նաեւ պետական աջակցության ծրագրերի  շրջանակներում հատկացումները: Եվ պետական աջակցության ծրագրերում կընդգրկվեն հիմնականում այն շենքերը, որոնք կունենան սահմանված ժամկետի հաշվառմամբ հաստատված տեխնիկական անձնագրեր: Ի՞նչ եղանակներով ու ձեւերով կբարձրացվի շենքերի սեյսմակայունության մակարդակը:

Կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Լավ չէ, բայց գնում ենք

Երեւանում հայ-սերբական համաժողովից հետո լրագրողներս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները: «Դաշնության տնտեսության ցանկացած թուլացում Հայաստանի համար լավ չէ»,- ասաց նախարարը:

Եվ ընդհանրապես, նրա խոսքերով, յուրաքանչյուր պարագայում, երբ պատժամիջոցներն ազդում են Հայաստանի գործընկեր երկրների տնտեսությունների վրա, դա անդրադառնում է նաեւ մեր երկրին: Մանավանդ այս պարագայում, որովհետեւ «Ռուսաստանի տնտեսությունը մեզ համար կարեւորագույն տնտեսություն է, եւ բազմաթիվ կապերով ենք մենք կապված: Ռուսաստանի տնտեսության ցանկացած թուլացում, իհարկե Հայաստանի համար լավ չէ»: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի ներկայիս վիճակը պատճառ դառնա, որպեսզի Հայաստանը վերանայի Մաքսային միությանը  անդամակցելու որոշումը:

Ի պատասխան Վահրամ Ավանեսյանը հստակ շեշտադրեց, թե չի կարծում, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը կարող է պատճառ դառնալ վերանայելու Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: «Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, այն, ինչ կատարվում է, չեմ կարծում, որ դրա համար որեւէ առիթ է տալիս»:

Կառավարության երեկվա նիստից հետո նույն թեմայով խոսեցինք նախարարի հետ: Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ ամեն ինչ դեռ այդքան ցնցումային չէ:

Մոսկվան նույնպես այս կարծիքին է. համենայնդեպս, միջազգային հանրությանը պարզ ասվեց, որ ՌԴ-ի համար միջազգային իրավունքը ՌԴ-ի շահն է: Երեկ երեկոյան Մոսկվան արդեն խոսում էր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դեմ հենց իր կողմից միջազգային պատժամիջոցների մասին, կամ, որ ավելի ստույգ է, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցներին հակաքայլերի մասին: Հակաքայլ թիվ մեկը գազն է: Եվրոպան շատ արագ կզրկվի ռուսական գազից: Ընդ որում, գիտենք, որ Մոսկվան խոսքերն օդում չի թողնում եւ կտրուկ է անում քայլերը: Թե ինչքան կդիմանա ասենք, Ֆրանսիան առանց գազի, երկար մտածել պետք չէ: Վստահ ենք, սակայն, որ Եվրոպան չի թողնի, որ բանը դրան հասնի: Պարզապես չի կարող ԱՄՆ-ի հետ միասին չխոսել պատժամիջոցներից: Նաեւ՝ ԵՄ-ն չի կարող չխոսել, քանզի ինքն էլ ՌԴ-ից էներգետիկ կախվածության մեջ է ու հոգնել է այդ վիճակից: Այդ կախվածությունը թուլացնելու նրա բոլոր ճիգերը հօդս են ցնդում: Օրինակ՝ «Նաբուկո»-ի ծրագիրը, բայց սա այլ թեմա է:

Գնում ենք, որ լավ լինի

Այսուհետ տեղեկատվական ոլորտին պետական աջակցություն կտրվի:

ՏՏ ոլորտի ձեռնարկություններին կտրվի պետական աջակցություն՝ երկու ուղղությամբ: Ընդ որում՝ խոսքը սկսնակ ձեռնարկությունների մասին է:

Օժանդակությունն այն է, որ պետության կողմից այդ ընկերություններին տրամադրվելու են դրամաշնորհներ, տրվելու է տեխնիկական աջակցություն: Իսկ երկրորդ այն է, որ սկսնակներին տրվելու են հարկային արտոնություններ: Ի դեպ, խոսքը լուրջ աջակցության մասին է: Մասնավորապես՝ շահութահարկի արտոնություն է տրվելու եւ այն կազմելու է զրո տոկոս, իսկ եկամտահարկը՝ 10%՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից,  բայց սա տրվելու է երեք տարով: Ընդհանրապես, օրենքը եթե ընդունվի, կգործի մինչեւ 2020թ.-ն:

Հնարավո՞ր է, որ սա այն ձեւն է, որով կառավարությունը փորձում է հանգստացնել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակայինի ստեղծված «Դեմ եմ» նախաձեռնությանը, չէ՞ որ նրանց մեծ մասը ՏՏ ոլորտի աշխատակիցներ են: Հարցին էկոնոմիկայի նախարարար Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, թե՝ «նրանց մեծ մասը արդեն տարբեր խոշոր ընկերությունների աշխատողներ են, որոնք ստանում են բարձր աշխատավարձեր, իսկ սա նոր ձեռնարկությունների ստեղծման մասին է: Շատ կուզենայի, որ շարժման մասնակիցներին դարձնեինք կողմ, բայց չեմ կարծում, որ սա այդ գործիքն է լինելու»:

Եթե ՏՏ-ի խոշոր ձեռնարկությունները տրոհվեն՝ աշխատակիցների մի մասին էլ տանելով, ապա սա հենց այդ գործիքը կլինի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։