Երբ շրջանը գծում ու փակում են ներսից կամ ծերացած քաղաքականություն… Երբ մարդիկ աստվածներ են նաեւ, բայց՝ կուսակցականացված… Հերթը տեղական ինքնակառավարմանը հասավ…

Երբ շրջանը գծում ու փակում են ներսից

Խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի քաղաքական ակտիվացման համար կարեւոր էր մարտի 1-ի հարցը ուղղակի բարձրացնելը. կարծում են որոշ վերլուծաբաններ: Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը եւս այս կարծիքին է: Նա նշել է, որ իր համար կարեւոր է ոչ թե հարցը բարձրացնելը, այլ այն, եթե խորհրդարանական մեծամասնությունը վիժեցնի հարցը ու որոշումը չընդունվի, ապա ի՞նչ ծրագիր են առաջարկելու 4 ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ. «Եթե ծրագիր չեն առաջարկելու, ապա դա արդեն ուրիշ պատմություն է: Ինձ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե որ ճանապարհն է տանելու դեպի բացահայտում այս իշխանությունների օրոք»:

ՀԱԿ խմբակցության կողմից երկրորդ անգամ նույն որոշման նախագիծը այս տարի ներկայացնելը նախորդ տարվա կրկնությունն են համարել նաեւ այլք: Անցյալ տարի էլ նույն բանն արեցին, ինչ-ինչ պատճառներով լռեցին հետո: Ի՞նչ կարիք կա նույն հարցը բարձրացնել, երբ իրենք վճռական չեն, իսկ իշխանության պատասխանն էլ գիտեն:

Իսկ պատասխանն այն էր, որ ԱԺ-ում 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: Որոշման նախագիծը խորհրդարանը մերժեց ձայների հետեւյալ համամասնությամբ՝ 46 կողմ, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 1: Քվեարկությունից առաջ ՀԱԿ-ի առաջարկը պաշտպանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի որոշման նախագծին եւ մյուսներին էլ կոչ արեց կողմ քվեարկել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են որոշման նախագծին: «Մենք լուրջ ենք մոտենում հարցին, նրանք, ովքեր կարծում են, որ շոուներ անելու ժամանակն է, սխալվում են: Ուսումնասիրել ենք 3 հանձնաժողովների աշխատանքները եւ նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը»,- ասել է ՀՀԿ պատգամավորը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նախագծի հիմնական ներկայացնողն էր, եւս ելույթ ունեցավ ու արձագանքեց. «Ես, որպես նախագծի ներկայացնող, համենայնդեպս, շոուի նպատակ չեմ հետապնդել: Ցավում եմ, որ բովանդակային առաջարկություն չհնչեց քննարկումների ժամանակ: Միաժամանակ զարմանում եմ, որ բոլոր պատգամավորները ցանկանում են բացահայտվի, բայց կողմ չեն որոշման նախագծին»: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց. «Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովները որեւէ առնչություն չունեն ներկայացված նախագծի հետ: Իրականում այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմինները արդարադատության իրականացման ճանապարհին ինչ խոչընդոտներ են թույլ տվել: Եթե չեք քվեարկում, ապա թափված արյան պատասխանատվությունն ընկնում է Ձեզ վրա»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մոտ էլ հարց էր առաջացել՝ ինչու՞ մեծամասնությունը չի ցանկանում, որ այդ հանձնաժողովն ստեղծվի: Նա նույնիսկ բարկացավ. «Շատ բաներ, որ չեմ ասում, ուղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս»: Նրա այս խոսքից հետո նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց անջատել պատգամավորի բարձրախոսը:

Մարտիմեկյան ողբերգությունը իրապես բացահայտման կարիք ունի. այս մասին «Լուսանցք»-ը միշտ է գրել, այժմ էլ կրկնում ենք՝ պետք է պատժվեն բոլոր մեղավորները՝ եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր կողմերից: Գերտերությունների պատվերով եւ օտար երկրների դրոշներ պարզած հանրահավաքրում հայ մարդիկ են զոհվել եւ օտարների խորհրդով հեղաշրջման փորձ անողները պակաս պատասխանատու չեն իշխանություններից, որոնց դեմ այսօր ամպագոռգոռ հայտարարություններ են անում:

Մարտի 1-ը կամ Հոկտեմբերի 27-ը վերջնականապես կպարզաբանվի, երբ ավելի քան 25 տարի իշխանություն-ընդդիմություն խաղացող այս ուժերից բոլորովին անկախ մի երրորդ կողմ գա իշխանության Հայաստանում: Այլապես այսօրվա իշխանական կամ ընդդիմադիր բոլոր պետական, կառավարական ու խորհրդարանական ուժերը եղել են իշխանության մեջ եւ յուրաքանչյուրն իր աքիլեսյան գարշապարն ունի...

Արտակ Հայոցյան

Երբ մարդիկ աստվածներ են նաեւ

Դեռ մարտիմեկյան հանրահավաքից առաջ, ինչպես քաղաքական դեմքերը, այնպես էլ լրատվամիջոցները բացահայտ խոսում էին, որ ԲՀԿ-ն հանրահավաքում կապահովի ձեւական կողմը: ՀԱԿ-ի այդ հանրահավաքին ԲՀԿ-ից մասնակցեցին մի քանի հոգի, ովքեր կանգնեցին հարթակում եւ այդպես միացան հանրահավաքին: ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չբերեց ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ ըստ լուրերի, նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին խիստ նկատողություն էր արել ԲՀԿ-ի՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար։

Բայց նկատելի էր, որ ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ այդ օրը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանափոխության գործը «վստահելու» է Գագիկ Ծառուկյանին: ՀԱԿ ղեկավարի հաջորդ քայլերը եւս հավաստեցին դա:

Իսկ ԲՀԿ նախագահի համեմատությունը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ, արդեն «վերջն» էր… ՀՀ 1-ին նախագահը կարծես առաջարկում է Ծառուկյանին Իվանիշվիլու պես հեղափոխություն կազմակերպել՝ հեռացնել Սերժ Սարգսյանին, ինչպես դա արվեց Վրաստանում՝ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ, եւ… մի կարճ ժամանակ վարչապետ դառնալով՝ իշխանական ղեկը, նախագահի պաշտոնը թողնել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Իսկ երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեցին, թե ինչ է մտածում այդ համեմատության մասին, որ Ծառուկյանը ոչ մի բանով պակաս չէ Իվանիշվիլուց, նա պատասխանեց, թե «Իհարկե պակաս չէ, մեր Ծառուկյանը դեռ մի բան էլ ավել է…»:

Կենացները քաղցրացան: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն էլ անիմաստ է համարել խոսել Ծառուկյան-Իվանիշվիլի ընդհանրությունների կամ տարբերությունների մասին, ինքը չգիտի՝ դրանք կա՞ն, թե չկան, բայց «Ծառուկյանն ուրիշ է, մարդկության մի նոր տեսակ… Նրա արյան մեջ խոսում է Աստծո գործակիցը եւ ես նրան համարում եմ որպես երկրի ճակատագրողի տեսակ»: Այսպես՝ոչ ավել, ոչ պակաս՝ «Աստծո գործակցով մարդ»… Հները կասեին՝ «Աստծո տեղապահը երկրում» կամ գոնե՝ Հայաստանում ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ եւս չի կարողացել չպոռթկալ: Ըստ Ստեփան Մարգարյանի, Գագիկ Ծառուկյանը ոչնչով պակաս չէ Բիձինա Իվանաշվիլիից, «նա նույնպես կարող է առաջնորդել ժողովրդին առանց հեղափոխական ցնցումների, միշտ ասել եմ՝ որեւէ հեղափոխություն ցանկալի չի, որովհետեւ դա շատ վնաս է, պետությունը հետ է շպրտում երկար տարով»:

Դուրս գալով այս վերերկրային վիճակից՝ նշենք, որ «ժողովրդի հիշողությունը կարճ է» ասողները իրենց կարճ հիշողությամբ մոռանում են, որ մեր երկրում նաեւ ազգային հատված է ապրում ու արարում եւ ունի հաստատուն հիշողություն: Իսկ այն ասում է, որ Գագիկ Ծառուկյանը ծլել-ծաղկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի (նաեւ ասում էին՝Վանո Սիրադեղյանի) օրոք, բարգավաճել ու հարստացել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, վայելում ու ընդդիմադիր է խաղում Սերժ Սարգսյանի օրոքԵվ հիմա երկրային կյանքը հետաքրքիր չէ, չի բավարարում 3 նախագահներին ծառայություններ մատուցած ընդդիմադիր առաջնորդին, եւ նա այլեւս աստվածանում է յուրայինների ջանքերով

Բայց երբ ՀՀ պաշտպանության (Վազգեն Սարգսյանի ՊՆ ժամանակ) նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին՝ նշեց, որ «իշխանության ձգտող ցանկացած ուժ կարող է համագործակցել իր երեկվա թշնամու հետ», միանգամից նորից երկիր իջեցրեց «արյամբ Աստծո գործակիցը» կրող ԲՀԿ նախագահին:

ՀՅԴ-ն եւս դեմ չէ ԲՀԿ-ի միջոցով կրակից շագանակներ հանելու տարբերակին, եւ ընդունել է Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցությունների հետ հարաբերությունները պարզելու, հանդիպելու առաջարկը, իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը կողմ է միայն Րաֆֆի Հովհաննիսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան ուժի ձեւավորմանը, եւ դեմ է ՀԱԿ+ԲՀԿ ուժին, քանզի կրկին ԲՀԿ-ի գործողություններում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրը։

Այսպես, օրակարգում դեռ մնում են ՀՀ 3 նախագահների ձեռագրերը:

Նարե Մշեցյան

* * *

Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանը պետք է ելույթ ունենար նաեւ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ով 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ ԱԳ նախարար էր: Բայց իր ելույթի ժամին Օսկանյանը դահլիճում չէր Ընդմիջումից հետո, երբ վերադարձավ դահլիճ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան ելույթի հնարավորություն տվեց, սակայն նա հրաժարվեց ելույթից:

* * *

Հերթը տեղական ինքնակառավարմանը հասավ

Մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 53 համայնքներից 40-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ այդ համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից 8-ն անկուսակցական են, 3-ը՝ ԲՀԿ անդամ, 1-ը՝ ՀՅԴ եւ ամենաշատ՝ 28-ը՝ ՀՀԿ անդամներ: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 10-ին: Սահմանված ժամկետում վերահաշվարկի եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Թվով 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների եւ զլմ 1 ներկայացուցչի կողմից ստացել են դիմումներ, որոնք վերաբերում են 11 համայնքներում կայացած ընտրություններին: Բոլոր դիմումները սահմանված կարգով եւ ժամկետներում քննարկվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։