Հարված՝ ռուսական եւ սլավոնական շահերի վերջին հանգրվանին – Ի՛նչ Ուկրաինա էլ լինի, միա՛յն հակառուսական լինի. Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է…

Հեղաշրջմամբ իշխանության եկածները հայտարարում են, թե Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան: Ուկրաինան երազանք ունի կառուցելու եվրոպական ժողովրդավարական երկիր, սակայն իրականում Ուկրաինան կամաց-կամաց սահում է դեպի ազգայնամոլական ուժերի գիրկը: Եվ այս ամենը նկատելով, Արեւմուտքը շարունակում է պաշտպանել հեղաշրջողներին: Այստեղ մի եզակի պատճառ կարող է լինել՝ ի՛նչ Ուկրաինա էլ լինի, միա՛յն հակառուսական լինի: Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է, խնդիր է դրվել ոչնչնացնել Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս սլավոնական դաշինքը, որը կարող է հետագայում վերստին ծավալվել, եթե Արեւելյան Եվրոպայում Չեխիան, Բուլղարիան, Սերբիան, թե մեկ այլ սլավոնական երկիր որոշի միանալ այս դաշինքին:

Հիշեցնենք, որ հայ արիների առաջնորդը համաարիական դաշինքի մասին խոսելիս, առանձնացրել էր նաեւ սլավոնա-արիական դաշինքը, որը նախաձեռնել է ռուս-արիական համայնքը, որն այսօր էլ գործում է, բայց ոչ պետական մակարդակով: Ըստ Արմեն Ավետիսյանի, այժմ այդ դաշինքում կան ռուս, ուկրաինացի, բելառուս, սերբ, չեխ, սլովակ, բուլղար ազգերի ներկայացուցիչներ, որոնց կարող են միանալ լեհ, սլովեն եւ նախկին Հայարվսլավիայի հանրապետությունների ազգերի ներկայացուցիչներ:

Պարզ է, որ սա հզոր ճակատ կարող է լինել, ինչը երբեք բացառել չի կարելի: Ոչ ոք չէր պատկերացնում ԽՍՀՄ-ի, ապա Հարավսլավիայի այդքան արագ մասնատումը, հետո՝ Սերբիայի, նաեւ Չեխիայի ու Սլովակիայի բաժանումը, այսօր նման մի խնդրի առաջ կանգնած է Ուկրաինան, բայց տարիներ հետո կարող է մեկ այլ իրավիճակ ստեղծվել: Եվ հենց դա էլ ցանկանում են կանխել ԱՄՆ-ն ու Եվրոպան, որ միացյալ ուժերով կարողացան կազմակերպել վերոնշյալ մասնատումներն ու բաժանումները:

Միայն Բելառուսն է թերեւս մնացել Ռուսաստանի ուղեծրում: Բայց դա էլ արբանյակային կապ չէ, քանի որ այդպես էլ չկայացավ Ռուսաստան-Բելառուս միությունը

Իսկ ՀԱՄ առաջնորդը «Լուսանցք»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Արեւմուտքի՝ համաշխարհային միաբեւեռության ձգտումները, ժողովրդավարության անվան տակ թաքնված բռնակալ ուժի առավել բացահայտ հանդես գալը՝ դեռ նորանոր խլրտումներ են առաջացնելու, դեռ անկախական շարժումներ են ծավալվելու Արեւմտյան Եվրոպայում, ինչպես իռլանդական, բասկական, բավարական կամ շոտլանդական դիմադրությունները, եւ այդժամ չպետք է բացառել մասնատվող Արեւմտյան Եվրոպայից դուրս (ինքնուրույն) Արեւելյան Եվրոպայի՝ մի նոր գաղափարի շուրջ միավորումը, որը կարող է հենց սլավոնական (ինչը այսօր փորձում են կիրառել ռուս-արիական միավորումները) արմատական համերաշխությունը լինել:

Այս համապատկերին ավելի սրված են երեւում Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները: Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը սպասելի է համարել Եվրոպական խորհրդի համատեղ հայտարարությունը եւ դրանում որեւէ նոր բան չի տեսել: «Եվրոպական գագաթաժողովի ընդունած որոշումը կարելի է անվանել «երեք սառեցումների» որոշում. «Վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների սառեցումն է: Այդ երկխոսությունը, ցավոք, ընդգծեմ, որ Եվրամիությունը վաղուց է սառեցրել: Նաեւ նոր հիմնարար համաձայնագրի շուրջ բանակցությունների սառեցումն է: Այստեղ նույնպես գնդակը Եվրամիության դաշտում է»,- նշել է ՌԴ ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ հունվարին տեղի ունեցած ԵՄ-ՌԴ գագաթաժողովի առաջ Մոսկվան առաջարկել է օգտագործել գագաթաժողովի ընձեռած հնարավորությունը՝ բանակցային գործընթացին նոր ազդակ հաղորդելու համար: Սակայն, նրա խոսքով, Եվրամիությունը խուսափել է դրանից՝ առաջարկելով հետաձգել այն մինչ ամառ: ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ բանակցային գործընթացը՝ որպես ռուսական կողմի վրա քաղաքական ճնշման միջոց օգտագործելը, նորություն չէ:

Բացի այս «սառեցումները», Եվրամիությունը որոշել է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Այս պատճառով Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցայը հույս է հայտնել, որ կհաջողվի կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Եվ կրկին շեշտելով, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան, այս պաշտոնյան հայտնել է, որ լավ ու բարիդրացիական հարաբերությունների են ձգտում բոլոր հարեւանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի: Սա է պատճառը, որ չեն բացառում դիվանագիտական երկխոսության ու երկու երկրների ղեկավարության միջեւ ուղիղ երկխոսության հնարավորությունը: Նա նաեւ անհրաժեշտություն է համարել Ղրիմի հարցով կոնտակտային խմբի արագ ստեղծումը եւ հավելել. «Մենք ոչ մեկին չենք տա Ղրիմը»:

Սակայն այս շրջադարձը տապալման է տանում Մոսկվայի Եվրասիական ծրագրերը, Մաքսային միության կազմավորումը, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ չի ճանաչում հեղաշրջումով իշխանության եկած ուկրաինական նոր իշխանությանը եւ առաջվա պես Ուկրաինայի նախագահ է համարում Ռուսաստանից ապաստան խնդրած Վիկտոր Յանուկովիչին:

Հետաքրքիր է, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Եվրամիության հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ առանց դրա տնտեսական բաղադրիչի (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի), Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին, որ անհնար է նախաստորագրել համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ առան տնտեսական բաղադրիչի, քանի որ դա մեկ միասնական փաստաթուղթ է, եւ որ քաղաքական մասն առանց տնտեսականի զրկվում է իր բովանդակությունից:

Այսպես՝ նորից հաստատվում է, որ եվրոպական երկակի ստանդարտների քաղաքականությունը չի՛ կարող վստահություն ներշնչել եւ վաղ թե ուշ հարվածելու է հենց եվրոպական երկրներին, երբ անկախական շարժումները թափ հավաքեն: Չի՛ կարելի Սերբիան համաշխարհային մամլիչով մասնատելու անկախ երկիր ճանաչել Կոսովոն, բայց ինքնակամ եւ ազգային-ազատագրական պայքարով Ադրբեջանից անկախացած Արցախի հարցը շուրջ 20 տարի սառեցնել: Այսօր էլ Ղրիմի ինքնորաշմանը դեմ լինել:

Ցանկացած բռնապետություն կործանվում է, եւ սա հայտնի է նաեւ Արեւմուտքին, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան վաղուց են իրենց վրա վերցրել «համաշխարհային ժանդարմի» իրավունքներ (ինչին ՌԴ-ն դեռ չի ձգում, թեեւ ձգտում է), ինչն արդեն հանգեցնում է բռնապետության, որի հաստատումից հետո էլ կհետեւի կործանումը:

ԱՄՆ-ն իր կեցվածքով ոչ մի բանով չի զիջում «երջանկահիշատակ» ԽՍՀՄ-ին, իսկ Եվրոպան Ռուսաստանի ահից (գուցե նաեւ սլավոնական միասնության հնարավորությունից) կառչել է Վաշինգտոնի պոչից: Հիշեցնենք, որ երբեմն մերձեցումների փորձեր անում են Ռուսաստանն ու եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Իտալիան: Սակայն Միացյալ Նահանգներն իր անդավաճան եվրոպական գործակալի՝ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ կամ ներեվրոպական որոգայթներ է լարում կամ որեւէ պատերազմ է սանձազերծվում, ինչպես երկու անգամ դա եղավ Իրաքում, ապա՝ Հարավսլավիայում: Այսօր Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։