Կպահպանվի՞ դրական չեզոքությունը – Հնարավորինս չեզոք մնաց նաեւ ուկրաինահայ համայնքը… Հայաստանակենտրոն Սփյուռքի տեսլականը – Բազմասփյուռ Սփյուռքը…

Կպահպանվի՞ դրական չեզոքությունը

Մեր տեղեկությունների համաձայն, պաշտոնական երեւանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կառուցողական ու դրական է գնահատվել Արեւմուտքի, հատկապես՝ Միացյալ Նահանգների կողմից, որպես դրական չեզոքություն: Հետաքրքիր է, որ նույն կարծիքն է հայտնել նաեւ ուկրաինական կողմը: Կարծում ենք՝ ռուսական կողմը եւս պետք է բավարարված լինի:

Հայաստանը այս իրավիճակում կարողացավ չնեղացնել որեւէ կողմին, ինչը դժվար կլինի պահպանել, եթե հանկարծ հակամարտությունը վերածվի զինված ընդհարման: Այս դեպքում՝ մի կողմից Ռուսաստանն է՝ մեր ռազմավարական գործընկերը, ԱՊՀ եւ ՀԱՊԿ կառույցներում հիմնական դաշնակիցը, մյուս կողմից՝ մեկ այլ գործընկերական դաշինք է կանգնած՝ ի դեմս ԱՄՆ-ի ու եվրոպական կառույցների: Ուկրաինան էլ մեր գործընկերն է Արեւելյան Եվրոպայի համագործակցության ոլորտում: Իսկապես բարդ իրավիճակ է:

Եվ «Լուսանցք»-ը գրել է, որ այն հայաստանյան ուժերը, որ երկիրը հրում էին (եւ դեռ հրում են) այս կամ այն կողմի վրա, միայն նեղ կուսակցական շահեր են հետապնդում՝ միաժամանակ կատարելով այս կամ այն համաշխարհային բեւեռի պատվերը: Իրականում, ըստ միջազգային արձագանքների, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը դրական գնահատվեց, այսինքն՝ հայաստանանպաստ եղավ:

Իսկ մեր արեւմտամետ ուժերը շատ էին նեղսրտել, թե «պաշտոնական Երեւանը չի ճանաչում Ուկրաինայի նոր կառավարության լեգիտիմությունը»: Անգամ անիմաստ համեմատությունների այգում հայտնվեցին, երբ սկսեցին «ուկրաինական Մայդանն ու հայկական Մարտի 1-ը» համեմատել: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանը Ուկրաինայի նոր ձեւավորված իշխանության ներկայացուցիչներին չի շնորհավորել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Ուկրաինայի վարչապետ համարվող Արսենի Յացենյուկին: Եվ սա կարիք չկար դարձնել քաղաքական թեմա, երբ իրապես ողջ եւ առողջ Ուկրաինայի վտարանդի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռ նախագահական հրահանգներ է կատարում: Իսկ կշնորհավորի հայկական կողմը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Եթե օտարները հասկանում են Հայաստանի իրավիճակը եւ գնահատում այն դրական, ապա ի՞նչ են ուզում մեր եվրամարտիմեկամայդանականները:

Հայաստանի համար կարեւորն այն է, որ հանձին Ուկրաինայի՝ ունենա վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, քանի որ այդ երկիրը նաեւ մեր տարանցիկ-տրանսպորտային լուրջ հանգույցներից է: Եվ թերեւս հաջողվել է պահպանել այս ամենը: Մենք այսօր էլ կարող ենք ապրանքաշրջանառություն, տնտեսական որոշակի շահեր հետապնդել այդ ուղղությամբ, որպեսզի մեր երկրում անսպասելի տնտեսական ցնցումներ չլինեն: Մենք Ռուսաստանի հետ էլ իրավունք չունենք կտրուկ քայլեր անելու, իսկ արեւմտամետ քաղաքական ուժերի ցանկությունը հենց դա էր: Բացի այն, որ ռուսական կողմը մեր կարեւոր գործընկերն ու դաշնակիցն է, ռուս-ուկրաինական հակամարտությամբ կարող է այնպես ստացվել, որ Ղրիմը դառնա ռուսապատկան: Իսկ սա ենթադրում է, որ մեր ապրանքաշրջանառությունը ուկրաինական կողմից տեղափոխվում է ռուսական: Եվ սա թերեւս ավելի իրական է համարվում այսօր:

Ուկրաինան, իհարկե, սպասում էր հայկական կողմի դիրքորոշմանը, բայց հասկանալի է, որ այն չէր կարող տարբերվել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործոց նախարարների ընդհանուր որոշումից: Դա հենց Կիեւում էլ պիտի ասվեր, եթե ընդունվեր ուկրաինական ներկա իշխանության հրավերը, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի կողմից: Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբեյնիսը հայտնել էր, որ «միջազգային հանրությունը միաձայն իր աջակցությունը հայտնեց Ուկրաինային՝ կողմ արտահայտվելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում եւ միահամուռ քննադատելով Ռուսաստանի գործողությունները Ղրիմում» եւ նա վստահ է, որ նման աջակցություն դեռ կստանա նաեւ ԱՊՀ-ի կողմից, որի անդամ պետություններից մեկն էլ Հայաստանն է. «Մենք հույս ունենք, որ ԱՊՀ երկրների կազմում գտնվող բոլոր երկրների ԱԳ նախարարները կարձագանքեն, կժամանեն Կիեւ, եւ միասին կքննարկենք իրավիճակը Ղրիմում»:

Սակայն միայն Մոլդովայի ԱԳ նախարարն է ժամանել Կիեւ եւ մասնակցել քննարկմանը, ԱՊՀ անդամ երկրների դիրքորոշումը պարզ չէ: Այժմ կրկին Կիեւը բանակցություններ է վարում ԱՊՀ երկրների հետ, որպեսզի ամեն դեպքում ձեռք բերվի պայմանավորվածություն, որպեսզի մեկ այլ հանդիպման նախարարները մասնակցեն: Կարեւոր է համարվում հայկական կողմի անպայման մասնակցությունը եւս: Մարտի 7-ին այդ քննարկումը կայացավ Կիեւում, բայց մեր նախարարը չմասնակցեց՝ գործուղման էր մեկնել Ժնեւ:

Կիեւը փորձում է մեկ այլ հավաք կազմակերպել: ԱԳ նախարարների խորհրդի նիստ գումարելը տեխնիկապես հնարավոր չի համարել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան՝ պնդելով, թե ինչպես իրենց, այնպես էլ մյուս երկրների նախարարներն ունեն այլ պլաններ: Նա միակ խնդիրը հենց ամսաթվի ընտրությունն է համարել՝ այսպիսով դեռ չփակելով ընդհանուր հավաքի թեման:

Հնարավորինս չեզոք մնաց նաեւ ուկրաինահայհ համայնքը: Չնայած Մայդանի ընդհարումների ժամանակ 2 հայեր սպանվեցին, մեկը՝ ուկրաինահայ, մյուսը՝ վրաստանահայ: Բայց հիմնականում չեզոքությունը դարձավ տեղի հայերի գործելաոճը: Ղրիմի հայ համայնքը նույնպես չեզոքություն է պահպանում: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը տեղում ավելի հանգամանալից ծանոթացել է իրավիճակին: «Երկիրը երկիր է, եւ պաշտոնական հայտարարություններն ասում են, որ մենք պետք է օրենքները հարգենք: Քաղաքական վիճակում փոփոխությունների հատուկ կարծիք, ձգտում եւ ցանկություն հայ համայնքը չունի, զարգացումներն իրենք ցույց կտան: Հիմնականում հայ համայնքը որեւէ ճնշման տակ չի գտնվում, բայց շատ զգույշ են, որ հանկարծ որեւէ բան չպատահի, իրենք էլ սխալ կարծիք չհայտնեն, որն ինչ-որ դժգոհություն կառաջացնի»,- ասել է թեմի հոգեւոր առաջնորդը:

Բայց ընդհանուր կացությունը մտահոգիչ է, միայն Ղրիմում ապրում է մոտ 30.000 հայ: Երբ վերհիշում ենք սիրիահայ համայնքի ապրումներն ու դժվարությունները, հասկանալի է լինում ուկրաինահայերի մտահոգությունը:

Անի Մարության

Հայաստանակենտրոն Սփյուռքի տեսլականը

Սփյուռքը միաձույլ գոյություն չէ եւ կազմված է բազմաթիվ ու բազմատեսակ սփյուռքերից: ՀՀ սփյուռքի նախարարությունն անցյալ տարեվերջերին մի խումբ մասնագետների ու վերլուծաբանների հրավիրել էր Երեւան՝ քննարկելու առկա խնդիրները: Մասնակցել են Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից եւ Հայաստանից:

Շատ սփյուռքահայեր արագ չկողմնորոշվեցին ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. ազատագրում, Արցախ, երկրաշարժ, շրջափակում, ընդդիմություն, դաշինքված կառավարություն, իշխանափոխությունՍփյուռքահայերի մեծմասնության համար դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից:

Հայաստանի նոր ղեկավարներն էլ լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետեւանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջեւ:

Ոչ միաձույլ, բազմաբնույթ ու տարատեսակ Սփյուռքն ունի իր սփյուռքներն ու առանձնահատկությունները («Բազմասփյուռ Սփյուռք»,- կասեր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը), տարբեր երկրների, ազգերի ու լեզվամշակութային ազդեցությունների տարաբնույթ բեռը:

Մեծ խնդիր է, թե ինչպես ընդհանրական ներկայացնել ավելի քան 10 միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Դա կարողանալու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց, որը նաեւ կներկայացնի Հայաստանից ու Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը: Հայության բոլոր 3 թեւերի (Հայաստան, Արցախ եւ Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետեւ քննարկել իրենց դիրքորոշումները եւ համաձայնել դերերի բաժանմանը: Ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան մշտառկա ներքին պայքարներն ու բախումները: Հայաստանի ղեկավարները իհարկե պարտավոր չեն ընդունել որեւէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս, ինչը տրամաբանական է, եւ վերոնշյալ համահայկական կառույցը պետք է առավելապես հայաստանակենտրոն լինի:

Հստակ է, որ առանց Հայաստանի չի գոյատեւի նաեւ Սփյուռքը, եւ այստեղ այլ կարծիք չի կարող լինել: Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների եւ գործունեության համար:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։