Հրաշք աստղադիտարան Քարահունջը (2-րդմաս)… Գաղտնիքներ, որ դեռ Քարահունջ են բերելու – Սթոունհենջի մի նոր առեղծված… Մեր ավանդապատումները շարքից. – Կոտայքի մարզ…

Հրաշք աստղադիտարան Քարահունջը (2-րդ մաս)

 Սկիզբը՝ թիվ  7-ում

Ֆուլկանելին իր գրքում (Ֆուլկանելի.- «Գոթական տաճարների գաղտնիքը» ) ճարտարապետական գոթական ոճը անվանում է արգոթական կամ «հուրհրացող գոթիկա»: Հայտնի է, որ եվրոպական բազմաթիվ ճարտարապետներ գոթական ոճի ծագումը համարում են հայկական: Դրա վառ օրինակն է սույն գրքում նկարագրված Փարիզի Աստվածամոր տաճարը, որը համապատասխանում է Կույս համաստեղության 8 աստղին եւ կոչվում է «Արամի-Աթասա» (Arami-Atasa):

Ինչպես տեղեկանում ենք ալքիմիական ձեռագրերից (ՀԱՀ 1), «Բազմաթիվ այլալեզու եւ հայերեն ձեռագրերում «փիլիսոփայական քար», «փիլիսոփայական ձու» արտահայտությունների կողքին հանդիպում ենք նաեւ «հայկական ձու», «հայկական քար» արտահայտություններին: Վ. Վալենտինիուսի, Ի. Հոլանդի եւ այլոց աշխատություններում եւ հայկական ձեռագրերում կա «հայկական աղ» արտահայտությունը, որը համարվում է փիլիսոփաների արեւը, այն նուրբ ոգին, առանց որի անհնար է «էլիքսիր» պատրաստելը: «Հայկական աղ» ասելով շատերը հաճախ հասկանում էին նաեւ որեւէ իրական նյութ:

Այդ նուրբ ոգին, «փիլիսոփաների արեւը», Քարահունջի հրաշք քարի՝ Խոյի գլուխն է, որի առաջացման ականատեսն է եղել Հերունին իր ուսումնասիրությունների ժամանակ:

Այսպիսով, Քարահունջը ստանում է եւս մի երանգ՝ Քարագլուխ: Քարագլուխ գյուղ կա Եղեգնաձորի շրջանում, Վրաստանում, Արցախում, Քարագլուխ, Քրըգլուխ, Արավուզ, Շիկաքար անվամբ Ասկերանի շրջանում, նաեւ Քարագլուխ  գյուղ Հադրութի շրջանում:

Ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում գիտական 4 անկախ մեթոդներով ապացուցվում է Քարահունջ աստղադիտարանի տարիքը: Պրոֆեսոր աստղագետ Ն. Գ. Բոչկարյովը 2003թ. կիրառելով այդ մեթոդները՝ հանգել է նույն եզրակացությանը, որ Քարահունջի տարիքը 7500 տարի է. նա համոզված է, որ Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է:

Անգլիացի պրոֆեսոր Ջ. Հոկինսը՝ Սթոունհենջի ուսումնասիրողը, նմանություններ է գտնում Սթոունհենջի, Քալենիշի ու Քարահունջի միջեւ: Սակայն մի շարք գիտնականներ, իրենց կարգելով դատավոր (սույն հոդվածի հեղինակները շատ մեղմ են արտահայտվել այդ գիտունիկների մասին,- խմբ.), ամեն կերպ աշխատում են նսեմացնել Հայաստանին եւ հայերին փառք ու պատիվ բերած հնագույն աստղադիտարանի իրական լինելու փաստը:

Առանց գիտական վերլուծությունների եւ համոզիչ փաստերի՝ նրանք զավեշտի են հասցնում իրենց դիտողությունները, օրինակ՝ քարերի անցքերի նպատակի վերաբերյալ կամ աստղադիտարանի տարիքը կասկածի տակ առնելիս:

Հնագետ Պավել Ավետիսյանը առանց լուրջ փաստարկների հայտարարում է, որ Քարահունջը աստղադիտարան չի եղել եւ  տարիքը 3 հազար տարի է: Այստեղ տեղին է նշել, որ սկզբնական շրջանում քննադատությունների թիրախ է եղել նաեւ պրոֆեսոր Ջ. Հոկինսը: Ջոն Վուդի գրքից («Արեւ, Լուսին եւ Հնագույն քարեր») տեղեկանում ենք, որ հնագետները բացասական կարծիք են հայտնել Հոկինսի աշխատությունների վերաբերյալ, հատկապես այն հարցի շուրջ, որ Սթոունհենջը չի ծառայել հնում որպես աստղադիտարան:

Հետագա ուսումնասիրությունները ստիպեցին հնագետներին փոխել իրենց կարծիքը: Պրոֆեսոր Ատկինսոնը 9 տարի անց, ուսումնասիրելով նաեւ Ա. Թոմի աշխատությունները, դրական կարծիք հայտնեց, չնայած մինչ այդ նա էլ էր քննադատում Ջ. Հոկինսին, բայց այնուամենայնիվ, համարձակություն ունեցավ խոստովանելու, որ փոխել է իր կարծիքը, այսինքն հուշարձանը իրոք ծառայել է որպես աստղադիտարան:

Մեկ այլ քննադատ, ոմն Հրաչ Մարտիրոսյան, անցնելով էթիկայի բոլոր սահմանները՝ իր «Քարահունջ Stonehenge առասպելի վերջը» հոդվածում այնպիսի տոնով է խոսում Պարիս Հերունու մասին, ասես թե հայտնի գիտնականը ինքն է, իսկ Հերունին՝ իր աշակերտը: Ըստ այս վայ «հայագետի», Ար աստված առհասարակ գոյություն չունի, Տիր աստվածը իրանական փոխառություն է, նիշ բառը բնիկ հայկական չէ, այլ իրանական (կամ ասորական) փոխառություն եւ այլն: Եթե Եգիպտոսում քրմերը մոտ 40 հազար տարի գաղտնի են պահել աստղագիտական գիտելիքները, ապա ինչու է զարմանալի թվում, երբ Հերունին գրում է, որ քաղաքակրթությունը Հայաստանում սկիզբ է առել մոտավորապես 40 հազար տարի առաջ: Մի խոսքով, կարդալով այս «ամենագետին», ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ սա քննադատական հոդված չէ, այլ հակահայկական քարոզչություն:

Ինչ վերաբերում է այն բանին, որ 10 տոննանոց քարերը Դար գետի ձորի մոտ գտնվող քարհանքից բարձրացվել եւ տեղափոխվել են հուշարձանի տարածք եզների կամ ձիերի օգնությամբ, դա անհավանական է: Ֆ. Մոզյերը իր գրքում (Ֆ. Մոզյեր.- «Զատիկի առեղծվածային կղզին») գրում է. «Այն հարցին, թե ինչպես են հսկայական քարերը եւ արձանները բարձրացվել վերեւ, կղզու բնիկները  պատասխանել են՝ մանայի միջոցով, հավելելով, որ այժմ իսկական մանա չկա»: Գրքի հեղինակը եկել է այն եզրակացության, որ հնում ցեղապետը կամ քուրմը օժտված է եղել գերուժերով կամ օգտագործվել են այսպես կոչված հակագրավիտացիոն ուժերը: Տեղացիները պնդել են, որ ծանր աշխատանքները կատարվել են քարհանքում ու երբ արձանները պատրաստ են եղել, առաջնորդը մանայի միջոցով տեղափոխել է դրանք նախատեսված վայրը:

Մեզ ավելի հավանական է թվում, որ Քարահունջի քարերի տեղափոխումը քարհանքից կատարվել է նույն ձեւով կամ քրմերը օժտված են եղել հին ժամանակներում գոյություն ունեցած գիտությունով, որը կոչվել է Թեոպեա:

Քարահունջի եւ Սթոունհենջի անվանումների նույնական լինելու մասին կասկած չի կարող լինել: Ինչպես Քարահունջը եւ Քարագլուխը հայերենում ունեն նույն իմաստը, այնպես էլ անգլերենում Stonehenge-ն ու Stone head-ը նույնական են: Նույնիսկ եթե Քարահունջն անվանենք Քարատակ, ապա սրանք էլ են նույնական: Քարատակ բառի «տակ» արմատը հուշում է քարի տակ ինչ-որ բանի գոյության մասին, իսկ քարի տակ, Երկրի կենտրոնում գոյություն ունի նաեւ երկրային Արեւ (ցենտրիկ Արեւ), որի ճառագայթման էներգիան հասնում է մինչեւ Երկրի մակերեսը ( Վ. Վալենտին.- «Իմաստության 12 բանալիները» ): Քարահունջ, Սթոունհենջ անվանումները կարելի է հավելել նաեւ Մոհենջո-Դարո-ով, որն այլ թեմա է:

Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան

Գաղտնիքներ, որ դեռ Քարահունջ են բերելու

Վերջերս մի հոդված ի հայտ եկավ, որը հավաստում է, որ Սթոունհենջը առավելապես նորակառույց է: Հրապարակումն ինքը հարցադրումով է՝«Կառուցվե՞լ է 1954թ., թե՞ վերականգնվել զրոյից»: Նաեւ Սթոունհենջի բավականին հետաքրքիր լուսանկարների համադրություն է հայտնվել համացանցում եւ «Live-imho.livejournal»-ը գրել է, որ գտել է 1954թ. արված նկարներ, որոնցում պատկերված է Սթոունհենջի կառուցման գործընթացը: Հիշեցնենք, որ Սթոունհենջն ավելի քան 100 տարի փակ տարածք է համարվում. այն հսկվում է զինվորակնների կողմից: Տեղի բանկիչներին դեռ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ վտարել են զորավարժանքներ անցկացնելու պատրվակով, իսկ գյուղերը վերցրել են ռազմական հսկողության տակ:

Համացանցում ներկայացրած վաղ լուսանկարների վրա երեւում են սպիտակ շրջանակներ, որոնք նշանակում են ապագա «մեգալիսթների» վայրերը: Դրանք շինարարների համար նախատեսված աշխատանքների շրջանակներ են: Պատվիրատուի կողմից վայրի նշանավորումն է: Ավելի ուշադիր նայելով՝ լուսանկարների վրա հնարավոր է տեսնել զինվորականների, փոշոտ մետաղալարեր եւ այլ բաներ, որոնք պաշտպանված օբյեկտներ են:

Կարելի է տեսնել նաեւ պատվիրատուի ներկայացուցիչներին, ովքեր ո՛չ պաշտոնյաներ են, ո՛չ շինարարներ, ո՛չ բանվորներ եւ ո՛չ էլ շրջակայքում ապրող բնակիչներ:

Հոդվածում նաեւ փաստեր են ներկայացվել Սթոունհենջի մասին. 1. Առաջին զորավարժությունները Սթոունհենջում եղել են 1898թ.: 2. Այդ ժամանակից սկսած մինչեւ 2-րդ համաշխարհային պատերազմը, պաշտպանության նախարարությունը մեծ հողատարծքներ է գնել այդ տարածքում: 3. Ներկայումս պաշտպանության նախարարության տիրապետության տակ է գտնվում 390 քառ. կմ տարածք, որից մի մասը մշտապես փակ է, իսկ մյուսի մուտքն էլ՝ խիստ սահմանափակ: 4. Նախկինում Սթոունհենջի մոտակայքում եղել է երկաթգիծ եւ օդանավակայան, որոնք հետագայում ապամոնտաժվել են: 5. 1943թ. Imber եւ Par Hinton գյուղերը, որոնք 15 կմ էին հեռու Սթոունհենջից, տեղահանվել են: 6. Սթոունհենջից 2 կմ դեպի հյուսիս գտնվում է Թագավորական հրետանային ուսումնարանը, որը իրական կրակոցներ է արձակում տարվա մեջ 340 օր: 7. 9 կմ դեպի հարավ-արեւելք տեղակայված է Գիտության եւ տեխնիկայի պաշտպանության լաբորատորիան, որի աշխատանքները հիմնականում դասակարգված են: 8. Եվս 17 կմ դեպի արեւմուտք տեղակայված է ռազմաբազա եւ «Ապաչե» օդանավակայանը: 9. Սթոունհենջի շրջակայքում չեն կատարվում գյուղատնտեսական աշխատանքներ:

Վահագն Նանյան

Մեր ավանդապատումները. – Կոտայք

Սուրբ Վարդանի քար - Հրազդանի Ալափարս գյուղում է: Այս քարը տեղացիները գաղթի ժամանակ իրենց հետ բերել են Մակուից: Ասում են, թե այս քարի վրա ժամանակին թափվել է Վարդան զորավարի արյունը:

Արզնի - Արայի լեռան արեւելյան փեշին է: Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջեւ: Արան ընկնում է պատերազմի դաշտում: Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դին: Որովհետեւ բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի:

Ամեն անգամ որեւէ դիակ Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են. Ա՛ռ, զննի: Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:

Ջրվեժ - Կոտայքի Աբովյանի տարածքում է: Մի տարի այս կողմերում երաշտ է լինում: Արտերը չորանում են: Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առվի հունը: Ջուրը թեեւ ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի: Սրանց բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի:

Ծերերից մեկն առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կկարողանա մատաղ անել աղբյուրի ակին: Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախիրները: Անցնում է մի փոքր ժամանակ: Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի: Հանկարծ երեւում է հարեւան գյուղից մի երիտասարդ՝ ուսին ոչխար: Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը, մորթում ինքն իրեն: Ջուրը հասնում է ջրվեժցիներին: Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում, գյուղի անունը դնում Ջրվեճ, որը բերնեբերան դառնում է Ջրվեժ:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։