Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինք, եթե այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի ու հավատի մասին…

Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու անհեռատես հակամշակութային քայլը ակամա դարձավ մի հարցախույզ, որը կազմակերպելու համար հաստատ հատուկ որոշում պիտի լիներ: Սա ասում ենք՝ հայոց հին պատմության եւ ազգային հավատի մասին հայության կարծիքն իմանալու առումով: Եվ այս ինքնաբուխ հարցախույզը, որն ընդդեմ մշակույթի նախարարության հայտնի որոշման պայքարի հետ զուգահեռ ընթացավ, շատ հետաքրքիր նրբերանգներ բացահայտեց:

Մինչ այդ բացահայտմանն անդրադառնալը նշենք, որ օրերս PanARMENIAN.Net-ը մի նյութ հրապարակեց, որում հակիրճ ներկայացված են սրճարանի կառուցման դեմ պայքարի ժամանակագրությունն ու մասնակիցների գործողությունները:

Հանրությունը նորից հաղթեց,- ասված է այդ ամփոփումում,- «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան չի կառուցվի։ Մշակույթի նախարարության՝ այդ գաղափարից հրաժարվելու մասին մարտի 8-ին գերատեսչությունում քննարկումից հետո տեղեկացրել է փոխնախարար Արեւ Սամուելյանը։ Մինչեւ այդ, նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել էին հենապատն ու հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի. գրել է «Հետք»-ը:

PanARMENIAN.Net-ում մասնավորապես նշված է, որ Գառնի հեթանոսական տաճարի հարեւանությամբ մշակույթի նախարարության՝ սրճարան կառուցելու պիլոտային ծրագրի մասին պատմել էին տարեվերջին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշել էր, որ մայիսից գործարկվող սեզոնային սրճարանը լինելու է տաճարի հարեւանությամբ գտնվող բաղնիքի վերնամասում։ Դրա համար 17*37 մ տարածք է տրամադրված, կառուցվելու է առանց շինարարական միջամտության։

Ըստ նախագծի, սրճարանում մատուցվող ապրանքն իբր պիտի լիներ միայն գառնեցիներինը (շահագրգռելու շատ պարզունակ ձեւ է)։ Սրճարանի կառուցման գումարը ռուսաստանաբնակ հայ գործարար էր տրամադրել, եւ իբր դրանից ստացված հասույթն էլ ծառայելու էր տաճարի կարիքներին: Մեր տեղեկատվական աղբյուրի համաձայն, այդ գործարարն իմանալով աղմուկի մասին զարմացել է, բայց երբ ճշտել է, որ սրճարանը տաճարի պարիսպներից ներս է լինելու… հասկացել է, փաստորեն նա նախատեսել է տաճարից դուրս, բայց… Հետո այլ ճշտումներ է արել, իմացել, որ տաճարից դուրս եւ՛ ռեստորան եւ՛ սրճարան եւ՛ այլ առեւտրային կետեր կան… Չճշտված տեղեկության համաձայն՝ նրա «մաղարիչային» գումարները արդեն հետ են վերադարձրել:

Նախարարության մտադրությունը հանրային դժգոհություն էր առաջացրել: Մտավորականների մի մեծ զանգված, բնապահպաններն ու համայնքի բնակիչները մտահոգված էին, որ սրճարանի կառուցմամբ կվտանգվի տաճարի՝ որպես պատմամշակութային արժեքի պահպանությունը: Մեծամասնությունը կարծում է, թե սրճարան կառուցելը, անգամ եթե նախարարությունը պատճառաբանում է, թե հասույթն ուղղվելու է տաճարի պահպանությանը եւ կարիքներին, գերատեսչության գործառույթի մեջ չի մտ-նում: Անդրադառնալով սրճարանի կառուցմանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել էր, թե եթե տեսնեն, որ գաղափարը խոչընդոտում է տվյալ պատմամշակութային հուշարձանի պահպանությանը, ապա այդ քայլին չեն գնա։ Նաեւ խոստացել էր՝ երբ սկսվեն համապատասխան քննարկումները, բնապահպաններին կհրավիրեն՝ տեսնելու, խոչընդոտներ կա՞ն. ու եթե իրոք լինեն, ապա գործընթացը չեն իրականացնի։ Բայց ոչ բնապահպանները, առավել եւս ոչ էլ հնեաբաններն ու պատմաբանները չողջունեցին այդ նախաձեռնությունը, ինչը չխոչնդոտեց, որ մշակույթի նախարարն իր ՊՈԱԿ-ի կամակատար տնօրենով (ու որոշ պատմաբաններով) անցնի գործի: Եվ հիմա ինչպե՞ս չմտածենք, որ անձնական շահագրգռվածություն պիտի նաեւ լիներ, որպեսզի մարդկանց, գիտնականների ու մասնագետների դեմ նախարարական արշավ սկսվեր… Իսկ Գառնո տաճարը ներառված է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

PanARMENIAN.Net-ը իր հրապարակումում հիշեցրել է մշակույթի նախարարի խոսքերը. «Այսօր մեր պատմամշակութային եւ բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման, ուրիշ ճանապարհ չունենք, Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պիտի հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա… պատմամշակութային հուշարձանին վնաս չի հասցվի» (սա եւս մի անիրական խոստում է,- խմբ.): Նշյալ նյութում նաեւ ասված է, որ «սրճարանի կառուցման հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր». …Մի օր այդ սրճարանը կարող է մի նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»: Ինչին կարծես ի պատասխան, բայց խոսքն ակտիվիստներին ուղղելով, ավելի ուշ ՊՈԱԿ-ի տնօրենը նշել էր, որ սրճարանը չի կարող վատ երաժշտություն ունենալ. «Ռադիոֆիկացիա ենք արել 2009-ին, գիշերային լուսավորություն: Այնտեղ կոնկրետ կա հաստատված երաժշտության տարբերակ, որը հնչում է: Ակտիվիստները հստակ չեն ներկայացնում իրենց բողոքը: Միշտ պատրաստ ենք իրենց հետ երկխոսության գնալ»:

Հարցի վերաբերյալ կարծիք էր հայտնել նաեւ ՀԽ անդամ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլեւ լուրջ մտավախություն առաջացնում այն առումով, որ մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել»: Նա նաեւ նշել է, որ Գառնիի դեպքը շարքային չէ, ուստի «դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով»:

Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը հայտնել էր, թե խնդրի առնչությամբ նամակ են պատրաստել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Զբոսաշրջային սեզոնի ընթացքում եթե Գառնի այցելողները որեւէ ըմպելիք ցանկանան, ապա կարող են գնել այն հուշանվերների խանութից, իսկ քաղցը հագեցնել տարածքում գտնվող մի շարք ռեստորաններում, գրել է «Երկիր»-ը: Իսկ մինչ այդ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը դիմել էր Աբովյանի ոստիկանություն՝ գրությամբ, որ «Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում ապօրինի՝ առանց փաստաթղթերի շինարարություն է կատարվում։ Նրա խոսքով, պահանջել էր շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով: Գյուղապետը 2013-ի նոյեմբերի վերջին նամակով դիմել էր նաեւ ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին՝ պնդելով, թե թույլ չի տա սրճարան կառուցել, մինչեւ չունենա մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը՝ շինության տարածքը պեղումների ենթակա չէ»։ Ի պատասխան ՊՈԱԿ-ի տնօրենն ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է, հնագետի եզրակացություն կա, ու սրճարան կառուցելու համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր էլ չէ: «Լուսանցք»-ը եւս այս խնդրին անդրադարձել է եւ նշել, որ հենց մասնագետների պնդմամբ՝ իրենց խոսքը ճիշտ եւ ամբողջական չի ներկայացվել:

Համայնքի բնակիչները հայտարարել են, որ ոտքի կանգնեն ու թույլ չեն տա շինարարություն, հատուկ պահպանվող տարածքների մասին օրենք կա: «Այդ տարածքներում արգելվում է որեւէ շինաշխատանք կատարել, բացառությամբ՝ հուշարձաններին վերաբերող: Հասարակական կառուցապատման օբյեկտների համար պետք է պարտադիր հողի կատեգորիան փոխվի, դառնա հասարակական, ինչի անհրաժեշտությունը այս պարագայում չկա»,- նշել են համայնքապետն ու գառնեցիները,- գրել է Tert.am-ը:

«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» քաղաքական նախաձեռնության անդամներն էլ մարտի 2-ին հասել էին Գառնի՝ գյուղի բնակիչների հետ բողոքի ակցիա անցկացնելու: Նրանք սրճարանը կառուցելու համար տարածքում եղած ավազն ու խիճը պարկերով տեղափոխել եւ լցրել էին կցասայլակը՝ դրանով իրենց անհամաձայնությունը հայտնելով մշակութային գերատեսչության «ապօրինի գործողությունների դեմ»: Ոստիկանները փորձել էին միջամտել՝ ցուցարարների գործողությունները որակելով անօրինական։ Ավարտելով բողոքի ցույցը, նախաձեռնության անդամներն իրենց հետ մի քանի պարկ ավազ էին տեղափոխել մայրաքաղաք՝ տանելով դրանք մշակույթի նախարարության շենքի դիմաց: Ոստիկաններն արդեն շենքի մոտ էին եւ իրավապահները վարչական բերման էին ենթարկել ակտիվիստներ Եղիա Ներսիսյանին ու Գեւորգ Սաֆարյանին ու չսահմանված վայրում աղբ թափելու համար նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմել:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը մարտի 7-ին պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե այս պահին գործընթացն ի՞նչ փուլում է, նշել էր. «Պատրաստ ենք լսել բոլոր շահագրգիռ անձանց եւ կողմերի դիրքորոշումը»:

Սակայն, հարցի առնչությամբ շարունակեցին բացասական արտահայտվել համայնքը, հայ արիներն ու քաղաքացիական նախաձեռնության անդամները, զբոսաշրջության պատասխանատուներ, տարբեր գործիչներ: Գառնիի արիադավան-հեթանոսական տաճարը համաշխարհային արժեք ներկայացնող հեթանոսական շրջանի նյութական արժեքավոր կոթողներից մեկն է, բայց այն մինչեւ օրս ընդգրկված չէ ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում: Գուցե հենց մտածված էլ չեն արել դա…

«Լուսանցք»-ի զրուցակիցը հերթական անգամ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է, ով առաջին իսկ օրից զգուշացնում է սրճարանի կառուցման պատասխանատուներին, որ դրա հետեւանքները վտանգավոր են լինելու: Նա, ինչպես վերը նշվեց, բացահայտ հայտարարել էր, որ Գառնու տաճարի տարածքում կառուցվող սրճարանը դառնալու է սպանդի առիթ, եթե արիադավան-հեթանոսական տաճարում չպահպանվի անդորրը, ինչը խիստ անհրաժեշտ է հոգեւոր կենտրոնի եւ հավատավոր այցելուների համար: Մեկ անգամ եւս անդրադառնալով մշակույթի նախարարի այն տեսակետին, թե «…պատմամշակութային եւ բնական ժառանգությունը պիտի աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման, ուրիշ ճանապարհ չունենք, Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պետք է հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա» արտահայտությանը, կրկնեց ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում արված իր մեկնաբանությունը. «Սա բացարձակապես ոչ մշակութային խնդիր է, թերեւս քաղաքական ու տնտեսական ոլորտներին է առնչվում, ինչն այս դեպքում, մեղմ ասած, թույլ տեսակետ է՝ կառավարության անդամի մակարդակին ոչ հարիր: Եթե մեր պետությունը զարգանալու համար «մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա», ապա մենք շարունակում ենք կառուցել սպասարկող երկիր, որն ապագա չունի բացարձակապես, եւ եթե մշակույթի նախարարի պես են մտածում նաեւ մյուս նախարարները, ասենք՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանն էլ կարծում է, թե Հայաստանի ապագան կախված է միայն մարզաշխարհի զարգացումից եւ այլն, շատ վտանգավոր է… Իհարկե բոլոր նախարարություններն էլ կարեւոր են, եւ բոլորի գործառույթների բացարձակ իրականացմամբ է, որ պետությունը շնչում եւ առաջընթաց է ունենում, այդպիսով՝ այդ պետությունը ապահովում է իր բնակչության կարիքները (ինչը մեր կառավարության դեպքում շա՛տ հեռու է բացարձակ իրականացնելու առումով)»: Սա կառավարության անդամի պետական մտածողություն չի կարող լինել, սա սեփական շահերը հետապնդելու մարմաջ է. «Երբ ամեն մեկը պետության անունից իր անձի համար է սկսում խոսել, այդ պետության վարկանիշը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ այլոց աչքին է մանրանում ու անլուրջ դառնում: Անգամ տարրական կրթություն չունեցեղ մարդն է հասկանում, որ պետության եւ բնակչության զարգացման հույսը մեծապես պետք է դնել արդյունաբերության եւ տարաբնույթ արտադրությունների զարգացման վրա (այստեղ է, որ աշխատանքն ու աշխատատեղերը ավելանալու միտում ունեն միշտ): Բայց չէ՛, մեր երկիրը դարձնում են, ինչպես «Լուսանցք»-ում եմ նշել, առավելապես օտարին սպասարկող կազմակերպություն՝ «Հայաստան» ՍՊԸ, իսկ վարչապետը նախարարների ու այլոց հետ՝ այդ սահմանափակ (այս դեպքում՝ խիստ սահմանափակ) պատասխանատվությամբ ընկերության՝ գործադիր մարմինը: Իրական տերերը՝ ՍՊԸ բաժնետերերը, դրսից են: Ու քանի որ ներդրումները նրանք են կատարում ու իրենց ձեռնտու է միայն սպասարկող «Հայաստան»-ը (ինչը եւ իրականացնում են հայաստանյան աշխատակիցները), ապա մեր՝ այսպես կոչված նախարարների  հայտարարությունները սպասարկում են պատվիրատուի նպատակները… Դա է պատճառը, որ միջազգային հիմնական ներդրումները հանգստյան վայրեր, խաղատներ ու վայելքների տեղեր կառուցելուն են միտված:

Ասել եմ, տանուլ տալով պատմամշակութային արժեքները, մեր հայրենիքի բաժան-բաժան հատվածներն իսպառ կորցնելու վտանգն են մեծացնում, այսպես՝ Արեւմտյան Հայաստանը դառնում է Անատոլիա, Հայկական լեռնաշխարհը դուրս է մղվում աշխարհագրական բառապաշարից, Հայաստանը հայտնվում է Կովկասում, մեր պատմությունն ու հուշարձանները թուրքական, ադրբեջանական, պարսկական կամ վրացական են դառնում, Գառնու տաճարը, որ Հայոց արդարադատության Աստված Միհրին է նվիրված՝ հենց մերոնք կոչում են հունա-հելենիստական տաճար (մինչդեռ՝ դա համաարիական ճարտարապետական ոճն է, իսկ արիական-արարման բնօրրանը Արարատյան աշխարհն է)… Արցախն ու ազատագրված տարածքներն էլ «ագրեսոր» հայերի ձեռքի գործ են համարվում (հատկապես՝ երբ հայ պաշտոնյաները ցայսօր Ղարաբաղ են արտասանում)… եւ այսպես շարունակ»: Ըստ հայ արիների, Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները: Եթե մշակույթի նախարարը մտածում է երկիրը զբոսաշրջությամբ փրկել, ապա ինչու՞ սրճարանաշինությունը կամ ռեստորանաշինությունը եկեղեցիների բակերից չի սկսում: Ավելի շահութաբեր կլինի: Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն ու… այդպես հերթով գալով՝ հասնեն Գառնո տաճար:

Մեր հարցին, թե կանե՞ն նման գրավոր առաջարկ, ՀԱՄ առաջնորդը պատասխանեց. «Երբե՛ք: Հավատացե՛ք, դա ասում եմ միայն համեմատության մեջ տեսնելու համար, որ խնդրից մի քիչ հեռու կանգնած քրիստոնյա մեր հատվածը ճիշտ հասկանա Գառնո տաճարի շուրջ ծավալված պայքարը: Գիտեք, հավատով սպասում էի, որ հայ քրիստոնյաների պատասխանատուն՝ կաթողիկոսը կասի իր խոսքը, գոնե որեւէ եկեղեցական, բայց լռություն է: Ցավալի է, Գառնին հայոց հինավուրց եզակի արժեք է եւ միավորեց համայնքի ու մարզի բնակիչներին եւ ղեկավարներին, հայ արիականներին, հեթանոս հատվածի հայորդիներին, գիտնականներին, հատկապես՝ պատմաբաններին ու հնեաբաններին, զբոսաշրջության պատասխանատուներին, բնապահպաններին, խոսեցին պետական, քաղաքական ու հանրային գործիչներ, պատգամավորներ, պարզ հայ մարդիկ, որ հանդես եկան քաղաքացիական նախաձեռնությամբ, բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին լռեց… Ես այդպես չէի վարվի, եթե սրճարանը կառուցեին որեւէ եկեղեցու բակում: Հաստատ: Մենք ոչ պակաս պայքար ենք ծավալել օտարահպատակ աղանդների դեմ, քան եկեղեցին, քանի որ այսօր եկեղեցու պառակտումը եւս օտար ուժերն են կազմակերպում եւ պետական կառույցների պաշտպանության հարցում մենք նախանձախնդիր ենք: Ներքին պայքարում էլի անհաշտ ենք հուդա-քրիստոնեական ներխուժման ու բարբարոսությունների հետ. ՀԱՄ-ը դեռ 2003 թ. մեղադրական փաստաթուղթ է ներկայացրել գլխավոր դատախազին՝ 301-ի ներխուժման դեմ դատական գործ սկսելու համար…Բայց արտաքին թշնամու դեմ մենք ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու կողքին ենք: Ոչ մի կասկած չի կարող լինել: Չգիտեմ նախկինների մեղքերի համար լռեցին, թե հայոց հավատի վերջին կանգուն տաճարով ազգի հավատադարձի հեռանկարը տեսնելով, էական չէ»:

Խնդիրը դեռ լուծում պիտի ստանա, քանի որ ՀԱՄ քաղաքական եւ քրմական ոլորտների երկայացուցիչների այցը Գառնու տաճար եւ գյուղապետարան՝ որոշակի առկախ հարցեր թողեցին…

Հայկ Թորգոմյան  եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։