Հայ եւ արիական մյուս ազգերի Բնական Տարեփոխությունը – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր…

Հայ արիները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝  Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի, Քարվաճառի եւ մյուս ազատագրված տարածքներում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, ՀՀ մարզերի պատմական վայրերում, երկրի սահմանային հատվածներում… Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, այս տարի ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշումով՝ Հայոց Ամանորը եւ Վահագնի Ծնունդը կկազմակերպվի Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում:

Հայերը, արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է բերում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է՝ եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

2014թ. Գարնան 1-ին օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում կնշեն Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Տոնական ծեսը կկատարեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը (Արմոգը, Արամը եւ Արեգը) եւ քրմի թեկնածուները: Ամանորյա տոնակատարությունը ինչպես ընդունված է՝ կսկսվի գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Կփառաբանվեն Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես օրվա խորհրդի տերը՝ Վահագնը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կկատարի Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, որից հետո ամանորյա տոնախմբությունը կշարունակվի ՀԱՄ գրասենյակում, որին կմիանա Վայոց ձորից վերադարձած հայ արիների առաջնորդը:

Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը:

Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, եւ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի, ուստի՝ հայ արիները տիեզերահաս ու հայաբնույթ գինեձոներ կհնչեցնեն, ձոներգերով ու հիմներգերով կփառաբանեն Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին, մաղթանքներ կհղեն հայությանն ու հայոց երկրին: Նախիջեւանի սահմանագծին կոգեկոչեն հայ նախնյաց եւ կփառաբանեն այն հայորդյաց, որ Վահագնի զորությամբ պիտի վերամիավորեն հայոց հայրենիքը Հայկական լեռնաշխարհում:

* * *

Փետրվարի 13-ին՝ ավանդական Հայոց Տրնդեզին, հայ արիները Տիեզերքի Արարչին՝ Տիրոջը՝ Ամենայն Ստեղծիին ընդառաջ գնալու տոնին, Ծիսական Կրակներ վառեցին եւ փառաբանեցին Տիեզերքն Արարողին՝ Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով… Իսկ Մարտի 1-ին՝ Աստվածահայր Արայի հրաշագործության տոնին, փառաբանեցին Հայր Արային, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Հայրն է ու հայ արիներին է պարգեւում Բնության Զարթոնքը:

Եվ ահա, Մարտի 21-ին Հայարիական Նոր Տարին է, տոն, որ նշվում է նաեւ որպես Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի օր:

Հրեղեն Վահագնի՝ Վիշապի հանդեպ տարած հաղթանակից հետո, հայ արիները նախապատրաստվում են Զատիկի տոնակատարությանը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոն, երբ զատվում են վերազարթնած բնության գույները, ծլում-պտղաբերում է սկսվում, եւ կյանքը մտնում է բնականոն հուն…

* * *

Վահագնածին զավակներն ենք Հայկյան ցեղի,

Մեզ չի հաղթի ոչ մի հզոր, չար թշնամի,

Հուր կրակով, թուր կեծակով

Կպաշտպանենք ցեղը Հայկյան:

Կտոնենք մենք դարեր հավերժ

Վահագն Աստծո տոնը գարնան,

Արեգ ամսվա Արեգ օրը

Դիմավորենք Ամանորը:

Նոր տարին թող բարիք բերի,

Հրածիններ ազգս ծնի,

Որ բնության զարթոնքն անգին

Վահագնահուր ոգով տոնենք:

Ծիրանենու ճղքները վեր

Ծառզարդարից առնեն թևեր,

Ու Վահագն մանչն այդ Արի

Բյուրավոր իղձեր կատարի:

Փա՛ռք Վահագնին, Հայկյան ցեղին,

Արեգ ամսվա Արեգ օրին,

Բնության հրաշք զարթոնքին`

Ծառզարդարին, Ամանորին:

* * *

* Հիշեցնենք, որ հունվարի 1-ից տարեփոխությունը նշողների համար «Լուսանցք»-ը արդեն գրել է, որ 2014թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Կույսն է, ոչ թե չինական տարեցույցի Ձին…

Ամանոր – Նոր տարի: Լեզվաբանորեն կազմված է ԱՄ (տարի)-ա-ՆՈՐ բառերով: Ամանորը բնական նոր պարբերության՝ տարվա ծնունդն է, որ տոնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին: Ամանորը համապատասխանում է Վահագնի Աստվածային Ծնունդին:

Բնական օրինաչափությամբ, գոյություն ունի նաեւ Տիեզերական Տարի, որ Արեգակնային Համակարգում տեւում է Երկրային ավելի քան երկուսուկես տասնյակ հազար տարի: Եվ Տիեզերական Գարնան 1-ին օրը, հենց Արեգ ամսվա Արեգ օրը վերածնվում է Զորության Աստված Վահագնը: Նա ծնվում է Չարի Վիշապին սպանելու եւ Երկիրը լվալու-մաքրելու Վիշապի պղծությունից Համաշխարհային Ջրհեղեղով: Վահագնի Ծնունդով է սկսվում Արյաց նոր տարեգրությունը: Եվ ամեն գարնան առաջին օրը Արիները տոնում են Ամանորը եւ Վահագնի Ծնունդը, կանչում են Վահագնին, սպասում են Նրան: Եվ Վահագնը երկրային վերածնունդ է ապրում հենց գարնան Արեգ օրը. գարնան առաջին արեւով: Եվ, փաստորեն, Ամանորը նաեւ Վահագնականչ է:

Տարի – Բնական պարբերության խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է Տ-հաստատական հունչարմատով-ԱՐ (զորություն, սերում, խորհուրդ) բառարմատով-Ի-տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով՝ Տ-ԱՐ-Ի:

Ըստ այդմ, ՏԱՐԻ-ն արտահայտում է բնական պարբերությունների անսահման հաջորդականության մեջ ամեն մի պարբերության սահմանը՝ սկսած ծնունդից մինչեւ հարաբերական մահը:

Գարուն – Վերածնունդ, նորոգում, նոր պարբերության սկիզբ: Լեզվաբանորեն կազմված է՝ Գ (արտահայտություն) հունչարմատով, ԱՐ (արարում, սերում) եւ ԱՆ (ծնունդ) արմատներով՝ Գ-ԱՐ-ՈւՆ (ԱՆ): Արարումը՝ ԱՐ-ը՝ հավերժական խորհուրդ է եւ ժամանակ չի պայմանավորում: Ժամանակը պայմանավորվում է ծնունդով՝ ԱՆ: Ըստ այդմ, ամեն բնական էակ կամ երեւույթ իր ծագումով հավերժական է, իսկ ամեն ծնունդ պայմանավորում է նրա կյանքի նոր պարբերությունը, նրա նորոգումը՝ Վերածնունդը ժամանակի մեջ:

Փաստորեն, ԳԱՐՈւՆ նշանակում է հավերժական ամեն մի արարումի, Գոյի նորոգում, վերածնունդ ժամանակի մեջ: Այսինքն՝ հավերժության մեջ մի նոր պարբերության սկիզբ է:

Ըստ այդմ, Բնության մեջ ամեն մի նոր պարբերության սկիզբ Գարուն է: Գարուն է երեխայի ծնունդը, Գարուն է երկրի բնության զարթոնքը: Եվ քանի որ երկրի վրա բնության վերածնունդը Գարուն է, ուստի այն պայմանավորում է նոր տարվա սկիզբ: Եվ պատահական չէ, որ ըստ հայկական ավանդության (տես՝ «Արարատյան Դիցաբանություն»), հենց Գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին է ծնվում Վահագնը՝ նորոգելու երկրի զգացական կյանքը: Եվ ավանդաբար, հենց Գարնան 1-ին օրը՝ Արեգի 1-ին Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը եւ Ամանորը:

Ձմեռ – Հարաբերական մահ: Լեզվաբանորեն կազմված է՝ Ձ-չգիտակցված հունչարմատով եւ ՄԵՌ (ՄԱՀ) խորհրդով: Ձմեռը Երկրի բնության հարաբերական մահն է: Երկրի վրա պակասում է Արեւային՝ դրական էներգիան: Եվ դրական էներգիա կրող ծառերը ցամաքում են, կծկվում են եւ դառնում են թույլ պաշտպանված, գրեթե անպաշտպան ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Իսկ բացասական՝ հողի էներգիա կրող ծառերը (օրինակ՝ եղեւնին) ձմռանն էլ պահպանում են իրենց բնական զորությունը: Բայց գարնան գալուստով ծիրանին, այնուամենայնիվ, ծաղկում է, իսկ եղեւնին մնում է նույնը:

Նույն օրինաչափությամբ, Տիեզերական Ձմռանը Երկրի վրա պակասում է Տիեզերական (դրական) Էներգիան: Երկրի վրա իշխում են հողածին՝ բացասական էներգիա կրող Տիտանները: Իսկ դրական էներգիա կրող Արիները տկարանում են, պարտվում եւ դառնում գրեթե անպաշտպան Ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից:

Բայց, այնուամենայնիվ, Ձմեռից հետո բնականորեն գալիս է Գարուն… Նոր կյանք ու վերածնունդ… Նոր տարի:

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։