Սա ոչ տեսություն է, ոչ էլ տեսակետ: Սա մի թյուրություն է, որի համար նույնիսկ չի կարելի ասել, թե առաջ է քաշվում, այլ, ավելի շուտ, առաջ է քշվում: Խոսքն այն մասին է, իբր եղել են Տայքի եւ Տարոնի Մամիկոնյաններ: Տարբեր: Առանձին-առանձին: Անզեն աչքով անգամ երեւում է, որ դրա հեռավոր նախագաղափարը Խալաթյանական-Ադոնցյան իմիջիայլոց տեսությունն է, որը, ինչպես հաճախ է պատահում, ապօրինի երեխայի նման կյանքում շատ ավելի մեծ կենսունակություն է ցուցաբերում, քան օրինական երեխան: Զարմանալի է, որ, եթե վրացիներին, Թումանովով հանդերձ, այդ վարկածը գրավում է, որովհետեւ նրանք Մամիկոնյաններին վրացի դարձնելու մարմաջ ունեն (դրանով նրանք իրենց պատմությունն են հետ տանում), ապա անհասկանալի են ներկայիս որոշ հայ կարդացվորների ջանքերը, որոնք ամեն կերպ աշխատում են նրանց բնիկ դարձնել: Վերջիններս չեն էլ գիտակցում, որ այդ ջանքերը վնասաբեր են, վտանգ պարունակող, որովհետեւ մի կողմից՝ սովորական ընթերցողին թյուրիմացության մեջ գցելով կեղծ հայրենասիրական անիմաստ տրամադրություններ են ստեղծում եւ նվազեցնում պատմական գիտության վարկը, մյուս կողմից՝ առիթ են տալիս ավանդական կաղապարներով մտածող պատմաբաններին վատաբանելու, թե՝ տեսեք ինչեր են գրում այս նորերը: Երկու դեպքում էլ պատմական ճշմարտությունը ճամփեզր է նետվում: Մտահոգիչ այս հանգամանքն էլ ստիպում է, որպեսզի չանտեսենք փաստը եւ մեր վերաբերմունքն արտահայտենք խնդրո վերաբերյալ:
Այսպիսով՝ հրապարակ է եկել պատմական կնճռոտ հարցերով հետաքրքրվող հեղինակների մի խումբ, որը ձգտում է հին որոնումները նոր ուղղությամբ հունավորել: Համենայն դեպս, նման հայտ են ներկայացնում Արմեն Քեշիշյանը, Արամ Մկրտչյանը, Գեւորգ Հովհաննիսյանը, ավելի վաղ՝ Խաժակ Բալեկջյանը1 եւ այլք: Ի՞նչ են ասում նրանք. ա) Մամիկոնյանները բնիկ հայեր են, բ) Մամիկոնյանների բնօրրանը Տայքն է, գ) Մամիկոնյանները ի սկզբանե եղել են սպարապետներ:
Թվում է, թե այստեղ նորություն չկա, սակայն դա այդպես է մինչեւ այն պահը, երբ նրանք սկսում են հաստատել իրենց պնդումները: Այդժամ արդեն նկատելի են դառնում նաեւ ընդհանրությունները՝ գրեթե բոլոր հրապարակումների ոճը վերամբարձ է, իսկ ֆանտազիան այնքան առատ, որ թվում է, թե պատմությունը յուրովի ընկալած հեղինակները պատմական մոտիվներով վարիացիաներ են կատարել: Այսպես, օրինակ, Ա. Մկրտչյանը գրում է. «Մամիկոնյանները պատմական երկար ժամանակաշրջանների մեջ ներկայացրել են հայ էթնոսի արեւապաշտական իրավունքները եւ հանդես են եկել Այնա, Սյունի, Վահան անունների ներքո, եւ Հայաստանից դուրս վերջին անգամ վահագնական-արծվակիր եւ վիշապասանձ Մամիկոնյանները հանդես են գալիս Վահան անվամբ Քուշանական թագավորության մեջ՝ որպես Մետաքսի ճանապարհի Քուշանստան եւ Չինաստան տարանցիկ ճամփաբաժանի հովանավոր պաշտպաններ2: […] Խորենացին նաեւ մեզ տալիս է ամենագլխավոր տեղեկությունը, Բագրատունյաց տոհմը Միհրական-առյուծակիրներ է եւ ներկայացնում է նյութական աշխարհը, այլաբանորեն գալիս է Երուսաղեմից, իսկ Մամիկոնյան տոհմը վահագնական-արծվակիր եւ վիշապասանձեր է, կրողն է Զամուր Հայ օրենքի եւ բնիկ հայկական տոհմ է ի սկզբանե, որի դիցական ուժի կրողը, խախտելով Զամուր Հայ օրենքը, փակվեց Արարատի վիհերից մեկում»3: Կարծում ենք՝ փրկություն կլինի, եթե երեւակայության անասելի բարձր թռիչքից շնչասպառ լինելու ակնհայտ վտանգն ի չիք դարձնելու համար անցնենք սովորական զարմանքի՝ կարդալով, թե ինչպես է Հովհաննիսյանն առանց այլեւայլության նույնացնում Դանիելյան գրերի հեղինակին ու Դանիել Ասորի եպիսկոպոսին, ավելին՝ նրան մինչեւ անգամ կաթողիկոս է ներկայացնում4: Ընդ որում, այս հեղինակների մոտ նման գյուտերը բազմաթիվ են: Օրինակ՝ Ա. Մկրտչյանը հնագետի փոխարեն հանգիստ կարող է գրել հնէաբան, ուրարտական «Տոպրակ-կալ» բերդ (ակներեւ է թուրքերեն «Թոփրախ-կալե» անվանումը պարզունակ եղանակով հայացնելու ջանքը, անտեղյակ, որ Վանի մերձակա ուրարտական այդ նշանավոր ամրոցը հայերեն կոչվում է «Ագռավու քար» կամ «Մհերի դուռ», ուրարտ. «Խալդիի դարպաս»), Հայասա-Ազզի պետական կազմավորման փոխարեն գրել Ալզի Հայասա պետություն՝ առանց զանազանելու, որ ինքը խոսում է Ազզիի մասին, բայց գրում է Ալզի, մինչդեռ դրանք տարբեր են. Ալզի երկիրը գիտնականները նույնացնում են Աղձնիքին, որը բավականին հեռու է Տայքից եւ ամենեւին կապ չունի Մամիկոնյանների հետ, իսկ ինչ վերաբերում է Հայասա-Ազզի երկրին, ապա այն իսկապես տարածվում էր Ճորոխ եւ Եփրատ գետերի վերնագավառներում, եւ նրա անունն է, որ պահպանվել է Տայք աշխարհի Ազորդաց փոր գավառանվան մեջ5: Եվ վերջապես, ինչպես Ա. Մկրտչյանը, այնպես էլ Գ. Հովհաննիսյանը գրում են միայն եւ միայն Խաղկտիք՝ այն դեպքում, երբ այդ երկրի անունը Խաղտիք է: Այդպես է մատենագիրների երկերում, Թ. Հակոբյանի «Հայաստանի պատմական աշխարհագրություն» ուսումնական ձեռնարկում, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում», Հայկական սովետական հանրագիտարանում, գիտական աշխատություններում: Բայց մի կողմ թողնենք այդօրինակ սխալանքների մատնանշումը եւ փոքր-ինչ կենտրոնանանք Գ. Հովհաննիսյանի «Հայոց տերերը» գրքի վրա:
Նշենք, որ գիրքը գրախոսելու միտք չունենք՝ տեղը բոլորովին հարմար չէ, սակայն ստիպված ենք անդրադառնալու նրանում տեղ գտած թեմաներից մեկին, որպեսզի սկզբունքորեն չհամաձայնենք ներկայացվող հարցադրմանը եւ, եթե հնարավոր է, նաեւ չափաբերենք խնդրին մեր կարծիքով բոլորովին այլ սահմաններ հատկացնելու հեղինակի հավակնությունը:
Ինչպես տեսանք, նախկինում, Խորենացուց մինչեւ Ադոնց, իշխան Միքայել Թումանյան եւ մերօրյա ուսումնասիրողներ, Մամիկոնյանների նախահայրենիքը որոնել են մերձտիբեթյան Ճենքից մինչեւ մերձպոնտական Ճանիք ընկած անընդգրկելի տարածքում, եւ նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում հարեւան Տայքի դուռը բացել ու տեսնել այնտեղ նստած Մամիկոնյաններին: Եվ ահա թե ինչ է ասում Գ. Հովհաննիսյանն այս կապակցությամբ. «Ամենեւին էլ հարկ չկա հեռու գնալ, երբ այդ տոհմի արմատները Հայքում են. այո, Մամիկոնյանները մեկն էին հայոց բնիկ, հինավուրց տոհմերից եւ հարյուրամյակներ շարունակ իշխել են Տայքում, Խաղկտիքում, Ճաների երկրում (ընդգծ. մերն է.- Հ.Դ.): […] Ամենեւին չի բացառվում Մամիկոնյանների առնչությունը ճաների հետ, որը հնագույն ժամանակներում կարող էր եւ արտահայտվել խնամիական կապերի տեսքով: Սակայն փնտրել նրանց արմատները Ճանիքում այն դեպքում, երբ Հայկական լեռնաշխարհում բավականին շատ են Մամիկոնյան նախնիների հետքերը՝ ավելորդ է»6:
Հաջորդ հայտնագործությունը: «Մամիկոնյան բուն տոհմը հաստատված է եղել Տայքում, եւ մինչեւ վերջ էլ, այսինքն, մինչեւ այս տան վախճանը, Տայքը եղել է նրանց հայրենական բուն օրրանը (ընդգծ. մերն է.- Հ.Դ.): Այստեղ նրանց կենտրոնն էր Էրախանի հինավուրց ամրոցը: Հետագայում, նրանց մի կրտսեր ճյուղը, որն ինչ-ինչ պատճառներով դարեր առաջ լքել էր հայրենիքը, ետ է ուղարկվում Հայոց աշխարհ (Խորենացու հիշատակած Մամգունի գլխավորությամբ): Հավանական է, որ հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ նրանք մնացել են օտար աշխարհում, որպես տեղապահներ: Ամեն դեպքում պատահական չէ, որ պարսից արքան նրանց ուղարկում է հենց Հայաստան եւ այն էլ՝ Տրդատ Գ օրոք: Պատմահոր խոսքերով, արքան համոզված էր, որ նրանց այնտեղ մահ է սպառնում. ինչո՞ւ: Պատճառը մեկն է. կրոնական արյունոտ հեղաշրջումը նոր էր ավարտվել Հայքում, իսկ ետ վերադարձած Մամիկոնյան իշխանները հին հավատքի կրողներն էին: Բայց սրանք չեն դիմում Տայքի իրենց հայրական կալվածքները, այլ ընդառաջ գնալով հայոց արքային՝ առաջարկում են իրենց ծառայությունները: Սա նույնպես տարօրինակ է թվում առաջին հայացքից: Առավել տրամաբանական կլիներ նրանց հայրենի բուն տոհմի մոտ միանգամից հանգրվանելը: Սակայն ոչ. պարսից արքայի կողմից Հայաստան ուղարկված իշխաններն այլ նպատակ էին հետապնդում. նրանց հարկավոր էր շահել հայոց քրիստոնյա արքայի վստահությունը»7:
Բայց սա դեռ բոլորը չէ: Շարունակենք զարմանալ. «Տրդատը չէր վստահում Պարսկաստանից եկած իշխանին, բայց եւ, միաժամանակ, չէր էլ ցանկանում նրան ետ ուղարկել, քանի որ Մամգունը թեեւ սեփական տոհմից ու բնօրրանից (իմա՝ Տայքից.- Հ.Դ.) վաղուց կտրված, բայց այնուամենայնիվ, Մամիկոնյան էր: Եվ հետո, Մամգունը չէր եկել իր տոհմին միանալու, այլ հայոց արքայի վստահությանն արժանանալու, Գրիգորի տոհմին պատվար կանգնելու եւ սեփական, առանձին նախարարական տոհմ սկզբնավորելու համար՝ ինչը լիովին հաջողվեց» (ընդգծ. մերն է.- Հ.Դ.)8:
Երբեմն արտաբերված այս կամ այն անհեթեթության հմայքն ամբողջությամբ ցուցադրելու համար բավական է պարզապես բարձրաձայն կրկնել այն: Հիմա մենք այդպես էլ անում ենք՝ ընդարձակ մեջբերումներ ենք կատարում: Եվ սա դեռ բոլորը չէ: Մամգունին տանել-բերելուց եւ ապա նրան Տարոնի տեր դարձնելուց հետո, Հովհաննիսյանը Մամիկոնյանների միջեւ բացված խոր անջրպետ է տեսնում, որից հետո արհեստականորեն նրանց դարձնում է երկարմատ՝ Տայքի եւ Տարոնի Մամիկոնյաններ: Այնուհետեւ, ըստ այդմ, նաեւ տեսակավորում է նրանց. Տայքի Մամիկոնյանները, քանի որ բնիկ էին ու դեռ երկար ժամանակ պիտի մնային հեթանոս՝ հայրենասեր ու թագավորասեր էին, իսկ Տարոնի Մամիկոնյանները, քանի որ անմիջապես ընդունել էին քրիստոնեությունը՝ եկեղեցասեր ու իշխանամոլ էին: «Եկեղեցին,- գրում է Գ. Հովհաննիսյանը,- ջանք ու եռանդ չխնայեց Մամիկոնյաններին հերոսի ու սրբի լուսապսակ տալու համար. եւ դա հաջողվեց: Բոլոր դարերում այս տոհմը համարվել է հայոց ռազմական կորովի մարմնավորող՝ պատրաստելով Հայրենիքի ու հավատքի համար մեռնելու պատրաստ գործիչների փաղանգ. սա, իհարկե, Տարոնի Մամիկոնյանների մասին է: Իսկ Տայքի տեր բուն Մամիկոնյանները կարծես չեն էլ եղել պատմիչների համար: Առանձին տոհմ ձեւավորած Մամգունի տունը հաստատվելով Տարոնում, եկեղեցու հետ ձեռք ձեռքի տված՝ ջանք ու եռանդ չխնայեց հայոց պետականության կործանման համար: Չի բացառվում, որ օտարության մեջ բնակվող Մամգունի տունը՝ դեռ հավանաբար քուշանաց երկրում, մտերիմ է եղել Անակի տան հետ: Սա կարող է որոշակիորեն բացատրել այն անհավանական զուգադիպությունը, թե ինչպես Գրիգորի համար ամենավճռական օրերին Մամգունը հավաքեց իր տոհմն ու եկավ Հայաստան. եկել էր Գրիգորին օգնության՝ բացառված չէ, որ պարսից արքայի հրամանով»9:
Սակայն երկու տոհմերն այսպես առանձին Գ. Հովհաննիսյանն ինքն էլ չի կարողանում պահել եւ ահա սկսում է գրել նրանց միավորվելու մասին. «Սամվելի այս քայլով (հորն սպանելուց հետո փախուստը Տայք.- Հ.Դ.) սկիզբ դրվեց Տայքի եւ Տարոնի Մամիկոնյանների մերձեցմանը՝ Մուշեղի գլխավորությամբ եւ Հայաստանյայց եկեղեցու օրհնությամբ»10, մեկ այլ տեղ՝ «սկիզբ է դրվում Մամիկոնյան տոհմի նոր՝ հոգեւոր այլասերման ենթարկված գործիչների փաղանգին, ձեւավորված Տայքի եւ Տարոնի ճյուղերի գրկախառնումից»11, այնուհետեւ՝ «Տայեցի քաջերն այլեւս եկեղեցու ծառաներն էին»12:
Ակամայից հարց է առաջանում. վերջիվերջո, ըստ հեղինակի, Տարոնի եւ Տայքի Մամիկոնյանները տարբե՞ր արմատներ ունեին, թե՞ պարզապես միեւնույն ընտանիքի տարբեր ճյուղեր էին: Ի դեպ, չի զգացվում հեղինակի տեղյակ լինելը, որ ուսումնասիրողներից շատերը Սամվելի բյուզանդական հատված փախչելուց հետո տոհմի ոչ թե միավորում, այլ ճյուղավորում են տեսնում (Ադոնց, Բարթիկյան եւ ուրիշներ), իսկ Հացունին տասնամյակներ առաջ է Մամիկոնյաններին երկու խմբի բաժանել՝ սեւերի եւ լավերի13:
Հակասական տպավորություն է թողնում այս գիրքը: Հիմնականում առողջ մղումներից ծնված լինելով, ցավոք, վատ է իրականացված. բավականին լուրջ դիտարկումների կողքին աչք է ծակում ճչան դիլետանտիզմը, գնահատականներն ու եզրակացություններն էլ հաճախ հայտարարությունների տեսքով են: Այդուհանդերձ, հեղինակի մի շարք դրույթներ ավելի քան ընդունելի են (այսպես կոչված, Լուսավորչի տոհմի փոխարեն նոր՝ Գրիգորի տոհմ կամ Անակի տոհմ բառակապակցությունը գործածելը կամ Բագրատունիների ծագման վերաբերյալ դատողությունները եւ այլն), իսկ Մամիկոնյանների պարագայում խորապես սխալվելով հանդերձ, նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ Մուշեղին տալիս է հետեւյալ ճիշտ բնորոշումը. «Իրեն հետաքրքրողն իր տոհմի շահերն են, եւ որ իր համար չկան մշտական թշնամիներ եւ հավերժ տերեր»14: Փայլուն գնահատական, որով էլ հենց հարկավոր էր առաջնորդվել Մամիկոնյան տոհմի նկարագիրը մանրամասնելիս:
Ինչո՞ւ պատմական գուներանգ ունեցող այս զրույցների դեմ ավելի շատ փաստեր ու փաստարկներ չենք բերում: Անշուշտ կարելի էր, բայց քանի որ սույն գիրքն ամբողջությամբ համանման հարցերի մասին է, հետեւաբար երկու անգամ ասելու անհրաժեշտություն չենք տեսնում: Նշենք միայն հետեւյալը. Մամիկոնյանների համար Տարոնը եղել է պարգեւ ստացած կալվածք, իսկ Տայքը՝ ծառայավայր, որտեղ նրանց ունեցած բերդակալի պաշտոնն աստիճանաբար դարձել է ժառանգական: Այս տոհմի ծագումը հայկական չէ, եւ հիմա նրանց հայացնելով՝ հայ ժողովրդի անունն ավելի չենք բարձրացնում: Սակայն դա չի նշանակում, իհարկե, թե Մամիկոնյաններին կարող ենք անափսոսանք զիջել ուրիշներին, ասենք՝ վրացիներին, թուրքերին, հույներին, լազերին եւ այլն: Մերն է մեր հայրենիքում նրանց 600 տարվա ներկայության պատմությունը, որը հարկ է ոչ թե փառաբանել, ինչը գնալով ուժգնանում է, այլ քննել եւ ուսումնասիրել՝ դասեր քաղելու համար: Չկան լավ եւ վատ, սեւ եւ սպիտակ Մամիկոնյաններ: Նրանք բոլորն էլ նույն գույնն ունեն, միեւնույն տեսակն ու գոյացությունն են:
Չափի զգացողությունը պահանջում է վերջակետ դնել այստեղ: Սակայն մեր զննության առարկան այն սակավավոր դեպքերից է, երբ անպայման հարկավոր է կարճոտն կեղծիքը երես հանելու համար նրա հիմքերին հասնել: Տվյալ դեպքում նկատի ունենք Մամիկոնյաններին խեթական ծագում վերագրելը, այդկերպ նրանց պատմությունն անհեթեթության աստիճանի երկարաձգելը: Ընդ որում, նշենք, որ նման ճիգերն առաջին հերթին մամիկոնյանագիտության, պայմանականորեն ասած, ադոնցյան «շկոլայի» ներկայացուցիչների ջանքերը վերակենդանացնելու փորձերի են նմանվում, ապա նոր միայն սեփական քայլերի: Ինչպես հիշում ենք, վերջիններս այս տոհմի գոյության ապացույցներ էին որոնում դեռեւս Տիգրան Մեծի դարաշրջանում եւ նույնիսկ ավելի վաղ ժամանակներում, սակայն այդպես էլ հայ պատմագիտության կողմից այդ աշխատանքներն ամբողջությամբ չընդունվեցին15: Հիմա վերոնշյալ եռանդուն այրերը շարունակում են նույն գործը՝ նախ կրկնելով այն վարկածը, իբր մինչեւ ն.թ. III դ. հունա-հռոմեական աղբյուրներում հանդիպող Վասակ եւ Մանկայոս անունների փաստի հիման վրա կարելի է պնդել, որ այդ զորականները Մամիկոնյան են16: Բայց մինչեւ ե՞րբ կարելի է պնդել, որ միայն Մամիկոնյանների մեջ էր տարածված Վասակ անունը, եթե Վասակներ ու Վահաններ ունեին նաեւ Սյունիները, Արծրունիները եւ այլ իշխանական տոհմեր17: Ինչ վերաբերվում է Մանկայոսին, ապա այս դեպքում էլ չափազանց վառ երեւակայություն է հարկավոր, որպեսզի ընդամենը մեկ վանկի մասնակի նմանության պատճառով Մանկայոսը Մամիկոնյան ընթերցվի18:
Ի՞նչ կապ ունի, որ երկուսն էլ զինվորական են եղել: Որ այդպես է՝ Մոնես զորավարի անունն ավելի հարմար է19: Կարդանք՝ Մոնես=Մ[ամիկ]ոնես: Վա՞տ է: Ամենեւի՛ն: Ավելի լավ է, քան Մանկայոսը, որից ոչ մի կերպ չես կարող Մամիկոն սարքել: Հապա Մեմնո՞նը: Այո՛, Հոմերոսի հիշատակած եթովպացիների թագավորը, որին որոշ հայագետներ նույնացնում են Խորենացու կողմից հիշվող Տրոյական պատերազմի մասնակից Զարմայր նահապետի հետ:
Ինչո՞վ այս պատվաբեր անունը հարմար ատաղձ չէ Մամիկոնի համար (Մեմնոն=Մամկոն):
Շարունակելի
1 Տե՛ս Balekjian K., Hittite and the Mamikonians, «Armenian review», 1983, N2, pp. 47-53; Քեշիշյան Ա., Մամիկոնյանների ծագման ավանդությունը եւ պատմական իրականությունը, Հայոց պատմության հարցեր (երիտասարդ գիտաշխատողների հոդվածների ժողովածու), հ. 1, Երեւան, 1997, էջ 7-20; Մկրտչյան Ա., Զամուրհայ Մամիկ Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը հիմնովի՛ն սխալ է, «Լուսանցք», N5-6, 2011; Հովհաննիսյան Գ., Հայոց տերերը, Երեւան, 2012:
2 Մկրտչյան Ա., Քաղաքակրթական խաչմերուկում, հայ զինվորները՝ հայ էթնոսի արեւապաշտական իրավունքների միջնորդներ…, «Լուսանցք» N10, 2011:
3 Մկրտչյան Ա., Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը…:
4 Հովհաննիսյան Գ., նշվ. աշխ, էջ 47:
5 Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երեւան, 1986, էջ 43:
6 Հովհաննիսյան Գ., նշվ. աշխ., էջ 84-86:
7 Նույն տեղում, էջ 86-87:
8 Նույն տեղում, էջ 90-91:
9 Նույն տեղում, էջ 92:
10 Նույն տեղում, էջ 143:
11 Նույն տեղում, էջ 265:
12 Նույն տեղում, էջ 190:
13 Տե՛ս Հայր Վ. Հացունի, Մովսես Խորենացին կը դառնա ի 5-րդ դար, Վենետիկ, 1935:
14 Հովհաննիսյան Գ., նշվ. աշխ., էջ 215:
15 Չնայած մնացել են պնդումները, թե Տայքը նրանց բնօրրանն էր՝ հայրենական կալվածքը, ինչպես նաեւ հաստատումները, իբր Բուզանդն իսկապես չէր չափազանցնում, երբ Հայոց սպարապետությունը «բուն նախնյաց կարգերի համաձայն» նրանցն էր համարում:
16 Տե՛ս Քեշիշյան Ա., նշվ. աշխ., էջ 10:
17 Այս անուններն ընդհանրապես արեւելյան ծագում ունեն:
18 Փոքր անց այս հարցին ավելի մանրամասնորեն կանդրադառնանք:
19 Մոնես-Պարթեւ Վաղարշ Ա. թագավորը (51-75 թթ.) իր եղբայր Տրդատի հետ այս զորավարին է հեծելազորային գնդով ուղարկում Հայոց աշխարհ, որպեսզի վերջինիս համար Տիգրան Զ.-ից խլեն Մեծ Հայքի գահը:
«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



