Մեր ավանդապատումները – Շիրակ
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-9-ում
Հոռոմ – գտնվում է Շիրակում:
Ա. Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց: Լեռան վրա նա հիմնել է մի փոքրիկ ամրոց: Այդ աղջկա անունով գյուղը կոչվել է Հոռոմ՝ Հռիփսիմե:
Բ. Պարսկաստանում ապրող մի հռոմեացի ժամանակին եկել է այստեղ, գյուղ հիմնել, որը նրա անունով կոչվել է Հոռոմ:
Մարալիկ – Ամեն տարի մի սարի մարալ եղնիկ իր կամքով եկել է այստեղ՝ մատաղվելու համար գլուխը դրել Սուրբ Ստեփանոս վանքի դռանը: Գյուղացիները բռնել են մարալին եւ մատաղ արել: Մի անգամ էլ որսորդը հրացանով սպանել է մարալին: Դրանից հետո մարալները չեն երեւացել: Գյուղի անունն էլ, ի հիշատակ մատաղվող մարալների, Մարալիկ են դրել:
Շուշանա վանք – գտնվում է Արշարունիքում, Ախուրյան գետի աջ ափին:
Բագրատունցի տիկին Շուշանը ուզում է ներկա գտնվել քաղաքից մի փոքր հեռու Սուրբ Թեոդորոսի վանքում կատարվող պատարագին: Մինչեւ նա զարդարվում է, պատարագն ավարտվում է: Դրա համար էլ նա իր ծախսով Բագարանին մոտ մի ուրիշ եկեղեցի է կառուցել տալիս, որը նրա անունով կոչվում է Շուշանա վանք:
Մարզպետունու գերեզման – գտնվում է Շիրակի Բագրան գյուղի միջնաբերդի հինավուրց մատուռում:
Ասում են, թե այս մատուռի մեջ թաղվածը ոչ թե սուրբ Գեւորգն է, այլ Գեւորգ Մարզպետունի զորավարը: Նրա գերեզմանը ուխտատեղի է, ուր ամեն տարի սեպտեմբերին մեծ բազմություն է հավաքվում:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
Վրիպակ.- Հարգելի ընթերցողներ
«Լուսանցք»-ի թիվ 9 (314), 2014թ. համարում տպագրական սխալ կա: Որ թյուրիմացության տեղիք չտա՝ շտկում ենք: Վրիպակները շտկելու կարիք կա միշտ, այս դեպքում առավել եւս, քանզի խոսքը տիեզերակարգային խնդրի մասին է, որ առնչվում է մարդկության առաջացմանը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը» հոդվածում գրված է. «ըստ Վեդաների՝ այն մոտ 1.800 մլն. երկրային տարի է: Իմիջիայլոց, Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 3 մլրդ. 300 մլն. տարի: Իսկ ոմանք 5-7 հազար տարվա կասկածներով են ապրում…»: 3 մլրդ-ի փոխարեն պետք է լիներ 1 մլրդ.: Այսպես. «Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 1 մլրդ. 300 մլն. Տարի»:
ՀԱՄ առաջնորդի կողմից հավելենք.- սա փաստում է, որ մոլորակի ու մարդկության ծնունդները չեն կարող աներեւակայելի տարբերություն ունենալ, ինչպես այսօր է «ապացուցվում», մլրդ.-ավոր տարիների ծնունդ Երկիր մոլորակի Մարդ արարածին համարձակ ուսումնասիրողներն անգամ մի քանի տասնյակ հազար տարուց ավելի կյանք չեն տալիս:
Սա դեռ ոչինչ, գիտական կյանքի իրավունք է ստացել մի այնպիսի տխմար տեսություն, որ դարվինիզմ է հորջորջվում, երբ որպես Իր Աստվածների Դեմքով Արարված Մարդու Նախնիներ՝ կապիկին են տեսնում: Խոսքը նրանց մասին չէ, որ կյանքում միայն կապկելով են ապրում, կամ՝ կովի պես, խոսքը՝ Արարչի Արարմունքի մասին է, որ հարգանք, մեծարանք եւ տիեզերաիմացություն է պահանջում… Գլուխը հողի մեջ խրած ու երբեք երկինք չնայող գիտնականը պարզապես քուջուջ է անում, ինչը չի բացառում, որ «առաջինը հավն է եղել, թե՝ ձուն» իմաստի փնտրտուքը նմանին տանի դեպի մեկ այլ տեսության՝ հավատեսության…
Արարիչը հենց այնպես չի արարել տիեզերական մարմիններ կամ ինքնություն-էություններ, ամեն բան իր իմաստը, նպատակն ու առաքելության հավերժական շրջանակն ունի…
Էլի ՓՄՁ հույսով են սկսում
Մինչեւ 2017թ. նախատեսվում է մեր երկրում շուրջ 60 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Ընդ որում՝ բարձր աշխատավարձով աշխատատեղ: Այսպես որոշված է 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, որը երեկ հաստատեց գործադիրը:
Եվ ինչպես հասկացվեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքից, այդ 60 հազար աշխատատեղը փոքր ու միջին ձեռներեցության հույսով են անելու: Նախարարը հստակեցնում է՝ ոչ միայն: Հարց է ծագում՝ ապա ինչի՞ հաշվին պետք է 60 հազար նոր աշխատատեղ ստեղծվի, երբ ներդրումների հոսքն էլ է կրճատվում, արտագաղթն էլ նվազման միտում չունի: «Դրա համար 200-ից ավելի միջոցառումներ են նախանշված»,-շեշտեց նախարարը՝ միաժամանակ օրինակներ մեջբերելով: Դրանցից մեկը վերաբերում էր էլի փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը՝ վերջիններիս տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ, հարկային դաշտի բարելավմամբ: Եվ շատ այլ քայլեր, որոնց հանրագումարը, նախարարի խոսքերով, հույս է տալիս, որ 4-4.5% պոտենցիալ աճ կունենանք: «Եվ սրանք կանխատեսումներ չեն, նպատակադրումներ են, որոնց պիտի հասնենք»,-ընդգծեց նա:
Ծրագրում հաշվի առնվա՞ծ են ռիսկերը: Վահրամ Ավանեսյանը վստահեցնում է՝ այո՛: Անկեղծ լինելու համար ասենք, իսկապես ռիսկերը հաշվի առնված են՝ եւ՛ արտաքին, եւ՛ ներքին: «Մենք լրջագույն խնդիր ունենք, բայց այդ ամենը շտկելու միակ ձեւը «զբաղվածության ընդլայնումն է: Դա է մեր թիրախը»: Ընդհանրապես, քանի որ կանխատեսումները վերաբերում են տնտեսությանը ամբողջապես, ուստի ռիսկերն էլ, ըստ էության« կազմում են տնտեսական ռիսկերի ողջ տեսականին: Իսկ արտաքին ռիսկերով պայմանավորված էլ ծրագրի վերջնական տարբերակում փոփոխություններ են եղել:
Նկատենք, որ Համաշխարհային բանկը իր համապատասխան հրապարակումում իջեցրել է ՌԴ-ի տնտեսական ցուցանիշը: Սրանից ելնելով՝ ՀՀ-ն չի՞ վեանայելու իր ցուցանիշները: Վահրամ Ավանեսյանը նկատեց, որ եթե ՌԴ-ի տնտեսությունն անկում ապրի, դա իր ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա, եւ «եթե իրադարձությունները գնան վատ սցենարով, ապա մեր տնտեսական աճիցուցանիշի վերանայման կարիք կառաջանա»:
Փակագծերում կարեւոր մր հանգամանք ընդգծենք. այս շաբաթ օրը կայանալու է ՀՀԿ-ի նիստը՝ ՄՄ-ին, մարտահրավերներին առնչվող թեմաներով: Եվ հիշյալ ռազմավարությունում արտաքին ռիսկերի մի խումբը կապված է Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային Միությանը անդամակցելու եւ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու, այդ թվում՝ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն չմիանալու՝ Հայաստանի որոշման հետ: Եվրոպական ներդրողների համար գրավչությունը կորցնելու, ԱՀԿ շրջանակներում երրորդ երկրների հետ հարաբերությունների հնարավոր վերանայման հետ կապված բացասական սպասումներ կարող են լինել: Լավ է, որ ռիկսերը «գույքագրել» ենք, այդպես ավելի հեշտ կգտնենք լուծման ուղիները:
Աստղինե Քարամյան
Կկարողանա՞նք աշխատանքով ապահովել
Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին եւ ռուս-ուկրաինական հետագա հակամարտությունները, ըստ վերլուծաբանների՝ ազդելու են Ռուսաստան եւ Ուկրաինա արտագնա աշխատանքի մեկնող մեծաթիվ հայերի վրա: Խստացված ներքին ռեժիմից բացի, նաեւ նախազգուշական միջոցառումներ են իրականացվում: Եվ արտագնա աշխատողները կունենան ընտանեկան ու կենցաղային խնդիրներ:
Պարզվում է՝ Եվրոպան էլ հետ չի մնացել: ԵՄ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի պայմանագրով՝ ԵՄ անդամ երկրներից հայրենիք վերադարձվող մեր հայրենակիցների թիվն այս տարի կարող է կրկնակի ավելանալ: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, թե եվրոպական երկրներում բնակվող հայաստանցիների ավելի մեծ ծավալի ներհոսք է ակնկալվում այս տարի: «Անցած տարի դեռ չկար այս համաձայնագիրը, բայց մենք ունեինք ԵՄ անդամ 12 պետությունների հետ առանձին-առանձին կնքված պայմանագրեր, ամբողջ տարվա ընթացքում ստացվել է 50-60 անձի համար վերադարձի հայց»,- նշել է Միգրացիոն պետական ծառայության պետը: Բայց ակնհայտ է, որ այդ թիվը շուտով հարյուրների կհասնի: Այս խնդիրը կարող է ծագել նաեւ ԱՄՆ-ում եւ այլ երկրներ աշխատանքի մեկնած հայերի համար:
«Լուսանցք» շաբաթաթերթ
«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



