Պետությունը ոլորտային ռազմավարություններ է ընդունում եւ որոշում զարգացման քայլերը: Այդ կարգի զարգացման ծրագրերից մենք անդրադարձել ենք դեղագործության եւ կենսատեխնոլոգիայի, կոշիկի արտադրության եւ այլ բնագավառների խնդիրներին, դրանց լուծման ուղիներին եւ հեռանկարներին: Կա մի ոլորտ եւս՝ ժամագործությունը, որի արտադրանքը ժամանակին իրացվել է ամբողջ խորհրդային Հայաստանում: Ի՞նչ վիճակ է այսօր, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկենք, որպեսզի համաշխարհային շուկայում տեղ ունենանք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին բոլորովին այլ տնտեսահարաբերություններ էին, հիմա՝ այլ: Նաեւ՝ միջազգային շուկա դուրս գալը կատակ բան չէ, ինչպե՞ս ենք հայտնվելու այնպիսի ժամագործական հսկա երկրներից թեկուզ հենց մեկի կողքին, ինչպիսին Շվեյցարիան է:
Հասկանալու համար սկսենք սկզբից:
Այժմ ժամագործության ոլորտի հիմնական արտադրողներն են «Երեւանի ոսկերչական գործարան՝–1 Գնոմոն»-ը, «AWI»-ը, «Այ Ջի Օու Ար»-ը, «Franck Muller»-ի Հայաստանի ներկայացուցչությունը: Եվս մեկ ըկերություն էլ՝ «Կռպեդանզ»-ը գտնվում է ժամացույցների եւ ժամացույցի բաղադրիչների արտադրության մեկնարկային փուլում: «Երեւանի ոսկերչական գործարան՝ 1 Գնոմոն»-ը, «Այ Ջի Օու Ար»-ը եւ «Կռպեդանզ»-ը թանկարժեք ժամացույցներ արտադրողներ են, «AWI»-ը ոչ թանկարժեք ժամացույց արտադրող է, իսկ «Franck Muller»-ի Հայաստանի ներկայացուցչությունը ժամացույցի բաղադրիչներ է արտադրում միայն:
«Երեւանի ոսկերչական գործարան՝ 1 Գնոմոն»-ը 2000-ականների երկրորդ կեսից սկսած արտադրում է ոսկե ժամացույցներ (մեխանիզմը ներմուծվում է): Տարեկան արտադրվում է մի քանի հարյուր ժամացույց: Ներքին շուկան կազմում է սպառման մոտ 40%-ը՝ հիմնականում կիսաթանկարժեք ոսկեջրած ժամացույցներով: Կատարվում են նաեւ տեղական կորպորատիվ պատվերներ: Ընկերությունն արտահանում է մեծամասամբ ոսկե թանկարժեք ժամացույցներ, հիմնականում դեպի ԱՊՀ ավանդական շուկաներ (մասնավորապես՝ Ռուսաստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղազախստան) եւ ԱՄՆ:
«AWI»-ը, որ հիմնադրվել է 2001թ.-ին՝ սփյուռքահայ ներդրողի կողմից, արտադրում է միջին գնային հատվածի ժամացույցներ (50-1,000 ԱՄՆ դոլ.) եւ որակով համադրելի է շվեյցարական Swatch-ին: Արտադրանքի մեխանիզմները ներմուծվում են (Շվեյցարիայից, Ճապոնիայից): Արտադրանքի ձեւավորումը կատարվում է Շվեյցարիայում: Արտադրանքի մոտ մեկ երրորդը արտահանվում է, հիմնականում՝ Հունաստան, ԱՄՆ, ԱՄԷ:
«Այ Ջի Օու Ար» ընկերությունը՝ «Այ-Ջի-Օու-Ար թրեյդինգ կորպորացիա»-ի հայկական մասնաճյուղն է եւ Հայաստանում ներգրավված է ոսկե ժամացույցների արտադրության մեջ: Ընկերությունը ժամացույցի բաղադրիչները հիմնականում ներմուծում է (Հոնկոնգից, Գերմանիայից եւ այլն), սակայն որոշակի աշխատանքներ կատարվում են նաեւ Հայաստանում (օրինակ՝ ժամացույցի թափքի տաշում): Հայաստանում է կատարվում նաեւ ժամացույցների ձեւավորումը: Արտադրանքի տեսականին կազմում է ավելի քան 150 նմուշ: Ընկերության արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, հիմնականում՝ ԱՄՆ:
«Կռպեդանզ»-ը հիմնադրվել է շուրջ 1 տարի առաջ. առանձին մասնաճյուղեր գործում են Հայաստանում եւ Շվեյցարիայում: Ընկերությունը, ինչպես ասացինք, ժամացույցների արտադրության նախապատրաստական փուլում է եւ կատարում է կապիտալ ներդրումներ (մասնավորապես՝ սարքավորումների ներմուծում եւ տեղադրում): Պատրաստվում է հանդես գալ արտադրանքի 2 հատվածով. առաջինը կլինի Շվեյցարիայում արտադրության վերջին փուլ անցած եւ հավաքված բարձր գնային հատվածի ժամացույցներ («Swiss made»): Երկրորդ խմբի արտադրանքը կընդգրկի Շվեյցարիայում եւ այլ երկրներում (որոշ չափով նաեւ Հայաստանում) արտադրված բաղադրիչներով եւ Հայաստանում հավաքված միջին գնային հատվածի ժամացույցներ, որոնց թիրախային շուկաները կլինեն ԱՊՀ եւ ասիական երկրները:
«Franck Muller»-ի Հայաստանի ներկայացուցչությունը ժամացույցի բաղադրիչներ է պատրաստում շվեյցարական Franck Muller-ի համար: Հիմնականում կատարվում են ժամացույցի թափքի մշակման, քարերով զարդարման, փորագրման աշխատանքներ: Պատրաստված բաղադրիչները ուղարկվում են Շվեյցարիա:
Եթե հակիրճ խոսենք ոլորտից, ապա պատկերն այս է:
2011թ. ժամագործության ոլորտում գործում էր 5 ընկերություն, զբաղվածների թիվը 113 էր: Նույն տարում արտահանման ծավալը (ժամացույցներ եւ ժամացույցի բաղադրիչներ) 7 մլն 965 հազ ԱՄն դոլար է կազմել: 2001-2007թթ. արտահանման տարեկան միջին աճը 387% է եղել, սակայն ճգնաժամի տարիներին էապես կրճատվել է: 2011թ. ժամացույցների արտահանման հիմնական շուկան եղել է ԱՄՆ-ն (85%), Ուզբեկստանը (7%), Թուրքմենստանը (3%) եւ այլ երկրներ (5%): Իսկ ժամացույցի բաղադրիչների արտահանման հիմնական շուկան եղել է Շվեյցարիան (97%):
Հայաստանի ժամագործության ոլորտի գագաթնակետը եղել է 1980-ականներին, երբ տարեկան արտադրվում էր 4-5 մլն հատ ժամացույց:
Հիմնական արտադրողներն էին Երեւանի ժամացույցների գործարանը՝ կենցաղային ժամացույցներով եւ Երեւանի գեղարվեստական ժամացույցների գործարանը՝ ձեռքի ժամացույցներով (այդ թվում՝ ոսկե): Արտադրանքն իրացվում էր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ Խորհրդային Միությունում: Ի դեպ, արտադրված ժամացույցների 98%-ից ավելին կազմել են զարթուցիչները: Ոսկե ժամացույցներ արտադրվել են տարեկան 30-70 հազ. հատ: Հայաստանի ժամագործության ոլորտի արտադրության արժեքը տատանվել է 2000-ականներին՝ արձանագրելով ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլ. պիկային 2008թ.: Ավելի քան եռակի նվազելով 2009թ.՝ 2010-2011թթ. ոլորտը արժեքային արտահայտությամբ վերականգնման միտում է դրսեւորել, սակայն չի հասել 2008թ. մակարդակին:
2000-ականներին Հայաստանից ժամացույցների արտահանումը քանակային եւ արժեքային արտահայտությամբ տատանվել է:
Գագաթնակետը եղել է 2007թ.-ն՝ ավելի քան 24 հազ հատ ժամացույց՝ շուրջ 4.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Ճգնաժամային տարիներին՝ 2008-2010թթ. արժեքային արտահայտությամբ արտահանումը նվազել է, աճ արձանագրելով 2011թ. եւ կազմելով մոտ 2.1 մլն դոլար:
Քանակային արտահայտությամբ արտահանումը 2011թ. կազմել է շուրջ 9,000 ժամացույց, որը 2002-2011թթ. արձանագրված ամենացածր մակարդակն է: 2000-ականների մեծ մասում Հայաստանի՝ ըստ երկրների արտահանման կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանել է ԱՄՆ-ին, որին 2011թ. բաժին է ընկել Հայաստանի արտահանման ավելի քան 85%-ը: Տարբեր տարիներին Հայաստանի արտահանման մյուս հիմնական շուկաները եղել են Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքմենստանը, Շվեյցարիան: Ուշագրավ է, որ Հայաստանից ժամացույցների արտահանման կառուցվածքում գերակշռում են թանկարժեք ժամացույցները: Ոչ թանկարժեք ժամացույցների մասնաբաժինն աննշան է՝ կազմելով արտահանման արժեքային կառուցվածքի 3-5%-ը: Թանկարժեք ժամացույցների հիմնական շուկան ԱՄՆ-ն է: Հայաստանի ժամագործության ոլորտի արտահանման գագաթնակետային 2007թ.-ն այդպիսին է եղել նաեւ ոչ թանկարժեք ժամացույցների համար 2000-ականների երկրորդ կեսին՝ գրանցելով 225 հազ. դոլարի արտահանում: Իսկ ոչ թանկարժեք ժամացույցների հատվածի արտահանման հիմնական շուկաներն են Հունաստանը, ԱՄՆ-ն եւ ԱՄԷ-ն:
Ինչ վերաբերում է ժամացույցի բաղադրիչների արտահանմանը: Հայաստանում ժամացույցների բաղադրիչների արտադրությունն իրականացվում է հիմնականում Franck Muller ընկերության ներկայացուցչության կողմից՝ հիմնադիր ընկերության պատվերների շրջանակում:
Արտահանումը տատանվել է 2000-ականներին՝ գագաթնակետին հասնելով 2003թ. (շուրջ 27.3 մլն դոլար): Նկատի ունենանք, որ շվեյցարական ժամագործության մեջ ժամացույցի բաղադրիչների մի մասը, մասնավորապես՝ թափքերը արտապատվիրվում են այլ երկրներում. Շվեյցարիայի ժամագործության ոլորտի օրենսդրության համաձայն՝ ժամացույցի մեխանիզմի մասերի մինչեւ 40%-ը եւ ժամացույցի մյուս առանձին բաղադրիչներն ամբողջությամբ կարող են արտադրվել այլ երկրներում, սակայն ժամացույցը պետք է հավաքվի Շվեյցարիայում: Շվեյցարական ժամացույցի բաղադրիչների ներմուծման կեսից ավելին (2010թ.-ին 50%) բաժին է ընկել Չինաստանին: Նույն թվականին բաղադրիչների Հայաստանից ներմուծումը կազմել է մոտ 0.2%-ը:
Անդրադառնանք այն քայլերին, որոնք անելով կհայտնվենք ժամագործության միջազգային շուկայում: Բայց այս մասին կխոսենք հաջորդիվ:
Միայն համապատկերում պետք է նկատի ունենանք, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումով արտաքին տնտեսական քաղաքականության շատ ուղենիշներ կարող են փոխվել ու՝ հենց եվրոպական ուղղությամբ: Իսկ փոխվելը հասկանալ բարդանալու իմաստով:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



