Ռուս-ամերիկյան «մեղրամիսը» երկարում է (Ղրիմից՝ Ալյասկա)… Եվրոպան նույնպես կմասնատվի… Լճացում կա, երբ պատմությունը կրկնվում է – Կիեւ-Թբիլիսի՝ եվրամայդանամանիա…

Ռուս – ամերիկյան «մեղրամիսը» երկարում է

ԽՄԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը պատմել է, թե ինչու է հայրը Ղրիմը հանձնել Ուկրաինային: Նա մեկնաբանել է Ղրիմի միացումը Ռուսաստանին. «Դա բնական գործընթաց է, որն ամբողջությամբ համապատասխանում է ինչպես ղրիմցիների, այնպես էլ ռուսների շահերին»,- ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին, եւ հավելել, որ ղրիմցիները նույնպիսի իրավունք ունեին անջատվելու Ուկրաինայից, ինչպես Ուկրաինան իրավունք ուներ անջատվելու Խորհրդային Միությունից:

Նա պատմել է, թե ինչպես է 1950-ականներին Ղրիմը հայտնվել Ուկրաինայի կազմում. «2-րդ համաշխարհային պատերազմից հետո Դնեպր գետի վրա սկսեցին հիդրոէլեկտրակայաններ կառուցել։ Եվ 1950-1955թթ. նախատեսված էր Կախովյան ՀԷԿ-ի շինարարությունը, որը հաջորդ 5 տարում նախատեսում էր Հարավուկրաինական (Կախովկայից մինչեւ Դոնբաս) եւ Հյուսիսղրիմյան (Կախովկայից մինչեւ Ղրիմ) ջրագծերի շինարարությունը։ Այդ պլանը (1955 -1960) սկսվում է իրականացվել 1953-ին, եւ պետական պլանը թողարկվում է նկատողություններով հանդերձ առ այն, որ Հարավուկրաինական ջրագծի հետ ամեն ինչ կարգին է՝ այն անցնում է Ուկրաինայի տարածքով, իսկ Հյուսիսղրիմյանի հետ ինչ-որ անճշտություն կա՝ սկիզբն Ուկրաինայում է, իսկ վերջը՝ Ղրիմում, եւ այն կառուցելը դժվար կլինի: Մշակողները պարզ էին դատում, նրանք ասում են, որ լավ կլինի Ղրիմը փոխանցել Ուկրաինային։ Այդ առաջարկի հետ Նիկիտա Խրուշչովը համաձայնում է»,- հայտնել է Սերգեյ Խրուշչովը:

Միաժամանակ նա նշել է, որ Ղրիմը փոխանցել են Ուկրաինային, եւ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել։ Ոմանք միայն դժգոհում էին, որ գրվում է « Крiм», այլ ոչ թե « Крым»:

ԽՄԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղարի որդու կարծիքով՝ Վաշինգտոնն ապրում է իր անձնական երեւակայություններով։ «Ամերիկացիներն ունեն նման երեւակայություն, եթե Աբխազիան, Ղրիմը կամ ինչ-որ մեկը միանա Ռուսաստանին, ապա կվերականգնվի Խորհրդային Միությունը, որն էլ կցանկանա գրավել ամբողջ աշխարհը, կսկսվի նոր ՙսառը պատերազմ», եւ շատ վատ կլինի։ Ոչ ոք դրան չի հավատում, բացի ամերիկացիներից։ Նրանք սրբորեն հավատում են դրան։ Այդ պատճառով էլ նրանց համար Ղրիմի միավորումը Խորհրդային Միության վերականգնման սկիզբն է»:

Իհարկե, ամեն բան այսքան հեշտ ու հանգիստ չէ, ինչպես ներկայացնում է Նիկիտա Խրուշչովի որդին, բայց սա էլ Սերգեյ Խրուշչովի տեսակետն է, որը հայտնել է այս փոթորկոտ օրերին: Գուցե նա չգիտի, որ դեռ Վլադիմիր Լենինի օրոք նպատակ է եղել Ղրիմում հրեական խորհրդային հանրապետություն հիմնել, հետո թաթարներն են ցանկացել դա անել, հետո անգամ Իոսիֆ Ստալինին են գրեթե վերահամոզել ծպտյալ հրեաները, ապա եւ՝ Նիկիտա Խրուշչովը բոլորովին այլ նպատակներով ուկրաինական է դարձրել Ղրիմը… Եվ հիմա այն նորից ռուսական է, չնայած դարձյալ թաթարները ցանկություն հայտնեցին սեփականացնել այս թերակղզին, ինչին դեմ չեն նաեւ թուրքերը… Գուցե Ղրիմին դեռ այլ ճակատագիր է սպասվում…

Հետաքրքիր իրավիճակներ կարող են ստեղծվել հանկարծ Ալյասկայի հարցում եւս: Երբ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը ռուս-ամերիկյան հակամարտության հարցերում նաեւ նշեց, որ «մեզ հասկանալի կլինի անգամ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներից Ալյասկան պահանջի», թերեւս շատերը տարակուսեցին, քանզի խոսքը Ղրիմի վերամիավորմանն էր առնչվում: Նա նշել էր, որ «շուրջ 190 տարի առաջ այդ տարածքը, որ կոչվում էր Ռուսական Ամերիկա, պայմանագրով տրվեց բրիտանական ծավալապաշտներին, իսկ մի քանի տասնամյակ հետո մի քանի միլիոն դոլարով՝ պատերազմելու սպառնալիքով ռուսական կողմին «համոզեցին» զիջել այն…»: Եվ ՀԱՄ առաջնորդի կարծիքով, Վաշինգտոնի կտրուկ հակադրությունը պետք է հանգեցներ նաեւ հողային այլ պահանջների: Հետագա ծավալումները հավաստեցին, որ այդպես էլ կա:

Արդեն շուրջ 8 հազար մարդ է քվեարկել Ալյասկան Ռուսաստանին միավորելու օգտին: Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված պահանջագիրը՝ «Ալյասկայի՝ Ռուսաստանին միավորելու վերաբերյալ», 2 օրվա ընթացքում հավաքել էր ավելի քան 7,5 հազար ստորագրություն: Որպեսզի ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես արձագանքեն պահանջագրին, հարկ է մինչեւ ապրիլի 20-ը հավաքել եւս 92,5 հազար ստորագրություն:

Պահանջագրի հեղինակը Անքորիջից է՝ Ալյասկայի մայրաքաղաքից: Ռուսական զլմ-ները հայտնել էին, որ հեղինակը «ակտիվիստ Սերգեյ Վորոպաեւն է»:

Արտակ Հայոցյան

Եվրոպան նույնպես կմասնատվի Եվրոպան նույնպես կմասնատվի

Իսպանական Կատալոնիայում 2014թ. նոյեմբերի 9-ին նախատեսված անկախության հանրաքվեն Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական է ճանաչվել: Դատարանի որոշմամբ, երկրի մայր օրենքի համաձայն՝ առանձին միավորը իրավունք չունի միակողմանիորեն նշանակել եւ իրականացնել ինքնորոշման հանրաքվե: Բացի դրանից՝ փաստաթղթում ընդգծվում է, որ Կատալոնիան չի հանդիսանում «ինքնուրույն քաղաքական եւ իրավաբանական սուբյեկտ»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայի անկախության հռչակագիրը, որն ընդունվել էր 2013թ. հունվարին տարածաշրջանի խորհրդարանի կողմից: Դատավորները հաստատել են այդ հռչակագրում հայտարարված կատալոնցիների ինքնորոշման իրավունքը, սակայն նշել են, որ այն չպետք է հակասի Իսպանիայի Սահմանադրությանը:

Կատալոնիայում Սահմանադրական դատարանի որոշմանն արձագանքել են սուր քննադատությամբ: «Մենք կտրականապես չենք ընդունում այդ վճիռը»,- հայտարարել է տարածաշրջանում կառավարող ազգայնական ուժերից մեկի առաջնորդ Խորդի Տուրուլը: Կատալոնիան Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած շրջաններից մեկն է, որին բաժին է ընկնում Իսպանիայի ՀՆԱ-ի շուրջ 20%-ը: Կատալոնացիները, ովքեր առանձնանում են իրենց լեզվով եւ մշակույթվ, դժգոհ են խոշոր գանձումներից, որոնք պարտավոր են վճարել կենտրոնական կառավարությանը՝ առավել հետամնաց շրջաններին աջակցելու համար:

Իսպանական Բասկոնիան եւս անկախանալու քայլեր է անում: Այս երկրամասի մի հատվածն էլ գտնվում է Ֆրանսիայի տարածքում: Տարիներ շարունակ բասկերը ահաբեկչական գործողությունների են դիմում՝ Մադրիդին իրենց կամքը պարտադրելու համար:

Այս տարի անկախության իրենց հանրաքվե կանցկացնեն նաեւ շոտլանդացիները: Շոտլանդիան հնագույն պատմական երկրամաս է եւ նրա բնակիչները ցանկանում է անկախանալ Մեծ Բրիտանիայից, անգլիական տիրապետությունից: Եթե կատալոնցիները կամ շոտլանդացիները հասնեն իրենց նպատակին, ապա Եվրոպային, ոչ միայն այս աշխարհամասի երկրներին, նոր մասնատումներ է սպասում: Բավարիան՝ Գերմանիայից, Հյուսիսային Իռլանդիան՝ Մեծ Բրիտանիայից եւ այլն, այնպիսի զարգացած երկրների, ինչպիսիք են՝ Բելգիան, Դանիան կամ Իտալիան, նույնպես ունեն անկախության ձգտող հատվածներ: Աֆրիկայում եղել ու այսօր էլ ընթանում է պետություների մասնատումներ: Իսկ եվրոպական օրինակը կարող է լրջորեն ազդել Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների կամ Ասիայի սառեցված անկախական շարժումների վրա:

Լինում են նաեւ վերամիավորումներ: Սակայն, եթե Գերմանիաների դեպքում Արեւմուտքը համաձայն էր, ապա Ղրիմի հարցում՝ հակառակ մոտեցումը դրսեւորեց…

Այս առումով՝ մենք եւս շահագրգիռ կողմ ենք:

Արման Դավթյան

Լճացում կա, երբ պատմությունը կրկնվում է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր է հետախուզում հայտարարվի: Նման հնարավորությունը չի բացառել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ նշելով, որ դա կլինի այն դեպքում, եթե նախկին նախագահը չներկայանա գլխավոր դատախազություն հարցաքննության: Նախկին նախագահը երկիրը լքել է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո եւ հիմա պիտի ներկայանա ու հարցաքննվի 2008թ-ին երկրի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի 4 բարձրաստիճան պաշտոնյաների արդարացման հարցով, ովքեր դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման բանկային աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեղադրանքով:

Բացի այս, դատախազությունում ասել են, որ Միխեիլ Սաակաշվիլին կարող է որպես վկա հարցաքննվել եւս 9 քրեական գործերով, այդ թվում եւ 2005թ. Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը մեկնել էր Ուկրաինա եւ անգամ ելույթներ էր ունեցել «եվրամայդանում»: Նույնիսկ ուկրաինական լրատվամիջոցները չէին բացառում, որ Կիեւի նոր իշխանությունները նրան կարող են պաշտոն առաջարկել:

Իսկ նախկին նախագահի կուսակցությունը պատրաստվում է «վրացական մայդանի»: Իրեն Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ անվանող «Միասնական ժողովրդական շարժում»-ը զգուշացնում է Վրաստանի իշխանություններին, որ պետք է պատրաստվել «վրացական մայդանի», իսկ այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ երկրի դատախազությունը հարցաքննության հրավիրեց կուսակցության առաջնորդ, Միխեիլ Սաակաշվիլիին:

«Մարդիկ, հանգստացեք, Ուկրաինայի դեպքերը սկսվել են ոչ միայն այնտեղ եւ չեն ավարտվելու այնտեղ: Բոլոր գիտակից մարդիկ լավ են հասկանում, որ նույն օրերը սպասվում են նաեւ Վրաստանում: Հենց դրա համար է Միշա Սաակաշվիլին շրջում Արեւմուտքում եւ զգուշացնում բոլորին այդ մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Միշայի կուսակից Էկա Հերհեուլիձեն, ով նախկին գումարման խորհրդարանում պատգամավոր էր:

Հիշեցնենք նաեւ, որ հենց Միխեիլ Սաակաշվիլին էր, որ նախկին ԽՍՀՄ երկրներում առաջինն անցավ «գունավոր հեղափոխության» աղացով, իհարկե հեղափոխության անունը «վարդերով» կնքելով…

Հետո նա օժանդակեց Ուկրաինային… Այժմ կարծես հակառակ օժանդակությունն է լինելու՝ Կիեւ-Թբիլիսի ուղղությամբ…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.