Թուրքական հակահայկական սադրանք՝ Սիրիայում – Այսպես անտարբեր էր աշխարհը նաեւ 1915-ին… Քեսաբի հայերի հարցը պետք է միջազգայնացնել (ցեղասպանությունը շարունակվում է)…

Մի քանի օր շարունակ ռազմական հարձակման ենթարկվեց սիրիական Քեսաբ ավանը, որը, հայտնի հայաբնակ ավան է, օրերս մեր խորհրդարանում մտավախություն հայտնվեց, որ մենք սկսում ենք կորցնել ամենահին հայ համայնքներից մեկը: Եթե 1915թ. չկար Հայկական հանրապետությունը, ապա հիմա կա եւ պետք է  արագ գործողությունների ծրագիր մշակվի, քանզի մեր հայրենակիցների վիճակն այնտեղ իսկապես շատ ծանր է: Այս արձագանքը ուշացած է մի քիչ, բայց պետք է իսկապես արագ գործել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ բոլորն էլ շատ մտահոգ են հայտնի իրադարձություններով, որ եղան Քեսաբում, բայց գործողությունների ծրագրի մասին խոսելու համար ճիշտ կլինի, որ ԱԺ հրավիրվի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կամ ԱԳՆ որեւէ պատասխանատու, ով հստակ կներկայացնի, թե ինչ գործողություններ են ընթանում Սիրիայում: «Մենք իրավասու չենք միջամտել այլ երկրի ներքին գործերին, բայց իմ կարծիքով, սա ավելի խորը խնդիր է»,- նշել է ԱԺ ղեկավարը (հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնել է Սիրիա):

Իսկ իրականությունն այն է, որ սիրիական զինյալները Թուրքիայի կողմից եւ Անկարայի դրդմամբ հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա: Քեսաբն ու շրջակա գյուղերը ենթարկվել են հարձակման «Ալ Նասրա» եւ «Ալ Իսլամիէ» ճակատների կողմից: Ըդիմադիր զինյալներն ամիսներ ի վեր համախմբված էին այդ գոտու շուրջ եւ Թուրքիայի կողմից 3 սահմանային կետերով հարձակվել են: Նրանք կրակել են բնակավայրերի ուղղությամբ, Քեսաբի մեջ գնտվող մեծ թվով հայեր այլ շրջաններում են ապաստանել: Սիրիական բանակի ջոկատները հասել են շրջան, իսկ օդուժը հարվածել է ընդդիմադիրների հավաքատեղիների վրա: Բախումները շարունակվել են մի քանի օր, սիրիական բանակը պաշտպանում է ավանն ու հետ մղում զինյալներին: Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է Լաթաքիա:

Կարելի է ասել, որ Թուրքիան է մտել Սիրիայի տարածք եւ հարձակվել հայաբնակ Քեսաբի վրա: Դեռ տարիներ առաջ Անկարան իրեն թույլ է տալիս մտնել Իրաքի տարածք, եւ դա բացատրում էր քրդերի զինյալներին ոչնչացնելու պատճառաբանությամբ, այժմ հստակ է, որ Սիրիայի տարածք մտնելով, ընդդիմադիր ուժերի միջոցով՝ հերթական հայաջինջ ծրագիրն է իրականացվում, որին որեւէ միջազգային արձագանք չհետեւեց՝ ինչպես միշտ:

Այսօր Քեսաբը վերստին սիրիական բանակի վերահսկողության տակ է, սակայն տեղի հայերն ապաստանել են Լաթաքիայի հայկական եկեղեցում: Հայոց ցեղասպանությունից մոտ 1 դար անց ականատես ենք լինում նշված բնակավայրերում մեծ ողբերգությունից հետո ապաստան գտած մեր հայրենակիցների ժառանգների մի նոր տեղահանության: Թուրքական կողմի այս հերթական դատապարտելի վարքագծին պիտի արձագանքել ամենուր, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ամբիոններում:

Հայի ականջի համար դժվար լսելի է, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Հայերը Քեսաբում են հայտնվել հնագույն ժամանակներից, սա երկարակյաց գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցվել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ.թ.ա. 1-ին դար: Բնակչության թիվը զգալի աճել է 16-րդ դարում: 20-րդ դարասկզբին նրանց թիվը կազմում էր 6000, իսկ 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից հետո՝ 8000: Սակայն 1950-ական թթ. սկսվում է քեսաբահայերի արտագաղթը: Նրանց մի մասը՝ 2000-2400, տեղափոխվում է Հայաստան, իսկ մյուսները՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպա եւ այլուր: Ներկայում Քեսաբում բնակվում է 1500-1800 հայ: Քաղաքացիական պատերազմի ընթացքում մեծ թվով հալեպահայեր տեղափոխվել էին Քեսաբ: Եվ ահա, ինչպես 1915-ին, քեսաբցի հայերը Մուսա Լեռան հայորդիների պես բարձրացել են լեռները եւ պատսպարվել:

Հայ պետական, քաղաքական ու հասարակական կառույցների հետ միասին արձագանքել է նաեւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը: Կոչ է արվել նաեւ ստեղծել «հայերի ինքնապաշտպանութեան ուժեր, հիմնական նպատակ ունենալով պաշտպանելու հայութիւնն ու Հայաստանը»:

(Տեղին է հիշել հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի ծրագիր-առաջարկը՝ համահայկական առանձնահատուկ բանակ ստեղծելուն ուղղված… Ինչպեսեւ՝ Համահայկական համաշխարհային գաղտնի կառույց՝ աշխարհի գաղտնի կառավարությանը դիմակայելու համար…,- Ա.Հ.): Իսկ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունն ասել է. «Հաշվի առնելով մարդկութեան եւ հայութեան կրած մարդկային, հոգեւոր, մշակութային, նյութական եւ տարածքային կորուստները 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմների ժամանակ, որ մարդկությունն այսօր գտնվում է հոգեւոր-մշակութային, բարոյա-հոգեբանական եւ տնտեսա-քաղաքական խոր ճգնաժամի մեջ, որոնք կսպառնան միջկրոնական ու քաղաքացիական բախումներով եւ 3-րդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ, հաշվի առնելով՝ Միջին Արեւելքում ներկայում ընթացող եւ խորացող ռազմա-քաղաքական գործընթացները, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի հայութեան եւ Հայաստանի ապահովութիւնը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքների եւ չափանիշների համաձայն՝ կրկին վերահաստատելով մեր հանձնառությունը նպաստելու հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին, տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ապահովելու ժողովուրդների ազատ զարգացման եւ առաջընթացի իրավունքը», նաեւ հայության՝ իր հայրենիքի հանդեպ պահանջատիրական իրավունքները, պատասխանատվությունը հայության խնդիրների հանդեպ, ինչպեսեւ հայության զարգացման ու առաջընթացի բնական իրավունքը հիմնված՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ ներպետական ու միջազգային հիմնարար այլ սկզբունքների ու նորմերի վրա, կարեւորում է. «Արեւմտյան Հայաստանի հայերի, Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ինքնապաշտպանության հատուկ ուժերի ստեղծման գործընթացի սկիզբը՝ հիմնական նպատակ ունենալով պաշտպանել հայությանն ու Հայաստանը։ ա) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը ստեղծվում են բոլոր այն վայրերում, որտեղ ապրում են Արեւմտյան Հայաստանի հայերը, ունենալով մեկ հիմնական խնդիր, կարիքի դեպքում մասնակցելու հայության եւ Հայաստանի պաշտպանությանը, բ) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերը ունենալու են իրենց Կանոնագիրը եւ Վարքականոնը, այն կդրվի շրջանառության մեջ հետագայում, գ) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը օժտված են լինելու շարժունակությամբ եւ ըստ պահանջի տեղաշարժվելու եւ պահանջված տեղում համախմբվելու նպատակով, դ) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը գործելու են բացառապես Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին որոշման (թիվ 1/2011-29.03.2011թ.) եւ «Չեզոք պետություների ու չեզոք անձանց իրավունքների եւ պարտականությունների մասին՝ ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի հոդվածների ու դրույթների համապատասխան»։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԱԽ-ի ղեկավարին, որում Թուրքիային կրկին մեղադրել է ահաբեկիչներին եւ «Ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող խմբավորումներին աջակցելու մեջ: Թուրքիայի բանակը ծածկել է այս ահաբեկչական հարձակումները եւ նրանց ցուցաբերել լոգիստիկ ու ռազմական օգնություն: Նրա խոսքով, Թուրքիայի այս դիրքորոշումը ցույց է տալիս տարածաշրջանում ահաբեկչությանը աջակցելու  շարունակական գործողությունները, ինչը խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ բանաձեւերը եւ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները:

Անկարան թույլատրում է հազարավոր օտարերկրացի ահաբեկիչների, ծայրահեղականների եւ վարձկանների հավաքվել Թուրքիայում եւ մտնել Սիրիա՝ նրանց ապահովելով ֆինանսով, զենքերով, խախտելով հակաահաբեկչության մասին միջազգային համաձայնագրերը եւ ԱԽ բանաձեւերը: Պաշտոնական Երեւանը պետք է միանա արաբական որոշ երկրների այն կոչին, որ ՄԱԿ ԱԽ-ն պիտի դատապարտի Թուրքիայի տարածքից Սիրիայում ահաբեկչական հարձակումներ իրականցնելը, նաեւ՝ Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում (ներառելով նաեւ սիրիահայերի խնդիրները):

Թուրքիան հերթական անգամ խախտեց (քանի որ չի պատժվում դրա համար) ձեռք բերած համաձայնագիրը, ինչը խոսքի արժեքը չիմացող թյուրքական ոճ է: Ընդհանրապես զգույշ գործող Անկարան այս անգամ բառացիորեն օժանդակեց թափանցմանը, որովհետեւ զինյալները, քեսաբցի ականատեսների վկայությամբ, թուրքական զորանոցներից են դուրս եկել: Չի բացառվում, որ նաեւ թուրք զինվորներ են եղել: Քեսաբի բնակչության շուրջ 90%-ը տարհանվեց: Թուրքիան վաղուց է ծրագրել եւ հետեւողականորեն նպաստում է սահմանակից երկրներից՝ Իրաք, Սիրիա, Լիբանան եւ Իրան, հայերի արտագաղթին: Հասկանալով, որ տարածաշրջանի հայերը թիվ 1 պահանջատերերն են Արեւմտյան Հայաստանի, քանի որ Հայոց ցեղասպանության զոհերի անմիջական ժառանգներն են:

Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, եւ հայկական կողմը քայլեր ձեռնարկում է: Հայերը Լաթաքիայում օգնություն են ստանում, նախնական տվյալներով ավելի քան 600 ընտանիք է տարհանվել: «Օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որոշակի քայլեր են ձեռնարկվում, բայց դրանք հրապարակման ենթակա չեն»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւ հավելել, որ ինչպես բոլոր սիրիահայերի համար, այս դեպքում էլ՝ պարզեցված ընթացակարգ է գործում Հայաստան տեղափոխվելու, քաղաքացիության եւ մուտքի արտոնագրերի տրամադրման, եթե իհարկե նրանց մոտ ցանկություն առաջանա:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Լիբանանի հոգեւոր, համայնքային ու քաղաքական պատասխանատուների հետ եւ խորհրդակցություններ անցկացրել։ Արամ Ա-ն կապվել է նաեւ Սիրիայի նախագահական պալատի հետ, նա պահանջել է նոր ջոկատներ ուղարկել Քեսաբ հայությանը պաշտպանելու համար։

Հայկական Կարմիր խաչը երկար ժամանակ է աջակցում է սիրիահայերին, քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին: Բայց նաեւ Հայաստանից դուրս գտնվող հայությանը պետք է օգնություն ցուցաբերել, երբ դրա խիստ անհրաժեշտությունն զգացվում է: Նաեւ մեր պետական կառույցները պիտի ցույց տան, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Միայն այս դեպքում սփյուռքահայ հատվածները կմիավորվեն հայրենիքի եւ հայաստանահայության շուրջ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.