Երբ լռում են հանուն սեփական շահի – Աշխարհիկ եւ հոգեւոր կենտրոնները միայն կոչեր անելու՞ համար են… Այս միջազգային կառույցները հանուն իրենց շահերի լռել եւ լռում են…

Հայ վերլուծաբանների կարծիքով՝ Քեսաբի դեպքն այն դեպքն է, երբ միայն հայկական կողմի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել։ Իհարկե հայապաշտպանական քայլեր ձեռնարկվել  ու պետք է ձեռնարկվեն հայ պետական, քաղաքական ու հանրային կառույցների կողմից, սակայն պետք է դրանք միջազգայնացնել եւ դարձնել օրակարգային հարցեր: «Քեսաբի դեպքերը կարելի է համարել 3-րդ ցեղասպանությունը հայերի նկատմամբ»,- անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ նշել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։  Ըստ նրա՝ Թուրքիան փորձում է տարածաշրջանը մաքրել հայերից եւ երկու խնդիր է լուծում. «Հարվածում է Սիրիայի նախագահ Ասադին եւ տեղի հայ համայնքին։ Լավ կլիներ, եթե Սիրիայի կառավարական զորքերը իշխանությունը վերցնեին իրենց ներքո։ Ժամանակը աշխատելու է Թուրքիայի եւ նրա դաշնակից զինյալների օգտին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով, առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռեւս 1909-ին էր՝ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում եւ ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ 1 տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ եւ վերակառուցեցին իրենց տները»… Պատմական իրողություններին անդրադառնալիս նախագահը հիշատակել է նաեւ մեկ այլ տարեթիվ՝ 1915-ը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից եւ աքսորներից եւս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր եւ դեպի հարավ՝ մինչեւ Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ «Քեսաբի հայերի այսօրվա՝ թվով արդեն 3-րդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»: Նա շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին՝ այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար. «Արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին է դիմել Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը: Հարց է բարձրացվել Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության ու հիմնարար իրավունքների վերաբերյալ՝ Քեսաբի բռնազավթման ու Քեսաբի հայության բռնագաղթի կապակցությամբ: Բոլորին հիշեցվել է, որ յուրաքանչյուր ազգ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, «նաեւ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, ով, ի դեպ, այդ իրավունքը վաստակել է քաղաքակրթական հարուստ անցյալով, ստեղծագործ ներկայով եւ ապագայի նկատմամբ լուսավոր հավատով»: Դիմումում նշվել է, որ այսօրինակ վտանգները պարբերաբար կրկնվում են, ուստի առաջարկներ են արվել Արեւմտյան Հայաստանի հայության (նաեւ՝ ժառանգների) հիմնախնդիրները լուծելու:

Դրանք են՝ «1. Կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայության Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական-քաղաքական բոլոր պարտավորություններով եւ իրավունքներով հանդերձ, այդ թվում՝ անկախ պետության հաստատման, հաշվի առնելով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը, որը բռնազավթված է առ այսօր: 2. Կյանքի կոչել եւ իրականացնել Կիլիկիային անհապաղ անկախություն շնորհելու իրավական-քաղաքական դրույթը, հաշվի առնելով՝ 1920թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախության մասին հռչակագիրը եւ ՄԱԿ-ի 1968թ. «Գաղութային երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» կոնվենցիան: 3. Կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տարածքի ապառազմականացումը, հաշվի առնելով՝ ա/ 2011թ. մարտի 29-ի Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության որոշումը. «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի՝ մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականությունը ընտրելու մասին» հայտարարությունը, բ/  2011թ. սեպտեմբերի 14-ի Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էր կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը եւ Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության չեզոքության որոշման հիման վրա՝ ապառազմականացնել Կիլիկյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքը»:

Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կապ է հաստատել Հալեպի, Լաթակիայի, Դամասկոսի ու Լիբանանի ներհամայնքային կառույցների հետ ու խորհրդակցություն անցկացրել: Քեսաբի վրա հարձակվելոuց հետո կաթողիկոսը կապ է հաստատել Սիրիայի նախագահական աշխատակազմի հետ եւ պահանջել անմիջապես հայկական ջոկատներ ուղարկել Քեսաբ՝ տեղի հայությանը պաշտպանելու համար:

Ըստ եկեղեցական լրատվության, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների կատարած ահաբեկչությունները։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ Քեսաբի եւ շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, ինչի հետեւանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել ու հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր»: Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է աջակցությունը սիրիահայությանը՝ «աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում, եւ տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները»:

Հիշեցնենք, որ սիրիական բանակի համար Քեսաբը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է, եւ սիրիական բանակը ապահովության համար տեղի հայերին տեղափոխել է Լաթաքիա: Մինչ այս դեպքերը, քաղաքացիական կռվի թեժ ժամանակ Արամ Առաջինը հանդիպում էր ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ եւ ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եւ շեշտել «Ժնեւ-2»-ում որոշ խնդիրների արագ կարգավորման անհրաժեշտությունը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդում եւս քննարկվել էր սիրիական ճգնաժամը: Նաեւ սիրիահայության խնդիրներն էին արծարծվել, բայց թուրքական կողմը ահաբեկչական խմբերի հետ ի չիք է դարձնում պայմանավորվածությունները: Որոշում կար, որ պիտի ապահովեր Սիրիայի բոլոր խոցելի համայնքները եւ հարեւան երկրներում ապաստանած փախստականները պիտի պատշաճ հումանիտար օգնություն ստանան: Մի խոսքով՝ Սիրիայի հասարակության բազմաէթնիկ, բազմակրոն ու բազմադավան բնույթը եւ ավանդույթը պետք է պահպանվի:

Այդ օրերին նաեւ Հռոմի պապն էր սիրիացի ապստամբներին մարդկային լինելու կոչ արել՝ խնդրելով ազատ արձակել առեւանգվածներին: Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Սիրիայի «անպաշտպան բնակչության վիճակի նկատմամբ, ովքեր հայտնվել են ռազմական գործողությունների էպիկենտրոնում»: Բայց տեսնում ենք, ո՛չ աշխարհիկ եւ ո՛չ էլ հոգեւոր ոլորտների պատասխանատուների կոչերն ու սաստումները օգտակար չեն, քանի որ թյուրքական քաղաքականությունը միշտ է անտեսել դրանք, եւ նույն այս աշխարհիկ եւ հոգեւոր կառույցները հանուն իրենց շահերի լռել են… Լռում են եւ այսօր, չկան պատժամիջոցներ, նույնիսկ ոչ այնքան աղմկոտ, որքան Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ իրականացվեց:

Քեսաբից տեղահանված, Լաթաքիայում ապաստանած Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը Panorama.am-ի թղթակցին պատմել է, թե ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը. «Հարձակվեցին, սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց: Մեր հայ տղաներն արաբների հետ միասին պաշտպանում էին մեզ, խմբեր էին կազմակերպել, հսկում էին բոլոր սահմանային կետերը: Իրենք տեղեկություն ստացան, որ ինչ-որ բան է լինելու Թուրքիայի կողմից: Այդ սահմանները պաշտոնապես Անկարան է հսկում: Տեղեկացան եւ բոլոր ընտանիքներին արագ լուր տվեցին: Առավոտ շուտ արթնացրին բոլոր ընտանիքներին ու միասին շարժվեցինք Լաթաքիա»: Մարդիկ թողել են տները՝ դռները փակ, ամբողջ ունեցվածքը մեջը: Շատերը նույնիսկ անձնագիր չեն վերցրել, միայն թե փրկվեին: Ծայրահեղականները տարբեր կողմերից թափանցում էին: Հայ փախստականը հայտնել է, թե «թուրքն արեց իր անելիքը, փշալարարերը հանեց ու հիմա էլ թուրքն իր սեւ գործն է անում: Եկանք Լաթաքիա, ովքեր ազգականներ ունեն այստեղ, զանգահարեցին եւ ապաստանեցին նրանց տանը: Մյուսների համար եկեղեցու դռները բացվեցին: Բոլորին օգնություն է բաժանվում շատ արագ, պետությունն ու հայկական կազմակերպությունները ոտքի են ելնում: Ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են տալիս: Սնունդ են բերում, տիկինները ճաշ են եփում եւ 3 անգամ օրական սնունդ են տալիս»:

Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը շատերի նման  հետնորդն է այն սերնդի, որին տեղահանել էին 1915-ին. «Իմ պապը եղբայրների հետ տեղահանվել են եւ աքսորի ճանապարհն են բռնել, Լաթաքիայով հասել են Հորդանան: Ճանապարհին շատ երեխաներ, ծերեր են մահացել: Պապիկիս եղբայրներն այդ ժամանակ գաղթի ճանապարհին մահացել են, միայն պապիկս է ողջ մնացել: Հետո, երբ խաղաղվել է, վերադարձել են իրենց տուն»:

Քեսաբից տարհանվածներից շատերը այս պատերազմի ընթացքում փախել-եկել էին Հալեպից եւ հիմա չգիտեն՝ ինչ անել, երկրորդ անգամ այսպիսի ցավալի վիճակի առաջ են կանգնում Հալեպի հայերը: Քեսաբի հայերը հայտնել են, որ Թուրքիայից մեքենաներով գալիս, կողոպտում են տները եւ տանում հայության ունեցվածքը: Այս ներխուժումը հայության՝ մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր, բացի արաբ ծայրահեղականներից այդ հարձակմանը մասնակցել են թուրք եւ ադրբեջանցի զինվորներ ու ահաբեկիչներ, խոսք կա, որ նաեւ չեչեն ահաբեկիչներ են մասնակցել:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, 21-րդ դարում, նոր մարտահրավերների առջեւ է կանգնում հայությունը, իսկ միջազգային հանրությունը կրկին լռության է մատնում ինչպես 1 դար առաջ կատարված հակամարդկային, մարդկության դեմ իրականացված ոճիրը, այնպես էլ այս տեղահանությունները: Աշխարհի բոլոր անկյուններում պատսպարված հայերը նորից մեծ ողբերգություն են ապրում եւ հիշողությունն են թարմացնում կապված՝ անցյալ դարի առաջին եւ ամենաանողոք ողբերգության՝ հայերի ցեղասպանության հետ, որը իրականացրեց Թուրքիան՝ 1915թ.: Ցեղասպանվեց ավելի քան 3 մլն հայ, տասնյակ հազարավոր հայեր էլ աշխարհով մեկ սփռվեցին:

«Քեսաբի իրադարձություններին ՀՀ իշխանությունների արձագանքի մեջ դեռ հստակություն չենք տեսնում»,- ասել է Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանը: «Քեսաբը պատմական Հայաստանի վերջին մնացորդածն է, պետք է հստակ, բյուրեղացած քայլեր լինեն, մանավանդ, որ Թուրքիան լուրջ դերակատարություն ունի, որի անմիջական մասնակցությամբ է եղել հարձակումը»: Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանի բնորոշմամբ, թուրքական գործոնը Քեսաբի պարագայում շատ բացահայտ է. «Ամեն կերպ օժանդակել են եւ մասնակցել հարձակմանը: Ջոկատները տեղի թուրքմեն փոքրամասնություններից են նաեւ կազմված»:

Դամասկոսն իր պարտականությունները կատարում է եւ «քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շուտ չի լինի, քանի, որ ծրագրված ձեւով են աշխատում տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար, ժամանակ է պետք»: Երբ ապահով լինի, հայերը կվերադառնան, ինչը շատ կարեւոր է ոչ միայն տեղահանված մարդկանց համար, որ կվերադառնան իրենց տները, այլեւ հայության համար, քանզի այստեղ բնակվում են հենց Արեւմտյան Հայաստանից գաղթածների պահանջատեր զավակները…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.