Շաբաթվա մարզական հեւքից.- Հայկական մարզաշխարհի լուրեր… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

Շաբաթվա մարզական հեւքից.- Մարզաշխարհ

Նախարար Յուրի Վարդանյանը հերքում է

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի, իբր, նախարարությանը սպորտդպրոցներից ամսական գումարներ են փոխանցվում (որը նախարարության կողմից պաշտոնապես հերքվել եւ հերքվում է) եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Յուրի Վարդանյանն այդ օրերին գտնվում էր հանրապետությունից դուրս ու նոր է ծանոթանում լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներին, ցանկանում ենք հայտնել նախարարի կարծիքը նմանատիպ հարցերի վերաբերյալ:

Յուրի Վարդանյան. «Հարգելի լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որեւէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության եւ նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետեւողական եղե՛ք բացահայտելու եւ պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՜ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ եւ մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:

Նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել եւ համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան, հեռ. 010546933):

Արեգ Հովհաննիսյանի ելույթը բարձր գնահատվեց

Լոզանում անցկացվեց հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՀՀԳ) ամենամյա հերթական համաժողովը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, 38 երկրների պատվիրակների թվում էր Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը: Համաժողովին ներկա էին նաեւ տարբեր մարզաձեւերի 18 միջազգային ֆեդերացիաների հակադոպինգային բաժնի ղեկավարներ:

Հիմնական թեման նոր օրենսգրքում կատարված 8 խոշոր փոփոխությունների պարզաբանումն էր, մասնավորապես` արգելված նյութերի բացասական հետևանքները բացառելու ուսուցման կառուցման կարգը: Կարեւոր է նաեւ հետաքննության նոր հասկացությունը: Իմաստն այն է, որ արգելված նյութերի ընդունման որեւէ դեպքի ցանկացած ականատես կարող է անմիջապես տեղյակ պահել համապատասխան թեժ գծին: Նման դեպքեր արդեն գրանցվել են: Այդպես են որակազրկվել հեծանվորդներ ամերիկացի Արմսթրոնգը, դանիացի Ռասմուսենը, տարբեր մարզաձեւեր ներկայացնող 5 չինացիներ եւ այլն:

Կան նյութեր, որոնք հնարավոր չէ հայտնաբերել մարզիկի օրգանիզմում: Արդեն 12 տարի է, որ մարզիկներն օգտագործում են «Աճի հորմոն» անվանումով նյութը, որի հայտնաբերման եղանակն առայժմ անհայտ է: Ավելին` Լոս Անջելեսի հակադոպինգային լաբորատորիայի ղեկավարն ասաց, որ առաջիկա 6 տարում դժվար թե հնարավոր լինի հայտնաբերել նշված հորմոնի առկայությունը օրգանիզմում: Կարեւոր է, որ փորձանմուշների համար տրամադրվող գումարներն ամբողջովին ճիշտ ծառայեն նպատակին, եւ բացառվեն անհիմն ծախսերը:

Համաժողովում բարձր գնահատվեց Արեգ Հովհաննիսյանի ելույթը, մեզանում կատարված աշխատանքները: Սակայն ներկաները զարմացան, որ մեր երկրի առաջնություններում դոպինգ ստուգում չի կատարվում: Համաշխարհային գործակալության ղեկավարները շեշտեցին, որ գլխավորապես այդ պատճառով են միջազգային մրցաշարերում որակազրկվում Հայաստանի որոշ մարզիկներ: Էլ չենք ասում, որ ստուգումներ չկատարելու պատճառով արժանիների փոխարեն երբեմն միջազգային մրցումների են գործուղվում դոպինգ օգտագործած, ավելի թույլ պատրաստականությամբ մարզիկներ: Այս հարցով պետք է մտահոգվեն մեր երկրի կառավարության ու պետական մարզակառույցների ղեկավարները, ինչի մասին խոսվեց համաժողովում:

Առաջիկայում ստեղծվելու են լրացուցիչ լաբորատորիաներ, որոնք դեռեւս չեն հավատարմագրվել ՀՀԳ-ին, բայց իրավունք կստանան իրականացնել մարզիկների` միայն արյան փորձանմուշների ստուգում: Առաջիններից կլինեն Բուլղարիայում եւ Ճապոնիայում ստեղծվելիք լաբորատորիաները: Պետք է նշել, որ 2014թ. Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման կենթարկի մեր երկրի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշներին: Գործընթացը ֆինանսավորելու է մարզաձեւի միջազգային ֆեդերացիան` ՖԻԼԱ-ն:

Թուրք ֆուտբոլիստը եւս միացավ #SaveKessab-ին

Սիրիայի հայաբնակ Քեսսաբի խնդիրը ոչ միայն հայերիս է ոտքի հանել, այլեւ շատ օտարազգիների: Համացանցում նաեւ մարզիկներն են բարձրացրել իրենց բողոքի ալիքը: Մեր հայտնի մարզիկներն ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ այլ երկրներից միացել են այդ պայքարին: #SaveKessab հեշթեգն ամենատարածվածն է համացանցի հայկական հատվածում:

Ոճրագործությունը կանխելուն ուղղված նկարները, կոչերը ողողել են ինտերնետը… Այդ ալիքին է միացել նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ի թուրք ֆուտբոլիստ Նուրի Շահինը, ով լավ հարաբերություններ ունի իր ակումբակից եւ մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի հետ:

Ձյունը կիսատ թողեց ֆուտբոլային մրցափուլը

Հայաստանի առաջնության 19-րդ փուլն անավարտ մնաց՝ «Գանձասար»-«Ալաշկերտ» եւ «Միկա»-«Բանանց» հանդիպումները հետաձգվել են: Մարտի 30-ին նշանակված հանդիպումները հետաձգվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: «Արարատ»-ը պահպանեց 6 միավորի առավելությունը, Գյումրիում «Շիրակ»-ին հյուրընկալվելիս խաղն ավարտեց 0:0 հաշվով: Առաջատարն ունի 36 միավոր, իսկ «Շիրակ»-ը վաստակեց 30-րդ միավորը եւ 3-րդ տեղում է: «Ուլիս»-ը զիջեց «Փյունիկ»-ին՝ 0:2 հաշվով եւ «Փյունիկ»-ը միավորների պաշարը հասցրեց 27-ի:

Ավարտվեց զլմ-ների մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարը

ՀՀ լրատվամիջոցների ավանդական դարձած մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարի եզրափակիչ խաղում հանդիպել են «Լայմ» հեռուստաընկերության եւ Մեդիամաքս գործակալության թիմերը: Հաղթեց Մեդիամաքսի թիմը, որը պարգեւատրվել է «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: 3-րդ տեղի համար պայքարում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմը հաղթեց News.am-ի թիմին: 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս ստացել են գավաթներ, պատվոգրեր ու մեդալներ: Մրցանակների արժանացան նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները՝ լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

Փակման արարողությանը ներկա են եղել եւ մրցանակակիրներին մրցանակները հանձնել Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ, «Արարատ-73» լեգենդար թիմի անդամներ Սերգեյ Պողոսյանը եւ Նիկոլայ Ղազարյանը:

Չեմպիոնը կընդունի ՌԴ քաղաքացիություն

2008թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանը պատրաստվում է դառնալ Ռուսաստանի քաղաքացի: Բանն այն է, որ հայազգի հրաձիգը 1997թ.-ից բնակվում է Սիմֆերոպոլում եւ հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո: Սակայն այն բանից հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանի կազմ, թերակղզու բնակիչների մեծ մասը ՌԴ քաղաքացիություն են ընդունել:

Նշենք, որ Արթուրը հրաձգությամբ մարզվել է Երեւանի սպորտային հրաձգության ակումբում: 1990թ. նա սովորելու է մեկնել Լվով, իսկ 1995թ. սկսած միաժամանակ ծառայում էր ուկրաինական բանակում՝ որպես մարզական ակումբի սպա:

Արոնյանն ինքն օգնեց Անանդին՝ հաղթելու մրցաշարում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացավ աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Ցավոք, այս անգամ էլ մեր սպասումները չարդարացան, չնայած Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը բոլոր հնարավորություններն ուներ հաղթելու: Նախավերջին փուլում նա միավորներով կարող էր հավասարվել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, սակայն զիջեց Դմիտրի Անդրեյկինին: Այս պարտությունից օգտվեց աշխարհի նախկին չեմպիոնը՝ ոչ-ոքի խաղալով Սերգեյ Կարյակինի հետ, դառնալով անհասանելի: Իսկ վերջին փուլում մեր շախմատիստը ծանր տանելով անհաջողությունը՝ պարտվեց Սերգեյ Կարյակինին եւ լիովին ձախողվեց հավակնորդների մրցաշարում: 6,5 միավորով 2-րդ հորիզոնականից միանգամից նահանջեց 6-րդ տեղը:

Աշխարհի թագի համար կանցկացվի եզրափակիչ մրցամարտ հնդիկ գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի միջեւ:

Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները

Կայացան ՀՀ ուսանողական 15-րդ մարզական խաղերը։ Ընդհանուր առմամբ, ուսանողական մարզական խաղերում անցկացվեց 14 առաջնություն։ Շախմատի մրցումները կայացան մարտի 26-28-ը՝ շախմատի տանը։ Մասնակցել են տղաների 16 եւ աղջիկների 10 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից: Ընդհանուր առմամբ՝ 100 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ շախմատիսներ։

Տղամարդկանց թիմային հաշվարկում 1-ինը Հայաստանի ամերիկյան համալսարանն էր, 2-րդը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, 3-րդը՝ Երեւանի պետական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել ԵՊՀ-ն ներկայացնող թիմը, 2-րդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 3-րդում՝ ճարտարապետաշինարարական համալսարանը։ Կայացել են նաեւ անհատական մրցաշարեր:

Հայտնի են նաեւ դպրոցականների հաղթողները

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են մայրաքաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադայի երեւանյան մասնակիցներին շնորհավորել ու պարգեւներ է հանձնել Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: 1-ի տեղն զբաղեցրել է Երեւանի թիվ 2 ավագ դպրոցի թիմը,, որի ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է քաղաքապետը: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Երեւանի 119 ավագ եւ 187 հիմնական դպրոցների թիմերը:

Շախմատի 8-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 6000, իսկ համայնքային փուլին՝ 204 կրթական հաստատությունների 816 դպրոցականներ:

Հայ մարմնամարզիկների հրաշալի կատարումները

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը: Հենացատկերում գերազանց է հանդես եկել Արթուր Դավթյանը, ով Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի սան է: Նա հենացատկերում չունեցավ հավասարը եւ դարձավ հաղթող:

Օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը դարձել է ոսկե, Վահագն Դավթյանը՝ արծաթե մեդալակիր: Նժույգաթափերում էլ ոսկե մեդալը նվաճել է Հարություն Մերդինյանը:

Սամբիստները մեդալների համար պայքարեցին Վանաձորում

«Հայաստան» մարզական միության Վանաձորի մարզապալատում անցկացվեց սամբոյի 2014թ. տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 80 մարզիկ՝ Երեւանից, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռիի, Տավուշի, Արմավիրի մարզերից եւ Արցախից:

Ըստ քաշային կարգերի՝ հաղթողներ ճանաչվեցին Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Արթուր Սահակյանը (62 կգ, Սպիտակ), Մարտին Միրզոյանը (68 կգ, Արցախ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մհեր Կարապետյանը (82 կգ, բանակի կենտրոնական մարզական ակումբ՝ ԲԿՄԱ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, ԲԿՄԱ), Էդուարդ Հակոբյանը (100 կգ, Երեւան), Էդուարդ Դավթյանը (+100 կգ, Արտաշատ):

Բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին տրվեցին համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ ու դրամական պարգեւներ:

Առաջնության արդյունքներով վերջնականապես կձեւավորվի Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 15-19-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի սամբոյի առաջնությանը:

Նվաճեցին երեք մեդալ՝ ազատ ոճում

Ֆինլանդիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հավաքականը 3 մեդալ նվաճեց: 70 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Գրիգորյանը գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը բավարավեցին բրոնզե պարգեւներով:

Կմեկնարկի նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 7 քաշային կարգերում:

Հ.Գ. – Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ֆինլանդիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությում գրավեց 1-ին տեղը եւ ոսկե մեդալ նվաճեց: Մեր մարզիկը 98 կգ քաշայինների մրցումներում մեկը մյուսի ետեւից հաղթելով ուկրաինացի, խորվաթ, գերմանացի եւ նորվեգացի մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը թուրք Չենկ Իլդեմն են։ Արթուր Ալեքսանյանը վստահ անցկացրեց ամբողջ գոտեամրտը եւ 5:0 հաշվով հաղթանակ տարավ: Այդպիսով, 22-ամյա ըմբիշը 3-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Պայքարի ելած մեր մյուս երեք ներկայացուցիչները` Կարեն Ասլանյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյան (66 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) պարտություն կրեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Մասնակցում են միայն փորձառության համար

Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում Մոլդովայի ներկայացուցիչների հետ կայացած խաղում մեր ձեռքի գնդակի հավաքականը հավասար պայքար մղել կարողացավ միայն 1-ին խաղակեսում: Գրանցվեց 13:13 հաշիվը: Հանգստից հետո մեր ընտրանին պարտվեց 20:27 հաշվով:

Հայաստանի հավաքականը պարտվել էր նաեւ դաշտի տերերին, սակայն այս մրցաշարը լավ փորձառություն կլինի հայ մարզուհիների համար:

Շենգավիթի թիմը հաղթեց բոլոր մրցակիցներին

Երեւանում ավարտվել է մինչեւ 16 տարեկան հանդբոլիստուհիների ՀՀ առաջնության 1-ին շրջանի մրցաշարը: 5-րդ փուլում Շենգավիթի թիմը 24:17 հաշվով առավելության է հասել ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Մյուս 2 խաղում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Քաջարան-Աջափնյակ՝ 7:15, Արցախ-Կոտայք՝ 25:14:

Թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ՝ 1. Շենգավիթ (10 միավոր), 2. Արցախ (8), 3. ԽՄՕՄՄ (6), 4. Աջափնյակ (4), 5. Կոտայք (2), 6. Քաջարան (0): Առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն եզրափակչում:

Վարկանշային մրցաշար՝ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար

Ապրիլի 2-11-ը Հայաստանի սուսերամարտի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք սուսերամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությանը, որ վարկանշային մրցաշար է Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են ՀՀ պատանեկան եւ երիտասարդական առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները:

Մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի առաջնության առաջին փուլը

Արմավիրում շարունակվում է տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-ին փուլը, որին 5 թիմ է մասնակցում: Կայացել են 2-րդ մրցափուլի հանդիպումները: Առաջինը խաղահրապարակը տրամադրվել է Արմավիրի եւ Ստեփանակերտի թիմերին: Արցախի պատվիրակներին հաջողվել է 3:1 հաշվով պարտության մատնել տանտերերին: Սա Ստեփանակերտի թիմի առաջին հաղթանկն էր:

Օրվա մյուս խաղում մրցել են Երեւանի 2 թիմեր՝ ՖԻՄԱ-ն եւ «Դինամո»-ն: Այստեղ հաջողությունը ուղեկցել է ՖԻՄԱ-ին, որը 3:1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ:

Արսեն Պետրոսյան

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։