Սկիզբը՝ թիվ 10-ում
Բայց հիմա մի կողմ թողնենք Մամիկոնյանների, եթե կարելի է ասել, հունա-հռոմեական շրջանը եւ հետեւենք հիշյալ հեղինակներին դեպի շատ ավելի վաղ ժամանակներ: Այս դեպքում մեր ուղեկցորդները կլինեն Գ. Հովհաննիսյանի համար սկզբնաղբյուրներ հանդիսացող Ա. Քեշիշյանն ու Խ. Բալեկջյանը, քանզի նրանք են, որ Խեթական թագավորությունում (ն.թ.ա. XVIII-XII դդ.) Մամիկոնյաններ են հայտնաբերել: Վերն արծարծված հարցին այլեւս չդառնալու համար նախ հպանցիկ անդրադառնանք Ա. Քեշիշյանի այն համոզմանը, թե «խեթա-խուռիական ժամանակներից ի վեր Մամիկոնյանների գոյության մասին կարող է վկայել նաեւ նրանցում տարածված Մուշեղ անձնանունը: Այն համարվում է խեթական փոխառություն եւ համապատասխանում է Մուրշիլ անձնանվանը»20: Իհարկե, սա ամենեւին օրիգինալ միտք չէ թեկուզ այն պատճառով, որ առաջինը Հր. Աճառյանն է նման լծորդում կատարել՝ չենթադրելով անշուշտ, թե իր վարկածն ինչ արտառոց բեկումներ կարող է ունենալ21: Բայց քանի որ Ա. Քեշիշյանը մեծ շեշտադրում է կատարում դրա վրա, ապա ստիպված ենք նշել, որ, այնուամենայնիվ, այդօրինակ զուգահեռներն արհեստական են: Ինչպես Մանկայոսը ոչ մի կերպ չի դառնում Մամիկոնյան, այնպես էլ Մուշեղի նախնականը չի կարող Մուրշիլ լինել: Նախ տեղյակ լինենք, որ խեթական թագավորի (երեքն են եղել) անվան ուղիղ ձեւն է Մուրսիլի կամ Մուրսիլիս (հազվադեպ են ընթերցում Մուրշիլի), հետեւաբար՝ որքա՞ն կարելի է անունը ձեւափոխել, որպեսզի ստացվի ցանկալին22: Ընդ որում, կա նաեւ այսպիսի տեսակետ. «Խորը փոփոխութիւն է տեղի ունեցել «Մուրսիլիս» անունի նկատմամբ, ինչը իրականում եղել է «Հուրծիլ», այսինքն սերված հուր աստուածից: Այս անունը բաղկացած է երկու մասից՝ «հուր» եւ «ծիլ», «հուր» հնչիւնի համար սեպագրերի ցանկում առաջարկված է հետեւեալ հնչիւնային արժէքները‘ […] har/hur/mur = հար/հոր/հօր/մոր/մօր: Հարկաւոր է մասնագէտներից հարցնել թէ՝ վերը յիշված հնչիւններից ինչո՞ւ (mur)ը ընտրեցին, մինչդեռ (հur) տարբերակը, ոչ թէ համեմատաբար, այլ տրամաբանօրէն կարող է համարվել միակ ճիշտ ընտրութիւնը»23: Սա՝ իր հերթին, բայց հիմա մտորելու համար եւս մի առիթ տանք. նույն խեթական արձանագրություններում գործածվող գաղափարագրերից մեկն ընթերցվում է «MU EN» եւ նշանակում է թռչուն24: Մուշեղին ո՞րն է մոտ՝ Մուրսիլի՞սը, թե՞ Մուշենը: Առավել եւս՝ եթե նկատի ունենանք, որ Մուրսիլիս անունը հային ոչինչ չի ասում, իսկ Թռչուն եւ Թռչնակ անձնանունները նա դեռ պահպանում է25:
Թողնենք սակայն այս անպտղաբեր աշխատանքը եւ առանց երկբայության հանուրին հայտնենք, որ չկա այնպիսի խեթական անուն, որն այսօր համարենք Մամիկոնյանների շնորհիվ պահպանված26: Իսկ ինչ վերաբերում է Քեշիշյանի համառ հաստատումներին, թե՝ «Մամիկոնյանների տոհմական անձնանունների մեջ չկան այնպիսիները, որոնք կարող էին ճենական ծագում ունենալ»27, ապա դրանց վերաբերյալ նկատառում կհայտնենք մի փոքր անց՝ խեթական մեկ ուրիշ «զորավոր կռվանի» կապակցությամբ: Մինչ այդ՝ եթե չենք մտապահել, ապա հիշեցնենք, որ մեր այս հեղինակների սեւեռումն է համոզել բոլորին, իբր «Մամիկոնյաններն ունեն տեղական, հայկական ծագում եւ նրանց ծագման ավանդությունը չի համապատասխանում իրականությանը»28: Տարօրինակն այն է սակայն, որ նրանք նման անվերապահ կարծիքը հիմնավորելու համար ոչ թե ազգային պատմության քառուղիներում են փաստարկներ որոնում, այլ հայկական (ընդհուպ՝ նախահայկական) արեալին հարեւան քաղաքակրթությունների մեջ են ինչ-որ հիշատակներ փնտրում: Եվ գտնում են: Ափսոս միայն, որ դրանք արժեքավոր են լոկ իրենց համար: Ծանոթանանք այդ կարգի մի գյուտի հետ, որ կատարել է Խ. Բալեկջյանն Ամերիկայում, իսկ Ա. Քեշիշյանը յուր ընկերներով տարածում է Հայաստանում29: Խոսքը խեթական արձանագրություններում հանդիպող «amumikuni» բառի մասին է, որն ըստ գերմանացի խեթագետների՝ խուռիերեն նշանակում է զինվորական կամ կրոնական բարձր պաշտոն//բարձրաստիճան անձ:
Խ. Բալեկջյանին այդ բառը հանդիպել է խեթագիտական մի աշխատության էջերում30 (այլ ոչ թե արձանագրություններում), ընդ որում՝ ինքը դրա հեղինակային ընթերցումը չունի: Բառի բացատրությունը նույնպես իրենը չէ, այլ միայն հետեւություններն են սեփական: Փաստորեն, Մամիկոնյանների ծագման «նոր տեսության» գիտական հիմնավորումը հիմքից թույլ է: Հետեւաբար՝ հիշյալ հոդվածը պետք է դիտարկել ոչ որպես գիտական ուսումնասիրություն, այլ որպես մերձգիտական, լավագույն դեպքում՝ գիտահանրամատչելի հրապարակում: Այդուհանդերձ, ճիշտ չէ այն անտեսելը, քանզի ոմանց համար, ինչպես նշեցինք, դա ոչ թե ճշմարտանման, այլ ճշմարտացի պատմություն է դարձել, մատնանշվում է ու մեջբերվում: Բալեկջյանի նախատրամադրվածությամբ, հենց «amumikuni» բառն է այն բանալին, որով բացատրվում է Մամիկոնյանների թե՛ տոհմանունը, թե՛ ծագումը, եւ թե՛ զբաղեցրած դիրքը: Նա՝ ելնելով amumikuni եւ Մամիկոնյան բառերի արտասանական որոշ նմանությունից, ինչպես նաեւ բառիմաստի ու Մամիկոնյանների զբաղեցրած պաշտոնը զուգորդելով՝ անհերքելի է համարում այն փաստը, որ Խեթական թագավորությունում Մամիկոնյանների նախնիներն են եղել գլխավոր զորահրամանատարները, որ Մամիկոնյան ազգանունն առաջացել է պաշտոնի անվանումից եւ, վերջապես, Մամիկոնյանները բնիկ են31: Վարկածին հավաստիություն հաղորդելու համար Բալեկջյանը նկատում է, որ երկու բառերի առաջին երկու հնչյունները նույնն են, պարզապես խեթական տերմինի մեջ դրանք կազմում են փակ վանկ՝ am, իսկ հայկական ազգանվան մեջ բաց վանկ՝ ma32: Սակայն Ա. Քեշիշյանը յուրովի ըմբռնելով Խ. Բալեկջյանի անգլերենը՝ հղում է կատարում վերոբերյալ հատվածի վրա բոլորովին այլ հետեւություն անելով, թե՝ նրա կարծիքով «amumikuni եւ Մամիկոն բառերի միջեւ համապատասխանությունն առավել ակնհայտ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ փակ վանկային am հիմքը կարող է փոխվել բաց վանկային ma հիմքի»33:
Ինչպես տեսնում ենք՝ բառերի արհեստական նմանեցումը Ա. Քեշիշյանինն է, որը դրան հասնում է վատ թարգմանության կամ, ավելի շուտ, կամայական մեկնաբանության միջոցով: Բայց քանի որ այդ հանգամանքն ըստ էության չի փոխում հարցի բնույթը, հետեւաբար ստիպված ենք շարունակել մեր առարկությունները եւ առաջին հերթին անդրադառնալ բառի կազմությանն ու ստուգաբանությանը: Նախ նշենք, որ մեր պրպտումների ընթացքում պարզեցինք, որ բառի գրության ձեւերն են՝ a-mu-mi-ku-ni-is34, a-mu-um-me-ku-un-ni-is35, am-mu-u!-me!-ik-ku-un-ne36: Նշանակում է amumikuni-ն ինչ-որ միջինացված, ժամանակակից մարդու քիմքին հարմարեցված ձեւ է, որի հիման վրա, հասկանալի է, անհնար է ճշգրիտ եզրահանգումներ անել: Բառակազմական վերլուծությունը ցույց է տալիս, որ amumikuni-ն ոչ թե պարզ (պարզածանցավոր), այլ բաղադրյալ բառ է, հետեւաբար am մասնիկը ոչ թե վանկ է, այլ բառի բաղադրիչ: Այսինքն՝ խոսքը բաց//փակ վանկի (միգուցե նախածանցի՞) մասին չէ, այլ ձեւույթի37: Իսկ քանի որ ձեւույթը տվյալ հնչյունակազմով ու տվյալ իմաստով լեզվական անբաժանելի միավոր է, ուրեմն՝ հնչյունների փոխատեղությունն անհնար է, այդ մասին դատողություններ անելն ավելորդ է: Ընդ որում, կրկնաբանություն չի լինի, եթե հիշեցնենք, որ հայերենը չունի այնպիսի կանոն (ինչպես որ չունի անգլերենը՝ Բալեկջյանի բնագրի լեզուն), որի համաձայն փակ վանկը կարող է դառնալ բաց վանկ: Այսպիսով՝ եթե նույնիսկ հայերենը խեթերենից փոխառել է տվյալ բառը, ապա նա չունի այնպիսի լեզվական օրենք, որը պահանջեր վերջինիս նման փոփոխության ենթարկել38:
Ինչ վերաբերում է amumikuni=զորահրամանատար նույնականությանը, որն էլ հենց «Բալեկջյան եւ ընկ.» խմբի հաղթաձին է, ապա ակնհայտորեն նրա վարգուղու վրա վտանգավոր մի խոչընդոտ է երեւում, որը սակայն չեն կամենում տեսնել մեր էնտուզիաստները: Դա այն է, որ եթե իրենց առաջարկած եղանակով (վանկը փոփոխության ենթարկելով) բառերի նմանաձայնության հասնենք, ապա բուն բառն ակամայից այնպես կիմաստափոխենք, որ հետո amumikuni-ն այլեւս զորահրամանատար չի նշանակի: Չէ՞ որ խեթական սեպագիր արձանագրություններում օգտագործված նշանների ամեն մի խմբում յուրաքանչյուր, պայմանականորեն ասած, վանկ առանձին բառ է եւ պահպանում է իր նախավոր իմաստը: Այսպես, եթե a-mu-mi-ku-ni-is-ը կամ am-mu-u!-me!-ik-ku-un-ne-ն կարդանք աքքադերեն39, ապա am վանկը (բառը) կնշանակի վայրի ցուլ, երկիր, իսկ եթե ma, ապա կնշանակի նավ, նավակ40: Այժմ, որպեսզի ասվածին կշիռ հաղորդենք, բառի ստուգաբանության մի տարբերակ առաջարկենք, նախապես զգուշացնելով իհարկե, որ դա ընդամենը վարկած է եւ միանշանակության չի հավակնում: Հիշյալ բառարանի օգնությամբ կատարենք առաջին քայլը` դուրս գրենք այն բառերը, որոնց թարգմանությունը կա: Դրանք են՝ am – վայրի ցուլ, երկիր, mu – որդի, un – մարդիկ, ժողովուրդ, հեծյալ, մարտակառքով արշավող, u – կապ գոյականների միջեւ, ku – ուժ, հզորություն: Այժմ, եթե նկատի ունենանք, որ խեթերի թագավորին նաեւ անվանում էին իրենց գերագույն աստված Ամպրոպի աստծուն մարտերում օգնող սրբազան ցլի որդի, ապա առանց դժվարության կարող ենք կազմել հետեւյալ դարձվածքը, որն ինքնին առանձին բառի կամ հասկացության արժեք ունի: Այս է՝ Ամպրոպի աստծո սրբազան ցլի որդու երկրի մարդկանց ուժն ու հզորությունը ղեկավարող հեծյալ: Այսինքն՝ զորահրամանատար: Հիմա՝ եթե am-ը հեշտորեն փոխարինում ենք հորինովի ma-ով, ապա պետք է ընդունենք, որ նույնքան հեշտությամբ չենք կարող դրանց բառիմաստները փոխարինել մեկը մյուսով՝ կխախտվի տրամաբանությունը: Սրբազան վայրի ցուլը չենք կարող փոխարինել նավ-նավակով եւ կրկին զորահրամանատար կարդալ: Հանգիստ թողնենք, ուրեմն, amumikuni բառը՝ այն չի կարող փոփոխության ենթարկվել եւ հայերենին չի փոխանցվել ո՛չ որպես հասարակ եւ ո՛չ էլ հատուկ անուն:
Այժմ տեսնենք, թե խեթերն այդ բառը որ դեպքում են օգտագործել: Ֆրիդրիխի եւ Կամենհուբերի աշխատության մեջ, որին հղում է կատարել Խ. Բալեկջյանը, գրված է, որ բառը գործածվել է Աքքադի թագավոր Սարգոնի անվան հետ միասին որպես տիտղոս (կոչում)՝ am-mu-u-me-ik-ku-un-ne, Titel Sargons von Akkad41: Կամենհուբերը նույնը կրկնում է իր մենագրության մեջ՝ LUGAL-gi-en-ne[, Sargon von Akkad; Titel am-mu-u!-me!-ik-ku-un-ne42: Բառը կարդացվում է նաեւ Սուպիլուլիումա թագավորի CTH 40 IV արձանագրության մեջ43, այս անգամ խեթերի դեմ ճակատամարտող խուռի Տակուհլիի անվանը շաղկապված44: Կարելի է հանդիպել նաեւ բառի հեռավոր ազգականին, որը, ի դեպ, Մամիկոնին ավելի շատ է նման: Ինքներս համոզվենք՝ az-ia-za-ma-mu-kan bur-ri (ընդգծ. մերն է.- Հ.Դ.), թարգմանվում է՝ թշնամի խուռին [հարձակվեց]45: Ընդհանրացումը հետեւյալն է. խեթերը amumikuni բառն իր բոլոր տարբերակներով ու ձեւափոխություններով օգտագործել են միայն եւ միայն իրենց թշնամիներին բնութագրելու համար: Դա նշանակում է, որ այն ոչ մի կերպ չէր կարող վերաբերել խեթական պետության կառավարման համակարգում բարձր դիրք գրավող անձի:
Ցավոք, այս հանգամանքն աչքաթող են արել Բալեկջյանը եւ նրա համախոհները, ինչի պատճառով էլ հապճեպ եզրակացություններ են կատարել:
Խնդրի բարդությունն ավելի լավ պատկերացնելու համար թերեւս չէր խանգարի հաշվի առնել նաեւ հետեւյալ հանգամանքը. խեթական արձանագրություններում amumikuni բառը երեւում է խուռիերեն տեքստերում, իսկ խուռիերենը գործածվում էր լոկ կրոնական տեքստերում եւ գուցե դա է պատճառը, որ բառին զինվորականից բացի, նաեւ հոգեւոր պաշտոնի իմաստ է վերագրվում: Սակայն վերը բերված օրինակներից կարելի է ենթադրել, որ amumikuni-ն նախեւառաջ (եթե ոչ միմիայն) զինվորական տերմին է: Բայց ինչո՞ւ է գրվում միայն խուռիերեն, այն էլ այն դեպքում, երբ խեթերի գլխավոր հակառակորդ բուն Խուռի-Միտաննիում զորահրամանատարը պարտադիր թագաժառանգն էր լինում եւ կոչվում էր tertenu (ճշգրիտ՝ a-na te-er-te-nu-ut-ti-su)46: Սա չի՞ նշանակում, որ բառի իմաստը դեռեւս լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:
Այսուհանդերձ, հարցն առկախ է մնում. իսկ ինչպե՞ս էր կոչվում խեթական զորահրամանատարը: Վերջիվերջո, հզոր կայսրության հիմքում զորքն ու զորահրամանատարությունն էր, հետեւաբար անկասկած խեթերն ունեին իրենց զինվորական աստիճանակարգն ու ռազմական տերմինները: Այդպես էլ կա, դրանք առկա են հիերոգլիֆային խեթերենում: Համեցեք, tuzzi՝ նշանակում է զինվոր, զորք, tuzziyas isha – բանակի հրամանատար, որի գաղափարագիրը սա է՝ …. 47: Ընդ որում, նույն այդ հիերոգլիֆային արձանագրություններից վերցրած տերմիններով կազմված վարչական, զինվորական եւ կրոնական պաշտոնների ցանկերում amumikuni ընթերցվող գրանշան չկա48:
Այո՜, թվում էր, թե խեթերեն կարտասանենք amumikuni կախարդական բառն ու պատմությունն իր բոլոր գաղտնիքները կբացի մեր առջեւ49: Եվ առաջին հերթին կապացուցի ոչ միայն Մամիկոնյան տոհմի բնիկությունը, այլեւ կստուգաբանի ազգանունը, բայց ավաղ չի ստացվում, նման բան տեղի չի ունենում: Սակայն հուսահատվելու
կարիք չկա50: Լսել ենք, որ կա նաեւ մեկ ուրիշ կախարդական բառ՝ gun-gun: Սա էլ չինարեն է, կրկին նշանակում է «գլխավոր հրամանատար»: Ընդ որում՝ ինչպես amumikuni-ն է երկիմաստ բառ, այնպես էլ gun-gun-ը միանշանակ չէ եւ ժամանակի ընթացքում «գլխավոր հրամանատարից» բացի ստացել է նաեւ «կայսերական գործերի կառավարիչ» իմաստը: Ավելին՝ ի տարբերություն amumikuni-ի, որից երբեք հատուկ անուն չի գոյացել, gun-gun-ից առաջացել է Mu-gun անձնանունը51: Հետեւաբար՝ ցանկության դեպքում կարելի է շատ ավելի հեշտորեն Mu-gun-ի միջոցով Մամգուն անձնանվան բացատրությունը տալ, քան amumikuni-ի: Հարկավոր է միայն մի փոքրիկ գործողություն կատարել (եթե amumikuni-ի պարագայում կարելի է փակ վանկը ինքնակամ դարձնել բաց վանկ, ապա Mu-gun-ի դեպքում էլ պետք է թույլատրելի համարել ռեստավրացիան՝ վերականգնել ենթադրելի ընկած վանկը). անվան սկզբից ավելացնում ենք Ma-վանկը եւ ստանում Ma-mu-gun: Այստեղ արդեն երեւակայության կարիք էլ չկա, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է Մամուգուն-ի ու-ն սղվելուց հետո մնացել Մամգունը: Իսկ Մամիկոնյանների նախնու անունը, ըստ Խորենացու, Մամգուն էր: Ուրիշ ի՞նչ է պահանջվում ապացուցել52:
Միգուցե ժամանակն է չչարաշահել այլեւս ընթերցողի համբերությունն ու դադարեցնել խնդրո վերաբերյալ մեկնաբանությունները, բայց որպեսզի թերի ոչինչ չմնա՝ մի քանի նկատառում եւս հայտնենք:
Նախ նկատենք, որ Մամիկոնյանների խեթական հետքը ոչ միայն նմանաձայնորեն, այլեւ պատմականորեն հիմնավորելու համար անհրաժեշտ է Տայքը (եթե նրանք Տայքից էին, եւ Տայքը նրանց տոհմական կալվածքն էր) տեսնել Խեթական պետության կազմում: Սակայն անառարկելի փաստ է, որ Տայքը երբեք Խեթական կայսրության մեջ ընդգրկված չի եղել: Այստեղ ժամանակագրական եւ տեղագրական անհամատեղություններ կան. Տայքի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են ն.թ.ա. XII-IX դդ. ասորեստանյան սեպագիր արձանագրություններում, այսինքն՝ այն ժամանակ, երբ Խեթական կայսրությունն այլեւս գոյություն չուներ:
Հաջորդը: Եթե ենթադրյալ Մամիկոնյաններն այդքան բարձր դիրք էին գրավում Խեթական կայսրությունում ու խեթերի հետ էլ չէին հեռացել պատմաբեմից, ապա պիտի որ նրանք անպայման երեւային նաեւ Հայոց պատմության, այսպես կոչված, ուրարտական, այնուհետեւ Երվանդունյաց եւ Արտաշիսյան դարաշրջաններում, այլ ոչ թե ն.թ. III դարում՝ Արշակունիների ժամանակ: Մինչդեռ նման փաստեր գոյություն չունեն: Կիրիլ Թումանովը, ով անկասկած մյուսներից շատ ավելի էր շահագրգռված Մամիկոնյաններին Տայքի հետ կապելու հարցում, երբեք իրեն թույլ չտվեց նրանց արմատներն այդքան հեռուն տարածել: Նրա կարծիքով հայոց նախարարական տներից 5 տուն ուրարտական ծագում ուներ, 15-ը ծագում էր Երվանդական թագավորական տոհմից, 9-ը տուն՝ Արշակունիներից, սակայն այդ խմբերից ոչ մեկում նա Մամիկոնյաններին չէր տեղադրում53:
Հաջորդը: Մամիկոնյան տոհմանունը երբեք -ունի վերջածանց չի ունեցել (մոռանանք խեթա-խուռիական amumikuni-ն, որովհետեւ, ինչպես վերը փաստեցինք, այդ բառը երբեք հատուկ անուն չի դարձել, առավել եւս՝ Մամիկոնյանի համար հիմք չի հանդիսացել): Հարցն ինքնըստինքյան է կարեւորվում, եթե նկատի ենք ունենում, որ ուրարտական ցեղանուններին բնորոշ էին -իկ եւ -ունի ածանցները54, ինչն իր հերթին մեծ նշանակություն է ստանում հայկական այս կամ այն նախարարական տան բնիկությունը որոշելիս: Նշանավոր ուրարտագետ Բ. Պիոտրովսկին դեռեւս 1945թ. հրապարակած «Հայ ժողովրդի ծագման հարցի շուրջ» հոդվածում գրում է, որ հայ իշխանների հնագույն տոհմական ազգանունները դուրս են գալիս հայկական պետության սահմաններից՝ կապվելով Ուրարտուի հետ ոչ միայն արմատներով, այլեւ ունի ձեւավորմամբ, այսինքն՝ ուրարտական սեպագրերում առանձնապես բնորոշ վերջածանցով55:
Հաջորդը: Ունի վերջածանցով ազգանունները սովորաբար իրենց հիմքում ունեին կոնկրետ տեղանուն կամ ցեղանուն, իսկ յան-ը բխում էր այս կամ այն անձնանունից, հետեւաբար՝ յան-ով վերջացող հայոց հին ազգանունները որեւէ ցեղի, ազգի (տոհմի) կամ երկրի, հողի հետ կապ չունեին: «Աշխարհագրական տեղանունները,- գրում է Ադոնցը,- բաղդատելով նախարարական տոհմանունների հետ, նկատում ենք, որ դրանց միջեւ սերտ կապ կա. իշխանական տները կամ կրում են երկրամասերի անունները եւ կամ, ընդհակառակը՝ այդ երկրամասերին տալիս են իրենց տոհմական անունները»56: Ինչպես տեսնում ենք, Մամիկոնյաններն այս պայմանին չեն համապատասխանում:
Հաջորդը: Հայերի մոտ տոհմանունների -ունի վերջածանցը երբեք -յան չէր դառնում, որովհետեւ յան-ով նշվում էին եկվորները՝ Ռոփսյան, Աշխադարյան, Առավեղյան եւ այլն57:
Եկվորները թագավորի կողմից նախարարների շարքն էին դասվում, եթե ինչ-ինչ ծառայություններ էին մատուցում թագավորին ու թագավորությանը, ստանում էին կալվածքներ՝ հաճախ ժառանգաբար տնօրինելու իրավունքով:
Սկզբնականում նրանք երկրի (երկրամաս իմաստով) կառավարիչ էին, ոչ թե տեր: Փավստոսը հնարմատ նահապետներին ու տանուտերերին տարբերում է գործակալ նախարարներից, այսինքն՝ ծառայողներից եւ աստիճանավորներից58:
Մամիկոնյանները վերջիններից էին:
Այսպիսով՝ չնայած արտահայտված կարծիքներին, ապացուցային հիմքեր չկան պնդելու, որ Տայքի Մամիկոնյանները տարբերվում են Տարոնի Մամիկոնյաններից: Ինչ վերաբերում է նրանց խեթական արմատներին, ապա կարծում ենք սա այն դեպքն է, երբ մարդ պետք է չափազանց քիչ կարդացած լինի, որպեսզի ամեն ասածի ու գրածի հավատա: Առավել եւս՝ «տեսություն» կառուցի այլոց մթամած մտքերը հարմարեցնելով սեփական մտադրություններին:
Համլետ Դավթյան – պատմաբան, հրապարակախոս
20 Քեշիշյան Ա., նշվ. աշխ., էջ 19:
21 Տե՛ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան:
22 Մամիկոնյանների անձնանունների ստուգաբանությանն ավելի ուշ նորից կանդրադառնանք:
23 Ներսեսյան Վ., Խեթերէ՞ն թէ հին հայերէն, Երեւան, 2013, էջ 40:
24 Տե՛ս Wilhelm Gernot, The Hurrians, Warminster-England, 1989, p. 69:
25 Տե՛ս Դուրգարյան Կ., Անվանագիրք, Երեւան, 1981, էջ 117:
26 Նույնիսկ եթե երբեւէ հայտնաբերվի նման անուն՝ արդյո՞ք դա կնշանակի, որ Մամիկոնյանները խեթական ծագում ունեն: Մեր օրերում Արգիշտի, Մենուա անունները բավականին տարածված են, ասել է թե՝ այդ անունները կրողներն ուրարտական անմիջական արմատնե՞ր ունեն, կամ ես՝ Համլետ Դավթյանս, ուղիղ գծով դանիական արքայատոհմից եմ սերում, իսկ հրեական Դավիթ թագավորն էլ հա՞յ է: Աբսուրդ չէ՞:
27 Քեշիշյան Ա., նշվ. աշխ., էջ 13:
28 Նույն տեղում, էջ 20:
29 Տե՛ս Balekjian K., նշվ. աշխ., Քեշիշյան Ա., նշվ. աշխ.:
30 Տե՛ս Johannes Friedrich and Annelies Kammenhuber, Hethitisches Worterbuch, Heidelberg, 1975, p. 69.
31 Այս ամենը գրեթե բառացի կրկնում է Ա. Քեշիշյանը (տե՛ս նշվ. աշխ.):
32 Բալեկջյանի տեքստը հետեւյալն է. «Hittite amumikuni) and Armenian Mamikon exhibit a concordance of comparative phonemic pattern: clos syllabic theme (initial am) / open syllabic theme (initial ma-). A clos syllabic theme is formed by a vowel nucleus followed by a consonant element, like initial am- in Hitt. Amumikuni, an open syllabic theme is formed by a consonant element followed by a vowel nucleus, like initial ma- in Arm. Mamikon» (տե՛ս Balekjian K., նշվ. աշխ., էջ 48):
33 Քեշիշյան Ա., նշվ. աշխ., էջ 18:
34 Johannes Friedrich and Annelies Kammenhuber, նշվ. աշխ., էջ 69; Giuseppe Del Monte, Antologia della letteratura ittita, Pisa, 2003, p. 21; Deeds of upiluliuma cited according to the edition of GՖterbock, 1956; Keilschrifttexte aus BoghazkՓi, Leipzig, 1916 (Berlin, 1921):
35Johannes Friedrich and Annelies Kammenhuber, նշվ. աշխ., էջ 69;
36 Annelies Kammenhuber, Orakelpraxis, TrՊume und Vorzeichenschau bei den Hethitern, Heidelberg, 1976, p. 90, 210.
37 «Բառը բաղադրիչների բաժանելով մենք ոչ միայն պարզում ենք բառի կազմը, այլեւ ստանում ենք այնպիսի միավորներ, որոնք այլեւս կազմությամբ վերլուծելի, բաժանելի չեն եւ տվյալ հնչյունակազմով ու տվյալ իմաստով լեզվական անբաժանելի միավորներ են, ձեւի եւ իմաստի անխախտելի միասնություն կազմող նվազագույն միավորներ: […] Ձեւի եւ իմաստի անխախտելի միասնություն կազմող նվազագույն լեզվական միավորները կոչվում են ձեւույթներ» (Ջահուկյան Գ., Աղայան Է., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, I մաս, Ա պրակ, Երեւան, 1980, էջ 372):
38 Հայերենում բառի մեջ հնչյունների փոխատեղության երեւույթ կա, որը կոչվում է դրափոխություն (օրինակ՝ խստոր-սխտոր, դգալ-գդալ), սակայն դա ոչ մի կապ չունի փակ եւ բաց վանկերի հետ:
39 Աքքադերեն կամ ասուրա-բաբելերեն՝ պաշտոնական փաստաթղթերում խեթերենի հետ միասին խեթական թագավորների օգտագործած երկրորդ հիմնական լեզուն (տե՛ս Герни О., Хетти, Москва, 1987, ãë.. VI): Հրոզնին այդ արձանագրությունները վերծանել է աքքադերենի հիման վրա:
40 Аккадский (Вавилон-асирийский) язык, ипуск. сост., Л. Лепин, Ленинград, 1957, ñ.18, 21.
41 Johannes Friedrich and Annelies Kammenhuber, նշվ. աշխ., էջ 69:
42 Annelies Kammenhuber, Orakelpraxis…, p. 90.
43 Տե՛ս Giuseppe Del Monte, Antologia della letteratura ittita, Pisa, 2003, p. 21; Deeds of Supiluliuma cited according to the edition of Güterbock, 1956; Keilschrifttexte aus Boghazköi, Leipzig, 1916 (Berlin, 1921):
44 Թարգմանությունը տե՛ս Христоматия по истории международных отношений, кн 1, Древний мир, Благовещенск, 2013, с. 88. Луна, упавшая с неба. Дрежняя литература Малой Азии, Москва, 1977.
45 Гиоргадзе Г. Хетты и Хурристы по древнехетским текстам., Вестник древней истории., 1969, N1.
46 Lucenbill, AJSL, 1920-1921, XXXVII, p. 173; Аветисян Г. Военно-политические отношения межды Митанни и Хетским государством в середине XIV до н. э. , «Լրաբեր հասարակական գիտությունների», 1977, N9, էջ 109.
47 Shai Gordin, Scribal families of Hattu a in the 13th century bce, a prosopographic study, Tel Aviv, 2008, p. 226.
48 Նույն տեղում:
49 Խեթերեն էլի բառեր կան, որոնք պակաս թեկնածու չեն Մամիկոն դառնալու համար: Օրինակ՝ ma-an-ni-ku-wa-an (Hans G. GՖterbock and Theo P.J. van den Hout, The Hittite instruction for the royal bodyguard, Chicago, 1991, p. 77); nu-mu-kոn, am-mu-uk-ka (Shai Gordin, նշվ. աշխ., էջ 60); mպn-ma-kan եւ այլն: Սակայն ամենաակնբախը wartanna բառն է (Герни О., նշվ. աշխ., գլ. VI), որն առանց ճիգի կարող ենք Վարդան կարդալ: Ընդսմին հետաքրքրական է, որ wartanna-ն հեծելազորային վարժանքների ժամանակ տրվող հրահանգ է: Այսինքն՝ մի քիչ էլ որ ձգենք, չենք հասնի՞ Վարդան զորավարին:
50 Վերը խոստացել էինք անդրադառնալ Քեշիշյանի պնդումներին, թե՝ «Մամիկոնյանների տոհմական անձնանունների մեջ չկան այնպիսիները, որոնք կարող էին ճենական ծագում ունենալ»:
51 Տե՛ս Сыма Цянь, Исторические записки (Ши цзи) т 1, Москва 2001, т.2, Москва, 2003.
52 Մնացածը զավեշտ է, եւ դա հավուր պատշաճի եզրափակելու համար ողջունենք մեր եռանդաշատ հետազոտողներին, բայց խորը ափսոսանք հայտնենք, որ նրանք Խեթական թագավորությունից հեռացած Մամիկոնյաններից սերած ճապոնական սամուրայների մասին աշխարհացունց հայտարարություն անելիս (տե՛ս վերը նշված Մկրտչյան Ա., «Զամուրհայ Մամիկ…» հրապարակումը) մոռանում են հայտնագործությունն ամրապնդել այն հանրահայտ փաստով, որ VIII դ. Ճապոնիայում ապրող զինագործ Ամակունին է հայտնագործել սամուրայական «կատանա» տեսակի սուրը: Միայն հասկանալի չէ. ինչպե՞ս եղավ, որ սամուրայական կոդեքսի հեղինակ Մամիկոնյանները հետագայում մոռացան սեփական սխալն ուղղելու համար իրենց խարակիրի անելու ավանդույթը: Թե՞ նրանք երբեք սխալ չգործեցին Հայոց աշխարհում…
53 Տե՛ս C. Toumanoff, Studies in Cristian Caucasian History, GeorgetownUniversity Press, 1963, p. 222:
54 Պետրոսյան Ա., Հայոց ազգածագման հարցեր, Երեւան, 2006, էջ 48:
55 Պիոտրովսկի Բ., Հայ ժողովրդի ծագման հարցի շուրջը, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» (հասարակական բաժանմունք), 1945, N6, էջ 13:
56 Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, էջ 332:
57 Նույն տեղում, էջ 296, 339:
58 Բուզանդ, նշվ. աշխ., էջ 107; Ադոնց Ն, նշվ. աշխ., էջ 269:
«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



