Սկիզբը՝ թիվ 10-ում
Ժամագործությունը գերակա ճյուղ հայտարարելով՝ մեր պետությունը հավատացած է, որ հեռանկար կա. Եւ՛ ռիսկերն են հաշվի առնված եւ՛ ավանդույթ կա: Այս պարագայում ավանդույթ ասելով հասկանում են խորհրդային տարիների ժամանակները, երբ հայկական ժամացույցները վաճառվում էին ամբողջ ԽՍՀՄ-ում: Թեեւ իրապես ավանդույթի մասին պատմող վկայագրեր կան:
Չեմ հիշում որտեղ եմ կարդացել հույն մի զբոսաշրջիկի՝ իր մեծ պապից լսած պատմությունը, թե Երզնկայում 19-րդ դարում մի հայ վաճառական լուցկու եւ ժամացույցի գործարաններ է փորձել հիմնել: Լուցկունը հասցրել է, բայց այն պատճառով, որ արտադրանքի վրա, այսօրվա հասկացությամբ, մակնշված է եղել «Լուցկիք Հայաստանի», գործարանը թուրքական կառավարության հրամանով փակվել է: Իսկ ժամացույցինը, որ դեռ մանուֆակտուրա էր եւ գործարան դառնալու ճանապարհին, այդպես էլ չհասցրեց նույնիսկ որպես մանուֆակտուրա թափ հավաքել, որովհետեւ հենց առաջին նմուշների վրա «Ժամագործք Հայաստանի» փորագրությունները գազազեցրել են թուրքական իշխանություններին: Նրանք հայ վաճառականին առաջարկել են փորագրությունը վերափոխել «թուրք ժամագործներ»՝ փոխարենը խոստանալով հարկեր չգանձել: Հայ վաճառականը գերադասել է փակել գործը: Բայց հայ իրականությունում անհիշելի ժամանակներից վկայություն կա արեւային ժամացույցների մասին (քարերին փորագրված), որոնք այնպիսի ճշգրտությամբ են «հաղորդել» ժամանակը, որ այսօր զարմանք են պատճառում շատ գիտնականների:
Ինչեւէ, գանք մեր օրեր:
Հիմա խնդիր ունենք միջազգային շուկա մտնելու: Ինչպե՞ս ենք դա անելու, եւ ի՞նչ հիմքեր ունենք համոզվելու, որ հաջողելու ենք այդ գործը: Մինչ այս հասկանանք, թե ժամագործության ոլորտում որոնք են մեր ուժեղ եւ թույլ կողմերը, ինչ ռիսկեր կան ու ինչ հնարավորություններ ունենք:
Ուժեղ ենք այն առումով, որ ժամացույցների արտադրության ավանդույթներ ունենք, «Franck Muller»-ի ներկայացուցչությունը գործում է Հայաստանում, միջին գնային հատվածի ժամացույցների կայացած արտադրություն կա եւ նաեւ արտահանում է կազմակերպվում (AWI ընկերություն), առաջատար տեխնոլոգիաներով զինված Ժամացույցի թափքերի եւ այլ բաղադրիչների արտադրություն կա (մասնավորապես՝ Շվեյցարիայի համար), ժամացույցի բաղադրիչների Հայաստան ներմուծման վրա մաքսատուրք չի կիրառվում եւ ԱԱՀ-ն չի գանձվում սահմանին: Թույլ կողմերից է այն, որ ՀՀ-ն ժամագործության կենտրոն չի համարվում եւ միջազգային ճանաչելիություն չունի, տեղական արտադրությունը կախվածություն ունի ժամացույցի բաղադրիչների (մասնավորապես՝ մեխանիզմի) ներմուծումից: Բացի այդ՝ ներքին շուկայում վաճառքի պարագայում տեղական արտադրության ոսկե ժամացույցների ամբողջ արժեքի վրա կիրառվում է ԱԱՀ, մինչդեռ ոսկու ներմուծումն ու վաճառքը Հայաստանում ազատված են ԱԱՀ-ից: Հաշվի առնելով, որ ոսկին ժամացույցի ինքնարժեքի էական մասն է կազմում, զգալիորեն թանկանում է ժամացույցը: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դա ֆինանսա-տնտեսական նոր ճգնաժամն է, համաշխարհային ոլորտում մրցակցության ուժեղացման եւ շահութաբերության մարժաների ավելի ու ավելի ցածր դառնալու միտումը, ոսկու գնի հնարավոր աճի բացասական ազդեցությունը ոսկուց պատրաստված ժամացույցների սպառման վրա, ժամացույցների սպառման համաշխարհային շուկաներում նորաձեւության ավելի ու ավելի կարճատեւ փուլերը:
Եվ այս ամենին զուգահեռ հնարավորություններ էլ են առկա: Օրինակ, շվեյցարական ժամացույցների բաղադրիչների 50%-ը կարող է արտադրվել Շվեյցարիայից դուրս (Հայաստանում արտադրելու հնարավորություն): Մեկ այլ հնարավորություն է սփյուռքի ներուժը (ժամացույցների արտադրության բնագավառում հայ գործարարներ), ազատ տնտեսական գոտի հիմնելու նախաձեռնությունը, Հայաստանում զբոսաշրջության աճը, Հայաստանում արտադրված ժամացույցների ԱՊՀ շուկաներ արտահանման արտոնյալ պայմանները, ժամագործության համաշխարհային ոլորտում սպառման կանխատեսվող շարունակական աճը (մասնավորապես՝ Արեւելյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներում):
Որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անելու մենք ժամագործության համախարհային շուկայում ոտքի տեղ անելու համար, խոսենք այդ շուկայի միտումներից:
Ժամագործության համաշխարհային շուկան արագ վերականգնվեց 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո: 2009թ. արդեն ժամացույցների համաշխարհային առեւտրի ծավալները գերազանցեցին նախաճգնաժամային ցուցանիշը: Ճգնաժամն առավել նկատելի ազդեցություն ունեցավ շքեղ ժամացույցների շուկայի վրա ( մինչեւ 20% անկում ), մինչդեռ էժան եւ միջին գնային հատվածի ժամացույցների վաճառքները գրեթե չտուժեցին: 2000-2011 թթ. ժամագործության ոլորտի համաշխարհային առեւտուրը գրանցեց 10% միջին տարեկան աճ: Համաշխարհային ժամագործության ոլորտի առաջատար արտահանողը Շվեյցարիան է, որին 2011 թ. բաժին է ընկել ժամացույցների համաշխարհային արտահանման 46%-ը: Շվեյցարիային հաջորդում է Հոնկոնգը, որ վերարտահանում է ներմուծված շվեյցարական ժամացույցներ: Իսկ Ճապոնիան աստիճանաբար կորցնում է իր դիրքերը համաշխարհային արտահանման մեջ՝ 2011 թ. ունենալով 1% մասնաբաժին (2000թ.՝ 5%): Ի դեպ, Շվեյցարիային բաժին է ընկնում թանկարժեք մետաղից ժամացույցների համաշխարհային արտահանման 60%-ից ավելին: Ոչ թանկարժեք մետաղից ժամացույցների հատվածում 2000-ականներին աճել է Արեւմտյան Եվրոպայի մասնաբաժինը, մինչդեռ Չինաստանինը նվազել է: Վերջին երկու տասնամյակներին Արեւմտյան Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա), ԱՄՆ-ն եւ Հոնկոնգը համաշխարհային հիմնական ներմուծողներն են եղել: 2011թ. նրանց բաժին է ընկել համաշխարհային ներմուծման համապատասխանաբար 18%, 14% եւ 23% մասնաբաժին: 2011թ. ժամացույցների համաշխարհային ներմուծման 40%-ը բաժին է ընկել Ասիային, 30%-ը՝ Եվրոպային: Ասիական շուկայում հատկապես արագ է աճում պահանջարկը նորաձեւ ու միջին գնային հատվածի ժամացույցների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ժամացույցի բաղադրիչների արտահանմանը. Չինաստանը ավանդաբար այդ բաղադրիչների խոշորագույն արտահանող է, որին հաջորդում է Շվեյցարիան: Փոխարենը Շվեյցարիան է ժամացույցի բաղադրիչների խոշորագույն ներմուծողը, որին հաջորդում է Չինաստանը: Վերջին 15 տարիներին բաղադրիչների ներմուծումը ավելի է կենտրոնացել մի քանի տարածաշրջաններում՝ հիմնականում Շվեյցարիայում, Չինաստանում եւ Արեւմտյան Եվրոպայի մի խումբ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա եւ Մեծ Բրիտանիա: Համաշխարհային ներմուծման մեջ Շվեյցարիայի մասնաբաժինը աճել է 1995թ. 31% -ից 2010թ. դառնալով 43%: Չինաստանից բացի, զարգացող երկրների շարքում ժամացույցի բաղադրիչների ներմուծման առաջատարները Բրազիլիան եւ Թաիլանդն են՝ 2010թ. համապատասխանաբար 3.3% եւ 1.9% մասնաբաժնով:
Մի խոսքով, կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակում ժամագործության համաշխարհային ոլորտը կաճի տարեկան միջինում 8-10%-ով (արժեքային արտահայտությամբ): Կանխատեսվում է, որ եւ՜ թանկարժեք եւ՜ ոչ թանկարժեք ժամացույցների արտադրության մեջ Արեւմտյան Եվրոպայի մասնաբաժինը կաճի ավելի արագ, քան՝ Ասիայինը: Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մասնաբաժինը կաճի ոչ թանկարժեք ժամացույցների սպառման հատվածում: Շվեյցարական ժամագործությունը կշարունակի պահպանել մենաշնորհը թանկարժեք ժամացույցների հատվածում:
Մեր երկրում ժամագործության զարգացումն առավելապես կախված կլինի բիզնես նախագծերի եւ սփյուռքի միջոցով նոր գլոբալ ընկերությունների ներգրավման հաջողությունից: Հաշվի առնելով վերոնշյալը, ըստ էկոնոմիկայի նախարարության, ժամագործության ոլորտի համար մշակվել են զարգացմանն օժանդակող նախաձեռնություններ: Ժամագործության զարգացման միջազգային փորձը վկայում է, որ որեւէ երկիր, բացառությամբ Շվեյցարիայի, չի իրականացրել հատուկ քաղաքականություն ոլորտի զարգացման ուղղությամբ: Ժամագործության «ոչ ավանդական» երկրներում ժամացույցների կամ բաղադրիչների արտադրության հիմնումը պայմանավորված է եղել հիմնականում առաջատար ժամագործական ընկերությունների ներդրումներով կամ պատվերներով (Սինգապուր, Թաիլանդ, Մալայզիա):
Հիմա՝ երկրում ժամագործության զարգացման ինչ ուղի է տեսնում մեր պետությունը: Ըստ նրա, սեփական ապրանքանիշով ժամացույցների արտադրությունը ենթադրում է երկարաժամկետ ներդրումներ եւ փորձառություն ոլորտում: Նոր բիզնես նախաձեռնություններ հնարավոր են միայն այս ոլորտում միջազգային կապեր ունեցող սփյուռքի անհատների կողմից, որոնց թիվն էլ սահմանափակ է: «AWI», «Գնոմոն» եւ ներկայիս այլ տեղական բրենդերի միջազգային շուկաներում հաջողությունը, այն է՝ Հայաստանում արտադրված ժամացույցի դրական համբավի ձեւավորումը, կարող է լուրջ հիմքեր ստեղծել հայկական բրենդով ժամացույցների զարգացման համար: Բայց սա երկարատեւ գործընթաց է եւ 7-10 տարի կարող է տեւել:
Ավելի կարճատեւ ընթացքի համար Հայաստանում արտադրված ժամացույցների միջազգային շուկաներում հաջողության գրավական կարող է լինել հատկապես շվեյցարական մեխանիզմների օգտագործումը (արտադրանքի վրա «swiss movement» մակնշում) կամ շվեյցարական որեւէ ընկերության հետ փոխկապվածությունը: Ի դեպ, նմանատիպ զարգացման նախադեպ է Սինգապուրի եւ Իսրայելի ժամագործության ոլորտը: Միջինժամկետ հեռանկարում առավել հավանական է արտադրանքի աճն առկա ընկերությունների հզորությունների առավել ինտենսիվ օգտագործման շնորհիվ՝ ի հաշիվ նոր պատվերների: «Հաշվի առնելով Սփյուռքի կապերը, համադրելի արտադրական ծախսերի մակարդակը, հարկային եւ մաքսային արտոնությունների համակարգը՝ ներառյալ Հայաստանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիները, բարենպաստ պայմաններ կարող են ստեղծել եւս մի քանի ընկերությունների արտադրությունների ներգրավման համար»,-հավատացած է էկոնոմիկայի նախարարությունը:
Բացի այս՝ Հայաստանի ժամագործության ոլորտի զարգացման հնարավորություններն առավել հավանական են միջազգային միջինից բարձր գնային հատվածի ժամացույցների բրենդերի արտադրությունների ներգրավման եւ արտապատվիրման հարթության վրա: Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի ժամագործության ոլորտի զարգացման առավել հավանական ուղղություններից են միջազգային բրենդերի արտադրությունների եւ արտապատվիրման փորձի ներգրավումը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը չի կարող մրցել ժամացույցի էժան եւ մասսայական արտադրողների հետ: Հայաստանի ժամագործության ոլորտը փոխկապակցված է տնտեսության գերակա մի քանի հատվածների հետ (ասենք ոսկեգործության, թանկարժեք քարերի մշակման, զբոսաշրջության զարգացման)՝ ապահովելով որոշակի փոխազդեցություններ միմյանց վրա:
Իսկ ՀՀ-ից ժամացույցների ԱՊՀ արտահանման արտոնյալ պայմանների մասով նկատենք, որ «Զվարթնոց» օդանավակայանին կից նախատեսվող ազատ տնտեսական գոտիներից զատ ժամացույցների արտադրությունը կարող է իրականացվել «ՌԱՕ Մարս»-ի տարածքում ստեղծվող ԱՏԳ-ում՝ որպես ճարտարագիտության ենթաճյուղ: Ոլորտի զարգացման պարագայում ՀՀ-ի արտահանման ծավալները 2013-2020 թթ. կարող են ավելի քան եռապատկվել. համոզված է էկոնոմիկայի նախարարությունը:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



