Լռելը՝ որպես «առաջադեմ» մարդկության «գերզարգացում» – Էլի մի ապացույց՝ մարդկության թերմացքն է թուրքը… (թուրք-ադրբեջանական հակահայ ահաբեկչության հովանավորչությունը)

Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները դիմել են աշխարհի հայերին (նրանց դիմումը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, ով օրերս մի խումբ հայ պատգամավորների հետ այցելել է Սիրիա եւ ծանոթացել տեղի հայության խնդիրներին): Նամակում տեղեկացվում է, որ Քեսաբը Թուրքիայի կառավարության կողմից նյութատեխնիկական աջակցություն ստացող ահաբեկչական «Ալ-Քաիդա»-ի եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից է հարձակման ենթարկվել: «Մենք սարսափահար արթնացել ենք լուսաբացից շատ առաջ հրթիռների ձայնից, որոնք ընկնում էին մեր քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել են քաղաքի սահմանները: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբի ոչնչացման քաղաքականություն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:

Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքը որսորդական հրացաններով նախքան այն, երբ օգնություն են ստացել Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներին այդ հերոսները տեղյակ չպահեին տներից հեռանալու մասին, ապա աշխարհն ականատես կդառնար հերթական ցեղասպանության, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն: Դարերի ընթացքում Քեսաբը հազարավոր հայերի տունն էր»:

Հայտնի է, որ առաջին անգամ Քեսաբը նման իրավիճակում հայտնվել է 1909թ., ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրդեհվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին: 1915թ., երբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը (ավելի քան՝ 1,5 մլն. զոհ), թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ սկսեցին աքսորել հայերին, սպանվեց վելի քան 5000 հայ: Սակայն այդ թիվը մի քանի անգամ կարող է ավելանալ, եթե այսօր միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար. գրում են քեսաբահայերը: Նրանք նշել են, որ ինչպես Սիրիան, այնպես էլ աշխարհը շատ լավ գիտի, որ այնտեղ, ուր հայտնվում են այդ ծայրահեղականները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում. «Մեզանից խլել են մեր սեփական տները, դարերի մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղում ենք բոլոր հայերին: Այս կոչն ուղղում ենք համայն մարդկությանը: Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու իր կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք օգնության կարիք ունենք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստը, որն այժմ կրում ենք: Եթե մենք հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա հավանական է այլեւս ողջ չլինեինք: Շատերը չեն հասցրել անձնագիրն ու այլ փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք դիմել բոլոր երկչների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին՝ տվյալ գործին միջամտելու համար… Սիրիական բանակը հիմա պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ» (նամակը գրել են Քեսաբի բնակիչները, որոնք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում):

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ եւ հանդես եկել կոչով՝ Քեսաբի հայերին նյութական, բարոյական եւ իրավական աջակցություն ցուցաբերելու համար: Մեր պատգամավորական խումը սիրիական Լաթակիայում հանդիպել էր ապաստան գտած մեր հայրենակիցներին, ովքեր տեղում ծանոթացել էին ստեղծված ցավալի իրավիճակին: ՀՀ իշխանությունները եւ համահայկական տարբեր կազմակերպություններն արդեն նախաձեռնել են տարաբնույթ օգնության քայլեր:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել էր ՀՀ պատգամավորներին Դամասկոսի իր նստավայրում: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը Սիրիայի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում հայ ժողովրդի անունից դատապարտվել են Քեսաբում ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի աջակցությամբ իրականացրած հարձակումները: Նամակում հայկական կողմը նաեւ շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին՝ երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու ջանքերի համար:

ՌԴ ԱԳ նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ քննության առնել Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի դեմ կատարված ոճրագործությունները: Խոսքը վերաբերում է «Ալ Քաիդա»-ի գրոհայիններին, որոնք հարձակվել են հայերով բնակեցված Քեսաբի վրա: Քաղաքը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին եւ հենց Թուրքիայից է սկսվել հարձակումը:

Գրոհայիններն իրենց վայրագությունները նկարահանել են եւ տեղադրել համացանցում, ինչն էլ բողոքի հսկայական ալիք է բարձրացրել աշխարհում, նշել է ռուսական կողմը: Այս դեպքերին առանձին անդրադարձել է նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով դատապարտել է հանցագործությունները, մասնավորապես հայտարարելով, որ ահաբեկիչները կատարում են արեւմտյան երկրների հանձնարությունները, որոնք ցանկանում են կործանել Սիրիան: Այդ մարդիկ ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Եվրոպան եւ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ են տրամադրում գրոհայիններին: Ըստ նրա՝ «Քեսաբը Արեւմուտքի պլանների միայն մի մասն է, այս ամենի համապատկերում ուղղակի սրբապղծություն են հայտարարությունները՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին»:

Քննադատություններ հնչեցին նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի եւ Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը խիստ նամակ հղեց նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով Սպիտակ տան եւ Կոնգրեսի անհապաղ միջամտությունը՝ կանգնեցնելու համար Քեսաբի վրա հարձակումները: Անգամ արեւմտյան լրատվամիջոցները  գրում են, թե «թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի ու այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, սակայն կարծես այդպես չէ, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով եւ անտեսում է անմեղ կյանքերի կորուստը»: Ավելի խիստ հոդվածներում անգամ նշվել է, որ «հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով ու բողոքելով Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին, նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից եւ համարձակ քայլեր ձեռնարկեն»: Իհարկե, հայերն այդպես էլ արել ու անում են, ամենօրյա ցույցեր են կազմակերպվում եւ տեղեկատվական հսկայական պայքար է ծավալվել ինչպես Հայաստանում, այնպես էլ տասնյակ երկրներում: Ցույցերը են լինում նաեւ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական, թուրքական եւ այլ դեսպանատների ու հյուպատոսարանների առջեւ ամբողջ աշխարհում:

Բայց որ այդ աշխարհը լռում է, դա հայերի մեղքը չէ, այլ նեղանձնական շահի վրա կառուցված եւ մարդկությունից ամեն օր խոսող, բայց հակամարդ դարձած աշխարհի քաղաքականությունն է: Այ սա՛ պիտի հաշվի առնեն հայերը եւ միավորվեն նաեւ այս վտանգի դեմ, որն էլ շարժիչ ուժն է բոլոր մյուս վտանգների:

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ ԱՄՆ-ի Հայկական եկեղեցու արեւելյան թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշոնյաների հետ՝ Քեսաբում հայկական համայնքի ներկայիս ծանր վիճակը քննարկելու համար։ Արքեպիսկոպոս Այկազյանը նախկինում եղել է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահը, աշխատել ԱՄՆ-ի նախագահին կից Միջկրոնական երկխոսության եւ համագործակցության խորհրդակցական ժողովում։

Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների ղեկավարները Քուվեյթում իրենց ամենամյա գագաթնաժողովն են հրավիրել Ծոցի արաբական երկրների միջեւ դիվանագիտական տարաձայնությունների, եգիպտական ճգնաժամի շուրջ լարվածության ու սիրիական հակամարտության պայմաններում: Սիրիայի տեղը թափուր է մնացել, թեեւ նախորդ գագաթնաժողովի ժամանակ այն զբաղեցրել էր Սիրիայի ազգային կոալիցիան: ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցությունը կասեցվել էր 2011թ. նոյեմբերին: Ընդդիմության առաջնորդ Ահմադ Ալ-Ջարբան հրավիրվել էր մասնակցելու, սակայն կազմակերպության որոշ անդամներ՝ Իրաքը, Լիբանանը եւ Ալժիրը, դեմ են հանդես եկել:

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսաբի վրա տեղի է ունեցել հարձակում, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնյաների հետ Քեսաբի իրավիճակն են քննարկել, որտեղ կոչ էր արվում նախագահի վարչակազմին քայլեր ձեռնարկել Քեսաբի հայությանը պաշտպանելու եւ աջակցելու ուղղությամբ։ Մասնավորապես նամակում ասվում է, որ «ոչ միայն Քեսաբի քրիստոնյա հայ համայնքը պաշտպանելու, այլեւ բոլոր փոքրամասնությունների համայնքներին ՄԱԿ-ի հետ համատեղ պաշտպանելու կարիքը կա: Կոչ ենք անում նախագահ Օբամային հրապարակավ հայտարարել, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի ՆԱՏՕ-ում իր դաշնակցի՝ ծայրահեղական խմբերին աջակցելու քաղաքականությունը»: Իսկ թուրքական ԱԳՆ-ն Սիրիայի Քեսաբ եւ Լաթաքիա բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով Քեսաբի վրա հարձակման ժամանակ Թուրքիայի տարածքն օգտագործելու եւ իրենց կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին տեղեկությունները: Թուրքական ցինիզմը հասել է այնտեղ, որ անընդունելի ու դատապարտելի է համարել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն անցյալի ողբերգական դեպքերի հետ համեմատելու փորձերը: Իսկ Անկարան ելնելով մարդասիրությունից՝ պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, մինչեւ Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելը, այդ երկրում բնակվում էր մոտ 190 հազար հայ, սակայն այսօրվա դրությամբ նրանց թիվը չի գերազանցում 60 հազարը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.