Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող Սահմանադրական դատարանի որոշումը իրարամերժ է:
Ուշագրավն այն է, որ իրարամերժ է ոչ միայն շարքային քաղաքացիներիս համար, այլեւ՝ հենց իրավաբանների: Համակարգին կողմ եւ դեմ կողմերը բերում են իրենց փաստակները՝ հենց ՍԴ-ի որոշումից տարբեր հատվածներ ընթերցելով: Եվ որպեսզի ասվածը չլինի մեր կարծիքը, որը պարտադրում ենք ընթերցողին, ներկայացնենք իրավիճակը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ կառավարության նիստից հետո մամլո ասուլիսում, թե չկողմնորոշվելու հարց չկա, որովհետեւ այստեղ պարտվողներ ու հաղթոներ չկան. «Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշատպանության գործում»:
Որպես քաղաքացի եւ որպես իրավաբան Հրայր Թովմասյանը ուրախ է ՍԴ որոշման համար, քանզի վստահ է, որ «նման որոշումներն են, որ գալիս են ամրապնդելու իրավական պետությունը, զսպումների եւ հակակշիռների համակարգն ավելի արդյունավետ է դառնում»: Նախարարն այնքան ուրախ էր, որ նույնիսկ շնորհակալություն հայտնեց այն իրականության համար, ինչ ունենք. «Այս որոշումը էականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ դրանք իրավական գնահատականներ էին, վերլուծություններ էին, որոնք ուղղորդելու են կառավարությանը հետագայում այս ոլորտում քաղաքականություն մշակելու համար: Այս գործընթացը ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը եւ քաղաքացիական հասարակությունը գտնվում են որակական նոր փուլում»:
Հրայր Թովմասյանը ընդդիմությանն էլ մի լա՛վ գովեց. «Քաղաքական ընդդիմությունը ցույց տվեց հասունության որոշակի բարձր աստիճան, որը հետեւողական պայքարի դրսեւորումն էր: Մեր քաղաքացիական հասարակությունը եւս ցույց տվեց նման կեցվածք, նման դիրքորոշում՝ պայքարի սահմանադրորեն ընձեռված իր հնարավորություններով: Սա եւս որակական նոր փուլ է, ինչի համար մենք պետք է ուրախ լինենք: Միգուցե մենք դրանք այնպես չենք նկատում, բայց սրանք իրոք մեր իրականության մեջ ձեռքբերումներ են, որոնցով բոլորս պետք է հպարտանանք»:
Չէինք հասցրել զարմանալ նախարարի «կառուցողականությունից», երբ սառը ջուր լցրեց գլխներիս: Հ. Թովմասյանը շեշտեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու՞ քաղաքացիները պիտի կատարեն հակասահմանադրական դրույթները, նախարարը համառոտեց. «Եթե որեւէ անձի կողմից մինչեւ սեպտեմբերի 30-ը չիրականացվեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր դրույթները, ապա դա կառաջացնի իրավական հետեւանքներ: 2006թ.-ից, երբ ՍԴ-ի մասին օրենքը ընդունվեց, ամրագրվեց մի քանի ընթացակարգ նրա որոշումը ուժի մեջ մտնելու մասին: ՍԴ-ի որոշումը կարգավորվում է ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով, ինչը ենթադրում է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը ավելի ուշ ժամանակահատվածում է ուժը կորցրած ճանաչվում»,- ասաց նա:
Սառը ցնցուղը շարունակվեց, երբ Հ. Թովմասյանը մեկնաբանեց, թե ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ «ՍԴ-ն ասել է, որ պարտադիրի այս էլեմենտները հակասում են Սահմանադրությանը, բայց ՍԴ-ն չի ասել, որ «պարտադիր» չպիտի լինի»:
Լրագրողներս հարցրինք. ՍԴ որոշումից հետո կառավարությունը հրաժարական չի՞ պատրաստվում տալ: «2006թ-ից հետո մինչ օրս մի շարք օրենսդրական ակտեր, որոնք ճանաչվել են հակասահմանադրական, պակաս կարեւոր չեն եղել: Եթե այդպես լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ, որ եթե որեւէ օրենք Սահմանադրությունը հակասահմանադրական է համարում, ապա նախարարությունը, Ազգային ժողովը պետք է հրաժարական տան»,- ասաց նա:
Սա նշանակում է, որ կառավարությունը տեղում պինդ կանգնած է եւ հասկացնում է, որ ՍԴ որոշումը հաշվի չի առնելու եւ «պարտադիրի» բաղադրիչը չի հանելու:
Չե՞ն վերադարձվելու այս երեք ամիսների ընթացքում՝ աշխատավարձից արված 5% պահումները: Նախարարը բացառեց՝ հայտնելով, որ կմշակվեն վերահաշվարկի մեխանիզմներ, իսկ թե դրանք ինչ կերպ կարվեն, դեռ պարզ չէ: Հրայր Թովմասյանը ՍԴ որոշման հետեւյալ հատվածը մեջբերեց. «Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, վերահաշվարկման են ենթակա մինչեւ այդ կատարված կուտակային վճարները»: Այն է, ըստ նախարարի, եթե կառավարությունն ու Ազգային Ժողովը մինչեւ սեպեմբերի 30-ը որեւէ բան չփոխեն «այդ դեպքում նմանատիպ խնդիր կարող է բարձրանալ»,- մանրամասնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ նոր իրավակարգավորումները, որոնց մեջ վերանալու են հակասահմանադրական տարրերը, ավելի բարենպաստ են լինելու, նաեւ՝ ունենալու են հետադարձ ուժ:
Իսկ եթե մինչ այս արված 5% պահումները չեն վերադարձվելու, ապա ի՞նչ է նշանակում վերահաշվարկ ու վերանայում: Բանախոսն ասաց, թե այս պահի դրությամբ որոշակի պատասխան տալ չի կարող: Բայց հետո իբր հենց այնպես, ձեռքի հետ հուշեց. գուցե 4 ամսվա 20% կուտակումնեը այլեւս դառնան 5 ամսվա կուտակում, «բայց դեռ շուտ է խոսելը այդ մասին, քննարկումները ցույց կտան»: Նկատենք, որ նախարարը այդ 4 տոկոսի պահի մի քանի անգամ «պլստացրեց»: Արդյո՞ք սա նշանակում է, որ շատ-շատ կառավարությունը 5 տոկոսի պահման շեմը 4 դարձնի, եւ դա կլինի միակ փոփոխությունը…
Այնուամենայնիվ, այդպես էլ պարզ չէ, թե ինչպես կարող են հակասահմանադրական ճանաչված նորմերը շարունակել գործել որոշ ժամանակ եւս: Նախարարի բացատրությունը մեջբերում ենք բառացի՝ հույժ կարեւոր մտքերը վերծանելու ծանր պարտականությունը թողնելով ընթերցողին (մենք ի վիճակի չեղանք): «Հակասահմանադրական ճանաչված նորմերի գործելու ժամկետի երկարաձգումը նպատակ ունի խուսափել այն չեղյալ հայտարարելու հնարավոր ծանր հետեւանքներից, ինչը իրավունքի տեսության մեջ կոչվում է «հակասահմանադրականության հանդուրժում: Հակասահմանադրական ճանաչված դրույթների ուժը կորցնելու մի քանի ռեժիմ է գործում Հայաստանում: Առաջին դեպքում հակասահմանադրական նորմերը ուժը կորցնում են ՍԴ որոշումից հետո, մեկ այլ դեպքում՝ նման օրենքի ընդունման պահին»: Զուգահեռ նախարարը մեջբերեց հակասահմանադրական ճանաչված օրենքի ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու օրենսդրական ձեւակերպումը, համաձայն որի, «եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչելը հանրության եւ պետության համար կառաջացնի ծանր հետեւանքներ եւ կխաթարվի իրավական անվտանգությունը, ապա ՍԴ-ն կարող է տվյալ ակտը ճանաչել Սահմանադրությանը հակասող եւ իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող»:
Այնպես որ, ըստ նախարարի, ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրույթները պահպանում են իրենց իրավաբանական ուժը մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Հիմա իրավաբանները, կախված այն հանգամանքից, թե բարիկադների որ կողմում են, տարբեր բացատրություններ են տալիս: ՍԴ-ն, փաստորեն, չկայացրեց հստակ մի որոշում՝ պարզ, հասկանալի, որպեսզի այլեւս խուսանավումների տեղիք չտար: Հիմա կարո՞ղ եմ հարց հնչեցնել. իրարամերժ հիմնավորումների տեղիք տվող որոշումները ամրացնու՞մ են իրավական հիմքե՞րը, թե՞ խարխլում: Կարող եմ, բայց չեմ ուզում, որովհետեւ ուզում եմ, որ ՍԴ-ն գոնե մնա այն միակ օղակը, որի անաչառությանը կհավատան երկրի քաղաքացիները…
Մինչ այս, ամենօրյա ցույցեր եւ հանրահավաքներ էին կազմակերպվում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Պահանջն այն էր, որ օրենքից հեռացվի «պարտադիր» բառը: Մարդիկ վստահ չեն այսօրվա ու վաղվա օրենքների հաստատունությանը, քանի որ պարզ տեսնում են երեկվա ու այսօրվա օրենքների հակասությունները: Առօրյա հոգսերից հոգնած ու ճկռած ցանկանում են օրվա վաստակը մի կերպ ցուցակավորելով ապրել: Եվ պայքարողները համառում էին, որ «Դեմ եմ»-ը խոսքից դառնա գործ: Ասում էին՝ «միեւնույն է` չենք հանձնվելու: Ամեն ինչը ունի ինչ-որ սահման: Հիմա մեր երկրում բոլոր սահմանները արդեն անցած են: Այլեւս հնարավոր չէ համբերել: Պայքարը շարունակվելու է»: Մարդիկ «Ո՛չ պարտադիրին» վանկարկումներով եւ ցուցապաստառներով հայտնվում էին գրեթե ամենուր:
Ընդդդիմադիր քաղաքական ուժերն էլ բարձրաձայնում էին, թե «մենք տեսանք, որ կառավարությունը տնտեսությունը թաղեց, ուստի թող մեզ ոչինչ չհիշեցնեն ու չխոստանան»: Եվ նորից վարչապետի հրաժարականի հարցը դրվեց: Վարչապետը նաեւ հանրային խորհրդի հետ քննարկեց այս խնդիրը, քանի որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՀԽ-ն իր առարկություններն ու առաջարկություններն ուներ: Մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5%-ի շեմը՝ հնարավորություն տալով նաեւ այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, նաեւ 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել եւ այլն: Դեմ է արտահայտվել նաեւ Փաստաբանների պալատը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները հանրային բողոքի մասնակիցներին, քաղաքական ընդդիմությանը եւ այլ ընդդիմախոսներին՝ այդպես էլ բավարար չհամարվեց: Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, նա հիշեցրել էր, որ եզակի դեպք է, երբ օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել 3 տարի անց, 3 կառավարություն, 4 կոալիցիոն կուսակցություն եւ 2 նախագահ է մասնակցել: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»: Վարչապետը անգամ հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց եւ այժմ այն «գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը»: Բայց հանրությունը իսկապես հոգնել է միջազգային փորձարկումներից եւ «3 կառավարություն, 4 կոալիցիոն կուսակցություն եւ 2 նախագահ» ժամանակահատվածում ոչինչ չփոխվելու իրողությունից: Եվ վարչապետին լրացնելու անցան նախարարներն ու իշխանության այլ պատասխանատուներ: Բայց նրանց հավաստիացումները եւս ապարդյուն էին, նույնիսկ այն խոստումները, թե «սա նպաստում է նաեւ քաղաքացիական հասարակության զարգացմանը, ուստի այս բարեփոխմանն այլընտրանք չունենք»: Հանրությունը մերժեց կառավարության խոստացած «պատմական այն հնարավորությունը, որ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար են նաեւ այս բարեփոխումները»:
Ըստ համակարգի կողմնակիցների, եթե 10%-ից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող 5%-ը: «Դրա համար պետբյուջեից հատկացվել է 20 մլրդ. դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում,- այսպես՝ գրեթե նույն բանն են ասել մեր վարչապետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, եւ գրեթե նույնությամբ հավելել,- այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետեւ գործատուի եւ աշխատողի միջեւ համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»:
Նաեւ համակարգը պարտադրելու նոր մեթոդ գտան կառավարիչները: Ի դեմս ֆինանսների նախարարի, մեթոդ էր մշակվել կուտակային կենսաթոշակի համակարգը պարտադրելու համար: Մեթոդը հետեւյալն է. գործատուների վրա լծակներ կիրառելով եւ սպառնալով՝ մինչեւ ՍԴ որոշումը ստիպել նրանց փոխանցումներ կատարել աշխատակիցների աշխատավարձերից, այդպիսով նրանց ավտոմատ ներգրավելով կուտակային կենսաթոշակի համակարգում: Դե, հարկային մարմիններն էլ իրենց պարտադրելու ձեւերն ունեին: Նույնիսկ հրապարակումներ եղան, թե պարտադիր կենսաթոշակայինը կձեւակերպվի որպես հարկ: Թե ընթացքում կառավարությունը կմտցնի կուտակային կենսաթոշակային օրենքի պահուստային տարբերակը եւ ՍԴ-ի հակասահմանադրական ճանաչելու դեպքում՝ պարտադիր բաղադրիչի կիրառման նորմը կձեւակերպվի որպես հարկ, քանի որ, ըստ Սահմանադրականի, պարտադիր են միայն հարկերն ու տուրքերը: Իսկ այդ դեպքում գործատուների մի մասը ստիպված կլինի պակասեցնել աշխատավարձերը եւ մեծացնել ստվերը, ինչը հաստատ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն եղանակը չի լինի:
Մեր կառավարության հետ պատասխանատվության առջեւ չկանգնելու համար, միջազգային կառույցները սկսեցին հրաժարվել՝ իբր իրենք չեն պարտադրում իշխանություններին: Արժույթի միջազգային հիմնադրամը կենսաթոշակային բարեփոխումների հարցում «ՀՀ կառավարության վրա ճնշումներ չի գործադրել»,- հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ հավելելով, որ այդ բարեփոխումներին, «մասնավորապես՝ կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, ՀՀ կառավարությունը նախապատրաստվել է 4-5 տարի, խնդիրը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ»: Նրա խոսքով՝ մեր իշխանությունները խորհրդակցել են կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում մասնագիտացված ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, «բացի այդ՝ իշխանությունները փորձել են գտնել ֆոնդերի լավագույն կառավարիչներին: Իսկ բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը, ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի, տարեցների շրջանում աղքատության մակարդակի նվազեցումն է. «Մեր կարծիքով՝ դա լավ մշակված եւ մտածված բարեփոխում է»:
Համաշխարհային բանկն էլ կոչ էր արել բարձրացնել կենսաթոշակային տարիքը. «Նախանշվող կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ՝ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում հետագա սերունդների սոցիալական ապահովությունը երաշխավորելու համա»: Ըստ ՀԲ զեկույցի՝ «Անցումային տնտեսությամբ երկրները տնտեսական ճգնաժամի հետեւանքով բյուջետային եկամուտների նվազեցում արձանագրեցին, իսկ բարձր կենսաթոշակները պահպանվեցին, ինչն էլ հանգեցրեց կենսաթոշակային բարեփոխումների հակադարձմանը: Որոշ երկրներ չեղյալ համարեցին անհատական խնայողական հաշիվները, որպեսզի համալրեն եկամուտների պակասը՝ դրանով իսկ վտանգելով կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովումը երկարաժամկետ հեռանկարում: Կենսաթոշակային համակարգերն այլեւս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի սպասվելիք տեւողության ավելացումը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը»: Եվ այսպես՝ պետական կենսաթոշակային համակարգը պիտի «առաջնայնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը եւ միջոցներ պիտի ձեռնարկվեն աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»:
Այսպես «չպարտադրելով» ՀՀ իշխանություններին, Համաշխարհային բանկը նշել է, որ «Բարեփոխումները պետք է նվազագույն կենսաթոշակի միջոցով երաշխավորեն, որ տարեցները չհայտնվեն աղքատության մեջ, ինչը կանդրադառնա կենսաթոշակների ֆինանսավորման ներկայիս եղանակների վրա: Տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը կառնչվի այն հարցերի հետ, թե ովքեր եւ ինչքան կենսաթոշակ պիտի ստանան»:
Սակայն խորհրդարանական 4 ընդդիմադիր կուսակցությունները դիմեցին Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու այս պարտադրող օրենքը: Նրանք նաեւ այլ կարծիք ունեն, որ «պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա երկրում»: Մինչդեռ Համաշխարհային բանկը տրամագծորեն հակառակն էր ասում (պահանջում էր իրականում):
Իսկ դատարանում հետաքրքիր էր նաեւ այն փաստը, որ կառավարության անդամները այդպես էլ հստակ չկարողացան պատասխանել ՍԴ անդամների՝ հիմնավորումներ պահանջող հարցադրումներին: Անգամ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երբեմն ուղղակի չէին իմանում՝ ինչպես պատասխանել ՍԴ անդամների՝ դիմողների պնդումների հիման վրա ներկայացվող հարցերին: Մասնավորապես, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե արդյոք կենսաթոշակ ստանալը քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնք է, ինչին նախարարը կարճ պատասխանեց. «Այո»: Այնուհետեւ հաջորդեց մյուս հարցը՝ քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակ ստանալու իրավունքից: «Կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո քաղաքացին դիմում է ներկայացնում, որ ցանկանում է ստանալ կենսաթոշակ: Նա դիմում է ներկայացնում, նոր է սկսում կենսաթոշակ ստանալ»,- ասել է նախարարը, ինչը ակնհայտ ՍԴ անդամի սպասած պատասխանը չէր, եւ նա դարձյալ հետաքրքրվեց. «Բայց ինչո՞ւ պետք է քաղաքացին պարտադիր վճարի, որպեսզի կենսաթոշակ ստանա, եթե կարող է հրաժարվել»: «Վճարելը դա արդեն պարտականություն է»,- նորից կարճել է նախարարը: «Այսինքն, ինչո՞ւ եք քաղաքացուն ասում՝ արի 40 տարի վճարի, որ հետո դու իրավունք ունենաս հրաժարվել»,- շարունակել է Ֆելիքս Թոխյանը՝ նկատելով, որ գուցե տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին…
Այս (եւ մյուս) պատասխանները այն հավաստիքները չեն տալիս, որոնք տրվում են աներկբա խոստումներից հետո: Նույնատիպ պատասխաններ են հնչեցրել նաեւ ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը եւ այլք:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխաններից հետո նկատեց՝ ստացվում է, որ այս համակարգով եկամտահարկ եւ սոցիալական անհատական վճարումներ կատարելու բեռը միայն աշխատողի վրա է դրված, իսկ գործատուի դերակատարումն այս հարցում զրոյականացվել է. «Բերեմ մի շարք երկրների համապատասխան փորձը, մասնավորապես Հունգարիայի օրինակը: Այստեղ եկամտահարկը կազմում է մոտ 26%, որից 16%-ը պետք է վճարի գործատուն, իսկ 8%ը՝ աշխատակիցը, ու այս եկամտահարկից արդեն 7%-ը լինի սոցիալական անհատական վճար: Հիմա բացատրեք՝ ինչու է մեզ մոտ այսպիսի իրավիճակ»: Նախարարի պատասխաններն ավելի ընդհանուր էին, եւ նա նորից հղում կատարեց 2013թ. կիրառության մեջ մտած «Եկամտահարկի մասին» օրենքին:
Հակաիշխանական քառյակը, որը միասնական հանդես եկավ դատարանում, դեռ չի քննարկել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, իսկ Սահմանադրական դատարանը կուտակայինի հարցով կայացրել է իր որոշումը: Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը քննող նիստի ընթացքում ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ արդեն շուրջ 5337 մարդ կամավոր կատարել է կենսաթոշակային հիմնադրամի ընտրություն: Մինչդեռ ավելի վաղ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հաշվապահների ասոցիացիայում հանդիպում-քննարկման ընթացքում հայտնել էր, որ շուրջ 15 հազար քաղաքացի է կամավոր կերպով կատարել կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն: Փաստացի, կուտակային համակարգի մասին Դավիթ Սարգսյանն ու Ներսես Երիցյանը էականորեն տարբերվող թվեր են հրապարակել: Համամասնությունն էլ շատ տիպիկ է՝ 15 հազարից ընդամենը 5 հազարն են ընտրել կամավոր, այսինքն՝ 1/3-րդը: Մնացածի դեպքում պարտադրանք է եղել կամ, որ նույնն է, «համակարգիչն է ընտրել»: Իսկ այդ համակարգչին ո՞վ է տվել ընտրելու հրահանգը, հասկանալի է:
Ինչեւէ, Սահմանադրական դատարանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ գործով որոշումը. կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի քանի հոդվածները ճանաչել ՀՀ ՍԴ պահանջներին հակասող եւ անվավեր: Բարձր դատարանը, ըստ էության, բավարարել է դիմող պատգամավորների հայցը: Որոշումը հրապարակելուց առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ այն ծավալուն է՝ 64 էջ, ուսումնասիրվել է ավելի քան 50 երկրների փորձը: Որոշման մեջ նշել է, որ վեճի առարկա խնդիրը անմիջական կապ ունի սեփականության իրավունքի հետ եւ գտել, որ վեճի առարկա իրավադրույթները առաջին հերթին սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից պետք է քննարկման առարկա դառնան:
Ըստ ՍԴ որոշման, ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջից ելնելով՝ օրենքում խելամիտ օրենսդրական լուծում չի ստացվել նվազագույն աշխատավարձ ստացողի պարտադիր բաղադրիչի մասով, հաշվի չի առնվել նվազագույն կենսապահովման զամբյուղը: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում՝ ինչպես վարվել 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի դեպքում. հաշվի չեն առնվել Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ Կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքի պահանջները։ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունք, հետեւաբար նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել սահմանվածից»,- կարդացել է ՍԴ նախագահը։ Նկատենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, նվազագույն աշխատավարձ ստացողները եւս պիտի 5% պարտադիր վճար կատարեն կուտակային ֆոնդերին:
Կառավարությունը եւ խորհրդարանը պետք է պաշտպանեն մարդկանց սեփականության իրավունքը. արձանագրել է Սահմանադրական դատարանը: «Օրենքի 49-րդ հոդվածից բխում է, որ ֆոնդերի կառավարիչների հետ չմտնելով օրենքով համարժեք պայմանավորվածության մեջ, պետությունը ստանձնում է նրանց հնարավոր ձախողման դեպքում գումարի վերադարձման 80%-ի պատասխանատվությունը, ինչ մեծացնում է ռիսկայնությունը: Եթե այդ վճարները սոցիալական վճարների տեսքով հանդես գային, փոխանցվեին պետբյուջեի հատուկ հաշվին եւ պետության պատասխանատվությամբ տրվեին տնօրինման, ապա այդ միջոցները կհայտնվեին ՀՀ ԱԺ ուղղակի վերահսկողության տակ, առարկայական կլիներ ՀՀ պետության պարտավորությունը եւ վստահությունը կմեծանար այդ համակարգի հանդեպ»,- ասել է Գագիկ Հարությունյանը,- մեր պետությունը ճանաչում եւ պաշտպանում է սեփականության իրավունքը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտագործելու եւ տնօրինելու այն:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդն ու նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են, ինչը իրավական տեսանկյունից նշանակում է, որեւէ այլ արժեք, անգամ պետական, չի կարող ավելի վեր դասվել, սրանից էլ բխում է այն նորմը, որ պետությունը սահմանափակված է մարդու հիմնական իրավունքներով: Կենսաթոշակը սեփականության ձեւ է, սույն գործով օրենքի դրույթները պետք է քննվեն սեփականության իրավունքի ճանաչման հիմնախնդրի տեսանկյունից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տնօրինելու իր սեփականությունը, եւ սեփականատիրոջ կամքը պարտադիր պայման է այն իրացնելու հարցում:
Արտակ Հայոցյան եւ Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



