Շախմա՞տ է, թե՞ շաշկի՝ «ֆուք» անելու իրավունքով… Խաչբառ – ՀՀ 3 նախագահների մասնակցությամբ, որը նկարել են համաշխարհային բեւեռները…

Շախմա՞տ է, թե՞ շաշկի՝ «ֆուք» անելու իրավունքով

Խորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿԿ-ն ու «Ժառանգություն»-ը փորձում են միասնական հանդես գալու նոր եզրեր գտնել: Կառավարության ոչ արդյունավետ գործունեությունը հիմնական համախմբման թեմա է դարձել վաղուց, սակայն վարչապետի միասնական թեկնածու ունենալը եւս խնդիր է: Ըստ այս ընդդիմադիրների, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը եւ այլ հիմնախնդիրներ անվստահության պատճառներ են, որ մեր հասարակության առջեւ են ծառացած, ինչն էլ քաղաքական ուժերին մտահոգվելու եւ համախմբվելու տեղիք է տալիս: Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական ճանաչումը Սահմանադրական դատարանի կողմից եւս ոգեւորել է ընդդիմադիրներին եւ այժմ կփորձեն Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության շուրջ ընդհանուր ծավալումներ սկսել: Հատկապես, որ ներքին խնդիրներից զատ առաջնային են դարձել քեսաբահայության, հայ-ուկրաինական, թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականության եւ արցախյան հակամարտության հարցերը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություների ղեկավարների հետ («Ազատ դեմոկրատներ»-ը հրաժարվեցին հանդիպել) եւ հեռացավ Հայաստանից, երեւի թե խորհրդակցությունների համար: Խոսվում է նրա եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին, ինչից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն շուտով կարող է դառնալ մի նոր քաղաքական շահարկումների կենտրոնատեղի: ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գովեստները՝ հնարավոր վարչապետ Գագիկ Ծառուկյանին ուղղված, հաստատ քննարկվել է նաեւ Ռ. Քոչարյան – Գ. Ծառուկյան հանդիպմանը: Բայց նախկին նախագահն ավելի շուտ ԲՀԿ-ն կօգտագործի, որպեսզի ինքնը դառնա վարչապետ, քան կուլ կտա ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խայծը: Իսկ այդ խայծը մի քանի ակնկալիք ուներ մեր կարծիքով: Նախ՝ տարաձայնություններ պիտի առաջ բերեր Ռ. Քոչարյան – Գ. Ծառուկյան հարաբերություններում, ինչն էլ իր հերթին պետք է սրեր ԲՀԿ ղեկավարի հարաբերությունները գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ Ս. Սարգսյան – Ռ. Քոչարյան ճնշումներից փախչող քաղաքական, բայց առավելապես տնտեսական գործիչ Գ. Ծառուկյանը հաստատ «իր տեղը» (ունեցածի պաշտպանությունը)՝ արդեն արեւմտյան ուղղությամբ կարող է գտնել միայն Լ. Տեր-Պետրոսյանի մոտ:

Իսկ «Ժառանգություն»-ում նկատեցին այս հնարավորությունը եւ հայտարարեցին, թե իրենք չեն ողջունում Լ. Տեր-Պետրոսյան – Գ. Ծառուկյան միավորումը եւ չեն համախմբվի այդ առանցքի շուրջ, սակայն ցանկալի համարեցին Լ. Տեր-Պետրոսյան – Ր. Հովհաննիսյան ընդդիմադիր առանցքը: «Ժառանգության» ղեկավարը վերջին հանրահավաքում անգամ նշեց, թե «Ժողովրդի պահանջն է՝ ներեք միմյանց սխալները ու փոխեք իշխանությունը, որ վերից վար պետք է փոխվի»:

ՀՅԴ-ն եւս դեմ չէ ԲՀԿ-ի թեման ծավալելուն, բայց այստեղ հասկանում են, որ դա զուգահեռ չեն կարող անել ՀԱԿԿ-ի հետ: Իսկ ՀՀՇ-ՀՅԴ «հարատեւ պայքարը» դեռ չի ավարտվել: Անգամ կարծիք կա, որ ՀՅԴ-ն դեմ չէ ԲՀԿ-ի հետ սերտացմանը եւ Ռոբերտ Քոչարյան կապի ամրապնդմանը, ինչը կարող է մահացու հարված հասցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին՝ թուլացնելով նաեւ Սերժ Սարգսյանի դիրքերը:

«ՄԻ-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը դեռ չի հրաժարվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավահաջորդությունից եւ ՀԱԿ-ի ու ՀԱԿԿ-ի (ՀԱԿ կուսակցություն) տարբերությունը միշտ լուսաբանում է: Ըստ նրա՝ «Հակաիշխանության քառյակի եւ դրա առաջնորդի համար հսկայական դեր է նախատեսվել մեր երկրի թատերա-քաղաքական բեմահարթակում»։ Թերեւս, դա է պատճառը, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին եւս մտահոգում է «մրցակցության հավասար պայմանների անհավասարությունը»: Նա նաեւ հույս է հայտնել, որ «ԲՀԿ ղեկավարն ըմբռնումով կընդունի այն մտահոգությունը, թե ով է եղել ինքը նախկինում եւ կգաղտնազերծի իր ավելի վաղ շրջանի կենսագրական էջերը»։ Իսկ այդ էջերին որոշակի նաեւ «Լուսանցք»-ն է անդրադարձել, ինչը հաստատ ընդդիմության «ապագա առաջնորդի» եւ «հնարավոր վարչապետի» օգտին չէ բնավ…

Իսկ այն, որ ԲՀԿ-ն «բարիկադներով» վերջնագիր ներկայացրեց իշխանությանը, երբ իր առաջնորդը նորից երկրում չէ, արդեն ծիծաղելի է հնչում: Մամուլը արագ արձագանքեց, թե միայն այս հայտարարությունը արդեն ԲՀԿ-ից հեռանալու հեռանկարներ է ստեղծել կուսակցության գործարարների համար, ովքեր նեղսրտել են, թե «բարիկադների» դեպքում առաջինը կտուժի հենց Գագիկ Ծառուկյանը, հետո էլ նրա հարազատը՝ Կարո Գուլոյանը, ով Աբովյանի քաղաքապետն է, ում նկատմամբ արդեն ինչ-որ բաներ են սկսվել:

Բայց դե ավելի հասուն ԲՀԿ-ականները հասկացնում են, որ ՀՀ 3 նախագահների օրոք անընդհատ ծլող-ծաղկող ԲՀԿ ղեկավարը չի պատրաստվում «բարիկադներ» տեղադրել, ոմանք էլ պնդում են, թե Սերժ Սարգսյանի թիմի կողմից տեսել է դաշտը սեփականաշնորհելու միտում, եւ որպեսզի դաշտում մնա՝ խաղից դուրս է եկել ու դուրս է եկել նաեւ երկրից…

Արման Դավթյան

Խաչբառ

Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ժամանակին իր ներդրումն է ունեցել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: Թե ինչու է այս բացահայտումն արել նախկին նախագահի նախկին խորհրդական (1991-1997թթ.), ժամանակին արցախյան բանակցությունների առանցքային մասնակիցներից եւ ի վերջո ամերիկյան ազդեցության գործակալ Ժիրայր Լիպարիտյանը, դեռ կպարզվի:

«Վիկտորյա Նուլանդը հին դեմք է։ Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան։ Այն մարդկանցից է, ով 1997-1998թթ. մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում եւ մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ։ ԱՄՆ-ն դեմ էր Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց՝ օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն, եւ երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի»: Նշվել է, թե ինչ դերակատարություն են ունեցել 1998թ. ամերիկյան դիվանագետները՝ Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու գործում։ «Մասնավորապես, նույն Նուլանդը մի անգամ իր հետ զրույցի ընթացքում ասել է. Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել։ Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է եւ պիտի խաղաղություն հաստատի…»։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ «սկանդալային հեռախոսազրույց» էր ունեցել, որի ընթացքում հայհոյել էր Եվրամիությանը……

Հրապարակումներ եղան նաեւ, թե «ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոազրույց են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ու նրանց հորդորել են ավելի ակտիվորեն ներգրավվել իշխանության դեմ պայքարում… երաշխավորել են, որ կապահովեն ԲՀԿ ղեկավարի սեփականության անձեռնմխելիությունը»: Բայց հանկարծ ԲՀԿ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի հետ Դուբայում քննարկում է առաջիկա ինչ-որ անելիքներ…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.