Ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի կարիք կա… Հայ արիները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում…

Ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի կարիք կա

Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր: Եվ այդ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի, եւ ներքին կյանքին առնչվող այլ հարցերը, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել:

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում վարչապետի դիմումը բավարարվել է եւ, ընթացակարգի համաձայն, առաջիկայում կիմանանք նոր վարչապետի թեկնածուի անունը: Մի առիթով ասել էինք, որ նախագահը դեռ իր նախորդ պաշտոնավարման ընթացքում է ցանկացել փոխել վարչապետին, ինչին ընդդիմացել են միջազգային կառույցները, մասնավորապես Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք ի սկզբանե հովանավորել են Տիգրան Սարգսյանի նշանակումը:

Ամեն դեպքում հանրային բողոքներն այլեւս դարձել են բազմաբնույթ եւ հաճախակի, իսկ քաղաքական պահանջը վաղուց հասունացել էր:

Ըստ երեւույթին ՀՀ նախագահը կարողացել է այս անգամ օտարերկրյա շահագրգիռ կողմերին ապացուցել, որ վարչապետն իրեն սպառել է, քաղաքական ու հանրային ուժերը այլեւս չեն վստահում կառավարությանը:

Այժմ անչափ կարեւոր է պատասխանատու եւ ազգային նպատակների հետեւորդ վարչապետի ու նոր կառավարության կազմումը, ինչը կդառնա հայության համախմբման ազդակ: Ազգային համաձայնության կառավարության եւ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետը կդառնան ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցը, այնպես էլ հայության նպատակների ու խնդիրների պաշտպանն ու կարգավորողը:

Դատելով այն հանգամանքից, որ Տիգրան Սարգսյանը երեկ բնականոն վարել է գործադիրի նիստը՝ նրա հրաժարականը իր իսկ համար էլ է անակնկալ եղել: Իսկ Էդուարդ Շարմազանովի ասած 1 ամիս առաջվա տարբերակը համոզիչ չէ…

«Լուսանցք» շաբաթաթերթ

Հայ արիները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում

Հայությունն այսօր ապրում է իր հերթական ճակատագրական պատմափուլը, երբ ներազգային ու միջազգային հիմնախնդիրները ակնհայտ զուգակցված են ու իրական լուծման կարիք ունեն: Առանցքային հարցերի բոլոր ժամանակավոր լուծումները վերածվում են քաղաքական բումերանգի, քանզի հարմարեցվում են այս կամ այն գերուժի շահերին: Իսկ կան անհետաձգելի խնդիրներ, որոնց արագ ու արդյունավետ լուծում չտալը կարող է վտանգել Հայաստանի ու հայության պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարների համատեղ նիստում քննարկվել են ներքին ու արտաքին այն հիմնախնդիրները, որոնք օր առաջ պետք է դառնան ոչ միայն մեր պետության ներքին օրակարգային հարցեր, այլեւ մտնեն միջազգային օրակարգ:

Համատեղ նիստում քննարկվել է նաեւ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետ ունենալու անհրաժեշտությունը: Հասկանալի է, որ դա արտաքին լուրջ հակազդեցության կարժանանա, քանի որ համաշխարհային մամլիչի՝ աշխարհի գաղտնի կառավարության աչքերն ամենուր են, հատկապես՝ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում, որտեղից միշտ են սկսվել աշխարհակարգի որոշակի փոփոխությունները, համաշխարհային վերաձեւումները, սակայն պետք է կտրուկ քայլեր անել Հայկական Ազգային Պետության ձեւավորմանն ուղղված:

Մենք պարտավոր ենք ոչ միայն փոխլրացնող քաղաքականությամբ հնարավորինս պահպանել չեզոքությունը երկբեւեռ աշխարհում, որն ավելի ակնհայտ կգործի ուկրաինական իրադարձություններից եւ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո, այլեւ նույն փոխլրացնող քաղաքականության մեջ պետք է գործնականում ներառենք հայկական շահերը: Ռազմավարական գործընկեր, քաղաքական դաշնակից, սոցիալտնտեսական կամ մշակութային ու բարոյախրատական աջակից, բարեկամ կամ հարեւան, թե մեկ այլ ձեւակերպմամբ քաղաքական տեսությունները չպետք է միակողմանի լինեն (այն էլ՝ միայն մեր կողմից կիրառվող) այլեւս կամ հետագայում:

Եթե երկբեւեռ աշխարհի որեւէ կողմը հստակ ու արդյունավետ քայլեր կանի հայկական շահերի ուղղությամբ, ապա կարելի է հրաժարվել փոխլրացնող արտաքին քաղաքականությունից եւ հստակ լուծումներ առաջադրել տվյալ բեւեռում՝ հատկապես ռազմա-քաղաքական ու ռազմա-տնտեսական ուղղություններով:

Թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը, համաթուրքական քաղաքական միավորումը, թուրք-ադրբեջանա-վրացական հակահայ գործունեությունը, Արցախի հիմնախնդիրը եւ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում երբեւէ չգոյ քրդական պետություն ստեղծելու միջազգային մարմաջը, Ջավախքում թուրք-մցխեթների ներթափանցման փորձերը, հայաթափ Նախիջեւանում հայ մշակութային ցեղասպանության վերջին քայլերը, սփյուռքահայության ինքնության պահպանման անհրաժեշտությունը եւ անվտանգության խնդիրները, ինչպեսեւ այլ հարցեր պետք է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մղեն Ազգային Համաձայնության Կառավարության ստեղծմանը:

Երկրի կառավարությունն ու խորհրդարանը պետք է տարբերվեն միմյանցից, նույն համամասնությամբ խորհրդարանն ու կառավարությունը կամա, թե ակամա լճացման են գնում: Հստակ է, որ Ազգային Ժողովն է ձեւավորում երկրի կառավարությունը, բայց այս դեպքում պտք է հաշվի առնվեն նաեւ արտախորհրդարանական այն կարող ուժերը, որոնք կդառնան ինչպես ձեւավորված իշխանության ազգային նախաձեռնությունների աջակիցը, այլեւ կլինեն կառուցողական այն ընդդիմությունը, որի կարիքն այսօր կա Հայաստանում: Կառուցողական ընդդիմությոնը պետք է նաեւ գործով ապացուցի իր ազգային լինելը:

Այստեղ է, որ եր երկրի վարչապետը պետք է կարողանա ներքին փոխլրացնող քաղաքականության կրողը լինել եւ դառնալ Հայոց Արժեհամակարգի (ու նպատակների) պաշտպանն ու հովանավորը: Միայն ներքին համերաշխությունը, սոցիալական, հոգեւոր, բարոյական ու տնտեսական հարցերի՝ թեկուզ դանդաղ, բայց տեսանելի կարգավորումը հնարավորություն կտա վարել ուժեղ ու կայուն արտաքին քաղաքականություն:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբմբումը նախագահ Սերժ Սարգսյանին եւ իշխող Հանրապետական կուսակցությանը կոչ են անում՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում աներեւակայելի քայլ անել եւ նախաձեռնել Ազգային Համաձայնության Կառավարության ձեւավորումը: Թող ի վերջո ՀՀԿի՝ նժդեհյան գաղափարները որդեգրելու հայտարարությունները դառնան տեսանելի հենց ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակմամբ ու կառավարության ձեւավորմամբ:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

04.04.2014թ.-Երեւան

«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.