Ֆիզիկական արատը տգեղության չափանիշ չէ… Հայկական խոհանոց – Տարեդարձի ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ֆիզիկական արատը տգեղության չափանիշ չէ

 Լոռու մարզի Ախթալա գյուղից Քրիստինե Փիրուզյանը Երեւան էր եկել գեղեցկության թագը տանելու եւ նա էլ ճանաչվեց «Միսս Հայք» 2014թ. հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի հաղթող։ Քրիստինեն վստահեցրել է՝ այս մրցույթը կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ. «Ֆիզիկական արատը կապ չունի գեղեցկության հետ»,- հաստատել է նա։ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Գոհար Փիրումյանի համար էլ իրական գեղեցկությունը հոգու եւ մարմնի ներդաշնակությունն է։

Հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նկատել է, որ ֆինանսական հնարավորություն ունենալու դեպքում իրենք պատրաստվում են այս մրցույթը միջազգային դարձնել. «10 տարի առաջ, երբ այս մրցույթն էինք Հայաստանում կազմակերպում, ֆանտաստիկ էր թվում, բայց ստացվեց»: Մրցույթին երկրի տարբեր մարզերից եւ Երեւանից մասնակցության հայտ էին ներկայացրել 16-45 տարեկան 58 մասնակիցներ, որոնցից եզրափակչում հայտված 12 գեզեցկուհիներ արժանացան «Միս Հայք», «Միս համակրանք» եւ «Միս Ունիսոն» տիտղոսներին։ Բացի գլխավոր մրցականակներից, մրցույթի մասնակից գեղեցկուհիներից 8-ը ստացան նաեւ խրախուսական մրցանակներ։

Ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները

Ճիշտ սնվելու սովորությունը պահելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ համբերություն: Այս եզրակացությանն են եկել դիետոլոգները 80 հոգու շրջանում ուսումնասիրություն կատարելուց հետո: Մասնակիցները ցանկացել են դիետա պահել կամ նպատակ են ունեցել պահպանել նորմալ քաշը:

Ըստ վիճակագրության, մեկ շաբաթվա ընթացքում միջինը 11 անգամ նրանք ցանկացել են դադարեցնել դիետան ու մասնակիցների կեսը՝ 40-ը, այդպես էլ արել են: Հիմնականում սթրեսային վիճակում գտնվելու պահին են մարդիկ ցանկանում դադարեցնել դիետան:

Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցները չեն հետեւել դիետիկ սննդակարգին ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Տարեդարձի ուտեստ

Բաղադրությունը – Նորածին գառի ոսկրահան արած միս – 0,5 կգ, գունավոր տաքդեղ – 200 գ, գազար – 200 գ, կանաչ սոխ – 50 գ, թարխուն – 50 գ, լոլիկ – 200 գ, կարագ – 150 գ, սպիտակ պղպեղ, կարմիր պղպեղ, աղ, հացի խմոր – 600 գ:

Պատրաստման եղանակը – Միսը ձողաձեւ կտրատել, սպիտակ ու կարմիր պղպեղներով եւ աղով համեմել: Լվացած բանջարեղենն ու կանաչեղենը կտրատել, բաժանել 10 մասի:

Խմորը բաժանել 10 հավասար գնդերի: Կլորավուն բացել, վրան դնել միսը, բանջարեղենն ու կանաչեղենը եւ կարագ: Խմորը փակել՝ կլորավուն կամ ձկան տեսք տալով: Արդեն փակված խմորի վրա էլ դնել մի քիչ կարագ ու գնդերը մտցնել ջեռոցը եւ եփել 2000-ի տակ՝ 30 րոպե: Անու՜շ լինի: Ու առողջարար սննդով վայելեք ամեն մի տարեդարձ:

Աշխարհի մարզական հեւքից –

«Արարատ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար

Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ փուլի հանդիպումները: Երեւանի «Արարատ»-ը նվազագույն հաշվով առավելության է հասել Մարտունու «Ալաշկերտ»-ի նկատմամբ: 1:0 հաշիվներ են գրանցվել նաեւ Երեւանի «Բանանց»-ի ու Կապանի «Գանձասար»-ի, ինչպեսեւ երեւանյան ակումբներ «Միկա»-ի եւ «Ուլիս»-ի միջեւ: Գյումրիի «Շիրակ»-ը 3:1 հաշվով հաղթել է մայրաքաղաքի մեկ այլ ակումբի՝ «Փյունիկ»-ին:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արարատ»-ը՝ 39 միավորով, «Բանանց»-ը 34 միավորով 2-րդ տեղում է, առաջին եռյակը եզրափակում է «Շիրակ»-ը: Հետաձգված խաղերում «Միկա»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց «Բանանց»-ին եւ ընդհատեց վերջինիս՝ 5 խաղից բաղկացած հաղթարշավը, իսկ «Գանձասար»-ը զիջեց մրցաշարի ետնապահ «Ալաշկերտ»-ին՝ 0:2 հաշվով:

Հ.Գ. – Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ փուլում «Փյունիկի» հետ կայացած արտագնա հանդիպումը «Արարատ»-ն ավարտեց հաղթանակով՝ 1:0 հաշվով եւ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը: Մյուս մրցախաղում «Միկա»-ն սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ:

Արոնյանը եւ Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոն

Գերմանիայում ավարտվեց շախմատի երկրի ակումային առաջնությունը: Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Մովսիսյանի թիմը՝ «Բադեն-Բադենը», վաղաժամկետ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Ակումբը 14 մրցախաղերում 28 հնարավորից վաստակել էր 28 միավոր եւ վերջին փուլից առաջ արդեն անհասանելի էր դարձել մոտակա մրցակցի համար:

Գրիգորյանցը հաղթողից հետ մնաց կես միավորով

Գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 262 մասնակիցների մեջ բաժանեց 2-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստին բաժին հասավ 8-րդ հորիզոնականը: Ավելացնենք, որ հայազգի շախմատիստը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից՝ գրոսմայստեր Կիրիլ Գեւորգիեւից (Բուլղարիա):

Տիգրան Պետրոսյանը եզրափակել է լավագույն եռյակը

Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրոսմայստերներ Իթուրիզագայի (Վենեսուելա), Էդուարի (Ֆրանսիա) եւ Կուզուբովի (Ուկրաինա) հետ 55 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստին բաժին է հասել 3-րդ մրցանակը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Իթուրիզագան: Զավեն Անդրիասյանն առաջատար քառյակից հետ է մնացել կես միավորով եւ գրավել է 7-րդ տեղը:

Սերգեյ Մովսիսյանը` Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությունում «Սանկտ Պետերբուրգ» թիմը, որի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, 5 փուլից հետո 7 թիմային եւ ընդհանուր 15,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սվերդլովսկի «Մալախիտը» (9/21): Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է 2 փուր:

Ոստիկանները հաղթեցին փաստաբաններին

Հայաստանի շախմատի ակադեմիայում կազմակերպվեց ընկերական մրցաշար փաստաբանների պալատի ու ոստիկանության միջեւ: Բացման խոսքով հանդես եկան Փաստաբանների պալատի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական, պալատի մարզամշակութային ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը եւ Ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Նշվեց, որ մրցաշարը հնարավորություն է տալիս ամրապնդել ոստիկանների ու փաստաբանների միջեւ բարիդրացիական կապը, որի նպատակը կողմերի միջեւ իրավապաշտպան ու իրավապահպան, գործնական, աշխատանքային հարաբերություններում ավելի արդյունավետ եւ հանդուրժողական, համատեղ աշխատանք իրականացնելն է, ինչից շահում է մեր հասարակությունը:

Խաղը վարում էր միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Մրցակիցները մրցել են շերենինգենյան ոճով: Յուրաքանչյուր կողմից ներկայացվել են 6-ական ներկայացուցիչներ: Անզիջում մրցապայքարում ոստիկանության թիմը 19,5-16,5 հաշվով հաղթել է փաստաբանների թիմին: Անհատական մրցապայքարում լավագույն խաղացողներ են ճանաչվել փաստաբանների թիմից Արմեն Վարդանյանը, իսկ ոստիկաններից՝ Դերենիկ Ուզունյանը:

Ոչ մեկի տեղը հավաքականում երաշխավորված չէ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, մարզաձեւի հայաստանյան ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանն ու բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը օրերս հանդիպեցին լրագրողների հետ: Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից մեր ազատ ոճի ըմբիշները Հայաստան են վերադարձել 3 մեդալով՝ 1 արծաթե եւ 2 բրոնզե: Վնասվածքի պատճառով բացակայում էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով կարող էր ոսկե մեդալ նվաճել, եւ ընդհանուր հաշվարկում մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 31 երկրների մեջ կգրավեր ոչ թե 6-րդ տեղը, այլ կընդգրկվեր լավագույն եռյակում:

Ի տարբերություն հունահռոմեական ոճի ըմբշամարտի, մրցավարների համար ազատ ոճը սպասարկելն ավելի հեշտ է: Ամեն դեպքում, մեր կողմից մրցավարական կոպիտ սխալներ չեն նկատվել: Հաջորդ խոշոր մրցաշարի աշխարհի առաջնության մասնակից թիմի կազմը, չնայած մայրցամաքային մրցաշարում ձեռք բերված հաջողություններին, դեռ հայտնի չէ: Ոչ մեկի տեղն ազգային թիմում երաշխավորված չէ, եւ յուրաքանչյուր մարզիկ դրան պետք է հասնի մրցակցության պայմաններում:

Հայաստանի հավաքականը  նվաճեց 3 մեդալ 
Հայաստանի ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի 2014 թ առաջնության վերջինօրը: Իսրայելի Թել Ավիվ քաղաքում ընթացող մրցաշարում մեր գերծանր քաշային լավագույն ծանրորդը երկամարտում ցույց տվեց 436 (190+246) կգ արդյունք եւ գրավեց 2-րդ տեղը:
Այդպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունում նվաճեց 3 մեդալ: Մինչ այդ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր բրոնզե, իսկ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը` արծաթե մեդալակիր:

Առայժմ՝ 1-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ
Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին 3 մեդալ: Մեր պատանի մարզիկներից Միշա Նազարյանը 75 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը տանուլ տալով միայն եզրափակիչ գոտեմարտը՝ արծաթե մեդալի, իսկ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում մեր պետությունը ներկայացնող Լենդրուշ Զատիկյանը հանդես եկավ գերազանց, նվաճեց ոսկե մեդալ ու հռչակվեց Եվրոպայի առաջնության հաղթող:
Մեր մյուս մարզիկները ասպարեզ կմտնեն ապրիլի 12-ին ու 13-ին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։