Մեր ավանդապատումները – Լոռի
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-11-ում
Գզրավեր – ասում են, թե այս ավերակների տեղում առաջ գյուղ է եղել, որն ունեցել է շատ դաժան մի գզիր: Հարկ հավաքելիս, զորակոչի կանչելիս եւ ուրիշ առիթներով գզիրը այնքան է նեղում գյուղացիներին, որ նրանք ստիպված թողնում են իրենց տունն ու տեղը եւ հեռանում գյուղից: Ժամանակ անց, երբ գզիրը ծերանում է եւ զգում, որ մեռնելու օրերը մոտեցել են, որոշում է նորից սարսափ ազդել գյուղացիներին: Կանչում է գյուղի քահանային, հաղորդություն ընդունում եւ պատվիրում նրան մեռնելուց հետո իրեն թաղելու փոխարեն կախ տալ մի բարձր ծառից: Երբ գզիրը մեռնում է, քահանան կատարում է նրա պատվերը: Մոտակա գյուղերի բնակիչները տեսնելով ծառից կախված գզիրին՝ ուրախանում են եւ, հավաքվելով նրա դիակի շուրջը, պար են բռնում ու երգ ասում:
Այդ ժամանակ ծառի մոտով անցնելիս է լինում մովրովը: Նկատելով կախված գզրին եւ կարծելով,որ գա գյուղացիների արածն է, նա հրամայում է այրել գյուղը: Մովրովի հրամանն անմիջապես կատարվում է: Դրանից հետո գյուղատեղի ավերակները կոչվում են Գզրավեր:
Հաղպատ – մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին եւ սկսում է աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջեւ վեճ է ծագում: Որդին նեղանում է հորից եւ ենթավարպետի հետ թողնելով շինարարությունը՝ հեռանում է: Մի ուրիշ իշխան հրավիրում է սրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ-որ շենք է վեր խոյանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին եւ երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը, ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հա՜խ պատ է, իսկական ամուր պատ է»: Այս ասելով՝ վարպետը փաթաթվում է որդուն, համբուրվում նրա հետ եւ հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ:
Աղավնատուն – հարուստ իշխանազնը հավանելով այս վայրը՝ որոշում է մի գեղեցիկ շենք կառուցել անտառի բացատում: Այդ նպատակով նա շատ վարպետներ ու բանվորներ է վարձում, ովքեր անմիջապես գործի են անցնում: Ժամանակ անց իշխանազնը այցելության է գալիս շինարարության վայրը եւ տեսնելով, որ գործը ահագին առաջ է գնացել, կարգադրում է ճաշ տալ վարպետներին ու բանվորներին: Մի ծերունի վառում է օջախը եւ պղինձը դնում կրակին: Քարաժայռի մոտ գտնվող Շահմար օձը, նկատելով, որ իր տիրապետության սահմաններում մարդիկ են հայտնվել, հրամայում է իր օձերից մեկին թույն թափել կաթսայի մեջ: Եռացող ջրի գոլորշին շշմեցնում է օձին, եւ նա գլխապտույտ ընկնում է կաթսան: Կեսօրին շենքի վրա աշխատող մարդիկ գալիս են ճաշելու: Ծերունին կավե ամանների մեջ լցրած ճաշը ուզում է բաժանել բանվորներին: Հենց այդ ժամանակ հայտնվում է մի սպիտակ աղավնի եւ թեւով ուժեղ հարվածում ծերունու ձեռքին: Կավե ամանը ընկնում եւ փշուր-փշուր է լինում: Ծերունին մի նոր աման է վերցնում: Աղավնին այս անգամ աղիողորմ ծղրտոցով նետվում է կաթսայի մեջ: Թափում են ճաշը եւ… ամեն ինչ պարզ է դառնում: Աղավնուն շուքով թաղում են նույն տեղում, վրան մատուռ կառուցում եւ անունը դնում Աղավնատուն:
Ագռավի գերեզման – մի շոգ օր մշակները այստեղ հունձ են անելիս լինում: Ճաշի ժամանակ նրանց համար թանե սպաս են բերում: Դեռ հացի չնստած՝ օձն ընկնում է սպասի մեջ: Մի ագռավ նկատելով այդ՝ զանազան ձայներ հանելով ուզում է մշակների ուշադրությունը հրավիրել օձի վրա: Տեսնելով, որ նրանք գլխի չեն ընկնում, ագռավն իրեն նետում է սպասի մեջ եւ խեղդվում: Ագռավին ճաշից հանելիս մշակները նկատում են օձին ու նոր միայն հասկանում նրա անհանգստության պատճառը: Ի նշան իրենց երախտագիտության՝ մշակները ագռավին թաղում են մոտակա գերեզմանատանը եւ վրան մի փոքրիկ տապան դնում, որը հայտնի է Ագռավի տապան անունով:
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
Ի՞նչ կա Հայաստանի պետական գանձարանում
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը գործադիրի ապրիլի 10-ին նիստի հաստատմանն է ներկայացրել «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների 2013թ. համալրման եւ ծախսման վերաբերյալ հաշվետվությունը»:
Գանձարանի կողմից 2013թ. ընթացքում կատարվել են թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի ընդունման թվով 7 գործարք: Արդյունքում, ՀՀ պետական պահուստները համալրվել են՝ 2609 հատ՝ 7 կգ 674,26 գ ընդհանուր քաշով ոսկյա իրերով, 107 հատ՝ 3 կգ 948,84 գ ընդհանուր քաշով արծաթյա իրերով, 1 կգ 344.78 գ մետաղական արծաթով, 2 կգ 619.31 գ պլատինով, 23.79 գ պալադիումով եւ 4.32 գ օսմիումի օքսիդով: Նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ երկրի գանձարանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա է 1 մլրդ. 450 մլն. 528 հազ. 500 դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված իրեր: Ի դեպ, նշված թանկարժեք մետաղներից 224 մլն. 600 հազ. դրամը ոսկի է, 5 մլն.-ը՝ արծաթ, իսկ 49 մլն. 700 հազ.-ը պլատին:
Պետական գանձարանը թանգարաններում հաշվառել է՝ ոսկի 63,9 կգ, արծաթ մեկ տոննա 468,4 կգ, պլատին կես կիլոգրամ եւ պալադիում 0.03 գ, ինչպես նաեւ իրեր՝ այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 178,7 կգ:
Բացի այդ Պետական գանձարանի կողմից հաշվառվել են պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների եւ 100% պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում՝ ոսկի 1,2 կգ, արծաթ 17,5 կգ, պլատին 64,9 կգ, պալադիում 0,3 կգ, իրիդիում 10,9 կգ, ռոդիում 0,2 կգ եւ օսմիում 2.2 գ: Հաշվառվել են նաեւ սարքավորումների մեջ առկա թանկարժեք մետաղները՝ ոսկի 4,4 կգ, արծաթ 479,0 կգ, պլատին 3,5 կգ, պալադիում 9,2 կգ, ռոդիում 0,1 կգ, թանկարժեք մետաղների համաձուլվածք 1,2 կգ, իրիդիում 0.03 գրամ: Պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվել են մեդալներ՝ ոսկի 1,8 կգ եւ արծաթ 52,5 կգ:
Գոհար Վանեսյան
Հայ ընտանիքների քայքայման պատճառը
Օրերս հայտարարվեց, որ այսուհետ Հայաստանում կնշվի ընտանիքի տարի, եւ 365 օր շարունակ պետք է քայլեր արվեն հայ ընտանիքների բարօրրությանն ուղղված:
Որոշման հեղինակը կառավարությունն էր: Մեր երկրում գործող ընտանեկան օրենսգրքում ամրագրված է՝ ընտանիքը, լինելով հասարակության բնական եւ հիմնական բջիջը, գտնվում է պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Իսկ արդյո՞ք քաղաքացին զգում է պետության աջակցությունը, իսկ այդ աջակցությունը պետք է լինի ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ընտանիքի պաշտպանության ամենակարեւոր նախապայմանը համարվում է աշխատանք ունենալը, ընտանիքի անդամների կենսամակարդակը գոնե բավարար չափով պահպանելը:
Բայց կա՞ այդքան աշխատատեղ Հայաստանում կամ արդյո՞ք դրսում աշխատանք գտնելով՝ հայ մարդը պաշտպանվա՞ծ է զգում որպես ՀՀ քաղաքացի:
Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանում աճել է ամուսնալուծությունների թիվը, որը երիտասարդներին, կարծես թե, այնքան էլ չի անհանգստացնում: Նրանցից շատերը չեն հրաժարվում ավանդական ընտանիք կազմելու գաղափարից, բայց ոմանց կարծիքով՝ ավանդական հայկական ընտանիքը ժամանակի ընթացքում կորցնում է իր բարքերը, ապրելակերպը՝ սոցիալական վիճակի ու խնդիրների պատճառով: Հայը պետք է մնա ու ապրի Հայաստանում եւ հայկական ընտանիքը դարձնի սեփական ու պետական կյանքի միջուկը:
«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



