Այլընտրանքը՝ Ազգային Սահմանադրություն – Առաջնայինն ու ամենակարեւորը այն է, որ մեր պետությունը պետք է ունենա կենտրոնաձիգ եւ ուժեղ կառավարում…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է հայկական ազգային պետության ստեղծման եւ ազգային սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Բայց այն, ինչ ներկայացվեց երեկ, դեռ լիովին ազգային չի կարող դարձնել մեր գործող Սահմանադրությունը: Առավել մանրամասն կանդրադառնանք, երբ ուսումնասիրվեն առաջարկվող փոփոխությունները, ինչը կծավալվի հանրային քննարկումների ժամանակ: Կլինի մեր պետությունը նախագահական, թե խորհրդարանական, երկրորդային հարց է, առաջնայինն ու ամենակարեւորը այն է, որ մեր պետությունը պետք է ունենա կենտրոնաձիգ եւ ուժեղ կառավարում, քանզի արտաքին ու ներքին թշնամիները թույլ ու ապակենտրոն պետությանը արագ կուլ տալու հնարավորություն կունենան:

Ինչեւէ, դեռ կանդրադառնանք այս խնդրին: Իսկ երեկ Հայաստանի նախագահին է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մշակած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Այն ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, հայեցակարգը մշակելիս, հանձնաժողովը փորձել է համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը Հայաստանում, այնուհետեւ հստակեցնել բարեփոխումների հիմքում դրվող հիմնական սկզբունքները: Որպեսզի հանձնաժողովը կարողանար արդյունավետ աշխատել, կարեւոր է համարվել, որ հնարավոր լինի առարկայական ու իրականության իրատեսական գնահատումից ելնելով դիտարկել, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում եւ միջազգային պահանջները ինչ են թելադրում:

Հայեցակարգի նախագծում կարեւորագույն սկզբունքը իրավունքի գերակայության երաշխավորումն է, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրական նախադրյալների ամրապնդումը: «Ինձ համար մասնավորապես, սա ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ մեր իրականության մեջ շատ խնդիրներ, մասնավորապես կապված անձի ու իշխանության հանրային վարքագծի հետ, եւ ընդհանրապես շատ առանցքային խնդիրներ թաքնված են այս խնդրի լուծման մեջ, թե ինչպես մենք կկարողանանք այդ սկզբունքը իրացնել մեր կյանքում»,- հավելել է  ՍԴ նախագահը:

Հաջորդ կարեւոր սկզբունքը, որը նախատեսվում է հայեցակարգով, մարդու հիմնարար ազատությունների անմիջապես գործողության ապահովումն է: Սահմանադրության 3-րդ հոդվածով այս սկզբունքը ամրագրել է, բայց այն կարծես մնացել է զուտ ցանկության մակարդակով: Դա պետք է հնարավոր լինի իրացնել եւ սահմանադրորեն երաշխավորել, ինչն էլ փորձել է իրականացնել հանձնաժողովը: Կարեւորված է նաեւ սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքների ապահովումը: Ներկայիս Սահմանադրության մեջ բաց կա, որը պետք է լրացվեր:

Ինչ վերաբերում է Հայաստանում կառավարման համակարգին, ապա ինչպես Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, մասնագիտական հանձնաժողովում վերջնական միասնական դիրքորոշում չի դրսեւորվել կառավարման համակարգի վերաբերյալ, եւ հանձնաժողովը փորձել է առաջադրել մոտեցումը հետեւյալ սկզբունքով՝ կա կառավարման գործող համակարգ, որը պետք է բարեփոխվի: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման խորհրդարանական ձեւի այլընտրանքային մոտեցում է ներկայացրել, որի վերաբերյալ մասնագիտական հանձնանժողովը իր դիրքորոշումը կհստակեցնի միայն հանրային քննարկումներից հետո: «Նախագծով չի նախատեսվել անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Նախագծով առաջին հերթին նախատեսվում է բարեփոխել ներկայիս կառավարման համակարգը եւ դրա համար արվում են կոնկրետ առաջարկներ»,- ասել է Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ հանձնաժողովի առաջարկած այլընտրանքը խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ կքննարկվի հանրության հետ եւ հետո միայն հնարավոր կլինի ընդհանուր եզրահանգման գալ:

Կառավարման ձեւի ընտրությունը իրավաքաղաքական խնդիր է եւ դրանից ելնելով այն թողնվել է քննարկումների ավելի լայն շրջանակների որոշմանը, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Նախապես ծրագրված էր, որ հայեցակարգի ավարտուն տեսքը պետք է ներկայացվի ապրիլի 20-ին, սակայն հանձնաժողովը խնդրել է երկրի  նախագահին հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 1-ը, ինչին Սերժ Սարգսյանը համաձայնել է: Կկազմակերպվեն հանրային քննարկումներ մասնագիտական լսարաններում, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների, քաղաքացիների մասնակցությամբ: Սահամանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015թ. վերջին կամ 2016թ. սկզբին՝ նկատի ունենալով այն, որ 2017թ. ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018թ. նախագահական:

ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ Սահմանադրական փոփոխություններ կարող են նախաձեռնել ՀՀ նախագահը կամ ՀՀ Ազգային ժողովը: Եթե նախագահն է նախաձեռնողը, ապա դա պետք է ներկայացնել խորհրդարան, որը հավանություն պետք է տա, որից հետո նախագահը նշանակում է հանրաքվե:

Նախագահն արձագանքել է, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված հարցը հանրային քննարկումների ճանապարհ կանցնի, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների արդյունավետ մասնակցությունը նույնպես կարեւոր է համարվել՝ հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: «Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ խորհրդարանական կառավարման ձեւը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»:

Ուշադիր լինենք, Սերժ Սարգսյանը չի ասում, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, այլ՝ չի հավակնի, եթե ընտրվի երկրի խորհրդարանական կառավարման ձեւը: Սա «հաղորդագրություն» է, որ ուղարկել է երկրի նախագահը, այն է՝ ինքը կողմնակից է նախագահական կառավարման համակարգին: Կամ՝ նախագահը չի ցանկանում լինել վարչապետ, բայց իրեն կարող է այդ պաշտոնում առաջադրել խորհրդարանում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն, իսկ կուսակցության նախագահը չի կարող չենթարկվել մեծամասնության «պարտադրանքին»…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։