Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե ազգային համաձայնության կառավարություն չկազմվի, ապա ՀՀԿ-ն հերթական անգամ կընտրի իր թեկնածու վարչապետին, ով կլինի կա՛մ ժամանակավոր վարչապետ, կա՛մ վարչապետ՝ ով հետագայում կդառնա երկրի նախագահ։ Իհարկե, համարձակ կանխատեսում է, բայց ոչինչ բացառել չի կարելի: Առավել եւս, երբ բանակցությունները շարունակվում են կառավարության ստեղծման շուրջ:
Այդ փորձագետները վստահ են, որ ներկա ընթացքը հանգիստ է անցնելու: Նրանք նշել են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ մի կապ չուներ 4 ոչ իշխանական ուժերի պահանջի հետ, անգամ հասարակության տարբեր շերտերի ընդվզումների գործոնը կապ չուներ՝ 100 հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց (տրանսպորտի եւ գազի սակագների թանկացման, «գենդերային», համասեռական ու անբարո այլ խեղկատակությունների, Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարանի կառուցման, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի, սոցիալական մի շարք խնդիրների եւ այլ բնույթի հարցերով), բայց ոչինչ խիստ պարտադրող չի եղել։ Նրանք չեն ստիպել վարչապետին հեռանալ:
Այդ դեպքում ո՞վ է ստիպել:
Կարծիք կա, թե ամեն ինչի հետեւում Ռուսաստանն է կանգնած, Մոսկվային ձեռք չէր տալիս մի վարչապետ, ում մի աչքը միշտ արեւմուտքում էր։ Բայց արեւմուտքից էլ զարմացել էին, թե ինչպես է «իրենց» վարչապետը պայքարում Հայաստանի՝ Մաքսային միություն ընդգրկվելու համար: Իսկ այն տեղեկությունը, թե վարչապետին առաջարկել են Եվրասիական ու Մաքսային միությունների տնտեսական համագործակցության կազմում պաշտոնավարել, լիովին խառնում է ամեն բան… Ի՞նչ է՝ արեւմուտքցիները սեփական կադրն են ուզում ունենալ ռուսական ճակատու՞մ: Շատ խառն է թվում: Թեեւ խոսք կա, որ Տիգրան Սարգսյանը պաշտոն կստանա Համաշխարհային բանկում, այսպիսով՝ ստանալով իր գնահատականը, արեւմտյան ծրագրերից շատերի՝ ՀՀ-ում իրականացման համար, ինչն էլ ամեն բան իր տեղը կդնի:
Այն, որ ընդդիմադիրները իրապես կապ չունեն վարչապետի հրաժարականի հետ, ակներեւ է, իսկ եթե ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Վաշինգտոն-Բրյուսելին է խանգարել Տիգրան Սարգսյանը, ուրեմն՝ այս հրաժարականի հարցում միայն երկրի նախագահի «մատն է խառը»: Ուրեմն՝ այնքան էլ թույլ չէ այս իշխանությունը, ինչքան փորձում են համոզել խորհրդարանական ընդդիմադիրները: Իզուր չէ, որ հանրապետականները նշել են՝ եթե իշխանությունը հակահարձակման անցնի, ընդդիմություն չի լինի, բան չի մնա ընդդիմադիր դաշինք կոչվածից, «իսկ 4 ուժերն իրար հետ ծածկում են քաղաքական դաշտի մոտավորապես 10-15%-ը»: Վերջերս ՏԻՄ ընտրություններ եղան, եւ ՀՀԿ-ականները 74-75% ձայն հավաքեցին: Հետեւաբար, ժողովրդի անունից խոսելն ընդդիմության գործն առաջ չէր տանի:
Գուցե Սերժ Սարգսյանը իր խոսքի համաձա՞յն հեռացրեց վարչապետին. «Եթե 2013-17թթ. ընթացքում ամեն տարվա կտրվածքով կառավարությունը չապահովի 7%-անոց տնտեսական աճ, ապա պիտի հրաժարական տա… աշխատավարձերի աճը պիտի ավելին լինի, քան գնաճը»: Մինչդեռ նույնիսկ «նկարած» թվերով եղել է ոչ թե 7%, այլ 3,5% տնտեսական աճ, իսկ գնաճը (5,8%) ավելի շատ է եղել, քան աշխատավարձի աճի մակարդակը (4,8%)։ Ո՛չ անցած տարի, ո՛չ էլ այս տարեսկզբին միջազգային տնտեսական ճգնաժամ չի եղել:
Իսկ ԵԿՄ համագումարում նախագահն ասել էր. «2013թ. տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջել է 2012թ. տնտեսական աճին: 2012-ին մենք ունեցանք 7% տնտեսական աճ, իսկ 2013-ին՝ ակնկալվում է 3,5%»։ Եթե սրան ավելացնենք նաեւ նախագահի՝ ապագա կառավարությանն ուղղված խոսքերը, որ պետք է իրական տնտեսական աճ ապահովվի, իսկ սոցիալական խնդիրները լուծումներ պիտի ստանան, ապա չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մի քայլ է արել, որը չեն սպասել ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում… Այս դեպքում առավել հավանական է, որ նոր վարչապետը կլինի իշխանությունից կամ նախկին իշխանության ներկայացուցիչներից: Գուցե քաղաքական կուրսի մեծ փոփոխություն չլինի, բայց որոշակի ազդեցիկ քայլեր պիտի լինեն՝ երկրի ներքին կայունությունն ապահովելու համար:
Այս դեպքում դա կարվի վերեւից: Ու տրամաբանական է հնչում՝ ինչու՞ պիտի նախագահը զիջի ընդդիմությանը, եւ իր կարծիքով բարեփոխումների դափնին զիջի նրանց:
Արտակ Հայոցյան
Վերջին հարվածը՝ «գենդերին»
Կառավարությունը հասցրեց հրաժարվել գենդերային գաղափարական դրույթները պետական ծրագրերում եւ իրավական ակտերում կիրառելուց: Համահայկական ծնողական կոմիտեի հաղորդագրությունում նշվել է, որ նոր իրավական ակտերում, որոնք վերաբերում են կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին, «գենդեր», «գենդերային», «գենդերային բռնություն», «գենդերային հավասարություն» եւ նման այլ եզրույթներն այլեւս չեն կիրառվում: Որոշ դեպքերում կիրառվում է «սեռի հատկանիշով պայմանավորված բռնություն»:
Դեռ օրեր առաջ սեւագիր նախագծերում կիրառվում էր «գենդեր»-ը եւ առկա էին դրանից բխող բոլոր վտանգավոր երեւույթները, սակայն բանակցությունները եւ պայքարը տվեցին արդյունք: Կառավարությունը հաստատեց «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2014թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» միջոցառումների շարքը, որը չի պարունակում գենդերային աղետալի գաղափարներին վերաբերվող միջացառումներ կամ դրույթներ: Այնուհանդերձ, այն պարունակում է մի դրույթ, որը վերաբերվում է գենդերային տխրահռչակ օրենքին («Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենք), որն այժմ փոփոխությունների ընթացքում է: Խնդիրը տվյալ օրենքից գենդերի հետ կապված վտանգավոր դրույթների վերացումն է, սակայն այդ աշխատանքը դեռեւս չի ավարտվել, իսկ չփոփոխված տարբերակով այդ օրենքը հասարակության համար մնում է վտանգավոր, առավել եւս՝ հիշյալ միջոցառումների շրջանակում:
Պետք է պայքարել, որ նոր կառավարությունը հիշյալ օրենքը ենթարկի համապատասխան փոփոխությունների, որպեսզի չկիրառվի գենդերային գաղափարախոսությունը: Հարկ է նշել, որ կառավարությունը դեռ 2013թ. օգոստսին համաձայնվել է, որ օրենքը վտանգավոր է՝ առաջարկելով փոփոխել այն եւ հիմնավորումների մեջ նշելով օրենքի «հնարավար բացասական հետեւանքների մասին», սակայն մինչ օրս դանդաղել եւ այդ կարեւոր խնդիրը չի լուծել:
Հիշյալ կոմիտեի պնդմամբ, որոշ զլմ-ներ իրենց քննադատելով՝ տարածել էին ապատեղեկատվություն, իբր գենդերային այլասերման քարոզչությունը կառավարության կողմից հաստատվել է եւ իրականացվելու է դպրոցներում (նույնասեռանակության քարոզչություն): Այս սուտ տեղեկությունը հերքվել է, անգամ բուռն բողոքի ալիք առաջացրել համացանցում:
Այժմ մնում է ճշտել, թե երբ եւ ինչպես է լուծվելու «գենդերային օրենքի» մասով առաջարկված փոփոխման խնդիրը: Ամեն մի սողանցք կարող է նոր պատուհաս դառնալ:
Կարեն Բալյան
Տրանսպորտի սակագինը կթանկանա՞
IPSC քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը ուսումնասիրել է Երեւանի տրանսպորտային միջոցները եւ համարում է, որ միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է լինի 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով աշխատողների ուղեվարձը՝ 196 դրամ:
Ներկայացված թվերը վերջնական չեն. շտապել է հայտնել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Դրանք կգործեին, եթե երեւանյան տրանսպորտը աշխատեր նորմերին համապատասխան:
Տրանսպորտի սակագնի հարցը կենսաթոշակային պարտադիր կուտակայինի հետ հաստատ կգան համալրելու նոր կառավարության հոգսերը: Այս խնդիրը դեռ քաղաքապետարանի քննարկումների շրջանակում է, իսկ հանգուցալուծումը հստակ չէ:
«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



