Կապրի՞, թե՞ կպառակտվի ընդդիմությունը – Անբնական է, բայց մեր կառավարիչները մեզ դնում են այնպիսի վիճակում, որ գոյատեւելու համար էլ ենք մաքառում…

Ընդդիմադիր քառյակի վերջին հանդիպումը, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հավաստել է, որ իրենց գործը կշարունակվի ու «կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին»: «Համաձայնության դաշտը փորձում ենք լայնացնել եւ  շարունակել»,- ասել է նա: Իսկ այն հարցին, թե պատգամավորը կարո՞ղ է բացառել, որ քառյակը չի գնա իշխանության հետ կոալիցիա կազմելուն, ինչը հորդորել էր նաեւ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ ոչ մեկի անունից չի ցանկանում խոսել, բայց վստահ է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ժողովուրդը հուսախաբ չլինի:

Ջանքեր է գործադրում ՀԱԿ-ը միասնական մարտավարության ստեղծման համար, քանի որ հակառակ դեպքում՝ քառյակը կլուծարվի։ Քառյակն ունեցել է տարբեր մարտավարություններ ՀՀ-ում փոփոխությունների կամ իշխանափոխության վերաբերյալ, բայց հիմա կանգնած են մի իրավիճակի առաջ, երբ մարտավարությունը պիտի միասնական դարձնել:

Իսկ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե քառյակ չկա, ոչ էլ եռյակ, կա ներխորհրդարանական ուժերի համագործակցություն. «Մեր երկիրն արտահերթ իրավիճակում է: Միշտ ողջունել եմ խորհրդարանի ներսում 4 խմբակցությունների համագործակցությունը, բայց քանի դեռ չեն հանդիպել այդ ուժերի եւ քաղաքացիական հատվածի ղեկավարները, չի կարելի խոսել գլոբալ համագործակցության կամ քառյակի մասին»: Նա կարծում է, որ համագործակցությունը կշարունակվի, բայց արդեն հասունացել է պահը, «թե ով է պատրաստ իր հետ հանդիպելու ժողովրդին՝ որոշելու համար, թե ինչպես են հանելու ապրիլ ամիսը, ժողովուրդը ստանալու՞ է միասնական հրապարակն ու իրեն պատկանող իշխանությունը»: Մեկ անգամ էլ ընդգծեց, որ «պատրաստ է հանդիպել Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հրանտ Մարգարյանի, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ»:

«Ժառանգություն»-ը կարծում է, որ ժողովրդին այլեւս չի հետաքրքրում, թե այս կամ այն գործիչն առանձին ինչ է ասում, եթե կա ձեւաչափ, եթե ժողովուրդն ակնկալիք ունի քաղաքական ուժերից միասին կանգնելու, ապա այդպես էլ պետք է արվի:

ԲՀԿ-ի օրակարգում այս պահին կոալիցիայի մաս կազմելու հարց չկա. այս մասին ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչ վերաբերում է այն հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մի հարցազրույցում հորդորել է քաղաքական ուժերին զերծ մնալ քաղաքական «խաղերի մեջ մտնելուց», պատգամավորը նշել է, որ «ԲՀԿ-ն ոչ մեկի հետ խաղերի մեջ չի եղել ու չի էլ մտնի»:

ԲՀԿ-ին մինչեւ հիմա ոչ ոք չի դիմել կոալիցիոն կառավարություն մտնելու հարցով, այնտեղ տեղյակ չեն, արդյո՞ք իշխող կուսակցությունը մտադիր է կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Առայժմ հայտնի չէ, թե որը կլինի ԲՀԿ-ի վերաբերմունքը, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի կյանքի կոչել այդպիսի ծրագրեր։

Իսկ ՀԱԿ-ի համար միեւնույն է, թե ում կնշանակի վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Հովիկ Աբրահամյանին, թե մեկ ուրիշի: ՀԱԿ-ում՝ գործող նախագահի իշխանության ներքո ոչ մեկին էլ չեն ուզում տեսնել վարչապետի պաշտոնում: «Մենք նախ եւ առաջ ուզում ենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ»: Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ քաղաքական որոշ գործիչների այն տեսակետին, թե Տիգրան Սարգսյանին հրաժարականի մղելով Սերժ Սարգսյանն ընդդիմությանը, շախմատային լեզվով ասած, մատ արեց, «եթե շախմատային տերմինով խոսենք, Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, իսկ մեր երկիրը՝ ցեյտնոտի մեջ»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Ինչպես ասում են՝ ցուգցվանգը շախմատում մի իրավիճակ է, երբ հակառակորդի ցանկացած քայլը հանգեցնում է պարտության, իսկ ցեյտնոտը ժամանակի պակասն է, որը հակառակորդին մատնում է խուճապի ու ստիպում սխալ քայլեր անել:

Սակայն նկատելով, թե ինչպես են ԲՀԿ-ականների ու ՀՅԴ-ականների մեծ մասը ձգտում իշխանական կոալիցիա վերադառնալուն, դեռ հարց է՝ ով է ցուգցվանգի մեջ եւ ցեյտնոտը ում է սեղմել:

Նոր վարչապետը կավելացնի՞ այդ ցունգցվանգը: Երեւի՝ այո: Երեկ, օրինակ, ՀԱԿ-ը չգնաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ պատճառաբանելով դա այն հանգամանքով, որ լեգիտիմ չի համարում նախագահին: Եթե վարչապետը դառնա Հովիկ Աբրահամյանը, ապա նրան էլ չի ընդունելու ՀԱԿ-ը: Եվ Հովիկ Աբրահամյանը երբեք առիթը բաց չի թողնի ՀԱԿ-ին պատին սեղմելու: «Ժառանգություն»-ն էլ չգնաց Սերժ Սարգսյանին հանդիպելու, քանզի համոզված է, որ այս իշխանությունը վերից վար պիտի փոխվի եւ նշանակվեն նոր նախագահական ընտրություններ: Այս դեպքում էլ է վարչապետը դառնում անօրինական, եւ… ամեն ինչ կսկսվի նորից:

Ու մենք՝ շարքային քաղաքացիներս, դարձյալ կմնանք կառուցողական ծրագրերի կարոտ: Այնպիսի ծրագրերի, որոնք ոչ թե միայն տեսականորեն լավը կլինեն, այլեւ՝ հնարավոր կլինի դրանք կիրառել երկրում: Այնպիսի ծրագրերի, որոնց արդյունքը եթե ոչ շոշափելի, գոնե տեսանելի կլինի, այնպիսի ծրագրերի, որոնց կհավատանք մենք:

Ցավոք, մեր օրերում սա անհավատալիորեն ծիծաղելի է: Մինչդեռ բնական պիտի լիներ: Անբնական է այն, որ մեր կառավարիչները մեզ դնում են այնպիսի վիճակում, որ գոյատեւելու համար էլ ենք մաքառում: Դրա համար է, որ նորություն ենք ուզում՝ նոր հույսի ակնկալիքով…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.