Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ… Երկրամաս, որ ժառանգորդն է Մեծ Հայքի Ուտիք եւ Գուգարք նահանգների մի մասի…

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-12-ում

Տավուշի մարզի զգալի հատվածը նախկինում եղել է Մեծ Հայքի Ուտիք եւ Գուգարք նահանգների մի մասը: Մարզն անունը ժառանգել է Ուտիք նահանգի Տավուշ գավառից: Տավուշն աչքի է ընկնում հարուստ բնությամբ, կենդանական աշխարհով, վանքային համալիրներով, խաչքարերով, բերդերով, կամուրջներով, դամբարաններով…

Պահակասար – Լեզգիների ներխուժման ժամանակ մարդիկ հերթով պահակ են կանգնել այստեղ: Թշնամու երեւալուն պես նրանք իմաց են տվել գյուղացիներին, եւ սրանք զինված գնացել են սարը: Մի գիշեր էլ լեզգիները թաքուն սպանել են պահակին: Դրանից հետո սարի անունը դրել են Պահակասար:

Ամուրիների սար – Կողբ գյուղի մոտ է: Լեզգիների հարձակման ժամանակ, երբ գյուղ լուր են բերում, թե թշնամին գալիս է, տասնութ ամուրի քաջ տղաներ զենքով դուրս են գալիս այնտեղ, դիրք մտնում, կտրում լեզգիների առաջը, մինչեւ ետեւից հասնում է օգնական ուժը: Ազատելով գյուղը թշնամիներից՝ տասնութ կտրիճներն էլ զոհվում են կատաղի կռվում: Դրանից հետո այդ սարը, ի հիշատակ ամուրի քաջերի, կոչվում է Ամուրիների սար:

Մանյակի ձոր – Աչաջուր գյուղից արեւելք է: Պատմում են, որ Աչաջուր գյուղից մի անգրագետ հողագործ ամուսնանում է Մանյակ անունով մի քաղաքացի կրթված կնոջ հետ: Մանյակը գյուղում դպրոց է բացում, երեխաներին տառաճանաչություն սովորեցնում, ներկայացումներ կազմակերպում: Չար մարդիկ ամուսնու առաջ բամբասում են Մանյակին, թե նա անբարոյական է, դրա համար էլ բոլորը, մանավանդ տղամարդիկ, միշտ սիրալիր ժպտում են նրան: Խանդից կուրացած ամուսինը, հերանց տանելու պատրվակով, Մանյակին հեռացնում է գյուղից եւ սպանում ձորում: Այդ օրվանից էլ ձորը կոչվում է Մանյակի ձոր:

Խռովկանի ձոր – Կոթի գյուղի հանդամասում է: Ասում են, թե մի մարդ մի աղջիկ է ունենում: Որ փեսացուն ուզում է՝‘չի տալիս: «Ինչ ունի, որ տամ»,- ասում է ու հաշվում ունեցվածքը: Մի անգամ էլ ուրիշ գյուղից մի տղա է գալիս խնամախոսության: Նստում են, զրուցում: Աղջկա հայրն ուզում է խոսքամիջից իմանալ, թե ինչ ունի-չունի փեսացուն: Սա էլ թե.

– Որ մի հարյուր կով լինի, լա՞վ է:

– Լա՛վ է, – ասում է աղջկա հայրը:

– Որ մի էդքան էլ ձի լինի, լա՞վ է:

– Լա՛վ է,- ասում է աղջկա հայրը:

– Որ մի 4-5  էդքան էլ ոչխար լինի, լա՞վ է:

– Լա՛փ լավ է,- ասում է աղջկա հայրը:

Համաձայնում են: Հարսանիք են անում: Ժամանակ անց պարզվում է ճշմարտությունը: Աները փեսայից է նեղանում, թե նա խաբել է իրեն, փեսան՝ աներոջից: «Խոսքը խոսք է բերել,- ասում է,- խոսքի օրինակ եմ ասել»: Աղջկա հայրն ամոթից էլ գյուղ չի վերադառնում: Գնում է, մի ձորում տուն-տեղ շինում, ապրում փեսայից խռոված: Դրա համար էլ ձորի անունը մնացել է Խռովկանի ձոր կամ Խռովկան:

Պառավաքար – Մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ: Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ ու որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել-պրծնել աշխարհքից: Գնում է, բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած: Հագին լայն շորեր են լինում: Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած: Աչքերը բացում է, տեսնում է՝ ողջ-առողջ է:

– Ա՛խ, Աստված,- ասում է,- աչք չունե՞ս, թե՞ ականջ: Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս:

Եվ գյուղի անունը մնում է Պառավաքար:

Հարսնաքար – Աչաջուր գյուղից արեւմուտք է: Պատմում են, որ մի քանի օր առաջ ամուսնացած նորահարսն ամուսնուն ուղարկում է գյուղի վրա հարձակված թշնամիների դեմ եւ ինքը մի բարձր ժայռի կատարից դիտում դաշտավայրում տեղի ունեցող կատաղի կռիվը: Ժամանակ անց հեռվից տեսնելով ամուսնու սպանվելը՝ հարսն իրեն ժայռի կատարից ցած է նետում ու մեռնում: Այդ օրվանից էլ սարը կոչվում է Հարսնաքար:

Գերանի աղբյուր – Ավանդապատումն ունի մի քանի տարբերակ: Մեկը սա է:

Աղբյուրը գտնվում է Աչաջուր գյուղի մոտ, Մակարավանքից հյուսիս-արեւմուտք, մի անտառապատ սարի վրա:

Ասում են, թե Մակարավանքը կառուցելու համար ընտրվել էր տեղը, հավաքել էին շինանյութերը, բայց մոռացել էին ջրի մասին: Մոտակայքում ջուր չկար, եււ շինարարները մնացել են շվարած: Գյուղի եկեղեցու փոքրավորներից մեկը՝ Գերանը, երազ է տեսնում, թե կառուցվելիք վանքից մի փոքր հեռու, հողի տակ աղբյուր կա: Գնում է, փորում եւ գտնում աղբյուրը: Սկսում է վանքի շինարարության համար ուսով ջուր կրել: Չի թողնում ուրիշներին օգնել իրեն, քանի որ Աստված իրեն էր վերապահել այդ բախտը: Եվ տարիներ շարունակ, մինչեւ վանքի ավարտվելը Գերանը ջուր է կրում, որից նրա ուսերը կորանում են: Աղբյուրը նրա անունով կոչվում է Գերանի աղբյուր:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.