Հասցրեցին անել ու նոր հեռացան
Կառավարությունը մինչեւ հրաժարականի ներկայացնելը, միասնական դիրքորոշում է հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ: Այդ դիրքորոշման մեջ ասված է, որ ապրիլի 2-ի որոշումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ որոշմամբ հակասահմանադրրական ճանաչված դրույթների գործել-չգործելու, ինչպես նաեւ այդ որոշման եզրափակիչ մասի տարբեր կետերի հակասության վերաբերյալ տարաբնույթ, իրարամերժ մեկնաբանություններ, պարզաբանումներ ու բացատրություններ են ներկայացնում հանրությանը ինչպես ՍԴ դիմած պատգամավորները, այնպես էլ՝ իրավաբանները, քաղաքական ու հասարակական գործիչներն ու լրագրողները: «Պարզ է, որ նման արձագանքները համարժեք են տարբեր ուժերի եւ անհատների սուբյեկտիվ շահերով թելադրված նպատակներին, ինչը քաղաքական տեսանկյունից միանգամայն բնական երեւույթ է: Այդուհանդերձ, քաղաքական ու անձնական նպատակներով իրավունքի ընկալման շփոթ առաջացմնելը անընդունելի է եւ ՀՀ կառավարությունը հարկ է համարում հատուկ նշել, որ ՍԴ որոշումների, հատկապես այս որոշման մեկնաբանությունները պետք է հիմնվեն բացառապես Սահմանադրության, Սահմանադրական դատարանի մասին օրենքի եւ նույն որոշման դրույթների վրա»,- նշել են նախկին կառավարության անդամները:
Նշվել է նաեւ, որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջնակներում: Միեւնույն ժամանակ՝ համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ «իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումներով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչեւ սեպտեմբերի 30-ը պահպանում եմ իրենց իրավաբանական ուժը՝ գործում են, իսկ որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչեւ սեպտեմբերի 30-ը կատարված ու կատարվելիք կուտակային վճարներին»:
Ի թիվս այլ պարզաբանումների, այդ միասնական դիրքորոշման մեջ նշվել է, որ «ՍԴ-ի որոշումից միանշանակ հետեւում է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամկետում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսեկան կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը»: Փաստորեն, մինչեւ սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է նաեւ օրենքի 76-րդ հոդվածը:
Արդեն մեր կյանքից հեռացած կառավարությունը կարծես հրահանգել է նոր կառավարությանը հետամուտ լինել այս հարցին եւ կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մշակմանը, որոնց միջոցով օրենքը կհամապատասխանեցվի սահմանադրական դատարանի որոշման պահանջներին»:
Նորանշանակ վարչապետը չի շտապում կտրուկ լինել, համաձայնել է հանդիպել եւ հասկանալ բոլոր շահագրգիռ եւ բողոքող կողմերին: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նրան ներկայացրել են վիճակը՝ պնդելով, թե իրենց աշխատակիցներից կուտակային պահումներ չեն անելու: Վարչապետը լսել է՝ ոչինչ չասելով: Հակափաստա՞րկ չի եղել, թե՞ հույս ունի, որ կրքերը կհանդարտվեն…
Անի Մարության
Մնացողներն էլ ասում են
«Պարտադիր կուտակայինի հարցով ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է 3 պահանջ՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը որեւէ գումար ենթակա չէ գանձման, այս 3 ամսվա ընթացքում գանձված գումարները ենթակա են վերադարձի, որեւէ գործատու ենթակա չէ տույժի՝ անկախ այն բանից՝ պարտադիրը գանձե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է ՍԴ-ում «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միասյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք մտադիր են նոր դատական վարույթ հարուցել վարչակական դատարանում՝ ՊԵԿ այն հրամանի առիթով, որով պետք է «ավտոմատ հաշվարկվեն ու գանձվեն պարտադիրի գումարները»:
Շարունակվում են նաեւ բողոքի ցույցերն ու երթերը, եւ բողոքողները դատապարտում են բոլոր այն պաշտոնատար անձանց կեցվածքը, ովքեր փորձեցին նվաստացնել Սահմանադրական դատարանի որոշումը եւ հիմա «հակաիրավական ընթացքի մեջ են», փորձելու են համոզել, որ պարտադիրը պետք է գանձվի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Եվ այսպես՝ բողոքող պատգամավորները հավաստում են, թե այդ գումարները ենթակա չեն գանձման:
Սահմանադրության 3-րդ հոդվածով մարդու իրավունքը գործում է անմիջականորեն, իսկ ՍԴ-ն արձանագրել է, որ մարդու սեփականության իրավունքի խախտում է տեղի ունեցել: Իսկ սա նշանակում է, որ պարտադիրը չի կարող գործել:
Օրենքի երկու երեսները
Գլխավոր դատախազությունը «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Վերջին ցույցի ժամանակ նաեւ նստացույց էր կազմակերպվել, ինչի հետեւանքով, տեւական ժամանակով փակվել էր Երեւանի Նալբանդյան փողոցը, խաթարվել էր Նալբանդյան եւ հարակից փողոցների երթեւեկությունը:
Գլխավոր դատախազությունից հիշեցրել են, որ ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական ու վարչական պատասխանատվություն եւ կրկնվելու դեպքում կազմակերպիչների ու մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ հավաքներ եւ երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների կոպիտ եւ միտումնավոր խախտումներով:
«Դեմ եմ»-ը պատասխանել է, որ ՀՀ օրենքներով «քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը՝ հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…»:
Սա ամրագրված է նաեւ միջազգային փաստաթղթերում:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



