Երբեւէ պաշտպանված կլինի՞ նորմալ մարդը մեր երկրում
«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն, մի շվեդական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, նոր քայլեր է նախաձեռնում, որպեսզի գենդերային բաղադրիչը ներառվի հայաստանյան դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի մեջ: Կարծես քիչ էր պարտադիր կուտակայինի արդեն ծեծված «բաղադրիչը», այժմ էլ փորձ է արվում գենդերայինը պարտադրել:
Հիշյալ կազմակերպության ղեկավարությունը եւ անդամները հրավիրված հավաքի ժամանակ դահլիճ չէին թողնում ոչ միայն այդ նախաձեռնության դեմ բողոքող եւ «Ո՛չ հակաընտանեկան քարոզչությանը» կարգախոսով հանդես եկողներին, այլեւ տարբեր զլմ-ների լրագրողների:
Հետաքրքիր է, եթե օտարի փողերով այստեղ քննարկումներ են կազմակերպվում, ապա ո՞ւմ հետ են քննարկում, եթե հակառակ կարծիքները լսելն արգելվում է: Թե՞ օտարների պատվերը կատարելու եւ դրամաշնորհները դրամաշորթության վերածելու մղումն ավելի զորավոր է օտարամոլների համար:
Ինչեւէ, այդ հ/կ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը աղմկալից եւ անդուր արգելանքներից հետո ստիպված հայտարարություն արեց, թե միջոցառման անվանումն է՝ Գենդերային բաղադրիչի ներդրումը «Հասարակագիտություն» առարկայի մեջ, իսկ լրագրողների մուտքն արգելելը բացատրեց այսպես. «Դա փակ կլոր սեղան է»: Եթե կլոր սեղան է, ապա ինչու՞ է փակ, նման բան երբեք չի եղել: Նշանակում է սեղանը այնքան էլ կլոր չէր, իսկ թե եվրասեղանները ինչ ձեւ ու չափ ունեն, դա պետք է հարցնել կամ այս անհեթեթությունը ֆինանսավորող շվեդական կողմից կամ որեւէ եվրագենդերապաշտ կազմակերպությունից:
Անգամ այն պարզ բացատրությունը, որ եթե այս անհայտ ձեւի սեղանը կազմակերպվել է, որ մեր հասարակությունը հասկանա, թե ինչի մասին է խոսքը, ապա գոնե լուսաբանելու եկած լրագրողների համար արգելք չպետք է տեղծվի, նույնպես մնաց անմեկնելի:
«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն բռնությամբ արգելեց ցանկացողների մուտքը հավաքատեղի: Սա իսկը եվրոպական երկակի ստանդարտների քաղաքականությունն է, երբ իրենց հանդեպ չի կարելի բռնություն թույլ տալ, բայց իրենք դրա իրավունքը վերապահում են իրենց:
Իրավագիտակցությունից բողոքող (իբր հանրությունը լավ չի ընկալում գենդերի իմաստը եւ դրա համար են փակ կազմակերպել հավաքը) հ/կ-ի ղեկավարն այդպես էլ չկարողացավ գիտակցված փաստարկներ ներկայացնել այն պնդումների դեմ, որոնք հնչում էին. այն է՝ որ գենդերն անձի սոցիալական սեռն է, որը կարող է եւ տարբեր լինել նրա ֆիզիոլոգիական սեռից, եւ որ գենդերային բաղադրիչի ներդրումը մեր օրենսդրության մեջ միասեռականության ու այլասերվածության այլ դրսեւորումների անարգել քարոզչության հնարավորություն է ընձեռում եւ այլն:
Երբ նախկին կառավարությունը հաստատեց «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2014թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» միջոցառումների շարքը, մի պահ շունչ քաշեցինք, որ շրջանառությունից հաջողվեց դուրս մղել «գենդեր», «գենդերային», «գենդերային հավասարություն» կամ «գենդերային բռնություն» ձեւակերպումները եւ պետք է կիրառվի «սեռի հատկանիշներով պայմանավորված» ձեւակերպումը: Բայց միջազգային այլասերվածներն ու նրանց հայաստանյան խամաճիկները չեն ցանկանում գրանցել իրենց պարտությունը եւ անցել են նոր առճակատման: Եվ դա փորձում են սկսել դպրոցից, ինչպես դա արեցին «սեռական դաստիարակություն՚»անվան տակ սեռամոլագարական բարքերը քարոզոք դասագիրքը մեր դպրոցներ մտցնել ցանկացողները: Հիմա էլ գենդերային բաղադրիչը ուզում են ներառել «Հասարակագիտություն» առարկայի մեջ:
Արման Դավթյան
Քաղաքապե՞տը երջանիկ կլինի
Նորից արծարծվում է Երեւանի տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը: Ուղեւորափոխադրողների միությունը պնդում է, որ թանկացումն անխուսափելի է, հակառակ դեպքում չեն աշխատի։ Անցած տարվա ամռանը Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը 50%-ով բարձրացրեց, սակայն հանրության բողոքի ալիքը ստիպեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրաժարվել իր որոշումից։ Քաղաքապետարանին կից ստեղծված հանձնաժողովը ապրիլի 4-ին հրապարակեց իր 8 ամսվա ուսումնասիրությունների արդյունքները, որի համաձայն տրասպորտի սակագինը պետք է լինի 200 դրամ եւ ավելի:
Միջազգային փորձագետների մի խումբ եւս խոսել է սակագնի ավելացման մասին:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները հավատ չեն ներշնչել նույն խմբի անդամ Բաբկեն Պիպոյանին։ Նա նշել է, որ շատերը ձեռք բարձրացնելուց բացի, այլ աշխատանք չեն կատարել: Իսկ «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը շարունակում է պնդել, որ նույնիսկ 70-90 դրամ սակագնով հնարավոր է սպասարկել քաղաքացիներին, դրա համար պարզապես անհրաժեշտ է վերանայել ներկայիս երթեւեկության գծերը:
«Միջազգային փորձագետ հրավիրելը նպատակ ունի, որ օտար մեկն էլ ասի՝ բալն իսկապես թանկ է»,- «Ուղեվարձի փոփոխություն՝ անհրաժե՞շտ, թե՞ անհիմն» բանավեճի ժամանակ ասել է Անահիտ Բախշյանը: Ըստ նրա՝ տրանսպորտի գնի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներն արհեստականորեն ձգձգվում են, իսկ մեր քաղաքացիները յուրաքանչյուր թանկացում հիվանդագին են ընդունում:
Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն էլ նշեց, թե «մեզ տարել է թանկ ու էժանի հարցը, բայց գլխավորը էկոլոգիական մաքրությունն է: Գերնպատակը սակագնի բարձրացնելը չէ, քաղաքապետն ինքն էլ երջանիկ կլինի, եթե կարողանա այսօր 50 դրամով սպասարկել գծերը»:
Գահար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



