Արդյո՞ք կգործի 13 թվի մոգական ուժը – Հովիկ Աբրահամյանը Հայաստանի թիվ 13 վարչապետը… Մենք կխոսենք վարչապետի աշխատանքային 100-րդ օրը լրանալուց հետո…

ՀՀԿ ԳՄ անդամները միաձայն ՀՀ 13-րդ վարչապետ ընտրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հուսանք, այդ թիվը դրական ազդեցություն կունենա նոր վարչապետի հետագա գործունեության վրա: Այդ նիստը վարող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ներկա կուսակիցները այսպիսի որոշման հանգեցին միաձայն: Նոր վարչապետն արդեն երեկ վարել է կառավարության նիստը:

13-րդ վարչապետի հրամանագիրը երկրի նախագահը ստորագրել է ապրիլի 13-ին: Սահմանադրության պահանջով, նոր վարչապետը 20-օրյա ժամկետում կներկայացնի նոր կառավարության կազմը, այնուհետեւ նոր կառավարությունը ծրագիր կներկայացնի ԱԺ՝ հաստատման:

Խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբահամյանը ԱԺ կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է ԱԺ նիստում՝ ընթացակարգի պահանջների համաձայն: Նրան փոխարինելու առումով եւս անուններ են հնչում, հասկանալի է՝ միայն ՀՀԿ-ական թեկնածուների: Նշվում է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունները: «Իմ պաշտոնը ինձ լրիվ բավարարում է»,- ասել է Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավանական համարում է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։ Մամուլն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին է վերապահում Ազգային ժողովի նոր նախագահի աթոռը, չնայած նա հայտնել է, թե ինքը ավելի շատ հավանում է իր պաշտոնը:

Պաշտոնների բաշխում ՀՀԿ-ում արդեն ընթանում է, եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը փորձել է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին, բայց… հայտարարել է, թե հետաքրքրված չէ այդ պաշտոնով: Եվ խոսք կա, որ գուցե նա նշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ կգնա այնտեղ, որտեղ կուղարկի կուսակցությունը: Իսկ կուսակցությունը հնարավոր է նրան դեսպան նշանակի որեւէ եվրոպական երկրում: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի հերքել, որ իրեն վերապահված է կառավարություն գնացող Դավիթ Հարությունյանի խորհրդարանական աթոռը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին չհաջողվեց կուսակցության շարքերում պահել նախկին կառավարության 3 նախարարներին, չնայած խոսակցություն կա միայն Արմեն Երիցյանի վերանշանակման մասին:

Առայժմ ՀՀ նախագահը ստորագրել է միայն պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանի ու Էդվարդ Նալբանդյանի նշանակման հրամանագրերը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման առումով ասել է. «Վարչապետի փոփոխությանը առաջին հերթին նպաստեցին օլիգարխիկ վերնախավն ու ալընտրանքային քաղաքական դաշտը: Ամենաազդեցիկ գործոնը ՀՀ օլիգարխիկ վերնախավն է, որը խուսափում է ցնցումներից: Հովիկ Աբրահամյանը երեւի եղածներից ամենալավը կարող է մարմնավորել կայունության հեռանկարը»: Այլընտրանքային քաղաքական դաշտ ասելով, նա նկատի ունի ոչ միայն «այն մեկ կուսակցությանը, որը իրեն հռչակել է որպես այլընտրանք (ԲՀԿ-ին նկատի ունի,- խմբ.) այլ նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք համարում են, որ ոչ թե պետք է պնդել քաղաքական կուրսի փոփոխության հարցը, այլ պետք է բարձրացնել հրաժարականների, կառավարության փոփոխության հարցերը: «Այսինքն՝ փոխում ենք մարդկանց, բայց չենք ասում, թե ինչպիսի քաղաքական համակարգ ենք առաջարկում այդ փոփոխությունից հետո»,- հավելել է Բորիս Նավասարդյանը:

Իսկ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի մասին նշել է, որ «իր անցած ուղիով, ՀՀԿ-ում ստանձնած դերակատարությամբ, իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը: Մենք պայմանավորվել ենք նաեւ մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձեւով»:

Նոր վարչապետը ՀՀԿ խորհրդի նիստում նշել է. «Ձեւավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար: Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում, ուժեղ եմ մեր կուսակցությամբ եւ հավատում եմ մեր հաջողություններին… Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը ՀՀ քաղաքացու՝ իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը»:

Ի դեպ, նույնը նաեւ հավաստել է կառավարության երեկվա նիստում՝ շեշտելով, թե լինելու է յուրաքանչյուրի կողքին, ով մտահոգ է երկրով:

Իսկ մենք նոր վարչապետի մասին մեր կարծիքը կհայտնենք նրա աշխատելու 100-րդ օրը լրանալուց հետո:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։