Կենտրոնաձիգ պետությունն այլընտրանք չունի – Ամուր հայկական պետություն է պետք մեզ… Սահմանադրությունը պիտի որդեգրի պետականամետ եւ ազգօգուտ սկզբունքներ…

Սահմանադրությունն ամենակարեւոր փաստաթուղթն է պետության համար, որը կանոնակարգում է պետական համակարգի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է «Սահմանադրական բարեփոխումներ» կոչված փաստաթղթի հայեցակարգի հետ, որը նրան  օրերս ներկայացրեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանրության շրջանում առավել աշխույժ քննարկման առարկա դարձավ հատկապես Հայաստանի կառավարման համակարգին վերաբերվող սահմանադրական փոփոխությունների թեման:

Գործող Սահմանադրությամբ Հայաստանի կառավարման համակարգը նախագահական է, որտեղ կարգավորված են նախագահ-խորհրդարան, նախագահ-կառավարություն, խորհրդարան-կառավարություն փոխհարաբերությունները, տարանջատված են օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերը: Երաշխավորված է նաեւ դատա-իրավական իշխանության հակակշռող դերն իշխանության այլ ճյուղերի նկատմամբ, սակայն ինչպես այլ սահմանադրական երաշխավորումներ, այս մեկը եւս չի գործում ամբողջ հնարավորությամբ ու հզորությամբ: Հիմնականում հենց սա էլ առաջացնում է անվստահությունը Սահմանադրության եւ, առհասարակ, օրենքների ու պետական համակարգի հանդեպ:

Ոմանք էլ կարծում են, թե գործող նախագահն «անցնում է գրոհի», քանի որ միայն խորհրդարանական, թե վարչապետական կառավարման ժամանակ նա հնարավորություն կստանա կրկին դառնալ երկրի ղեկավար: Սահմանադրության նոր նախագիծը, որի հիմանական իմաստը Հայաստանի պետական կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելն է, շատերի կարծիքով՝ ճիշտ ընտրված է հենց այդ նպատակի համար: Այս տեսակետի կողմնակիցները հայտնել են, թե «Սահմանադրական բարեփոխումով Սերժ Սարգսյանն իր համար վարչապետի ամուր աթոռ է նախապատրաստում, քանի որ, ըստ նոր նախագծի, 2018թ. հետո վարչապետը միանձնյա լինելու է երկրի կառավարության՝ գործադիր մարմնի ձեւավորողը եւ պատասխանատուն, իսկ խորհրդարանին էլ վերապահված է դակիչի դերակատարություն»: Այն հանգամանքը, որ նախագծում ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից 7 տարի ժամկետով, արդեն որոշիչ չի համարվում, քանի որ, ըստ այդ վերլուծաբանների, «այդ նախագահը կդառնա ապագա վարչապետի կամակատարը»: Երկրի նախագահն ընտրվում է 7 տարով եւ այդ ընթացքում չի ունեալու ուղղակի ազդեցություն երկրի քաղաքական խնդիրների լուծման գործում: Իսկ 5 տարով ընտրված վարչապետը այդ նախագահի օժանդակությամբ հաստատ կկարողանա մի հնգամյակ էլ աշխատել որպես վարչապետ… Նաեւ հաշվարկներ են արվում, թե այս սահմանադրական փոփախությունները հենց այդ հնարավորություններն են ստեղծում՝ 2018թ. նախագահի ընտրությունից հետո, ամենաքիչը 2 հնգամյակ աշխատել որպես վարչապետ:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում առաջարկվում են այլ փոփոխություններ եւս, սակայն մարդկանց հուզում է պետական կառավարման համակարգի փոփոխությունը եւ իշխանափոխության հերթափոխի հստակ ձեւակերպումը, դրա իրական ու գործուն երաշխիքները: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե խորհրդարանական համակարգն ընդունվի, ապա ինքը վարչապետ չի աշխատի:

Նախագահի խոսքերն ուղերձ էր նաեւ՝ ուղղված մյուս նախկին նախագահներին: Դա նաեւ սկզբունքային հայտարարություն համարվեց, քանզի շեշտադրում կա, որ «մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Սա լուրջ հայտարարություն է, քանի որ ասվել է նախագահի ընտրությունից 4 տարի առաջ: Նույնիսկ ամեն ինչում հաշվարկներ փնտրողները դեռ չեն կարողանում կամ դժվարանում են գնահատական տալ: Գուցե ինքնակամ հեռանալու ձայնը հնչեց ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական ուժերի համար: Նաեւ արտաքին ուժերի համար ասվեց: Չի բացառվում, որ բարեփոխումներն առավել ազատ քննարկելու նպատակով արվեց այդ հայտարարությունը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում հանրաքվեի անցկացումը համարվում է կենսական անհրաժեշտություն, որտեղ առաջարկվում է կառավարման համակարգի փոփոխության հնարավոր այլընտրանք, ինչը կարող է նպաստել նաեւ քաղաքացիական հասարակության զարգացմանն ու իրավական պետության կայացմանը: Բայց հակառակը պնդողներ էլ կան, թե ժողովուրդը այժմ 5 տարվա ընթացքում 2 անգամ է մասնակցում համապետական ընտրությունների՝ խորհրդարանական եւ նախագահական, իսկ առաջարկվող փոփոխությունների հետեւանքով նույն ժամանակահատվածում մեկ անգամ է մասնակցելու, ինչը համարում են հակաժողովրդավարական: Կան նաեւ կարծիքներ, թե այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումն է կարեւոր, իսկ Սահմանադրական փոփոխությունները կարող են նաեւ ապակայունացնել երկիրը:

Հայ արիներն ու ազգայնականները բազմիցս հայտարարել են, որ կենտրոնաձիգ հայկական պետությունն այլընտրանք չունի: Ամուր հայկական պետություն է պետք մեզ, հատկապես հիմա, երբ արցախյան խնդրին ավելացել են թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական վտանգը, մերձավորարեւելյան ճգնաժամը, ամերիկա-իրանական  եւ ռուս-վրացական հակասությունները եւ այլն: Խորհրդարանական պետությունը չի կարող այնպես կենտրոնաձիգ լինել, ինչպես նախագահականը, չի կարող անհրաժեշտության դեպքում ավելի կտրուկ ու ազատ գործել՝ հատկապես միջազգային փոխլրացնող քաղաքական ոլորտում: Ի վերջո՝ Հայաստանը հայի հայրենիքն է եւ որպեսզի բնույթով ու էությամբ հայկական լինի, պետք են նաեւ կտրուկ քայլեր, որը կարող է անել մեծ լիազորություններով երկրի նախագահը: Ոչ թե պետական համակարգը պիտի փոխել, այլ Սահմանադրությունը պիտի որդեգրի պետականամետ եւ ազգօգուտ սկզբունքներ:

Ինչպես հայ արիների հայտարարությունում է ասված. «Հայոց պետության կայացում կամ կայունացում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ Հայաստանի օրենքներն ու բարքերը, նպատակներն ու գործողությունները, ներքին ու արտաքին բոլոր հիմնախնդիրները բխեն հայության համապարփակ շահերից եւ նպաստեն հայի միասնությանն ու Հայկական լեռնաշխարհի ամբողջացմանը»: Վերջին հայկական 3 հանրապետություններից 1-ինը գոյատեւեց շուրջ 2 տարի, 2-րդը՝ շուրջ 70 տարի, իսկ 3-րդը մոտենում է իր 25-ամյակին: Եթե 4-րդ հանրապետության կարիք կա, որը հիմնավորապես կտարբերվի բոլոր 3 հանրապետություններից, ապա դա միայն ազգային ու համահայկական Սահմանադրության հաստատմամբ պետք է պայմանավորել:

4-րդ հանրապետությունը նոր Սահմանադրությամբ պետք է հաստատի Հայաստան-Արցախ վերամիավորումը եւ նպաստի հայոց հողերի ամբողջական վերամիավորմանը: Այսօր շատ քիչ բնածին ազգեր կան, որ շարունակում են ապրել իրենց հայրենիքում եւ հայրենիքի մի հատվածի վրա հիմնած պետությունում: Նրանցից մեկը մենք՝ հայերս ենք, որ բազում հազարամյակներ շարունակում ենք ապրել որպես հայեր, շարունակում ենք զարգանալ հայկական պետության մեջ՝ Հայաստանում: Եվ այսօրվա հայը, անկախ դիրքից ու հնարավորություններից, պետք է հասկանա, որ Հայաստանը հայության բոլոր սերունդների հավերժական հայրենիքն է, ու Սահմանադրությունը իր հիմնարար սկզբունքներով պետք է նպաստի ամուր եւ կայուն պետության կայացմանը, միասնական, ազատ ու ազգային հայաստանցու ձեւավորմանը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։