Առանց գրաքննության՝ պատասխանի իրավունքով – Նորից Մամիկոնյանների մասին… Խնդիրներ ունենք պատմությունից, որ վերջնական լուծման ու համաձայնեցման կարիք ունեն…

Ընդհանրապես մշակութային երկխոսությունը զարգացումների գլխավոր պայմաններից մեկն է նաեւ ներհայկական դաշտում: Այն անհրաժեշտ պայման է նոր տեսակետներ հաստատելու համար, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում «Լուսանցք»-ի խմբագրությանը:

Հասկանալի է, որ մշակույթում շատ են չպարզաբանված «պատմական հարցերը», այդ հարցերի թվին են պատկանում նաեւ Մամիկոնյանների ծագումնաբանության, էթնիկական պատկանելության խնդիրները եւ հարակից այլ հարցերը: Այս ուղղությամբ մշտապես մոտեցումները լինելու են տարբեր եւ, հետեւաբար, կարեւորը խնդրի եւ հարակից հարցերի առավելագույն մեկնաբանումն է եւ հիմնավորումը՝ հենվելով այս պահին արդեն հայտնի տեղեկությունների եւ նյութերի վրա: Մամիկոնյանների խնդրո հետ կապված իր հայտը ներկայացրեց նաեւ Համլետ Դավթյանը, ով փորձ կատարեց ընդհանրացնել ոչ միայն տարբեր հեղինակների կողմից կատարված քննախուզությունները, այլեւ փորձ կատարեց տալ գնահատական: Վերջինս, իմ կարծիքով, անշնորհակալ գործ է: Հույս ունեմ, որ ապագայում Հ. Դավթյանը կմնա նյութի վերլուծությունների շրջանակներում:

Հիմա՝ ըստ էության: Մամիկոնյանների խնդիրը բազում շերտեր ունի, որոնք իրոք անհրաժեշտ է հնարավորինս մեկնաբանել, որն էլ ես իրականացրել եմ: Հիմա չեմ անդրադառնում նորից իմ քննախուզությանը, այլ մեկ անգամ եւս ներկայացնեմ իմ ելակետը: Իմ մոտեցմամբ՝ հայոց պետականաստեղծ տոհմերի ծագումնաբանությունը ուսումնասիրելու համար, տվյալ դեպքում, Մամիկոնյանների խնդրո հետ կապված հիմքային է տոհմի ազգանունը: Որպես կանոն, մեր մշակույթի մեջ տոհմերը ներկայանում են ազգանունով: Մամիկոնյանների տոհմը, որպես հավաքականություն, մենք ընկալում ենք միայն նշված ազգանունի ներքո՝ երկրորդական համարելով տոհմի ներկայացուցիչների անունները:

Դրույթային եմ համարել «Ճան» եւ «Ճենաց աշխարհ» Խորենացու առաջադրած եզրույթը, Խաղկտիք անունը (հարկ չեմ համարել անդրադառնալ Խաղտիք Կո/տայք հարակից տերմիններին), նկատի եմ ունեցել նաեւ Մամգոն եւ Տայք տերմինների փաստը, հաշվի եմ առել «amumikuni» տերմինի ներկայությունը: Օգտվել եմ ճապոնական, կորեական եւ չինական ավանդույթներից,  ուսումնասիրել եմ մետաքսի ճանապարհի հետ կապված տեղանունները եւ կատարել եմ իմ եզրակացությունը:

Մամիկոնյանների խնդրո մեջ կարեւորել եմ նրանց քրմական եւ զորահրամանատարական դասի պատկանելությունը, շեշտել եմ նաեւ նրանց կրոնական պատկանելությունը՝ ներկայացնելով որպես Արեւապաշտների:

Նորից անդրադառնանք Մամիկոնյանների խնդրին՝ օգտագործելով այս անգամ Հ. Դավթյանի առաջադրած նյութերը, որպես լրացում իմ կատարած քննախուզության: Նա գրում է. «Եթե ենթադրյալ Մամիկոնյաններն այդքան բարձր դիրք էին գրավում Խեթական կայսրությունում ու խեթերի հետ էլ չէին հեռացել պատմաբեմից, ապա, պիտի որ նրանք անպայման երեւային նաեւ Հայոց պատմության, այսպես կոչված, ուրարտական, այնուհետեւ Երվանդունյաց եւ Արտաշիսյան դարաշրջաններում, այլ ոչ թե ն.թ. III դարում՝ Արշակունիների ժամանակ»: Նշեմ որ, Հ. Դավթյանը ճիշտ չի ընկալում խնդիրը, որեւէ մեկը որեւէ ապացույց չունի այն մասին, որ Մամիկոնյանները հանդիսացել են Խեթական կայսրության զորահրամանատարներ կամ կրոնական առաջնորդներ: Սակայն հարակից տերմինները հուշում են, որ Մամիկոնյանների ծագումը կարող է կապված լինել նաեւ խեթական շրջանի հետ: Հարկ եմ համարում նաեւ (հաշվի առնելով արդեն Պորտասարի 12 հազար տարվա հնավայրի փաստը) ընդհանուր գծերով նորից ներկայացնել տարածաշրջանի կրոնական զարգացումները: Հայտնի է, որ տարածաշրջանի կրոնական հիմնական զարգացումները ներառում են բազում զարգացումներ, որոնք ընդհանրականորեն այսպիսին էին. տոտեմ եւ հրապաշտություն, ապա՝ Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն, հետագայում՝ կրակապաշտություն եւ առաջնորդապաշտություն, ապա՝ կռապաշտություն եւ անձնապաշտություն:

Պատմական նյութերից հայտնի է, որ Խեթական կայսրության կրոնական հավատամքը եւ Արեւապաշտական դիցահամակարգը փոխառված է հուրիներից: Դա իր հերթին նշանակում է, որ փոխառվում են նաեւ տերմինները եւ առարկաները, որոնք ուղղակիորեն կապված են կրոնական եւ հավատամքային համակարգի հետ: Նորից շեշտեմ, բնական է, որ Խեթական կայսրությունում կրոնական համակարգում նույնպես կան առարկաներ եւ տերմիններ, որոնք Արեւապաշտական գաղափարախոսության մեջ օգտագործում եւ կրում էին քրմերը կամ զորահրամանատարները եւ ունեին բարձրագույն, նույնիսկ տիտուլյար իմաստ: Դրանցից էին խեթերենում պաշտպանված «amumikuni» իսկ հայերենում «ճան» եւ «վզնօձ» տերմինները: «Ճան» տերմինով Խորենացին շեշտում է՝ Մամիկոնյանները Հայաստան Աշխարհ մուտք գործելու պահին այլ հավատի կրողներ էին: Ո՞րն է այդ հավատը: Այս հարցին հստակ պատասխան է տալիս Խորենացու մատնանշած «ճան» տերմինը՝ այսօր արդեն «ճան» տերմինի ներկայությունը բավարար հաստատելու համար, որ Մամիկոնյանները մինչեւ նոր կրոնի ընդունումը եղել են Արեւապաշտական գաղափարախոսության կրողներ: Մամիկոնյանների դեպքում «ճանը» հանդիսանում է հավատամքային եւ կրոնական պատկանելության ինքնության վկայական: «Ճան» եւ «վզնոց» առարկաները մեր մշակույթում առկա են եւ այսօր, սակայն վաղուց արդեն կորցրել են իրենց սկզբնական իմաստը եւ նշանակությունը: «Ճանը» այլեւս չի օգտագործվում որպես գուշակության կամ խաղի գործիք, իսկ ահա քրմական «վզն-օձը» այսօր արդեն ընկալվում է որպես կնոջ համար նախատեսված զարդ՝ վզնոց:

Պետք է հիշեցնեմ բոլորին, նաեւ Հ. Դավթյանին, որ Մամիկոնյանների մասին մենք ունենք միայն ծագման ավանդույթ եւ իրավունք ունեք այդ ավանդույթը ենթարկել քննախուզության: Պետք է հիշեցնեմ նաեւ, որ նույնիսկ Խորենացին իր պատմությունը գրելու ժամանակ մատնանշում է, որ ինքը օգտվել է հավաստի եւ օտար աղբյուրներից ու, հետեւաբար, տրամաբանական է Մամիկոնյանների ծագումնաբանության մասին նոր կարծիքը հիմնավորելու համար օգտվել ոչ թե հազար անգամ ծեծված եւ քիչ բան ասող նույնիսկ ակադեմիկների աշխատանքներից եւ նյութերից, այլ նաեւ օտար պատմություններից եւ մեր հարեւան քաղաքակրթությունների մշակույթից: Իմ խորին համոզմամբ՝ Խ. Բալեկջյանի կողմից շրջանառության մեջ դրված «amumikuni»-ն (զինվորական կամ կրոնական բարձր պաշտոն կամ բարձրաստիճան անձ) իրոք կարեւոր տեղ ունի Մամիկոնյանների երեւույթը հասկանալու համար: «Amumikuni» բառը ես դիտարկել եմ որպես խնդրո պարզաբանման հնարավոր միջոց, այլ ոչ թե ճշմարտություն: Իմ մոտեցմամբ՝ a/mumikun/i եւ /Մամիկոն/յան բառերը նույնական են, իսկ a/mumikun/i բառի զինվորական կամ կրոնական բարձր պաշտոն մեկնությունը հնարավորություն է տալիս տեսնել կորը եւ փաստել խեթական a/mumikun/i ու հայկական/Մամիկոն/յան տերմինների նմանությունները ա) տառաձայնային եւ բ) կիրառական գործնական՝ զորահրամանատար: Ինչու է այսպես, սա այլ խնդիր է եւ դուրս է այս հոդվածի քննարկումից:

Հարկ եմ համարում անդրադառնալ Հ. Դավթյանի amumikuni տերմինի կամ բառերի ստուգաբանությանը: «Նախ նշենք, որ մեր պրպտումների ընթացքում պարզեցինք, որ բառի գրության ձեւերն են՝ a-mu-mi-ku-ni-is, a-mu-um-me-ku-un-ni-is, am-mu-u!-me!-ik-ku-un-ne»: Հ. Դավթյանը իր դրույթը հիմնավորելու համար «a-mu-mi-ku-ni-is-ը կամ am-mu-u!-me!-ik-ku-unne-ն» կարդում է աքքադերեն, ապա անում է սույն հետեւությունը, am վանկը (բառը) կնշանակի վայրի ցուլ, երկիր, իսկ եթե ma, ապա կնշանակի նավ, նավակ: Այժմ, որպեսզի ասվածին կշիռ հաղորդենք, բառի ստուգաբանության մի տարբերակ առաջարկենք, նախապես զգուշացնելով իհարկե, որ դա ընդամենը վարկած է եւ միանշանակության չի հավակնում: Հիշյալ բառարանի օգնությամբ կատարենք առաջին քայլը՝ դուրս գրենք այն բառերը, որոնց թարգմանությունը կա: Դրանք են՝ am՝ վայրի ցուլ, երկիր, mu՝ որդի, un՝ մարդիկ, ժողովուրդ, հեծյալ, մարտակառքով արշավող, u՝ կապ գոյականների միջեւ, ku՝ ուժ, հզորություն: Այժմ, եթե նկատի ունենանք, որ խեթերի թագավորին նաեւ անվանում էին իրենց գերագույն աստված Ամպրոպի աստծուն մարտերում օգնող սրբազան ցլի որդի, ապա առանց դժվարության կարող ենք կազմել հետեւյալ դարձվածքը, որն ինքնին առանձին բառի կամ հասկացության արժեք ունի: Այս է՝ Ամպրոպի աստծո սրբազան ցլի որդու երկրի մարդկանց ուժն ու հզորությունը ղեկավարող հեծյալ: Այսինքն՝ «զորահրամանատար»:

Կատարենք առաջին ամփոփումը, այսպիսով` Հ. Դավթյանը դեմ չէ, որ «amumikuni» տերմինը ընկալենք որպես զորահրամանատար:

Խնդրո հետ կապված` Հալմետ Դավթյանն անդրադառնում է Չինաստանում հայտնի gun-gun տերմինին, որը բավականին ուշ շրջանում ընկալվել է որպես «գլխավոր հրամանատար»: Սակայն Հ. Դավթյանը չի անդրադառնում gun-gun տերմինի բուն պարունակությանը: Լրացնենք այս բացը: Gun-gun-ը չինական դիցաբանական համակարգում հանդիսանում է ջրի աստվածություն, ով ներկայանում է օձի մարմնով եւ մարդու դեմքով եւ կարմիր մազերով, նրա հայրն է կրակի հոգի Չժու Ժունը, ում հետ նա կռվի է բռնվում եւ պարտվոււմ: Gun-gun տերմինը ավելի ուշ շրջանում ընկալվում է նաեւ որպես պաշտոն հասարակական աշխատանքների: Ընդ որում՝ փաստ է, gun-gun-ը նույնպես ժամանակի մեջ կորցրել է սկզբնական իմաստը եւ ձեռք բերել նոր նշանակություն, նոր իմաստային պարունակություն:

Բայց նախքան հաջորդ մեկնաբանություն անելը՝ նորից մեջբերում անեմ Հ. Դավթյանի հոդվածից. «gun-gun-ից առաջացել է Mu-gun անձնանունը: Հետեւաբար՝ ցանկության դեպքում կարելի է շատ ավելի հեշտորեն Mu-gun-ի միջոցով Մամգուն անձանվան բացատրությունը տալ, քան amumikuni-ի: Հարկավոր է միայն մի փոքրիկ գործողություն կատարել (եթե amumikuni-ի պարագայում կարելի է փակ վանկը ինքնակամ դարձնել բաց վանկ, ապա Mu-gun-ի դեպքում էլ պետք է թույլատրելի համարել ռեստավրացիան՝ վերականգնել ենթադրելի ընկած վանկը). անվան սկզբից ավելացնում ենք Ma-վանկը եւ ստանում Ma-mu-gun: Այստեղ արդեն երեւակայության կարիք էլ չկա, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է Մամուգուն-ի ու-ն սղվելուց հետո մնացել Մամգունը: Իսկ Մամիկոնյանների նախնու անունը, ըստ Խորենացու, Մամգուն էր: Ուրիշ ի՞նչ է պահանջվում ապացուցել»:

Նորից հիշեցնում եմ՝ ես վիճարկել եմ ոչ թե Մամիկոնյանների նախահոր՝ Մամգուն անունի ծագման խնդիրը, այլ՝ ուղղակիորեն ներկայացրել եմ, որ Մամիկոնյանները չինական ծագում չունեն: Իմ մոտեցումը ամրագրելու համար նորից պետք է կատարեմ փոքրիկ մեկնաբանություն՝ օգտվելով արդեն Հ. Դավթյանի ներկայացրած «gun-gun» տերմինից: Վերեւում արդեն ներկայացրել էի, որ «gun-gun»-ը ջրի աստվածություն է: Հայերենի բարբառում պահպանված է «գունգ» տերմինը, որը նշանակում է «ջրի ակ», նաեւ՝ առարկա, որի միջով կարող է հոսել ջուրը, այսինքն՝ խողովակ: Այսպիսով՝ հայերենում «գունգը» կապված է ջրի հետ երկու իմաստով, իսկ հեռավոր Չինաստանում «gung/un» տերմինը կապված է ջրի աստվածության հետ՝ արդեն որպես անուն: Կարելի է հայերենում «գունգ»-ը ընկալել նաեւ որպես շարժում՝ գնալ/հոսել, իսկ Չինաստանում «gun-gun»-ը ընկալել են որպես տեր զորահրամանատար՝ տեր գնացող եւ նվաճող, ինչը հատուկ է բոլոր նվաճողներին, այդ թվում նաեւ՝ խեթական «amumikuni» տերմինին, որի մեջ հստակ տեսանելի է ընթացքը «ճանապարհ k(g)un» ձեւի մեջ: Նորից անդրադառնամ Խորենացուն՝ Մամիկոնյանների տոհմը առաջացել է Մամիկ ու Կոնակ անձերից: Գուցե սխալվում է Խորենացին, երբ այդպես է ասում: Այս մասում նույնպես խնդիր կա, քանի որ տոհմը պետք է կրի մեկ անուն: Միայն Խորենացու այս մտքի ուսումնասիրությունը առանձին նյութ է, որին հրավիրում եմ բոլորի ուշադրությունը:

Հ. Դավթյանը հայոց ազգանունների վերջածանցների մեկնաբանությունը անելիս «յան» վերջածանցը ներկայացնելիս ասում է հետեւյալը՝ «յան-ը բխում էր այս կամ այն անձնանունից, հետեւաբար՝ յան-ով վերջացող հայոց հին ազգանունները որեւէ ցեղի, ազգի (տոհմի) կամ երկրի, հողի հետ կապ չունեին»: Ապա ավելացնում է՝ «Հայերի մոտ տոհմանունների -ունի վերջածանցը երբեք-յան չէր դառնում, որովհետեւ յան-ով նշվում էին եկվորները՝ Ռոփսյան, Աշխադարյան, Առավեղյան եւ այլն»: Բնականաբար դրույթը, թե «յան» վերջածանցը ցույց է տալիս եկվորություն, անհեթեթություն է եւ դուրս է որեւէ տրամաբանությունից: Հայտնի է, որ հայ էթնոսը բնիկ է եւ նույնիսկ Դյակոնովը անվանեց մեր էթնոսին ավտոխոն (ինքնածին): Սա բավարար է արդեն եկվորության խնդիրը, կապված «յան» վերջածանցի քննարկման հետ, դադարեցնել:

Հարկ եմ համարում անդրադառնալ «յան» տերմինին՝ ճշգրտումներ անելու համար: Ի գիտություն բոլորի՝ հայոց ազգանունների վերջածանցը մինչեւ 1922թ. ռեֆորմը գրվում էր «եան», օրինակ՝ Մամիկոնեան, Դավթեան, իսկ 1922թ. հետո հայոց ազգանունների վերջածանցը դարձավ «յան», օրինակ՝ Մամիկոնյան, Դավթյան: Հարկ եմ համարում նշել, որ հայոց ազգանունների «եանը», որը այսօր գրվում է «յան» ձեւով, ցույց է տալիս ոչ թե եկվորություն, այլ պատկանելություն:

Վերջում ցանկանում եմ տեղեկացնել, որ հայոց իշխանական տների ներկայացուցիչները մի քանի հարյուրամյակ ապրում են Հայաստան աշխարհից դուրս, այդ վիճակում է նաեւ Հայոց գահի իրական հավակնորդ արքայադուստր՝ ֆրանսիացի Սոֆի Օդուին Մամիկոնյանը: Արքայադուստր Օդուին Մամիկոնյանը գահի իրավունքը ժառանգել է իր հորեղբոր՝ Ֆրանսիս Վեբերնի հրաժարականից հետո: Ֆրանսիս Վեբերնը կամովին Մամիկոնյանների տոհմի իրավունքը փոխանցեց Սոֆի Օդուին Մամիկոնյանին եւ նրա մորը: Հույս ունեմ որ, երբ նրանք՝ Մամիկոնյանները վերադառանան հայրենիք, այդ ժամանակ պատմագիրները կլինեն ավելի ուշադիր եւ չեն կրկնի մեր քերթողահոր սխալը եւ չեն գրի, որ Սոֆի Օդուինը եկվոր է ու օտար, այլ վստահորեն կգրեն՝ Սոֆի Օդուինը հայ է, ով, մի քանի հարյուր տարի հետո, վերադարձավ հայրենիք:

Արամ Մկրտչյան, Գերմանիա, 11.04.2014թ.

«Լուսանցք» թիվ 14 (319), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։