Մեր ավանդապատումները. Տավուշ – …Սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա եւ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան (տեղանուններ ունենք անիմաստ, անգամ՝ հակահայ, որ անհրաժեշտ է փոխել՝ պատմականացնել՝ եւ ամբո՛ղջ Հայաստանում)…

Մեր ավանդապատումները շարքից՝ Տավուշի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-13-ում

ԴիլիջանԱսում են, թե հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին, անտառների միջով անցնելիս, որդին կորում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով ման է գալիս անտառներում: Հանկարծ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված:

«Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:

Գոշ - Գտնվում է Դիլիջանից ոչ հեռու: Մխիթար Գոշը եղել է այս գյուղից: Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է. Մխիթա՜ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային: Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները: Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս եւ դրանով ցորեն բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ:

Շարխաչ - Գոշավանքից հյուսիս-արեւմուտք է: Գյուղի գերեզմանատան մեջտեղը կա մի բարձր ժայռ, որի վրա շարքով շինված են 26 հատ մեծ ու փոքր խաչեր: Ասում են, թե գյուղն իր անունը ստացել է խաչերի այդ շարքից:

Բարանա - Ժամանակին Ապարանից այստեղ գալով բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք: Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են. «Էդ որտեղի՞ց եք եկել»: Նրանք էլ ասում են՝ Աբարանա: Դրանից հետո գյուղի անունը մնում է Բարանա:

Սանամի կամուրջ - Դիլիջանի ու Իջեւանի միջեւ է: Այս կամուրջի մոտ Աղջկա Բերդ անունով մի ամրոց կա: Թշնամին ժամանակին հարձակվում է նրա վրա: Ամրոցում փոքրաթիվ մարդիկ հերոսաբար դիմադրում են կատաղի թշնամուն: Նրանց մեջ աչքի է ընկնում Սանամ անունով մի աղջիկ, ով վերեւից հսկայական քարեր է գլորում: Անհավասար կռիվը երկար է տեւում: Բերդականներն ի վերջո պարտվում են: Թշնամու ամրոց մտած զինվորները ողջ-ողջ բռնում են Սանամին եւ կախում կամրջից: Դրանից հետո կամուրջը կոչվում է Սանամի անունով:

Կիրանց վանք - Քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ: Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը: Վերջացնելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու: Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին: Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում: Երկար մտածելուց հետո ասում է. ՄԿիրը անց է կացրել»: Այստեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց վանք:

Մակարավանք - Աչաջուր գյուղի արեւմտյան կողմում է: Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը՝ շարում: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետեւ հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ նախշերն իրար չեն բռնում: Վերեւից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ՝ բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ այլեւս չկա որդին: Վանքի գագաթից ցած է ընկնում ու մահանում: Վանքը մնում է կիսատ եւ մինչեւ հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:

Սուրբ Գիրագի եւ Գայանեի խաչերը - Գտնվում են Աչաջուր գյուղից 6-7 կմ դեպի արեւմուտք, Գեղատեղ կոչվող վայրում: Ժամանակին, երբ այլազգիները հարձակվում են Աչաջուր գյուղի վրա, աչաջուրցիք մի մարդու պես ելնում են նրանց դեմ: Կռվողներին առաջնորդում են քույր ու եղբայր Գիրագն ու Գայանեն: Շատերի հետ մարտում ընկնում են նաեւ նրանք: Երբ թշնամին հեռանում է, գյուղացիք քրոջ ու եղբոր դիակները թաղում են նրանց ընկած բարձունքներին եւ վրաները մատուռ-խաչքարեր կանգնեցնում, իսկ իրենք էլ, թշնամիների հետագա հարձակումներից ավելի լավ պաշտպանվելու համար, բնակություն են հաստատում սարերով շրջափակված մի տափարակում: Ժամանակի ընթացքում Գիրագի եւ Գայանեի գերեզմանները սրբատեղի են դառնում աչաջուրեցիների համար:

Հարս ու Կեսուր - Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից արեւելք է: Պատմում են, որ մի հարս ու կեսուր են լինում: Չեն ուզում չխոսկան մնալ: Թաքուն խոսում են իրար հետ: Մի օր էլ կեսարը դնում է գործի: Տանից մի քիչ հեռանում է, հիշում, որ բան է մոռացել: Ձեն է տալիս, ոչ հարսն է լսում, ոչ կինը: Ետ է դառնում, գալիս տուն: Դուռը բացում է, տեսնում  հարս ու կեսուր կտուց կտցի խոսում են: «Այ լալ կտրեք հա՛,- գոռում է,- քա՛ր դառնաք, քա՜ր»: Խոսքը դեռ բերանում, հարսը հազիվ ոտքի կանգնած, կեսուրը՝ նստած, երկուսն էլ քար են դառնում:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 14 (319), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։