Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է – Առանց փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է… Հարց, որ պետք է վերաձեւակերպվի…

Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է

ՄԱԿ-ում տեղի է ունեցել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով: Բանախոսներն անդրադարձել են նաեւ ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց Ցեղասպանության հետ կապված քննարկումներին, ընդգծել են այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության մակարդակի բարձրացման կարեւորությունը:

Սակայն, ինչպես միշտ, հստակ գնահատական չի տրվել Հայոց Ցեղասպանությանը եւ 100-ամյա հետեւանքների վերացմանը:

Իսկ առանց դատապարտման եւ փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է: «Queens Chronicle»-ն անդրադարձել է Հայոց Ցեղասպանությունը վերապրածների վկայություններին եւ «Տխրությունը մնում է հայերի համար» վերնագրով հոդված է տպագրել: Նշվել է, որ Ցեղասպանությունը վերապրածներն անհետանում են, բայց դրա ուղղակի ազդեցությունը փոխանցվում է հաջորդ սերնդին: Ցավոք, մեկը մյուսի հետեւից մահանում են անմարդկային սպանդի ականատեսները: Առանց այն էլ այսօր հնարավոր չէ ավելի քան 1,5 մլն. ցեղասպանված հայի գործերը կազմել փաստացի, քանի որ դրանք ոչնչացվել են թուրքական արխիվներում, իսկ հայերի անվանական հաշվարկ կարող էր պահպանվել միայն օսմանյան արխիվներում:

Ըստ «Queens Chronicle»-ի, 99 տարեկան Ազնիվ Կիրակոսյանի ցավն արդեն 95 տարիներ ուղեկցում է նրան. «Իմ կյանքը դաժան է եղել: Երբ մտածոււմ եմ այդ մասին, լացս գալիս է»: Նա հիշում եւ լացում է 4 տարեկանում ունեցած փորձությունների համար, երբ հիշում է, թե ինչպես էր այլ կանանց ու երեխաների հետ քայլում սիրիական անապատներով, իսկ այնտեղ նրանցից շատերը թուրքերի կողմից հոշոտվում էին: Ականատես է եղել, թե ինչպես է անապատում մայրը ծննդաբերել, սակայն ոչ միայն երեխան չի ապրել, այլեւ ամիսներ անց մայրն է մահացել:

104-ամյա Փիրուզ Գալուստյանն էլ նշում է, որ որոշ մանրամասներ տասնամյակների ընթացքում նրա հիշողությունից ջնջվել են, սակայն զգացմունքները վառ են մնում. «Թուրքերը շատ վնասներ են տվել, նրանք խլել են մեր տները: Մենք կենդանիների նման ենք ապրել: Ես ատում եմ նրանց»:

Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերունդն անհետանում է, սակայն հաջորդող վերապրողները դա չեն մոռանա

Անկարան լավ հասկանում է, որ դժվար է լինելու հետզհետե դիմակայել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ փորձում է իր մի քանի մտավորականների միջոցով հասկացնել տալ, որ պատրաստ է ներողություն խնդրելեթե դրանով հարցը կփակվի

Նախիջեւանի հայաթափումըՍումգայիթը, Բաքուն, ԱրցախըԵվ Քեսաբը ցույց տվեցին, որ դրանով էլ հարցի չի՛ փակվի:

Վահագն Նանյան

* * *

Հարց, որ պետք է վերաձեւակերպվի

«Անցած տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդը պայքարել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար եւ այդ պայքարի ընթացքում 2 տասնյակից ավելի պետությունների խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ ընդունել են բանաձեւեր, որոնցով դատապարտվել է Հայոց Ցեղասպանությունը, սակայն ակնհայտ է՝ ճանապարհը, որով մենք ընթանում ենք առաջ՝ փակուղային է այլեւս»,- ասել է ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Ըստ նրա, 1991թ. սկսած՝ հարցը պետք է վերաձեւակերպվի՝ Հայոց Ցեղասպանության հետեւանքների հաղթահարում, որն անպայման նախատեսում է նաեւ հատուցում: Նա ներկայացրել է  «Հայոց Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որը վեր է հանում Ցեղասպանության խնդիրներին վերաբերող հարցերը:

Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանն էլ կարեւոր հարց է համարել Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիայի այլ բնակավայրերում ապրող հայերի վիճակը, որոնց մասին քիչ բան գիտենք: «Նրանք հիմնականում զանգվածաբար պարտադրված կրոնափոխ են եղել, իսկ ազգության տեսակետից էլ հանդես են գալիս որպես քրդեր, թուրքեր, արաբներ, ինչ-որ տեղ նաեւ ասորիներ»,- նշել է նա՝ հավելելով, որ առաջ քաշելով 1915թ. Ցեղասպանության խնդիրը՝ մյուս կողմից մոռանում ենք այդ նույն Ցեղասպանության շարունակությունը, որն իրականացվում է այսօր:

Նշենք, որ փոխհատուցումը եւս պետք է վերաձեւակերպվի, ինչը հստակ պետք է արձանագրի ինչպես մարդկային կորուստները, ազգային, մշակութային, նյութական եւ այլ արժեքները, այնպես էլ բռնազավթված հողերի ազատագրումը: Արեւմտյան Հայաստանը եւ մեր այլ տարածքներ (նաեւ Արեւելյան Հայաստանից) կորցրել ենք ցեղասպանվելու հետեւանքով, ինչը չի կարող անտեսվել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 14 (319), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։