Նույն թուրքն է՝ ինչ 100 տարի առաջ – Պետք չէ Հայաստանին համբերության համար գնահատել (այն էլ՝ անիմաստ ու ձեւական), իսկ հայ-թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն…

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության եւ ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որեւէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որեւէ երրորդ երկրի հետ կապված, եւ մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Երեւանին, որ աձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում ու հետ կանչված չեն: Երեւանի համբերությունը գնահատվում է, 4 տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, եւ նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության 2 ամենակարեւոր հարցերով՝ Իրանի միջուկային ծրագրի ու Միջին արեւելքի խաղաղության գործընթացի ու պաղեստինյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարեւորում է, եւ մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում՝ Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ու դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման»:

Բայց բոլորովին նկատելի չէ, թե ինչպես է գնահատվում Հայաստանի 4 տարվա համբերությունը, երբ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերություններն ի սկզբանե դարձրել է հայ-թուրք-ադրբեջանական եւ Արցախին է սպառնում նաեւ, վերջերս էլ Քեսաբում ցույց տվեց, որ ամեն պահի կշարունակի 100 տարի առաջ սկսած Հայոց ՑեղասպանությունըԱյսպե՞ս են գնահատում Թուրքիայի դաշնակիցները Հայաստանին:

Քաղաքական ու հասարակական շատ ուժեր են պահանջում, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը եւ դադարեցնի անիմաստ հայ-թուրքական հարաբերություններ հորջորջվող խաղը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանելով «Արմենպրես»-ի՝ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ հարցին, նշել է, որ «հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն: Ապրիլի 24-ից մենք մտնում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միեւնույն ժամանակ կլինեն նաեւ քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ հայ արիներն ու ազգայնականներն ի սկզբանե դեմ են եղել հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը, եւ ժամանակին միացել են ընդդեմ այդ հարաբերությունների ստեղծված քաղաքական դաշինքին: «Լավ է, որ նախաստորագրումից հետո հենց Անկարան հակաքայլեր արեց, եւ այժմ Հայաստանը կարող է աներկբա հետ կանչել իր ստորագրությունը՝ ապացուցելով, որ ձախողման մեղավորը Թուրքիան ու Ադրբեջանն են»: Ըստ ՀԱՄ առաջնորդի, եթե անգամ մեր նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված է գնացել այդ քայլին կամ ինչ-ինչ հաշվարկների հիմնվելով, ապա պետք է համարի, որ այդ քայլի մեջ արդեն իսկ հաջողել է եւ վաղուց ժամանակն է ստորագրության հետկանչի:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն անդրադառնալով ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի, հիշեցրել է, որ դրանից մեկ օր առաջ ՊՆ այցի ժամանակ, նախագահը խոսել էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, նկատել, որ դրանց

վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին: Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջովին այն մասին էր, որ «իշխանությունները չեն համարում, որ հայ-թուրքական արձանագրությունները խնդրահարույց են եղել, ավելին՝ ժամանակին հնչած բոլոր հակափաստարկներին հատ առ հատ պատասխան տրվեց, ինչը, կարծում եմ, նշանակում է, որ գործընթացի ներքաղաքական կոմպոնենտը դրանով փորձ էր արվում փակել»:

Քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքական հայտարարությունը, որով պաշտոնական Երեւանը պատրաստվում է հանդես գալ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կապված կլինի հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի միակողմանի դուրս գալու հետ: Օրերս խոսելով այդ արձանագրությունների մասին՝ նախագահը նշել է, որ դրանց վերաբերյալ մտավախություններն անհիմն էին, «գործընթացը սկսել ենք, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, մինչդեռ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան փորձեց նախապայմաններ առաջադրել, որի պատճառով էլ գործընթացը մտավ փակուղի եւ այսօր սառեցված է»:

«Ճիշտ չի լինի, որ Հայաստանը թեւակոխի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ այդ արձանագրություններով»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Ցեղասպանության ժխտման քաղաքականության զոհն է հենց Թուրքիայի հասարակությունը, քանի որ զրկվել է իր պատմությանը տեղեկանալու հնարավորությունից եւ այդ հարցում հայ հասարակությունը կարող է օգնել՝ կապ հաստատելով թուրք հասարակության հետ: Բացի այս, միաժամանակ շեշտեց, որ անհրաժեշտ է շարունակել Ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցերի բարձրաձայնումը ու հատկապես փոխհատուցման խնդիրը բարձրաձայնել: Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե այս տարի ապրիլի 24-ին Հայաստանի համար կարեւոր փոփոխություն պարունակող հայտարարություն է հնչելու ԱՄՆ իշխանությունների մակարդակով, Կիրո Մանոյանը ասաց, որ դրա մեջ վտանգ է տեսնում. «Վստահ չեմ, որ դեսպանի հայտարարությունը դրական է, քանի որ եթե իսկապես ինչ-որ փոփոխություն պետք է լինի, ապա ժամանակից շուտ դրա մասին հայտարարելը սխալ է՝ Թուրքիայի կողմից կանխելու քայլեր կարող են ձեռնարկվել: Մեզ համար ուժեղ կլինի այն հայտարարությունը, որ ԱՄՆ իշխանություններն ասեն՝ եղել է ցեղասպանություն, պետության կողմից ծրագրված ցեղասպանություն»:

Երեւանը պիտի իր ստորագրությունը հետ կանչի՝ հատկապես նշելով Անկարայի չսպառվող հակահայ քաղաքականությունը, որ կիրառվում է ոչ միայն Թուրքիայում: Այն դրսեւորվեց վերջերս Սիրիայի հայաբնակ Քեսաբում, առկա է տարածաշրջանի երկրներում եւս: Այն ոչ միայն շարունակությունն է 1915-1923թթ. թուրքական բարբարոսությունների, այլեւ՝ 1988-1990թթ. ադրբեջանական վայրագությունների, որ կատարվեցին Սումգայիթում, Բաքվում, դեռ բռնազավթված հայկական Գարդմանի ու Դաշտային Արցախի տարածքներում, որոնք այն ժամանակ հայաբնակ էին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 14 (319), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։