Մեր ավանդապատումները – Տավուշ… Գիշերն այցելեք թանգարաններ… Պարգեւներ` պարի միջազգային օրվա առիթով… Կաննի կինոփառատոնում՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը…

Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-14-ում

Խոլնի քար – գտնվում է  Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հանդում:

Մադաթովի կռվի ժամանակ է լինում: Մի գյուղացի բինայից քոչում է գյուղ: Ճամփին ձիավոր ռուս զինվորներ են հասնում:

Բարեւ են տալիս, բարեւ առնում: Ուզում են իմանալ՝ հո բան չի՞ պատահել:

– Էտը – ասում են,- շտո տակոյ ա:

Գյուղացին էլ թե. «Եզներն իմն են, սելը‘Ակոյինն ա»:

– Սելո սպակոյնա, սպակոյնա,- ասում են ռուսները եւ գնում գուղացու հետ: Հասնում են մի աղբյուրի: Գյուղացին մի գառ է բռնում, որ մորթի:

– Բառաշկա, բառաշկա,- ասում են զինվորները:

Գյուղացին ծիծաղում է. «Բա  արաղ չկա՛, ոնց չէ, կա, կա»: Տիկը մեջտեղ է դնում, խորովածն անում: Ուտում, խմում: Մեկ էլ մի զինվոր նայում է սար ու դաշտի:

– Լեսա,- ասում է, – խոլմի, խոլմի…

Գյուղացին էլ թե. «Բա է՛ն, – ու ցույց է տալիս մի բլրի ցից քարը,- էն էլ մեր ղոլի կողմի քարն ա, էն էլ մեր ղոլն ա, թուրքինը չի»:

Ու բաժանվում են ծիծաղելով:

Եվ դրանից հետո գյուղացու ավելի անունը մնում է խոլի, քարինը՝ Խոլնի քար:

Տավուշ բերդ – գտնվում է Շամշադինի շրջանում:

Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում:

Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին: Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի: Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը եւ կտրում ջուրը: Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում: Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից եւ տեղափոխվում Սեւանի կողմերը:

Նանայի գերեզմանատուն – գտնվում է Շամշադինի Այգեձոր գյուղի մոտ:

Լեզգիները Դաղստանից գալիս են Այգեձոր: Սրա բնակիչները հավաքվում են գյուղի մոտ գտնվող բերդում:

Մելիք-Քալանթարը մի թուղթ է ուղարկում Գանձակի ռուս գեներալին, որպեսզի նա օգնության գա հայերին: Մինչ այդ, երկու լեզգիներ, պատգամավոր են գալիս Մելիք-Քալանթարի մոտ, պահանջելով անձնատուր լինել:

Մելիք-Քալանթարը 20 կոպեկանոցի չափ մի թուղթ է կպցնում ծառից եւ լեզգիների ներկայությամբ նշան է բռնում թղթին: Նա երեք անգամ կրակում է հրացանից եւ երեք փամփուշտներն էլ դիպչում են նույն կետին: Մելիք-Քալանթարը վերցնում է գնդակներով ծակծկված ծառի կտորը, տալիս է լեզգի պատգամավորին, պատվիրում է հանձնել իրենց մեծավորին եւ ասել, որ հայերը քանի դեռ ողջ են, երբեք չեն ենթարկվի նրան:

Հետեւյալ օրը ռուսները մի կողմից, հայերը մյուս կողմից պաշարում են լեզգիներին, բոլորին կոտորում իրենց առաջնորդ Նանայի հետ միասին:

Դրանից հետո այդ վայրի անունը կոչվում է Նանայի գերեզմանատուն:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

Գիշերն այցելեք թանգարաններ

Մայիսի 17-ին Հայաստանը 10-րդ անգամ կմիանա Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի հովանու ներքո կազմակերպվող «Թանգարանների գիշեր» ամենամյա միջազգային միջոցառմանը։ Ամեն տարի այն կազմակերպվում է թանգարանների միջազգային օրվա՝ մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը։ Թանգարանների գիշերվա այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը»: Հայաստանի ազգային պատկերասրահիցհայտնել են, որ օրվա առիթով նախապատրաստել են հետեւյալ ծրագիրը՝ մշտական ցուցադրության դիտում, Ժան Կազանջյանի անհատական ցուցահանդես, Ռոբերտ Սահակյանցի «Գարուն ա» խորագրով ցուցահանդես, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), Մայթ Աթոռ սբ. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի երգչախմբի համերգները:

Ի դեպ, Հայաստանում համաեվրոպական այս տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը. եթե 2005-ին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա 2013-ին միջոցառմանը մասնակցել է 88 թանգարան, ավելանում են նաեւ այցելուների թիվը:

Պարգեւներ` պարի միջազգային օրվա առիթով

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը օրերս ներկա է եղել Պարի միջազգայի օրվան նվիրված «Ազգերի բարեկամություն» փառատոնին։ Նա նկատել է, որ, վերջին տարիներին մայրաքաղաքում անցկացվող նման փառատոները ավելանալով, ոչ միայն աշխուժացնում են մշակութային կյանքը, այլեւ մրցակցության շնորհիվ որակական չափանիշներն են բարձրացնում. «Հաջորդ տարի է՛լ ավելի ընդգրկուն է լինելու այս փառատոնը, որն անցկացվում է մասնագիտական տոնի օրը»։ «Ազգերի բարեկամություն» փառատոնին մասնակցելու եւ գեղարվեստական արժեքներ տարածելու համար Երեւանի քաղաքապտի պատվորգրով են պարգեւատրվել Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Չանիշվիլին, Աջարիայի պարարվեստի միության նախագահ Գենո Ճելիձեին, ինչպես նաեւ փառատոնի կազմակերպիչ «Միլեն շոու-բալետ»-ի ղեկավար Արթուր Եղոյանը։ Փառատոնին մասնակից հայկական ու վրացական մեկ տասնյակ համույթներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով։

«Ազգերի բարեկամություն» փառատոնին ներկա էր նաեւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։

Կաննի կինոփառատոնում ներկայացվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

Կաննի 67-րդ կինոփառատոնի Cannes Classics ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը 1968թ. նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում եւ վերջերս ամերիկյան հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայում: Կինոփառատոնի տարբեր ծրագրերում ներկայացվելու է ուկրաինական 8 ֆիլմ: Դեռ ոչ մի երկիր նման քանակությամբ ֆիլմեր չի ցուցադրել փառատոնի շրջանակներում:

Կինոփառատոնում ներկայացվելու է նաեւ Սերգեյ Լոզնիցայի՝ Մայդանի մասին պատմող ֆիլմը:

Կաննի 67-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14- 25-ը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.