Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի՞ մոռացվել – Չնայած՝ ունենք վարչապետ եւ կառավարություն, ԱԺ նախագահ եւ տարօրինակ վարքագծով ընդդիմադիրներ…

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վերջերս բավականին աշխույժ մասնակցում է քաղաքական դաշտի վայրիվերումներին: Երկար ժամանակ չխոսելուց հետո, նա հանկարծ ու միանգամից վերաարծարծեց ՀՀ իշխանության մեջ ծվարած համասեռական պաշտոնյաների հարցը: Հիշեց, որ այդ ցուցակները կարդացել եւ գիտեն ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, այսպես՝ աջուձախ իշխանական ու օտարերկրյա որոշ շրջանակների լսեցնելով, թե «մենք գիտենք՝ ով ով է… խելոք մնացեք»… Հետո նա էլի շատ աշխույժ մասնակցեց ընդդիմադիր քառյակի՝ իշխանությունների խայծը կուլ չտալու պայքարին եւ համոզում էր չհամագործակցել իշխանությունների հետ, դառնալ ուժեղ ընդդիմություն: Այժմ էլ նա հայտարարել է, թե կառավարությունում ոչնչ չի փոխվել:

Այս ամենը ավելի հետաքրքիր է դառնում, երբ հիշում ենք, որ Գառնիկ Իսագուլյանն առ այսօր համագործակցում է ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչեւէ: Ներքաղաքական կյանքում վերջերս կարծես աշխուժանում են բոլորը, բայց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հասցրել է նաեւ արտաքին ուղղությամբ հայտարարարություն անել. «Եթե Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, չեղյալ հայտարարի իր ստորագրությունը, ապա Երեւանի վրա կլինեն ճնշումներ Արեւմուտքից, հատկապես արձանագրությունները նախաձեռնած երկրներից, սակայն մեր երկիրը շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, այդ թվում այն, որ արձանագրություններն օրակարգում թողնելն ի վնաս իրեն է»:

Խոսելով նոր կառավարության մասին՝ նա նշել է, եթե հենց նույն օրը այդ կառավարությունը չի վերացնում հասարակության աչքը ծակող խնդիրները, ապա նշանակում է՝ կառավարությունում ոչինչ չի փոխվել՝ բացի անուններից: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ավելի մեղմ է արտահայտվել. «Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ: Բայց գործող վարչապետի գործելաոճը գոնե կտրուկ տարբերվում է նախորդ վարչապետի՝ միավանկ, անբովանդակ, վիրավորական ոճից, առհասարակ այն առոգանությունից, որով նախկին վարչապետը շփվում էր հանրության, պատգամավորների հետ»: Իսկ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմացել է. «Եթե կառավարությանը տրված չէ որոշում կայացնելու լիազորություն, ապա ինչպե՞ս կարող են դրական փոփոխություններ լինել»:

Առհասարակ այն կարծիքն է գերակշռում քաղաքական դաշտում, որ կառավարության աշխատանքը տեսնելու ու գնահատելու համար ժամանակ է պետք: Գուցե 100 օր անց բոլորը խոսեն այս մասին: Այդ օրը կխոսի նաեւ «Լուսանցք»-ը:

ՀՀ նոր կառավարությունն այսպիսի կազմ ունի. Վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան, փոխվարչապետ՝ Արմեն Գեւորգյան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյան, առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյան (նախկին՝ Դերենիկ Դումանյան), արդարադատության նախարար՝ Հովհաննես Մանուկյան (նախկին՝ Հրայր Թովմասյան), արտակարգ իրավիճակների նախարար՝ Արմեն Երիցյան, արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ Նալբանդյան, բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյան (նախկին՝ Արամ Հարությունյան), գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյան, էկոնոմիկայի նախարար՝ Կարեն Ճշմարիտյան (նախկին՝ Վահրամ Ավանեսյան), էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝ Երվանդ Զախարյան (նախկին՝ Արմեն Մովսիսյան), կրթության եւ գիտության նախարար՝ Արմեն Աշոտյան, մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյան, պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան, սպորտի եւ երիտաuարդության հարցերի նախարար՝ Գաբրիել Ղազարյան (նախկին՝ Յուրի Վարդանյան), սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյան, տարածքային կառավարման նախարար՝ Արմեն Գեւորգյան, տրանսպորտի եւ կապի նախարար՝ Գագիկ Բեգլարյան, քաղաքաշինության նախարար՝ Նարեկ Սարգսյան (նախկին՝ Սամվել Թադեւոսյան), ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյան (նախկին՝ Դավիթ Սարգսյան):

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ընտրվեց ԱԺ նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր:

ՀՀԿ-ի պատգամավորների հետ միասին ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը «ընդդիմադիր ձեւերով» աջակցել են Գալուստ Սահակյանի ընտրությանը: Փոփոխությունները շարունակվում են նաեւ մարզպետների շրջանում:

Մեր ունեցած տեղեկություններով, այս կառավարությունն անցումային է՝ առավելագույնը 2.5 ամիս ժամկետով: Դրանից հետո կկայացվեն անակնկալ քաղաքական որոշումներ: Հուսանք, որ այդ ժամանակ փոփոխությունը պրոֆեսիոնալ տեսանկյունից կլինի, այլ ոչ թե փոխատեղում:

Անի Մարության

* * *

Անդրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմադիր դառնալու որոշմանը՝ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է, որ ՕԵԿ-ի հետագա վարքագիծը դեռ ժամանակը ցույց կտա. «Համենայն դեպս, մի բան պարզ է՝ դուրս եկան կոալիցիայից, այսինքն՝ ըստ էության թոթափեցին պատասխանատվությունը:

Բայց գիտեք՝ ընդդիմությունը պակաս պատասխանատու չէ:

Ինձ ցավ է պատճառում եւ հիասթափեցնում է այն, որ ոմանք կարծում են, թե ընդդիմությունը միայն նախատինք է, հայհոյանք ու քննադատություն, բայց ոչ պատասխանատվություն:

Շատ դեպքերում ընդդիմադիր լինելն ավելի պատասխանատու է, քան իշխանությունը, եթե առողջ դատենք»:

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։