Միակուսակցակա՞ն կառավարում, թե՞ քաղաքական դաշինք – Եթե Հայաստանի ու հայության ապագայի մասին իսկապես մտածելու են օրվա կառավարիչները, ապա միայն կտրուկ փոփոխությունները կտան արդյունքներ…

Երկրի նախկին վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառներն ավելի շատ գտնվում էին ներքաղաքական դաշտում եւ կային մի քանի պատճառներ, որոնցով նախորդ կառավարությունը չէր կարող շարունակել իր գործունեությունը. այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Նա առանձնացրել է վարչապետի հրաժարականից հետո որոշ հնարավոր տարբերակներ, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն եւ ընդդիմությունը, դրանք շատ նման են այն տարբերակներին, որ հնարավոր էր համարել նաեւ մեր թերթը՝ 1. հիմնական դերակատարող ուժի շրջանակում կարող էր ձեւավորվել իրապես նոր կառավարություն, 2. կարող էր նոր նվազագույն կոալիցիա ձեւավորվել որոշ ընդդիմադիր ուժերի հետ կամ նվազագույն հին կոալիցիան կպահպանվեր, 3. կարող էր լայն կոալիցիայի ձեւավորման հարց դրվել, փորձել ձեւավորել այդ քաղաքական դաշինքը խորհրդարանական ուժերի հետ:

«Լուսանցք»-ը, այնուամենայնիվ, մեկ այլ տարբերակ էլ էր ենթադրել, որը դեռ կարող է իրականություն դառնալ. 4. Հնարավոր 3 տարբերակների տապալման դեպքում՝ կարող է նոր կոալիցիա ձեւավորվել արտախորհրդարանական ուժերի հետ:

Այս տարբերակի մերժումն էլ արդեն կարող է արդիական դարձնել օրերս հնչած այն հարցը, թե ՀՀԿ-ն կդառնա՞ Կոմունիստական կուսակցություն: Եվ արդյո՞ք միակուսակցական ղեկավարումը կարող է հանգեցնել քաղաքական, իրավական կամ սոցիալ-տնտեսական բարեփոխումների:

Չնայած «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի ընտրությանը, համարում է, որ միակուսակցական համակարգ չկա դեռ: Ըստ նրա, «քվեարկությամբ ոչ իշխանական ուժերը, ըստ էության, հավատարմության երդում տվեցին գործող իշխանությանը, քանի որ կարող էին չքվեարկել, բայց քվեարկեցին ու ցույց տվեցին իրենց հավատարմությունը»:

Այս իրադարձությունները, որոշ վերլուծաբանների կարծիքով, ցույց տվեց, որ հատկապես ընդդիմադիրները պատրաստ չէին նման զարգացումներին, անգամ պատրաստ չէին մտնել կառավարություն եւ հանդես գալ որպես համագործակցող ուժ:

Իսկ նոր կառավարությունը, ըստ Ալեքսանդր Մարգարովի, «ունի տեխնոկրատական տարրեր, այսինքն՝ հին կառավարության տարրեր, բայց նաեւ հնի ու նորի խառնուրդ է, քանի որ այստեղ պահպանվում են նաեւ «հին» նախարարները, այդ թվում՝ կրթության եւ գիտության, մշակույթի եւ այլն: Մյուս կողմից՝ կան այն դեմքերը, որոնք նախկինում հանդես էին եկել որպես համապատասխան պաշտոնյաներ, եւ այսօր նորից պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը կառավարությունում, որպեսզի տնտեսությունը դուրս բերեն այս վիճակից»:

Բայց պետք է նշել, որ տնտեսությունն այս վիճակին հասել է նաեւ նրանց «օգնությամբ»: Եթե կառավարության հիմնական խնդիրներից մեկը նոր կադրեր գտնելը չդառնա, ապա ավելի վատ ճակատագրի կարժանանա, քան նախորդը: Նոր մոտեցումների ու գաղափարների, առավել ազգային մտածողությամբ սերունդ պետք է գա պաշտոնավարման, որ ցայսօր հեռու է մնացել ՀՀ 3 նախագահների ավելի քան 20-ամյա ժամանակների թալանից ու… ամեն ինչից:

Իմիջիայլոց, կադրերի թարմացումը խիստ անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, գործադիր, օրենսդիր եւ դատա-իրավական իշխանական բուրգերում եւս: Այս ավելի քան 20-ամյա ժամանակահատվածում նույնն են թե՛ իշխանությունը (դիմափոխությունը հաշիվ չէ), թե՛ ընդդիմությունը (որ միշտ նախորդ իշխանության ստվերն է լինում)…

Եթե Հայաստանի ու հայության ապագայի մասին իսկապես մտածելու են օրվա կառավարիչները, ապա միայն կտրուկ փոփոխությունները կտան արդյունքներ, մասնակի «բարեփոխումները» առավելապես անձնավորված բնույթ են ստանում կամ անձնավորվում են ընթացքում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.