Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր… Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են – ՀԱՄ գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք…

Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս նշվում է այս օրը, որը սահմանվել է 1993թ. ՄԱԿ-ի կողմից: Արդեն 21 տարի է նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:

Շատերի կարծիքով՝ հայաստանյան մամուլի մի մասը վերահսկվում է դրսից, ֆինանսավորման աղբյուներն օտար են, ինչը զրկում է լրատվամիջոցների այդ մասին իրական տեղեկություն կամ վերլուծություն հաղորդելու հնարավորությունից: Մի մասն էլ քաղաքական բեւեռացումների մեջ է, պատվերների տակ, եւ դրանց մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից: Սփյուռքահայ մամուլն առավել եւս կուսակցականացված է, ինչը արգելակում է անաչառ լրատվության իրականացումը:

Ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը հրապարակեց ՙՄամուլի ազատություն-2014՚ զեկույցը, որտեղ վարկանիշային աղյուսակում Հայաստանը դասակարգված է ՙոչ ազատ՚ բաժնում:

Այս տարվա զեկույցում ստացած 62 միավորը 1 կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից:

Իսկ ըստ Gallup-ի՝ ՀՀ-ում մամուլի ազատության մասին պատկերացումները լավացել են: 132 երկրներում 2013թ. անցկացված հարցախույզի արդյունքներով՝ 63%-ն է ասել, որ մամուլն իրենց երկրում ազատ է, եւ 26%-ը՝ որ ազատ չէ:

Մեր երկրում մամուլի ազատության պատկերացումները նախորդ տարիների համեմատությամբ լավացել են. փաստացի 2010թ. ի վեր առաջին անգամն է, որ հարցման ընթացքում ՀՀ-ում լրատվամիջոցների գործունեությունն ազատ որակողներն ավելի շատ են եղել, քան ոչ ազատ համարողները, թեեւ տարբերությունը մեծ չէ՝ միայն 1%:

ՙԱրդյոք բավականաչափ ազա՞տ է ձեր երկրում մամուլը՚ հարցին, ՀՀ-ում 44%-ը դրական պատասխան է տվել, 43%-ը՝ բացասական: Առաջին անգամն է, որ Հայաստանը տեղ չի զբաղեցրել մամուլի ազատության առումով ամենաշատ բացասական պատասխանները տված երկրների տասնյակում:

* * *

Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը:

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրով… Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ:

Ավարայրի ճակատամարտն իր ժամանակի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավ… Սարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որ կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո:

Շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, փառաբանելով բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներին, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը: Այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր թուրքերի կողմից՝ իրենց դաշնակից գերմանացիների հաղթանակի դեպքում:…

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:

Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Եռաբլուր եւ փառաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորացում, կամք ու բարիք մաղթելով ապրող քաջերին:

Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

08.05.2014թ.

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։