Երբ տոնը խորհրդավոր է, խորհուրդն էլ տիեզերահաս իմաստ ունի – Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ անդավաճան էին հավատավորները…

Արիադավան հայերն ի սկզբանե արժեւորել ու նպատակայնորեն են նշել ազգային տոները, նույն ոգով էլ կատարել են ծեսերն ու տարաբնույթ արարողությունները: Խորհուրդներն իրենց հաստատուն տեղն են ունեցել եւ ունեն արիադավան հայերի կեցակարգում եւ կյանքում առհասրակ: Դրանք առավելապես տիեզերաիմաստ են եւ հավիտենարժեք, քանզի խորհրդանշում են երկնի ու երկրի խորհրդավոր կապը, նաեւ՝ Աստվածների ու մարդկանց առնչությունները:

Տոների խորհուրդը եւս իմաստավորված է, եւ ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նկարագրել. «Հայոց տոները նշվում են Բնակարգին համապատասխան, դառնալով Տիեզերահասության խթանիչ, Աստվածատեսության միջոց եւ Տիեզերասնուցման միջնորդ… Տոնական օրերին գենետիկ-ծինաբանական ընկալումներն արթնանում են վերից-վար եւ հակառակ ուղղությամբ, իսկ ազդակները գործում են բաց եւ ուղղակի… Անգամ հնարավոր է դառնում լսել ու նկատել անտեսանելին, խոսել Աստվածների հետ, ընկալել Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը, ակնդրել եւ ունկնդրել Տիեզերքը…»:

Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ զորավոր ու անդավաճան էին հավատավորները:

Իհարկե, այլ բնույթ ունեն այսօրվա տոները, որ պետական կամ եկեղեցական են կոչվում: Այլ բնույթ ունեն, քանզի անգամ ազգային հռչակվելով, զուրկ են բնական ու իրապես ծիսական արարողակարգից, անգամ ազգային ավանդական պատկերացումներից: Հայ արիները վաղուց են փորձում այսօրվա պետական տոներին հաղորդել ազգային ծիսակարգ, որպեսզի օրը ճիշտ ու նպատակային «աշխատի» հայության համար:

Դիցուկ՝ շատերն են հրաժարվում մարտի 8-ի տոնից՝ պատճառաբանելով դրա ոչ հայկական եւ անգամ հակահայկական «ծագումը»… Սակայն մեր երկրում պետականորեն միամսյակ է հայտարարվել ու մարտի 8-ից ապրիլի 7-ը նշվում է հանդիսություններով: Արդեն մի քանի տարի է հայ արիները մասնակցում են այս միամսյակին՝ հասկանալով, որ մարդկանց մեծ մասը նշում է եւ այսպես, թե այնպես այդ ազդակները հասնում են երկնքի դարպասներին… Ուրեմն՝ պետք է կանանց ու մայրության տոնը, մեր մաղթանքները լսելի դարձնել մեր Աստվածներին եւ դրական ու բարի ազդակներ «իջեցնել» հայ իգական սեռի համար: Հայ արիները արդեն քանի տարի է այդ օրերին արձագանքում են այսպես. «Շնորհավո՛ր տոնդ, հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր, որ արարչածին եք ու աստվածազարմ… Բարեմաղթանքներ հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ»: Բայց այս 1 ամիսը չէ, որ իրապես արժեւորում է հայ մորը, կնոջը, մաքրարյուն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի, կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր, քանզի հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերադիր կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է… Հայ իգական սեռն ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…

Եվ պետականորեն բացառապես ուտել-խմելու վերածած այդ միամսյակին հայ արիները դեպի Տիեզերք են ուղղում իրենց խոսքը, որպեսզի հայուհին դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Հայ արիները Տիեզերքին են դիմում նաեւ փառաբանումներով, որ հայ կինը վերագտնի իրեն որպես իգական արմատ եւ ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք  գործում հանուն անձնական  եւ ընդհանրական ու ազգային նպատակների: Իզուր չէ, որ ՀԱՄ-ն իր պաշտոնական ուղերձներում նշում է. «Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին»… Եվ հայ արական ակունքը պիտի դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը: Սա՛ պետք է տիեզերահաս դարձնեն այդ օրերին, ոչ թե սին ու դատարկաբանող բաժակաճառերով խցանեն տիեզերամուտքը…

Հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, հայի գոյության եւ առաքելության հաղթանակի, Հայքի ամբողջականացման ու հզորացման պետք է ավարտվեն բոլոր պետական ու ազգային հռչակված նորօրյա տոները…

Անգամ այսօր արհամարհված, բայց իրականում աշխատավորների համար եզակի տոն դարձած մայիսի 1-ը կարելի է «դարձնել» իմաստալի: Իհարկե, սա էլ է միջազգային տոն, որ նշում են ավելի քան 140 երկրում: Նշանակում է՝ մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով շքերթներով ու ցանկություններով։ Իսկ Տիեզերքն արձագանքում է ինչպես չար ու չկամ ցանկություններին, այնպես էլ՝ արդար եւ բարի մաղթանքներին: Իհարկե համապատասխան վերաբերմունքով, ըստ մարդկային ու հոգեւոր արժանիքների, մտավոր-բանական հասունության կարգի, ոչ թե ըստ գռփած փողերով շինած եկեղեցիների քանակի կամ անհավատ ու ոչ տեղին նվիրատվությունների, կամ էլ՝ անիմաստ ու սնահավատ մոմավառության ու տկարամիտ աղոթքների…

Եվ հայ արիները նաեւ մայիսմեկյան տոնն են փորձում արժեւորել՝ շնորհավորելով հայ աշխատավորին. «Թող լինի՛ աշխատանք, նաեւ աշխատանքը կանչի տուն հային, այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը»… Այո, միջազգային շատ տոներ քաղաքականացված ու երբեմն էլ դիմազրկված են, բայց երբ դրանք տոնում են նպատակայնորեն՝ հարգելով տոնի եւ տոնականների խորհուրդը, ապա այն դառնում է գեղեցիկ ու ազդեցիկ տանախմբություն: Հայ արիները հարգում են աշխատավոր մարդուն, բանվորին, մշակին ու գյուղացուն, արվեստագետին, ստեղծագործողին ու գիտության մարդուն, գործարարին ու նորարարին, բոլոր ստեղծողներին… եւ այս խորհուրդն այսօր ավելի քան անհրաժեշտ է համարում Հայաստանի ու հայաստանցու համար:

Հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում: Իսկ մեր անկախացումից ի վեր, պատերազմի, երկրաշարժի եւ տարբեր այլ աղետների պատճառով, հաճախ էլ՝ երկրի ապազգային կամ ապաշնորհ կառավարիչների առկայությամբ (նաեւ ալան-թալանի պատճառով), մեզանում մեծապես նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը եւ դա վտանգ է ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության կայուն ու ռիթմիկ զարգացման համար:

Իսկ իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով օտար ափերում դեգերող հայ մարդը հաճախ հենց ընտանիքի պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Եվ մայիսի 1-ը պետք է նշել այն ակնկալությամբ, որ հայոց երկրում վերհիշեն արդյունաբերության, արտադրության, ստեղծագործության եւ գյուղատնտեսության զարգացման մասին, քանի որ երկիրը դարձել է օտար հայակուլների ու սեփական ազգակուլների սպասարկման տարածք… Արտաքին, թե ներքին բոլոր ներդրումները ծառայում են Հայաստանն ու հայությանը սպասարկող տարածքի ու հանրույթի վերածելու համար:

Հայ մարդը պիտի աշխատանք ունենա ու Հայաստանում չպե՛տք է լինեն գործազուրկներ, անտեր ու թափառական մարդիկ, այստեղից էլ՝ մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար լուռ ամոթանքի դրոշմ է: Հայ մարդը պետք է ապրի ազատ եւ ազգային կյանքով:

Մայիսյան հաղթական տոները այսօր եւս նշվում են որպես հաղթության երաշխիք, բայց դա քիչ է, պետք է նաեւ հնչեն որպես հայրենատիրության երաշխիք:

1918թ. մայիսի 28-ը մի նոր՝ պետականաշեն փուլ բացեց մեր պատմության մեջ: Դա Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման օրն է, որը Հայոց Հողերի վրա Հայոց Պետականության վերականգնման խորհուրդն ունի: Այսպես կոչված՝ նոր թվագրության 20-րդ դարում, հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելով, ցեղասպանվելուց ու բազում մաքառումներից հետո, եւ հայրենատիրության կանչը միայն 21-րդ դարում կհանդիսանա Հայոց Միասնության՝ Միացյալ Հայկական Պետության վերակերտման հարյուրամյակ:

Այդ հանրապետությունը ծնվեց եւ ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի: Եթե չկայանար մեր պետությունը, ապա 1-ին աշխարհամարտի շորշոփների տակ Հայոց Ցեղասպանությունը առավել մեծ ծավալներ էր ընդունելու: 1918-1920թթ. գոյատեւած հանրապետությունը վերականգնեց Հայոց Անկախության ընթացքը, չնայած գոյատեւեց շուրջ երկուսուկես տարի, մինչեւ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան… Եվ նոր արյունահեղությունից խուսափելու համար անզորացած դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշեւիկներին: 1915թ. մեծ արյունահեղությունը՝ Հայոց Ցեղասպանությունը դեռ թարմ վերքեր ուներ… Եվ միայն մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ էր (նա ստեղծեց Լեռնահայաստան եւ կռվեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ), որ Զանգեզուրը մնաց արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:

Եվ Հայ Արիական Միաբանությունը համայն հայության հետ մեր վերականգնված Հայոց Անկախությունն է արժեւորում: Չմոռանանք, որ մայիսյան տոները նաեւ մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտի հաղթական ավարտն են նշանավորում, երբ տասնյակ հազարավոր հայորդիներ այդ պատերազմում մասնակցեցին հաղթանակի կռմանը: Դա նաեւ մեր հաղթանակն էր, քանզի թուրքական զորքերն արդեն Խորհրդային Հայաստանի սահմանների մոտ էին, սպասում էին իրենց դաշնակից նացիստական Գերմանիայի հաղթանակին Ստալինգրադի ճակատում: Այդ ճակատամարտում խորհրդային զորքերի պարտությունը Կովկասի տարածաշրջանը կտրելու էր ԽՍՀՄ-ից եւ պարզ է. թե ինչ էր սպասվում Հայաստանի հայությանը, որն արդեն առանց դիմադրության կարող ուժի էր մնացել, քանզի բոլոր՝ կռվի ի վիճակի պատրաստ տղամարդիկ ռազմաճակատում էին…

Եվ սին են Նժդեհին, Հայկ Ասատրյանին կամ Դրոյին ուղղված այն մեղադրանքները, թե նրանք գերմանացիների հետ համագործակցած՝ հայկական լեգեոններ էին ստեղծել, որ կռվեն խորհրդային բանակի դեմ: Պատմությամբ է հայտնի, որ այդ լեգեոնը երբեք կենաց մահու չի մարտնչել խորհրդային զորքերի դեմ, եւ հմուտ հայ զորավարների ջանքերով նախ տեղակայվել է Ղրիմի տարածքում, ապա հնարավորինս առանց լուրջ բախումների շարժվել դեպի Կովկաս, քանի որ վերոնշյալ հայորդիք հասկանում էին, որ Ստալինգրադի հնարավոր անկումից առաջ պետք է հասնել Հայաստան, որպեսզի մարտնչեն անզորք մնացած հայության համար…

Սա՛ է իրականությունը եւ այն պետք չէ պղտորել: Հատկապես Գարեգին Նժդեհը լավ գիտեր, որ ինչպես 1-ին աշխարհամարտի տարիներին է սեփական ուժերով պաշտպանել Սյունիքը, այնպես էլ՝ 2-րդ աշխարհամարտում է լինելու, միայն հայն է պատրաստ մահացու հարված հասցնել թուրքին… Այո՛, պետք է նշել մայիսի 9-ը որպես փրկարար հաղթանակի օր, բայց այն պետք է դիտարկել բոլոր ուղղություններով:

Մայիսյան տոների նորօրյա զարդը թերեւս Շուշիի ազատագրման օրն է՝ մայիսի 8-ը, որը բեկումնային եղավ Արցախի ազատագրության պայքարում: Չենք մոռանում նաեւ Վարդան Մամիկոնյանի սխրանքը (մայիսի 26)՝ երբ նա իր աշխարհազոր զորքով նահատակության ուղին բռնեց մեծաթիվ պարսկական զորքի դեմ ելնելով: Այսօր այլ բնույթի պատմական վերլուծություններ կան եւ Վարդանի նահատակության քայլը ու Վասակի հետագա գործողությունները այլ փոխկապակցությամբ են լուսավորվում…

Հայ արիները նշել են, որ եթե Ավարայրի ճակատամարտը կրոնական (իրականում՝ կղերական պարտադրանքի) բնույթ ուներ, իսկ Սարդարապատի ճակատամարտը՝ ինքնապաշտպանական էր, ապա Շուշիի ազատագրումը հարյուրամյակներ հետո՝ ներկա եւ ապագա ժամանակների հաղթանակի ու հայրենատիրության իմաստ ունեցավ…

Իսկ սեպտեմբերին (ամսի 21-ին եւ 2-ին) հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական 2 հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք են: ԽՍՀՄ փլուզման ընթացքում հայկական հանրապետությունների առաջացումը նոր ընթացք տվեց Հայոց Պետականության շարունակականության եւ հողերի վերամիավորման համար: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների վերամիավորմամբ էլ պետք է սկիզբ դրվի Հայոց Հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (ներկա Հայաստան + Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման: Արցախի անկախության ճանաչումը թերեւս ուշացած կլինի, իսկ նման դեպքում՝ վերամիավորման հարցը նույնպես չի կարելի ձգձգել…

Հետաքրքիր է, որ  սեպտեմբերի 23-ին, հայ արիները տոնական ծիսակարգով նշում են Նախնյաց օրը, եւ փառաբանում հայոց նախնյաց՝ Հայկական Լեռնաշխարհում Հողահավաքի ու Ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակին աջակից լինելու համար:

Հայ նախնյաց հոգիները միշտ մեզ հետ են եւ մեզ զորավիգ, ու այդ օրը սրբազան տոն է՝ շփում հոգե-ոգեղեն տիեզերաաշխարհների հետ, ոչ թե այսօրվա պետական մեռելոցների ժամանակ իրականացվող սուգ ու շիվան…

Մենք պետք է որպես տոն արժեւորենք նաեւ 1990թ. օգոստոսի 23-ի՝ Անկախության Հռչակագրի, եւ 1995թ. հուլիսի 5-ի՝ ՀՀ Սահմանադրության օրերը: Այն ինչ գրված է Հռչակագրում, առավել եւս Սահմանադրությունում, չի կարող բավարար համարվել, սակայն առաջինը մեր անկախ պետության ծննդյան վկայականն է, իսկ երկրորդը՝ այն հիմնարար օրենսգիրքը, որի ուղեկցությամբ մենք շարունակում ենք գոյատեւել ու ճգնել հարատեւման համար: Իհարկե Սահմանադրությունը փոփոխման ենթակա է, ազգայնացման խնդիր ունի, որի մասին եւս մտածել են հայ արիները՝ «Լուսանցք»-ի էջերում հենց վերջերս ներկայացնելով Հայաստանի Ազգային Պետության Ազգային Սահմանադրության նախագիծը:

Ի վերջո բոլոր ամիսների բոլոր տոները պետք է վերադարձնել իրենց արմատներին: Պետք է պահպանել տոնի խորհուրդը եւ խորհրդավորության ծեսն ու արարողակարգը:

Ինչպես սույն հոդվածը սկսեցի ՀԱՄ առաջնորդի մտքերի մեջբերումով, այնպես էլ կավարտեմ Արմեն Ավետիսյանի խոսքով. «Միայն հայոց արմատից ելնող, ակունքից սնվող տոները կլինեն մեր կամքին ու նպատակներին համահունչ, եւ այնքան ազդեցիկ ու տեղին, որ լսելի ու հասանելի կլինեն տիեզերական ճակատագրակերտ անհուններին, որից էլ սնվել, սնվում ու սնվելու է հայը՝ իր ինքնության, առաքինությունների եւ առաքելության հարատեւման համար»:

Իսկ մայիսյան տոներին իր աստվածային բնույթով հզոր լիցքեր է հաղորդում Հայոց հյուրընկալության Աստծո՝ Վանատուրի տոնը, որ կնշվի օրերս: Իսկ Վանատուրը նաեւ Հայոց Օջախների (Հայրենիքն էլ մեր Մեծ Օջախն է) հովանավորն է ու երաշխավորը…

Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։