Ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագան – Գրեթե բան չփոխվեց, իսկ ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ…

Կառավարության կազմի հրապարակումը հավաստեց, որ իշխանական վերնախավը պատրաստ չէ փոփոխությունների: Չնայած մինչեւ ամբողջական կազմի հրապարակումը, արդեն դժգոհություններ եղան որոշ նախարարների կրկին նշանակման առումով: «ՀՀ քաղաքական դաշտում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել»,- համոզված է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Ըստ նրա, երբ որեւէ երկրում քաղաքական դեմքերի փոփոխություն է արվում, նպատակը երկրի վիճակը բարելավելն է, մինչդեռ մեզ մոտ դրանք ավելի են խորացնելու ճգնաժամը. «Տեղի է ունեցել ընդամենը տեղաշարժ, ինչը ավելի վատ հետեւանքներ կունենա, քան եթե փոփոխություններ չարվեին»:

Եթե Հասմիկ Պողոսյանը, Արմեն Աշոտյանը մնում են նախարարներ, ոչ մի փոփոխություն չի կարող լինել: Սրանով Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուզում է ասել, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում ժողովուրդը կառավարության ու իր գործունեության մասին.- ասել է քաղաքագետը, ում կարծիքով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը 4 ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունք էր, եւ քառյակի հետագա քայլերը պիտի լինեն ավելի կոշտ. «Սերժ Սարգսյանը չսպասեց ապրիլի 28-ին, հասկանում էր, որ հասունանալու էր իր հրաժարականի պահանջը: Բայց եւ ոչ մի փոփոխություն չարվեց»:

Ըստ մեր տեղեկատվության աղբյուրի, իշխող կուսակցությունում մեծ է եղել 2 կին նախարարներին փոխելու ցանկությունը, սակայն իգական սեռի այլ թեկնածու չեն գտել՝ նախարարական պորտֆել վստահելու համար (ա՛յ քեզ բան), ուստի կանանց ներկայությունը կառավարության կազմում ապահվելու անհրաժեշտությունից դրդված նրանք շարունակելու են պաշտոնավարել:

Չնայած քաղաքագետը փոփոխությունների հույսը կապում է քառյակի հետ, բայց ինչպես նախկինում, այսօր էլ ապացուցվեց, որ այդ քառյակ ասածն ընդամենը իշխանության գալու «ընդդիմադիր» միջոց է: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ակտիվ բանակցեցին իշխանական կոալիցիա վերադառնալու շուրջ եւ անգամ պայմաններ էին առաջարկում: Մինչդեռ ՕԵԿ-ի՝ իշխանությունից հերթական անգամ հեռանալուց եւ մյուսների նման հերթական անգամ ընդդիմություն դառնալուց հետո ոմանք խոսում էին քառյակի՝ հնգյակ դառնալու մասին: Բայց այսօր ՀԱԿ-ը հայտնում է քառյակի՝ եռյակ դառնալու հեռանկարի մասին, քանզի այլեւս չի պատրաստվում համագործակցել գործող իշխանության մոտ փնտրտուքների մեկնած ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Իսկ «Ժառանգություն»-ն էլ պնդում է, թե քառյակ երբեւեէ չի եղել, այլ եղել է 4 տարբեր ուժերի համագործակցության փորձ…

Ինչեւէ, այս ամենից ավելի շատ քաղաքագետներին ու վերլուծաբաններին հետաքրքրում էր կառավարության կազմավորումը, ինչը եւս հուսախաբ արեց նրանց:

Ինչպես նշեցինք, ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ: Իսկ Հասմիկ Պողոսյանը վերջերս իր կիսաժարգոնային ոճով պնդում էր, որ Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրությունը կատարվել է օրինականության շրջանակներում: Իր պնդումը ներկայացնում էր յուրահատուկ կերպով. «Ասելով հո չի՞, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ՝ էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա, ո՞ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո՞վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան: Հետո, հենց էդ խնդիրները լուծվեն, մենք սկսում ենք ասել՝ ինչի ենք սենց արել, ինչի նենց չենք արել: Ես համարում եմ, որ մեր թատրոնի ընտրությունները, որ կարող էին ընտրություններ չլինել, որովհետեւ մեր խնդիրը նա էր, որ գործընթացը թափանցիկ լինի… Ցանկացած մարդ կարա ցանկացած բան ասի, բայց հո տենց չի՞: Նայելով, ուսումնասիրելով, կարաք համոզվեք, որ դա արդարացի գործընթաց ա»: Մեջբերեցինք iLur.am-ից, քանի որ ավելի լավ ներկայացնել մշակույթի նախարարին հնարավոր չէր…

Հասմիկ Պողոսյանը զրույցի ընթացքում նաեւ դժգոհել է՝ «Ինձ կոնկրետ հարցեր տվեք, ոչ թե ապրիորի բաներ ասեք»: Իսկ կոնկրետ հարցին՝ «Կարծում եք՝ Սամվել Ալեքսանյանը մարսե՞ց Փակ Շուկայի աղճատումը», պատասխանել է. «Այ էդ իրանից հարցրեք»:

«Մեր կուլտուրայի մինիստրը հայտարարեց՝ ժամանակակից արվեստ չի սիրում»,- հայտնել է նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը, ում անհատական ցուցահանդեսը՝ անսովոր խորագրով՝ «Ժխտում – Օ» բացվել էր Dalan art gallery-ում: «Նկարելիս իմ խնդիրն է անսահմանությունը, որտեղ ժխտում ես մարդու ստեղծած օրենքները եւ մխրճվում Աստծո օրենքների մեջ»,- այսպես է մեկնաբանել ցուցահանդեսի խորագիրը հենց ինքը՝ նկարչուհին:

Արդյո՞ք Հայաստանում ստեղծագործական դաշտը նպաստում է արվեստագետին աշխատել, թե՞ ընդհակառակը: Ըստ նկարչուհու, նպաստելը ծիծաղելի բառ է այս իրավիճակում. «Պարզ է, որ արվեստագետը չի կարող ստեղծագործել այս պայմաններում: Մեզ մոտ իրավիճակը ճահճային է: Առկա խնդիրների մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ, բայց հետո հասկացա, որ ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»: Նա պնդել է, որ «բարձր տեղերում նստած մարդիկ» ոչ թե ասում են, որ չեն հասկանում (այս պարագայում խոսում եմ իմ արվեստի մասին), այլ՝ որ սթից բան է: Իրենք ընդունում են ռուսալկա նկարելու արվեստը: Իսկ աշխարհին ոչ թե դոլարի կուրսով պետք է համահունչ գնալ, այլ արվեստով: Համաշխարհային արվեստից ոչ թե 99, այլ 100%-ով հետ ենք մնում:

Արմենուհի Մարտիրոսյանը վստահ է, որ եթե մարդը հասկանա, որ տեղում չէ ու հրաժարվի, բացահայտ կանգնի ու հայտարարի, որ իր տեղում չէ, ավելի մեծ հարգանքի կարժանա:

«Կարին» ազգագրական պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցների պատասխանատուներին:

Վերլուծաբան Լեւոն Դռնոյանն էլ իր ֆ/բ էջում գրել է՝ ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագան… «Էսքան ասել կլինի՞: Չէ՜, քեզ չեմ ասում, մեր աննման պետություն, մեր անկեղծ իշխանություն: Դու քո գործը լավ էլ արեցիր՝ մշակույթի նախարար նշանակելով Հասմիկ Պողոսյանին: Քանզի էս նախարարը իր գործը անում է գերազանց… Իսկ ո՞րն է նրա գործը… ժողովուրդը դարձնել ապամշակութային զանգված, սերիալային ամբոխ… Այդպիսի ժողովուրդը մոռանում է իր ծագումն ու ժառանգությունը եւ առանց ցավի ու ափսոսանքի թողնում է երկիրը: Բա ու՞մ եմ ասում: Ձեզ եմ ասում, հայ հեղափոխականներ: Հիշում եք պայքարի հարթակները՝ «Վահե Ավետյան», «Մաշտոցի պուրակ», «Ծածկած շուկա»: Եվ այլն: Եղան, անցան: Հիմա պարտադիր կուտակայինն է, սա էլ մի ձեւով կանցնի: Վերջին, վերջին, վերջին հարթակը մշակույթն է: Վերջինը կլինի: Եթե չգործենք: Բայց ուշ չէ: «Ազատագրել Մշակույթը»,- այս ճանապարհային քարտեզը՝ գործելակերպով առաջարկված է: Դրված ձեր սեղանին: Հարգեք Աստիճանակարգի Օրենքը: Մշակույթն է մեր հավերժ-կուտակայինը: Մի անգամ բոլորդ հավաքվեք: Մշակույթի դրոշի տակ: Ամեն ինչ կփոխվի…»:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին էլ նորից մտահոգել է Գառնո տաճարում սրճարանաշինության հասմիկավլադիմիրապողոսյանական մարմաջը: Նա վարչապետին գրել է «Հայ արիներն ու ազգայնականները չեն կարողայս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը… Հուսով եմ, գոնե Դուք կհասկանաք, որ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները…»: ՀԱՄ առաջնորդը նշել է, որ նորից բարձրացնում են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ նրա կամակատար (ոչ պետության) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը, քանի որ «այս մարդիկ ապացուցեցին, որ կիլոմետրերով հեռու են մշակույթից, հատկապես այն մշակութային օջախներից, որտեղ առաջնայինը ազգային ու հոգեւոր ոլորտն է: Ինչպես զգուշացրել էինք նախորդ բաց նամակում, այժմ մեկ անգամ եւս կրկնում ենք, եթե Գառնո տաճարի տարածքում շարունակվի սրճարանի կառուցումը, ապա պաշտոնապես հայտարարում եմ՝ դա կարող է հանգեցնել անգամ արյունահեղություն, ինչի մասին (եւ ինչ դեպքերում) մենք նշել ենք նախորդ բաց նամակում: Իսկ դրա պատասխանատուն, որպես ապազգային մշակույթի նախարարի փաստացի ղեկավար, կլինեք Դուք»:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։