Գուցե Միկոյանը Սպանդարյանի հե՞տ հալածի Նժդեհին – «Ինչպիսին չպետք է լինել» անունով պուրակ է ուզու՞մ Երեւանի «ցեղակրոն» քաղաքապետը…

Երբ պետական պաշտոնյա կոչվածն իր տեղում չէ, դա փչացնում՝ բարդացնում է մեր անձնական կյանքը: Երբ այդ նույն պաշտոնյան նաեւ հայոց պատմությունից եւ ազգային մտածողությունից է հեռու, դա արդեն կործանում է մեր ազգային կյանքը:

Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առիթ տվեցին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է մեծարել հայ բոլշեւիկներին: Երեւի ամեն մեկը յուրովի է ողջունում Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը, եւ ահա քաղաքապետը որոշել է հիշել նախկին ԽՍՀՄ-ը: Իսկ այդ խորհրդային կոչված երկիրը առավելապես հայակուլ գտնվեց, քանի որ ամենատուժած ազգը թերեւս հայն է, որ շուրջ 200 ազգ-հանրույթների (ինչ ցեղախմբեր ասես՝ ազգի վերածվեցին) հետ ապրել է ԽՍՀՄ-ում: Դե իհարկե, եթե չհաշվենք այն 100 ազգ-հանրույթներին, որ վերացան (մոտ 50 տարում 200-ից մնաց 100-ը)՝ ձուլվելով, 15 «եղբայրական» հանրապետություններից (որոնց մեծ մասը արհեստական ստեղծվեց՝ առանց պատմական հիմքի) միայն Հայաստանն է կորցրել տարածքներ (հարյուր հազարավոր հայերի կորստի մասին էլ չասենք), որոնք նվիրվել են «եղբայրական» Վրաստանին ու Ադրբեջանին, ինչին նաեւ Ստալինի հայ բոլշեւիկ եղբայրներն են մասնակցել…

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկել է միանգամից հայ ժողովրդի կյանքում բացասական դեր խաղացած մարդկանց արձանախմբային պուրակ ունենալ… «Հիմա մտածում եմ, որ թերեւս իմաստ ունի դա ունենալ՝ «Ինչպիսին չպետք է լինել» անունով: Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են: Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ թե հայերից են, թե՝ «ուրիշներից», թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ՝ խառը հայ կամ հույն, բյուզանդացի: Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչեւ առնվազն 50 տարի առաջ մահացածները (50 տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ): Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել, կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն, հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը»:

Նա նշել է նախնական ցանկը եւ խնդրել այն շարունակել հիմնավորումներով. «Նախապես դեմ եմ Վասակ Սյունեցուն այս ցանկը գլխավորող դնելուն, բավականաչափ փաստարկված առարկություններ կան»: Ըստ նրա՝ այդ ցանկում կլինեն՝ 1. Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, որ Բագրատունյաց հարստությունը եւ Անի քաղաքը հանձնեց բյուզանդացիներին: Հետո եղած քաղաքական զարգացումները ոչնչով չփաստեցին այդ քայլի արդարացվածությունը: 2. Նադիր Շահը, որ Արեւելյան Հայաստանի բնակչության տեղահանողն է: 3. Սուլթան Համիդը, որ Արեւմտյան Հայաստանի հայության բնաջնջման նախաձեռնողն է: 4. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ եռյակը, որոնք Հայոց Ցեղասպանության հիմնական գաղափարակիրներն ու իրականացնողներն են: 5. Լենին, Ստալին, Բերիա / ավելի փոքր ծավալով՝ գնալով փոքրացող Շահումյան, Միկոյան, Մուղդուսի, որոնց վերաբերյալ փաստարկներ Հրանուշ Խառատյանը խոստացել է ներկայացնել: Եվ այսպես շարունակ…

Տեղին է հիշել, որ հայ արիները վաղուց են դիմել, այն էլ մի քանի անգամ՝ Երեւանում Գարեգին Նժդեհի անվան հրապարակը «ազատագրելու» կոչով: Երբ 2001թ.-ն Հայաստանում Նժդեհյան տարի կոչվեց, վարչապետը Տարոն Մարգարյանի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանն էր: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել էր՝ համայնավար Սուրեն Սպանդարյանի արձանը Նժդեհի անվան հրապարակից հանելու համար, կամ էլ՝ հրապարակի անունը փոխել հայ բոլշեւիկների անվամբ… Նույն վիճակը մնում է, գուցե Տարոն Մարգարյանն էլ հենց Նժդեհի հրապարակու՞մ դնել տա Անաստատս Միկոյանի արձանը… Գարեգին Նժդեհը համայնավարների (եւ թուրք-ադրբեջանցիների) հետ անհաշտ պայքարում պաշտպանեց Լեռնահայաստանը ու մինչեւ մահ հալածվեց նրանց կողմից ու այսպես կարելի է Սպանդարյան-Միկոյան երկյակով շարունակել հալածել Նժդեհին… Իսկ հրապարակն էլ հետո հայ բոլշեւիկյան կոչելով՝ կարելի է հայության հալածանքները շարունակել արդեն ամբողջ մայրաքաղաքում… Հետո էլ՝ ամբողջ երկրի մասով «մտածել»..

Բարոյական ու արդարացի չէ, երբ ազգային հռչակված կուսակցության՝ ՀՀԿ-ի կարկառուն քաղաքապետը նման որոշումներ է կայացնում: Չնայած, եթե ցեղակրոն եւ հեթանոս օծված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք անգամ Նժդեհը մնաց կոմունիստ-համայնավարի արձանի հսկողության տակ, ապա…

Ու երբ վերջերս ռուսական դրոշներով քայլողներ հայտնվեցին Երեւանի փողոցներում, այլեւս զարմանալի չէր: Հարցն այն չէ, Մոսկվան է ճիշտ, թե Կիեւը այսօրվա հակամարտությունում, հարցը՝ օտար երկրի դրոշը Երեւանում ծածանելու «ավանդույթի» մասին է: Երբ 2008-ի մարտի 1-ին Եվրամիության, Ուկրաինայի, Վրաստանի եւ Իսրայելի դրոշները ծածանվեցին՝ տեսանք ինչ եղավ…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։