Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին – Վանատուր Աստծո տոնը՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին…

Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ:

Սա հայ արիականներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային, հայի երկիրն ու հայի Աստվածներին

Հայ արիականները Վանատուր Աստծո տոնը նշեցին մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնածմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական ծեսը կատարեցին քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:

Հայ արիները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված:

Հայ Արիական Միաբանությունը մինչ այս, մայիսյան հաղթական տոներին մեծարել է նաեւ բոլոր ժամանակների հայ հերոսներին, փառաբանել նրանց, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների անդորրն ու զարգացումը:

Տոնական արարողությունը շարունակվել է ավանդական ուտեստների ու ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով, ծիսական փառաբանումներով եւ գինեձոներով:

* * *

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայ արիական օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանն ու հովանավորը: Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին:

Մարտի 1-ին նշվեց Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը, ով տիեզերա-բնակարգին համահունչ ապահովում է Տիեզերագարնան մուտքը մեր երկիր Մարտի 21-ին հայ արիները տոնեցին Հայոց Ամանորն ու Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի երկրային վերածնունդը, նշելով բնական տարեփոխությունն ու գարնան հաստատումը երկրում Իսկ ապրիլի 20-ին բնությունը զատեց իր գույները եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնն էր, որ նշվում է նաեւ որպես Հայոց Զատիկի տոն: Եվ գարունն արդեն բերք ու բարիքի եւ ծլարձակումի բնական ընթացքի մեջ է հայտնվում Եվ մայիսյան օրերին է, որ հայ արիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ սրտերն ու օջախները միշտ հյուրընկալ պահի եւ հայոց երկիրն էլ լի ու առատ դարձնի

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

15.05.2014թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։