Աշխարհի մարզական հեւքից – Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ… Հաղթեցին հայ վետերանները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ

Հրավիրված մամուլի ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց իր մարզիկին թույլ տալ մրցել ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Պատճառը 1915թ. Ցեղասպանության (նաեւ քեսաբահայության սատարման) պաստառով հանդես գալն էր: Այդ մենամարտը Թուրքիայում պետք է ցուցադրվեր ուղիղ եթերով. «Եթե պաստառը չլինի՝ համաձայն ենք»,- հայտարարել է թուրք մարզիկի մարզիչ Հասան Գյանջբեյը. «Դուք զբաղվում եք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երեւույթի քարոզչությամբ»: Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող եք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915թ. Ցեղասպանություն չի եղել եւ կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»: Կողմերը համաձայնության չեն եկել, եւ մարտը հետաձգվել է: Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը՝ Օլեգ Աֆանեսեւը:

Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ նրանց դրոշի ներքո:

Հայաստանը ուժերը կչափի Ադրբեջանի հետ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանի մայրաքաղաքում կմասնակցի երեկ մեկնարկած աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունը: Վիճակահանությամբ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ադրբեջանի, Իրանի, Հարավային Կորեայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: A խմբում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի թիմերը: Մեր հավաքականը Թեհրանում հանդես կգա երիտասարդական կազմով՝ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Նարեկ Խաչատրյանը (59կգ քաշային կարգ), Գեւորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (85 կգ), Մովսես Ադամյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):

Վերջին փուլի բոլոր հանդիպումները կկայանան նույն օրն ու նույն ժամին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 18-ին նշանակված 26-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին: Մայիսի 18-ին նախատեսված «Ալաշկերտ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

Հայաստանի վետերանները հաղթեցին լատվիացիներին

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հետ կայացած հանդիպումը Հայաստանի վետերաններն իրենց օգտին գրանցեցին 3:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը եւ Լեւոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին եւ Արմեն Ղասաբօղլյանը:

Հայաստանի վետերանները հաղթեցին նաեւ 2-րդ խաղում, այս անգամ 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Բաբկեն Մելիքյանը, Կարեն Սիմոնյանը, 2 անգամ՝ Արամ Վարդանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին, Արմեն Ղասաբօղլյանը եւ Դոլինսկին:

Շախմատի օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է

2014 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է։ Դա հաստատել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը:

«Մենք պետք է ազնիվ լինենք: Իրավիճակը շատ լուրջ է: Նորվեգիայի կառավարությունը մրցաշարի անցկացման համար հատկացրել է 75 մլն նորվեգական կրոն, սակայն վերջին տարիների ծախսերն ավելացել են: Օլիմպիադայի կազմակերպիչները երկրի կառավարությունից եւս 15 մլն կրոն են խնդրել, սակայն մերժում են ստացելե:

Մրցաշարի կազմկոմիտեի տնօրեն Հանս Օլավ Կարդեն միանշանակ հայտարարել է, որ եղած գումարներով հնարավոր չէ մրցաշար անցկացնել:

Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային օլիմպիադան նախատեսված է անցկացնել նորվեգական Տրոմսյո քաղաքում, օգոստոսի 1-15-ը: Դրա ժամանակ պետք է տեղի ունենա նաեւ ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունը:

Հայ շախմատիստները՝ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը եւ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 3 փուլից հետո 2,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` ավելացնելով, որ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանն ունի 1,5 միավոր:

Երեւանցի խուլ շախմատիստը դարձել է չեմպիոն

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններե ծրագրի շրջանակներում կայացել է խուլերի շախմատի 9-րդ հանրապետական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի եւ Մարտունու ներկայացուցիչները:

Երեւանցի Հակոբ Հակոբյանը եւ գյումրեցի Գեւորգ Խումյանը վաստակել են 6-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթող է ճանաչվել առաջինը: Չորս շախմատիստ վաստակել է 5-ական միավոր: Լրացուցիչ հաշվարկներով՝ 3-րդ տեղը գրավել է երեւանցի Լեւոն Սադոյանը:

Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 12-ամյա Սարո Մելքոնյանը, զբաղեցրել է պատվավոր 6-րդ տեղը:

Հայաստանի խուլերի շախմատի հավաքականը պետական աջակցությամբ հունիսին մասնակցելու է Խորվաթիայի Օպատիա քաղաքում կայանալիք շախմատային օլիմպիադային:

Վարուժան Հակոբյանի գերազանց ելույթը

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը շարունակում է իր գերազանց ելույթը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում: 7-րդ փուլում նա տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը: Վարուժանը սևերով պարտության մատնեց գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնին եւ այժմ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընդգծենք, որ ԱՄՆ-ի առաջնությունում Հակոբյանի մարտավկան է նրա ընկերը` օլիմպիական եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

ԱՄՆ-ի կանանց առաջնության հերթական փուլում հաղթանակ տարավ նաեւ գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Նա պարտության մատնեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին: Այժմ Աբրահամյանը 6 հնարավորից ունի 4 միավոր եւ ընթանում է 3-րդ տեղում: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:

Տիգրան Ղարամյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շարունակում է հաջող հանդես գալ Մեցում անցկացվող շախմատի միջազգային փառատոնի Ա խմբի մրցաշարում: Կայացած 5-րդ եւ 6-րդ փուլերում նա հաղթեց գերմանացի Բեռնդ Կոլվեյերին եւ եգիպտացի Սամի Շոկերին, վաստակեց 5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Տիգրան Ղարամյանը ընդամենը կես միավորով է ետ մնում Ֆրանսիան ներկայացնող ռումինացի գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուից: Այսօր նախատեսված 7-րդ փուլում կհանդիպեն հենց երկու առաջատարները:

Ուկրաինայի շախմատիստուհի, մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովան 6 փուլից հետո վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 18-24-րդ տեղերը: Նա կհանդիպի ֆրանսիացի Սեբաստիան Ջոյի հետ:

Կարեն Մովսիսյանը գրավեց 2-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ հանդես եկավ Իսպանիայի Կանարյան կղզիներում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում։ Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ իսպանացի Սաբրինա Վեգայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով Կարեն Մովսիսյանը ճանաչվեց 2-րդը։

Մրցաշարի հաղթող դարձավ իսպանացի գրոսմայստեր Դավիդ Լարինյոն, որը մեր շախմատիստից կես միավոր շատ վաստակեց։

Նորայր Թորոսյանը` միջազգային մրցաշարի հաղթող

«Պերմ-2014» շախմատի միջազգային մրցաշարն ավարտվել է Հայաստանի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, գյումրեցի Նորայր Թորոսյանի հաղթանակով: Մեր պատանի շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ ռուսաստանցի Կոնստանտին Նիկոլոգորսկու հետ բաժանել է 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է ճանաչվել Նորայր Թորոսյանը: Նա լրացրել է միջազգային վարպետի իր 2-րդ նորման:

Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է մյուս մասնակից, փորձառու մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, ով վաստակել է 5,5 միավոր:

Տիգրան Քոթանջյանը գրավեց 5-րդ տեղը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտված օփենում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 79 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը: Քոթանջյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ազեր Միրզոեւից (Ադրբեջան), Կիրիլ Ստուպակից (Բելառուս) եւ Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):

Փաշիկյանը հաղթանակով մեկնարկեց, իսկ Հովհաննիսյանը` պարտությամբ

Գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը մասնակցում են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գեորգի Աղզամովի 8-րդ հուշամրցաշարին: 1-ին փուլում Փաշիկյանը հաղթանակ տարավ, իսկ Հովհաննիսյանը պարտություն կրեց:

Հայաստանը պահպանեց իր տեղը

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը ավարտեց ելույթը Դեւիսի գավաթի 2014թ. խաղարկությունում: Եվրոպական 3-րդ գոտու A ենթախմբի մրցաշարում մեր հավաքականը զիջեց Հունգարիայի (0:3) ու Լիխտենշտայնի (1:2) ընտրանիներին եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Այնուհետեւ Հայաստանի հավաքականն ուժերը չափեց C ենթախմբի ետնապահ Իսլանդիայի հավաքականի հետ: Այս զույգի հաղթողը պահպանում էր իր տեղը գոտում, իսկ պարտվողը պետք է տեղափոխվեր ավելի ցածր գոտի: Այս անգամ մեր թենիսիստներ Աշոտ Գեւորգյանը եւ Միքայել Ավետիսյանն ավելի վստահ անցկացրին իրենց հանդիպումները եւ վստահ հաղթանակ տարան` 2:0:

Հայտնի են Հայաստանի առաջնությանը մասնակից 3 թիմերը

Գյումրիում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության 1-ին շրջանի մրցաշարը:

Վերջին փուլում Ալավերդիի թիմը 23:22 հաշվով hաղթեց Վանաձորի թիմին եւ վաստակած 6 միավորով գրավեց 1-ին տեղը: Վանաձորցիները 4 միավորով հանգրվանեցին 2-րդ հորիզոնականում: 2 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Արցախի հավաքականը, որը 24:16 հաշվով հաղթեց Գյումրիի թիմին: Վերջինս, տանուլ տալով բոլոր խաղերը, եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Այսպիսով, առաջին երեք տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:

Գրիգոր Սահակյանը գրավեց 3-րդ տեղը

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը ներկայումս գտնվում է Չեխիայի Տեպլիցե քաղաքում, որտեղ անցկացվում է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆոդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջ օրը մեր 81 կգ քաշային ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն եւ գրավել մրցանակային 3-րդ տեղը: 90 կգ քաշային Գոռ Գյունաշյանը հունգարացի մարզիկ Գերգո Բերենյիի հետ մարտում չնայած հաղթելիս է եղել, սակայն այտոսկրի վնասվածք է ստացել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: 50 կգ քաշային Գոռ Հակոբյանը գրավել էր 5-րդ տեղը:

Խաղարկության ավարտից հետո մեր հավաքականը Տեպլիցեում կմասնակցի 3-օրյա միջազգային ուսումնամարզական հավաքի:

5 մեդալ – Հարություն Վարդանյանն էլ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Հարություն Վարդանյանը Բուլղարիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

46 կգ քաշային կարգում մեր մարզիկը համոզիչ հաղթանակներ տանելով նախնական փուլերում, մտավ եզրափակիչ, որտեղ նա միայն տուգանային միավորներով առաջ անցավ ռուսաստանցի Վիկտոր Վեդերնիկովից:

Մեր 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը նույնպես հաջողությամբ հաղթահարեց բոլոր նախնական արգելքները եւ հասավ եզրափակիչ, սակայն վճռական մարտում նա 2:10 հաշվով զիջեց վրացի ըմբիշ Նիկոլոզ Չիկաիձեին եւ արժանացավ արծաթե մեդալի: 54 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Էդգար Թամազյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 3:2 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Արթուր Տատարինովի նկատմամբ եւ դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Հավելենք, որ մեկ օր առաջ 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը առաջնությունում գրավել էր 2-րդ, իսկ 50 կգ քաշային Վահե Սարգսյանը` 3-րդ տեղը: Այդպիսով, Հայաստանը նվաճեց 5 մեդալ եւ թիմային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը` ետ մնալով Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

Արդեն 4 մեդալ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 62 կգ քաշային կարգում հանդես եկող աբովյանցի Վահան Նիկոլայանը գրավեց 3-րդ տեղն ու արժանացավ բրոնզե պարգեւի՝ մեր հավաքականի մեդալները հասցնելով 4-ի: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին բրոնզե մեդալի էր նվաճել զինծառայող Էդիկ Պետրոսյանը (90 կգ), արծաթ՝ Մխիթար Մխիթարյանը (57 կգ, ք. Սպիտակ), իսկ վանաձորցի Տիգրան Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն:

Երկու օրվա արդյունքում Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվել է 4 մեդալ. 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ: Մայիսի 18-ին մրցասպարեզ կմտնեն մեր սամբիստներից եւս 3-ը, ընդ որում Վաչիկ Վարդանյանը եւ Աշոտ Դանիելյանը աշխարհի չեմպիոններ են:

Հաղթեցին հայ բռնցքամարտիկները

Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի եւ Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգերում կայացավ 8 մենամարտ, որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ 1 մենամարտում գրանցվեց մարտական ոչ ոքի: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի եւ Արթուր Մովսիսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լեւան Կաչարավային, իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ: 69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի եւ Լաշա Գրիգլյանի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի եւ Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ- ոքի:

Մրցումների ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70 ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ եւ մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին: Ծննդյան 60 ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99               «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։