Սկիզբը՝ թիվ 12-15-ում
Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – »Հայկական որակ»-ը իրապես լուրջ խոսք կարող է ասել… «թուրքական որակ»-ին մենք կարո՜ղ ենք հակադրել «հայկական որակ»-ը, եթե պետությունը բռնի մասնավորի ձեռքը…
Թուրքիան արդեն 9 տարի «Turk Quality» (թուրքական որակ) քաղաքականությունն է տանում ամբողջ աշխարհում:
Ի՞նչ է սա նշանակում: Նախ՝ ընդհանրապես ոլորտի արտահանումը Թուրքիայում 2011թ. կազմել է 7.9 մլրդ դոլար: Ներկայում ոլորտում գործում են շուրջ 7,500 արտադրողներ, որոնց գերակշիռ մասի արտադրությունն ունի արտահանման ուղղվածություն: Արտադրությունները հիմնականում զինված են ժամանակակից մեքենա-սարքավորումներով: Եթե մինչեւ 2000-ականները արտադրանքի գերակշիռ մասը ցածրարժեք տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրատեսակներն էին, ապա 2000-ականներից սկսած Թուրքիան շարունակաբար մեծացնում է համեմատաբար բարձր ավելացված արժեք ունեցող հագուստի արտահանումը Եվրոպա եւ այլ շուկաներ:
Այս 9 տարիներին ներգրավված եւ «թուրքական որակ» նշումը սեփական լոգոյի հետ օգտագործող տեղական բրենդերին պետությունը տրամադրում է պետական հավելյալ ֆինանսական օժանդակություն: Խոսքը 300-500 հազ դոլարի մասին է, որ իբրեւ օգնություն տրվում է, ասենք, ձեւավորման համար:
Երբ հայկական ժամագործության, ոսկեգործության ոլորտների զարգացման խնդիրներն էինք քննարկում, եզրակացությունը մեկն էր. մենք աշխարհին ծավալի առումով ասելիք չունենք, մեր խոսքը պետք է որակական լինի՝ բարձր գնային միջակայքում. ուրույն ձեռագրի համար վճարունակ սպառող աշխարհում միշտ էլ գտնվում է: Նաեւ՝ նորաձեւության միջազգային տարբեր փորձագետներ վկայում են, որ վճարունակ սպառողները պատրաստ են վճարել այն միակի, անկրկնելիի, նորույթի համար, իրավամբ՝ նորույթի, քանզի միջազգային համընդհանրացումը հոգնեցրել է բոլորին:
Դրա համար էլ աշխարհահռչակ շատ ընկերություններ հսկայածավալ գումարներ են ծախսում դիզայնի՝ նորույթի համար: Դա է գումար ապահովում:
Դրա համար էլ Թուրքիան արդեն տարիներ շարունակ տանում է «թուրքական որակ»-ի քաղաքականությունը:
Իմ դիտարկումներով՝ դեռ չի հաջողել, բայց չի նշանակում, որ չի հաջողի: Պարզապես դեռ էժան ու միջին գնային հատվածի «կարիքներն» է հոգում:
Զուգահեռաբար՝ «հայկական որակ»-ը լուրջ խոսք կարող է ասել: Ես դրանում բազմիցս համոզվել եմ ցուցահանդեսների ժամանակ, երբ մեր արտադրանքով հիացել են անգամ Հնդկաստանի ոլորտային ներկայացուցիչները: Այն Հնդկաստանի, որի ոլորտի արտադրությունը ներառող ԱՏԳ-ները յուրաքանչյուրն ունեն մի քանի հարյուր հա տարածք, հարկային ու մաքսային արտոնություններ, շատ մատչելի աշխատուժ, հսկայական միջոցներ, եւ որի ազատ տնտեսական գոտիներում բուն արտադրական ենթակառուցվածքներից զատ առկա է նաեւ օժանդակ ծառայությունների լայն տեսականի՝ hումքի մատակարարում, արտադրանքի վերամշակման, ֆինանսական, բեռնափոխադրման, ապահովագրական, աշխատուժի հավաքագրման ու վերապատրաստման եւ այլ ծառայություններ:
Այլ կերպ՝ ոլորտի զարգացման համար ստեղծված են բոլոր պայմանները:
Այո, մենք խնդիրներ ունենք, բազում խնդիրներ՝ տրանսպորտայինից, ֆինանսական միջոցներից սկսած, «հայկական որակ»-ը ճանաչեցնել տալուց վերջացրած, ամեն ինչի խնդիր՝ ձեւավորման, հումքի, պատվերների, արտապատվերների, սեփական մտահղացումների: Բայց խնդիրները լուծելի են, եթե կա նպատակը՝ արտադրելու, իրացնելու, միջազգային շուկայում հաստատվելու, սեփական խոսքն ասելու:
Հատկապես վերջինս է կարեւորվում, քանզի ծավալով մենք աշխարհին զարմացնել չենք կարող: Դա վաղուց ուրիշներն են անում:
Եվ իբրեւ ամփոփում մեր այս հոդվածաշարի:
Նույնիսկ իմ գործընկերներից շատերն են թյուրիմացաբար կարծում, թե թուրքականի հետ միջազգային շուկայում մենք մրցել չենք կարող, քանզի անգամ հումքի մի մասը՝ օրինակ թելի, կամ՝ պատրաստի արտադրանքի, մանածագործական իրերի գերակշիռ մասը նույն Թուրքիայից ենք ներմուծում:
Հակառակն ասելու համար պարզապես որոշակի թվային տվյալներ ներկայացնեմ, ինչը նշանակում է, որ ներմուծման աղբյուրները տարազանված են եւ կախումն էլ մեկ աղբյուրից չէ, ուստի կարելի է առանց մեծ ռիսկի գործ սկսել՝ առավելապես կենտրոնանալով արտահանման ուղղություններին:
Կարի թելի ներմուծման հիմնական աղբյուր երկրներն են Չինաստանը, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան՝ համապատասխանաբար 36%, 20%, 15% եւ 9% 2012թ. տվյալների համաձայն:
Գուլպեղենի, կիսագուլպեղենի եւ զուգագուլպեղենի արտադրության մեջ գործածվող արհեստական թելը՝ Չինաստանից եւ Հնդկաստանից (համապատասխանաբար 48% եւ 15% 2012թ.) է ներմուծվում:
2012թ. ըստ ներմուծման դրամական արժեքի՝ տրիկոտաժե հագուստի ավելի քան 70%-ը եկել է Չինաստանից (32%), Թուրքիայից (26%) եւ Իտալիայից (13%): 2012թ. ներմուծվել է շուրջ 2.2 մլն ԱՄՆ դոլար արժեքի զուգագուլպեղեն, հիմնականում՝ Բելառուսից: Նույն թվին ներմուծված գուլպեղենի եւ կիսագուլպեղենի արժեքը կազմել է մոտ 1.9 մլն դոլար՝ ներմուծված հիմնականում Չինաստանից: 2012թ. մանածագործական եւ պատրաստի արտադրանքի ներմուծման հիմնական աղբյուր երկրները ըստ դրամական ծավալի եղել են ԱՄՆ-ն (29%), Չինաստանը(23%), Թուրքիան (16%) եւ Գերմանիան (14%):
«Թուրքական որակ»-ին մենք կարո՛ղ ենք հակադրել «հայկական որակ»-ը, եթե պետությունը բռնի մասնավորի ձեռքը:
Արմենուհի Մելքոնյան
«Ընդդեմ Մոսվայի» շարքը համալրվում է
Հերթական ընդդեմ-ը Թուրքմենստանն է: Թուրքմենստանը կօգնի նվազեցնել Չինաստանի գազային կախվածությունը Մոսկվայից:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը սա հավաստել է կրկին: Առաջին անգամ դա արել էր նախորդ տարի:
Բանն այն է, որ թուրքմենա-չինական հարաբերությունը վերջին տասնամյակներին ակտիվորեն զարգացել է (բնականաբար) եւ երկրների առաջնորդները Պեկինի եւ Աշգաբադի հարաբերությունները գնահատել են որպես ռազմավարական:
Թուրքմենստանում Գալկինիշ գազային հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը մասնակցել էր Չինաստանի ղեկավարը: Սա այն հանքավայրն է, որից գազը կարտահանվի Չինաստան, եւ թուրքմենական գազի Չինաստան արտահանման ծավալները կհասնեն տարեկան 65 մլրդ խմ-ի:
Չինաստանը Գալկինիշի հանքավայրի շահագործման համար արդեն ներդրել է միլիարդավոր դոլարներ, ավելի ստույգ՝ 10.2 մլրդ: Թուրքմենստանը դեպի Չինաստան նոր գազամուղի կառուցմամբ ցանկանում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, որը տարիներ շարունակ թուրքմենական գազի գլխավոր գնորդն է: Թուրքմենստանն ուզում է գազային նոր սակագներ սահմանել, բայց ոչ մի կերպ չի կարողանում փոխել Մոսկվայի սահմանած խաղի կանոնները:
Թուրքմենստանն ու Չինաստանը միմյանց վստահելի գործընկերներ են համարում: Բերդիմուհամեդովը օրինակ, առիթով նկատել էր, որ Աշգաբադի համար Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցումը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Իսկ Թուրքմենստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ Բերդիմուհամեդովի Պեկին այցին ընդառաջ ասել է, որ 10 տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է 100 անգամ եւ այս պահին հասնում է 10 մլրդ դոլարի:
Երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացման միտում ունեն, քանզի Թուրքմենստանում ակտիվորեն ուսումնասիրում են չինարեն լեզուն:
Չինացիները, սակայն, կարծես չեն շտապում հակառակն անել: Դա, բացառապես թվացյալ է. Չինաստանը նորանոր տարածքներ «մտնելու» ցանկություն ունի: Ասենք, այս երկիրը իր կենսական շահերի տարածք է համարում Կենտրոնական Ասիան: Չինաստանը նաեւ ռեսուրսների սակավություն ունի, բաց դա էլ հոգ չէ, քանզի այն կարող է փոխհատուցել Աֆրիկայի հաշվին:
Իսկ տնտեսական առումով Չինաստանը խնդիր չունի եւ, ի դեպ, այս պահի դրությամբ էլ ընդդեմ Մոսկվայի ոչինչ չունի, փոխարենը ՌԴ-ին սահմանակից շրջաններում գյուղատնտեսական մեծածավալ գործունեություն է ծավալում:
Գործի՛ր՝ հայեցակարգ գրելու փոխարեն… Քանի որ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, կոռուպցիան աճում է…
«Մեր տվյալներով, մի քանի հարյուր հազար ձայն կեղծվում է այն մեխանզիմով, որն իշխող կուսակցությունն է ստեղծել. 5000, 10 000, 20 000 դրամով ձեւավորում է մի ամբողջ բանակ, որը քվեարկում է իշխող կուսակցության օգտին»,- Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ: Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, այդ փոփոխությունները կոսմետիկ են, իսկ ընտրակեղծիքը անտեսվում է պետական մակարդակով եւ իրավապահ մարմիններն էլ աչք են փակում դրա վրա. «Ճիշտ չէ՞ր լինի, կոսմետիկ բարեփոխումների փոխարեն մի մեծ ծրագիր մշակել, թե ինչպես կարելի է պայքարել այդ չարիքի դեմ, մասնավորապես, օրենսդրական փոփոխություններ կատարել, քրեական պատասախանատվություն սահմանել իրավապահ մարմինների անգործունեության դեպքում»:
ԱԺ-ում նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկող արդարադատության փոխնախարարն էլ, սակայն, ասել էր, որ այդ փոփոխություններն ամենեւին էլ կոսմետիկ չեն. «Դրանք երկու նպատակ են հետապնդում, առաջինը՝ Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորությունները կատարել եւ բարելավել ու զգալիորեն նվազեցնել այս ոլորտում չարաշահումները»: Սակայն Լեւոն Զուրաբյանը պնդեց. «Ինչքան հայեցակարգ եք ստեղծում, կոռուպցիան աճում է, գուցե ժամանակն է դադարել, անցնել գործի՞:
«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի«Մամուլ»բաժնում



