Արցախի եւ Ղրիմի հարցերը՝ միջազգային զուգահեռներում – Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձեւը…

Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձեւը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին պատմական քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂՀ արտգործնախարարությունը հրապարակել է բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաեւ Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, եւ որը 1921թ. անօրինական անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից եւ բռնակցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին՝ ընդդիմանալու բռնապետությանը եւ տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելով ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին եւ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, ու 1992թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսեւորվել է վերջերս՝ 2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ եւ թափանցիկ:

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը եւ Սենատը համատեղ որոշել են, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը սույնով հավանություն է տալիս ու սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին՝ երաշխավորելու համար իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը:

Այնուհետեւ որոշել են, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը եւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարեւորություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար ու երկարատեւ լուծմանը:

Այնուհետեւ որոշել են, որ Վեհաժողովի Գլխավոր Քարտուղարը սույն Բանաձեւի պատճենը կփոխանցի Միացյալ Նահանգների նախագահին, Սենատում մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին եւ Կալիֆորնիա նահանգի պետական քարտուղարին։

* * *

Արցախի անկախության ճանաչումը այլեւս հավակնում է դառնալ միջազգային օրակարգի հարց: Կալիֆորնիայի խորհրդարանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով) ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող պատմական բանաձեւ: Ամերիկահայերը եւ աշխարհասփյուռ շատ հայեր ողջունել են այդ խիզախ եւ հիմնարար քայլը եւ նշել, որ սա ամերիկահայության ու Կալիֆորնիայի քաղաքացիական հասարակության տքնաջան աշխատանքի արդյունք է: Առանձնակի շնորհակալություն են հայտնել խորհրդարանի անդամներ Մայք Կաթոյին, Աթրին Նազարյանին, Քաջո Աշաճյանին եւ խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզին, ովքեր ղեկավարել են այս դրական արդյունքին հասնելու աշխատանքները:

Խոսքը AJR 32 օրինագծի մասին է, որը մայիսի 5-ին հավանության էր արժանացել խորհրդարանի կանոնադրական հանձնաժողովի կողմից: Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Այս որոշումը պատմական է ԱՄՆ ամենամեծ նահանգի համար: Բանաձեւի ընդունումը հաղթանակ է նաեւ հայության համար, Արցախի բնակչության եւ ինքնորոշման պայքար տանող բոլոր ժողովուրդների համար, քանի որ Կալիֆորնիայի եւ Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 2014թ. սկզբին Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես անկախ ու ինքնիշխան պետություն: Իսկ 2013թ. աշնանը Արցախի անկախությունը ճանաչեց նույն նահանգի Հայլենդ քաղաքը, Կալիֆորնիան ԱՄՆ-ի 5-րդ նահանգն է, որ ճանաչեց Արցախի անկախությունը: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի Օրենսդրական խորհուրդը, Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը, Մեյն նահանգի օրենսդիր մարմինը, ԱՄՆ Լուիզիանա նահանգը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը:

Հայկական համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն հայտնելով՝ նշել են, որ այս քվերակությունը գալիս է ամրապնդելու հայ ժողովրդի արդարացի նկրտումները եւ ընդգծում է Արցախի ժողովրդի պայքարի կարեւորությունը սեփական ճակատագիրը որոշելու ու կառավարման ժողովրդավարական նորմեր հիմնելու հարցում՝ ի հեճուկս խորը թշնամանքի ու իրենց գոյությանն ուղղված ամենօրյա սպառնալիքների:

Հայաստանը ողջունել է Կալիֆորնիայի խորհրդարանի որոշումը ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Կալիֆորնիայի Ասամբլեայի որոշմանը: ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»:

Արցախի ԱԳՆ-ն եւս արձագանքել է, հայտարարելով, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, ենթակա չեն որեւէ սակարկության: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ ու իրավական կամաարտահայտության միջոցով: Արցախի իշխանությունները այս կերպ են արձագանքել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը եւ նշել են, որ «համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման ու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության խաղաղ գոյակցության համար»: Ըստ ԼՂՀ ԱԳՆ հայտարարության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Բացի պաշտոնական արձագանքից, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւս խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ հատուկ ընդգծելով, որ այս գործում առաջընթաց չի լինի, քանի դեռ դրան ներգրավված չէ ԼՂՀ-ն: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության առումով էլ նշել է, որ «թվարկված 6 կետը նոր չեն, իսկ նրա հայտարարության իմաստն ու ցանկությունն այն է, որ ապահովվի առաջընթաց»: Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է 2 պայման, նախ՝ կողմերի միջեւ պետք է լինի վստահության մթնոլորտ, քանի որ առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Հետո՝ բանակցային գործըթնացում պետք է լիարժեք ներգավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Արցախի Հանրապետությունը: Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, թե ԼՂՀ լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ այդ բարի ցանկությունները, որ լինի առաջընթաց, քիչ հավանական է, որ իրականանան: Բացի դա, Բաքուն ուժի սպառնալիքից չի հրաժարվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ըստ էության մերժելով: «Բաքուն միայն շեշտադրում է անում մեկ սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականության, այն էլ աղավաղված եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող տեսքով: Այսքանը բավական է, որպեսզի մենք կարողանանք հանգել այն եզրակացությանը, որ այս բանակցային գործընթացում խոչընդոտն Ադրբեջանն է»,- ընդգծել է ԱԳՆ փոխխոսնակը:

Հիշեցնենք, որ Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի 6 կետերի իր տեսլականը, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, այնպես էլ շահագրգիռ երկրներքում: 1. Ամերիկացի համանախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված ու իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: 2. Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ ու ինքնակառավարում: 3. Կարեւոր է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսեւորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել: 4. Ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարեւորությունը: Ամերիկացի համանախագահի նշած 5-րդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: 6. Կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության,- ամփոփել է իր առաջարկները ԱՄՆ-ի ներկայացուցիչը:

Ղրիմի անկախության հռչակումն ու Ռուսաստանի հետ վերամիավորվելը անհանգստացրել է ոմանց, եւ այստեղից սրվել է նաեւ Արցախի հարցը, որը վաղուց Հայաստանին վերամիավորվելու որոշում ունի կայացրած (նման որոշում նաեւ Երեւանն է կայացրել): Արդեն կայացած փաստ է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում է, թեեւ միջազգային հանրությունը չի ճանաչում դա։ Այսպես է նաեւ Արցախի պարագայում, երբ ավելի քան 20 տարի գոյություն ունենալով՝ Արցախը մնում է չճանաչված պետություն: Ավելին՝ գրեթե բոլորն են համոզված, որ Արցախը իրականում վերամիավորված է Հայաստանի հետ եւ պարզապես չեն բարձրաձայնում այս մասին: Այստեղից էլ՝ Ղրիմի ու Արցախի հարցերի նույնացման թեզն է առաջ եկել:

Հայտնի է, որ Սեւ ծովում ռազմական տեսանկյունից երկու խոշոր խաղացողներն կան այսօր՝ Թուրքիան եւ Ռուսաստանը։ Եվ դարեր շարունակ նրանք մրցակցել են ու պատերազմել Ղրիմի թերակղզուն տիրելու համար։ Անգամ այս առումով է նույնացվում Արցախի խնդիրը, քանի որ նույն այս երկրները դարեր շարունակ պայքարում եւ բզկտում են հայոց հողերը: Մոսկվան կարողացավ ամրապնդել իր դիրքերը Արցախի հարցում եւ առհասարակ՝ Կովկասում: Եվ այսօր Ղրիմն իր կազմում ընդգրկելով՝ զգալի ամրապնդում է իր դիրքերը նաեւ սեւծովյան ավազանում։ Իսկ մինչ այդ, ըստ վերլուծաբանների, նշյալ պետությունները Սեւ ծովում գրեթե հավասար մարտունակ ռազմածովային ուժեր ունեին, ինչը պահպանվում էր նաեւ ՆԱՏՕ-ի օժանդակությամբ: Եվ Թուրքիայի համար խիստ կարեւոր էր, որպեսզի ռազմավարական մեծ նշանակությամբ այս տարածքը մնար Ուկրաինայի կազմում ու ամբողջովին չանցներ սեւծովյան ավազանում մրցակից Ռուսաստանին, որը լուրջ առավելություն ստացավ այս շրջանում։ Անկարան նաեւ հույս ուներ, որ Ղրիմի թաթարների օժանդակությամբ հետագայում Ուկրաինայից կպոկի Ղրիմը, ինչը այժմ բացառվում է Ռուսաստանի պարագայում:

Այս ամենը կարեւոր է դիտարկել նաեւ Հայաստանի շահերի տեսանկյունից: Այստեղ ոչ միայն Ղրիմի ու Արցախի անկախության ու վերամիավորման նմանություններն են առկա, այլեւ այն, որ Սեւ ծովում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը չի բխում մեր պետության շահերից մի պարզ պատճառով, որ հարեւան երկիրը մեր դեմ վարում է ակնհայտ թշնամական քաղաքականություն: Իսկ Սեւ ծովը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Եվ թուրքական ազդեցությանը նվազումը համընկնում է հայկական շահերի հետ։

Այլ բան է, որ չի համընկնում ամերիկյան շահերի հետ, եւ այս երկրի Vella Gulf հածանավը մայիսի 9-ին մտել է Սեւ ծով: Նավի վրա տեղակայված է Aegis համակարգը, որին արձագանքել է ռուսական կողմը՝ նշելով, թե «ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են անհիմն կերպով պահպանել Սեւ ծովում առկա լարվածությունը: Սեւ ծովում անվտանգությունը բացառապես սեւծովյան պետությունների ռազմածովային ուժերի արտոնությունն է, որոնց միջեւ վաղուց ծավալվել է սերտ համագործակցություն»: Նշենք, որ Aegis համակարգի ռադիոտեղորոշիչ կայանն ընդունակ է իրականացնել որոնում, հայտնաբերում եւ 250-300 օդային կետերի ուղեկցում, ինչպես նաեւ դրանց նկատմամբ ՀՕՊ համալիրների հրթիռների ուղղորդում: Եվ ռուսական կողմը ցուցադրաբար Սեւաստապոլում անցկացրեց Հաղթանակի զորահանդես, որտեղ մասնակցել են աննախադեպ քանակով ռազմական ինքնաթիռներ. քաղաքի ու ծոցի վրայով թռել են Ռուսաստանի ՌՕ ուժերի 70 թռչող սարքեր: Ticonderoga տեսակի հածանավերը զինված են եղել «Տոմահավկ» եւ հականավային ASROC հթիռներով, ինչպեսեւ «Ստանդարտ-2» ու «Ստանդարտ-3» զենիթային կառավարվող հրթիռներով (ընդհանուր՝ 122 հրթիռ): Այսպես՝ ուժի ցուցադրություններից հետո, ապրիլի 22-ին Սեւ ծով մտած ամերիկյան Ռազմածովային ուժերի մեկ այլ ռազմանավ՝ Taylor ֆրեգատը, ծովը լքել է մայիսի 12-ին, այսինքն՝ Մոնտրեի կոնվենցիայով սահմանված ժամկետը ոչ սեւծովյան երկրների նավերի համար չի խախտվել: Կոնվենցիայի համաձայն՝ ֆրեգատը Սեւ ծովում կարող էր մնալ միայն 21 օր:

Բայց ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Արեւելյան Եվրոպայի որոշ հատվածներում, մշտական կանոնավոր զորախմբերի տեղակայմամբ. հայտարարել է դաշինքի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը: Այդպիսի որոշում կարող է կայացվել ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման դեպքում: Մոսկվայի արձագանքը չի ուշանում նման հարցերում, սակայն այս անգամ Բելառուսի նախագահն առաջ ընկավ՝ ասելով, որ «Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի հենակետ Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանների մոտ»: Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Արեւմուտքը չպետք է օգտագործի Ուկրաինային՝ որպես Ռուսաստանի դեմ ճնշման գործոն:

Իսկ Ուկրաինայի արեւելքում արդեն կռվում են հարյուրավոր լավ վարժեցված ամերիկացի վարձկաններ: Այս մասին գրել է գերմանական Bild am Sonntag պարբերականը՝ հղում կատարելով Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում իր աղբյուրներին: ԱՄՆ-ի Academi անվտանգություն ապահովող մասնավոր կազմակերպության 400 լավ զինված մարտիկներ մասնակցում են Լուգանսկի շրջանում ընթացող ռազմական գործողություններին: Academi-ն ավելի վաղ կոչվել է Blackwater, սակայն 2010թ. վերանվանվել է: Academi կազմակերպության ներկայացուցիչները այս լուրը հերքել են, սակայն Bild am Sonntag-ը գրում է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունն ապրիլի 29-ին Գերմանիայի կանցլերի գերատեսչություն է ներկայացրել մի զեկույց, որտեղ ասվում է, որ Ուկրաինայում ամերիկյան կազմակերպության գաղտի ներկայության մասին տվյալները ստացվել են հենց ամերիկյան հատուկ ծառայություններից:

Այսպես՝ ուկրաինական թեմայից կրկին անցնենք Արցախի խնդրին, սակայն վերոնշյալ բոլոր իրադարձությունները հաշվի առնելով, քանի որ դրանք տարբեր ձեւերով կարող են կրկնվել նաեւ Հայաստանում ու Արցախում: Երկակի ստանդարտների քաղաքականությանը մենք արդեն ծանոթ ենք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում նորից դիմել են երկու կողմերին՝ հրադադարը պահպանելու համար: Բայց բոլորին վաղուց պարզ է, որ սահմանախախտը միայն ադրբեջանական կողմն է: Այս առումով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնել է, որ «20 տարի առաջ այս օրերին կնքվեց զինադադարը՝ հայ զինվորի ու հայոց բանակի հայրենիքի ազատագրմանը նվիրված հերոսական պայքարի արդյունքում: Այս տարիների ընթացքում Արցախում տեղի ունեցող բոլոր գործընթացներն աչքի են ընկնում ժողովրդավարության բարձր աստիճանով, ինչը չի կարող ժխտել որեւէ կողմի ներկայացուցիչ: Շուրջ 20 տարի այս պատերազմը մենք դիվանագիտության դաշտում ենք վարում, եւ որպես քաղաքական գործիչ, որպես մայր ու կին ցանկությունս է, որ աշխարհի բոլոր հնարավոր կոնֆլիկտները լուծվեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ապա այստեղ, թերեւս, կարեւորն այն է, որ իրենց ձեւակերպումներում որեւէ նահանջ կամ հետընթաց այն ձեւակերպումներից, որոնք ձեռք են բերվել ու հրապարակվել են որպես Լաքվիլլայի համաձայնություններ, չկա»: ԱԺ փոխխոսնակը նշել է նաեւ, որ եռանախագահները ընդգծում են իրենց միասնական դիրքորոշումը եւ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, որոնք 3-ն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ սրանցից որեւէ մեկին գերակայություն չի տրվում: «Ստատուս-քվոն մեր երազանքը չէ, այլ միջոց է դիվանագիտական ճանապարհով, խաղաղության պահմանման պայմաններում արդարացի լուծման հասնելու համար: Մեր պայքարը արդար է, դրանում կասկած լինել չի կարող»,- ամփոփել է խոսքը ԱԺ փոխնախագահը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) այսօր կայցելեն Հայաստան՝ բանակցային գործընթացը քննարկելու համար:

Արամ Ավետյան

«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.

Կարդացեք«Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org-ի«Մամուլ»բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.