Ազգային Ժողովը 67 կողմ, 18 դեմ եւ 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Քննարկումները բուռն էին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրքերը ավելի չբորբոքելու համար վերջին պահին հարցը դրեց քվեարկության:
Սակայն որոշումը միանշանակ չի ընկալվել, «առաջին հայացքից մենք հետաձգում ենք խնդիրըը, բայց ստեղծում ենք նորը: 6 ամիս հետո սա ձնագնդիի նման հավաքվելու է, այս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պետք է բյուջեից 21 միլիարդ հանվի, ո՞ւր է հասնելու տնտեսությունը»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը՝ ով ձեռնպահ է քվեարկել: Ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեցին նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չնայած վերջինը կողմ քվեարկելու տրամադրություն ուներ նախապես: Իսկ ահա «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը դեմ են քվեարկել:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ հարց հնչեցրեց. ՙԹախանձագին ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ, չգիտեմ էլ ոնց ասեմ, խնդրեմ, որ պատասխանեք՝ էս ռեֆորմը առաջ եք տանո՞ւմ, կանգա՞ռ եք անում, թե հետ եք գնում: Սա շատ կարեւոր է կոնցեպտուալ իմաստով, քանի որ, Աստված մի արասցե, դժվար լինի ուղղել գործընթացը, երբ աշնանը վերադառնանք այս օրենքին: Ասեք հստակ՝ ի՞նչ եք անում՚: Նաեւ նշեց, որ բյուջեից փոխանցումները շարունակվում են, ֆոնդերը գործում են, ինչը նշանակում է, որ պարտադիր բաղադրիչն ըստ էության գոյություն ունի, ինչին պետք է նորմալ բացատրություն տրվի:
«Այս լուծումը մեզ թույլ է տալու աշխատանքներում քննարկել մեր առաջիկա ներկայացվելիք փաթեթի շրջանակում այն բոլոր խնդիրները, որ կան: Բայց այս պահին չեմ կարող նշել, թե որոնք են այս կամ այն մոդելի առավելությունները կամ թերությունները»,- նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ԱԺ-ում հայտարարեց, թե ճիշտ չէ այն փիլիսոփայությունը, որ մարդ պետք է դիմում գրի եւ հրաժարվի մասնակցել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Պետք է դիմում գրվի, որ ցանկանում են մասնակցել, այլ ոչ թե չմասնակցել։ Այս դեպքում ավելի քիչ դիմումներ կգրվեն եւ պրոցեսն ավելի մեղմ կանցնի»,- վստահեցրել է պատգամավորը եւ կոչ արել հոդվածի 3-րդ կետի փիլիսոփայությունը փոխել։ Ըստ նրա, նաեւ պետք է ձեւավորել աշխատանքային խումբ, պատժել մի քանի մեղավորների, որպեսզի ապագայում հավատ ունենանք։ Պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ, որպեսզի ոչ թե «Դեմ եմ» շարժումներ լինեն, այլ՝ «Հանուն»:
Իսկ կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի հաստատած նոր օրենքը ենթադրում է, որ եթե քաղաքացին ցանկանում է, որ իր աշխատավարձից պահումներ չկատարեն, պետք է դիմում ներկայացնի: Ինչեւէ, նոր նախագծով կամարտահայտության հնարավորություն է տրվում համակարգի ցանկացած մասնակցի: Այսինքն՝ եթե քաղաքացին համարում է, որ իր աշխատավարձից այսօր չպետք է պահումներ կատարվեն, ապա դիմում է ներկայացնում, եւ աշխատավարձից պահումներ չեն կատարվի: Ըստ պատգամավոր Նիլոլ Փաշինյանի, խնդիրն այն է, որ կառավարությունը հնարավորություն տվեց քաղաքացիներին եւ գործատուներին չվճարել իրենց մասնաբաժինը, բայց պետությունը շարունակելու է վճարել իր մասնաբաժինը: «Վատն այն է, որ կուտակային համակարգի թափանիվը պտտվելու է եւ թափ է հավաքելու: Իսկ սեպտեմբերին կառավարությունը կկանգնի ու կասի, որ այս համակարգն աշխատում է, աշխատանքը դադարեցնել հնարավոր չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը պետական բյուջեից կենսաթոշակային ֆոնդերին կփոխանցվի ավելի քան 10 միլիարդ դրամ:
Նարե Մշեցյան
Նորմոդելային վազք – անընդհատ դրսից բերված ինչ-որ մոդելներ են փորձարկում… Դրամաշնորհը ստանում են, իսկ շարքային քաղաքացին վազքի մեջ է՝ կլինի 1, թե 10 պատուհան…
Հայաստանում մշակվում է սոցիալական ծառայությունների մատուցման նոր մոդել, որը հնարավորություն կտա սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, դիմելով մեկ կենտրոն, ստանալ լուծումներ կամ առաջարկներ, ի տարբերություն այսօր գործող համակարգի, երբ ամեն մի սոցիալական խնդրի դեպքում քաղաքացին ստիպված է լինում դիմել տարբեր կառույցներ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ միասին կազմակերպել էր հանդիպում իր հիմնական գործընկերների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում բարելավված սպասարկման եւ դրանց նոր մոդելի վերաբերյալ առաջարկությունները:
Ըստ նախարարի՝ «ամենակարեւոր խնդիրը, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ պետք է լուծվի՝ ապահովել քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատում եւ պետության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների համալիր փաթեթով տրամադրում: Այս ծրագրի ներդրմամբ կմեկտեղվեն պետական եւ ոչ պետական սեկտորի կողմից մատուցվող ծառայությունները եւ քաղաքացու կարիքներին կտրվի ամբողջական բավարարում»: Ծրագրի ներդրմամբ ակնկալվում է նաեւ ծախս-արդյունավետության բարձրացում, մեկ կենտրոնից քաղաքացիների լիարժեք սպասարկում, ինչը էապես կարեւոր է դիտարկվել տարաբնույթ սոցիալական ծառայությունների շրջանակներում:
Ինտեգրման հաջորդ փուլը լինելու է տեղեկատվականը, որպեսզի կարողանան տարբեր կառույցների մեջ փոխգործակցություն ապահովենլ եւ պետության կողմից մատուցվող ծառայություններն ավելի արդյունավետ ու որակյալ դարձնել, բնական է, որ բացի ֆիզիկական ինտեգրումից պետք է լինի տեղեկատվական ինտեգրում:
Հայաստանում ձեւավորվելու են համալիր սոցիալական ծառայությունների 54-56 տարածքային կենտրոններ, իսկ առայժմ գնահատում են փորձնական ծրագրի արդյունքները, ուսումնասիրում, վեր են հանում խնդիրները, որպեսզի վերջնական մոդելի վերաբերյալ առաջարկներ ներկայացնեն կառավարությանը:
Անկախ փորձագիտական հետազոտությունները փաստել են, որ քաղաքացիները դրական կարծիք ունեն մատուցվող սոցիալական ծառայությունների վերաբերյալ: Սակայն ամբողջական բավարարման հետ կապված դեռ խնդիրներ կան: «Այս պահին դեռեւս թույլ է սոցիալական աշխատողի ինստիտուտը, բայց այս ուղղությամբ էլ կատարվում են աշխատանքներ՝ իրավիճակն էապես փոխելու համար»,- նշել է նախարարը:
Մեր երկրում մշտապես այս ու այն ոլորտում նոր մոդելներ են ներդրվում: Չի փոխվում արդյունքը՝ մեկ, երկու, թե տասը պատուհան, միեւնույնն է, շարքային քաղաքացին վազքի մեջ է: Հիմա էլ կսկսվի նորմոդելային վազքը: Մեր չինովնիկները պարզապես այդ դրսից ներկրվող մոդելների համար գումարներ են ստանում: Այլապես մենք ինքներս կարող էինք մեզ համար որոշել՝ ինչպես ավելի դյուրին աշխատել:
Կարեն Բալյան
«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



