Չգիտեմ, գուցե ա՞յս ոճով են մեր կառավարությունները մշտապես վերաբերում մեր գործարարներին: Հապա ի՞նչ է նշանակում «փոխվում են խաղի կանոնները» հասկացությունը: Նկատե՞լ եք՝ ամեն հաջորդ վարչապետը փոխում է նախորդի քաղաքականությունը, եւ իրականում ոչինչ չի փոխվում:
«Խաղի կանոնները» հիմա էլ են փոխվում: Այսպես է ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ փակ հանդիպման ժամանակ:
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նիստում ստվերի դեմ պայքարի մասին հնչեցրած հայտարարությանը՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շեշտեց, թե ստվերի դեմ պայքարի տեսանելի արդյունքները կլինեն հուլիսի 1-ից հետո. «Սա վերջնաժամկետ չէ, պարզապես սահմանագիծ է գծված, որից այն կողմ պետությունը պետք է իր վերաբերմունքը ցույց տա»:
Արդյո՞ք սա ենթադրում է, որ նախորդ կառավարությունը ստվերի դեմ չէր պայքարում: Կարեն Ճշմարիտյանի կարծիքով, ոչ, պարզապես մինչ այս կառավարության քայլերը ստվերի դեմ պայքարում որոշակի արդյունքներ տվել են, բայց դրանք պետք է ավելի զարգացնել:
Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ պետությունը ցույց կտա իր վերաբերմունքը: Գործարարների կաշի՞ն է քերթելու: Կարեն Ճշմարիտյանը «զարմանում» է մեր կանխատեսումից, բայց պետության քայլերի մասին չի խոսում: Ու թե ինչքա՞ն կկրճատվի ստվերի ծավալը հարցին ի պատասխան նախարարը համառոտեց. ՙԿանխատեսումների մասով թվերի լեզվով խոսելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»:
Հետաքրքիր է, ի՞նչ կլինի, եթե գործարարներից մեկը համարձակվի չընդունել խաղի կանոնները: Կարեն Ճշմարիտյանը նորից զարմանում է՝ երեւի մտքում կասկածելով, որ որեւէ մեկը կունենա այդ քաջությունը: Հետո մտքինը թողած՝ բարձրաձայնում է. «Կարծում եմ, ինքներդ ավելի լավ գիտեք»:
Դե՛, մեր իմացածն էլ կաշի քերթելն էր:
Նա միաժամանակ հավելեց, թե Հայաստանը մի տնտեսական փուլում է, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունների ու խոշորների միջեւ հարաբերությունների կարգավորումից է կախված սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ ընդգծեց, թե ստվերի կրճատումը կախված է բոլորի կողմից խաղի կանոնների ընդունումից. «Կարծում ենք, որ գործարարներն էլ են հայրենասեր եւ մտածելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման մասին՝ պետք է ընդհանրապես իրավական-տնտեսական հարաբերությունների դաշտի փոփոխություններն ընկալվեն»:
Հետո նախարարը հասկանալով մեր հաջորդ հարցադրումը՝ շարունակում է. «Ես չեմ կարծում, որ մինչեւ հիմա հայրենասեր չէին, պարզապես նոր հարաբերություններ են անհրաժեշտ»:
Հայրենասե՞ր են մեր գործարարները, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը… Օ՛յ, վերջինս կարծես իր անունով բիզնես չունի եւ գործարար չէ… Ինչեւէ, հայրենասե՞ր են: «Կարծում եմ՝ ինքներդ ավելի լավ գիտեք»,- նախարարի օրինակով մենք էլ մեր ընթերցողներին ասենք:
Ի դեպ, նաեւ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ ինքն իրենից է սկսելու՝ նախարարը նշեց, թե վարչապետը նկատի ունի իր մտերիմներին. «Քանի որ մեծաթիվ մարդիկ կան, որ մեր բոլորի մտերիմներն են»: Ի՛նչ լավ է, որ մենք վարչապետի մտերիմը չենք:
Նախարարը տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպմանը տնտեսվարողները որեւէ կոնկրետ բողոք չեն ներկայացրել (ո՞վ կհամարձակվեր): Հանդիպման ընթացքում ավելի շատ ծրագրային հարցեր են քննարկվել: «Եվ խնդիրը բյուջեի եկամուտները ավելանալու մեջ չէ: Դա նույնպես հետեւանք կարող է լինել: Ավելի շատ երկրում սպառման դաշտն ավելացնելու մեջ է, այսինքն՝ եկամուտների վերաբաշխման հարցը պետք է լուծել, քանի որ երբ եկամուտների կենտրոնացում է գնում, դա տնտեսության համար բավականին բացասական երեւույթ է, իսկ եկամուտների բաշխումը տնտեսության զարգացման հիմքերից մեկն է»,- ընդգծեց Կարեն Ճշմարիտյանը:
Մշտապես վարդագույն ակնոց կրող Արսեն Ղազարյանը, ով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահն է, գոհ էր իրավիճակից, հավատում էր, որ հավասար պայմաններ են լինելու:
Համ էլ, ըստ նրա, «Հայաստանում բիզնեսով զբաղվելը լրիվ շահութաբեր է»:
Ինչ վերաբերում է հուլիսի 1-ից բոլոր գործարարների համար հավասար պայմաններ լինելուն, Արսեն Ղազարյանը նկատեց, որ գործարար շրջանակները ուզում են դրան հավատալ: «Իհարկե, մեկ օրում իրավիճակը չի փոխվի, բայց ուզում եմ հույս ունենալ, որ բիզնեսն ու պետական ապարատը 1-2 տարում կկարողանան հասնել որակական փոփոխությունների»:
Կառավարությունն ավելի խիստ չի՞ դարձել, որի հետեւանքով Հայաստանում բիզնեսով զբաղվելը դարձել է ոչ շահութաբեր: Այս հարցին ի պատասխան, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը շեշտեց. «Շատ էլ շահութաբեր է եւ թող չնվնվան նրանք, որոնց շահույթները առանց այդ էլ բավարար են»:
Համ էլ մեր խոշոր գործարարները թող հանգիստ լինեն, տուժողը միշտ ՓՄՁ-ն է լինում, իրենցից բան չի պոկվի…
«Լուսանցք» շաբաթաթերթ
«Լուսանցք» թիվ 16 (321), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



