Վանատուրը հայոց օջախների եւ հյուրընկալության Աստվածն է… Ընտանիքի միջազգային օրը… Հայաստանում չե՛ն խրախուսվի համասեռական ու նմանատիպ ընտանիքները… Պետք է արգելվեն հայ ընտանիքի արժեհամակարգին ոչ հարիր դասընթացները…

Վանատուր Աստծո տոնը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին

Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին:

Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ լրատվական կենտրոնից, երեկ՝մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում հայ արիները նշել են Վանատուր Աստծո տոնը: Տոնախմբությունը կայացել է Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան (արհեստական ու ժամանակավոր բաժանված) սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանել են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական վերամիավորման ծեսը կատարել են քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:

Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին...

Հայ արիները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում՝ հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված: Հայ Արիական Միաբանությունը, մինչ այս, մայիսյան հաղթականտոներին մեծարել է նաեւ բոլոր ժամանակների հայ հերոսներին, փառաբանել նրանց, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների անդորրն ու զարգացումը: Տոնական արարողությունը շարունակվել է ավանդական ուտեստների ու ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով, ծիսական փառաբանումներով եւ գինեձոներով:

* * *

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայ արիական օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը: Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին:

Մարտի 1-ին նշվեց Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը, ով բնակարգին համահունչ ապահովում է Տիեզերագարնան մուտքը մեր երկիր: Մարտի 21-ին հայ արիները տոնեցին Հայոց Ամանորն ու Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի երկրային վերածնունդը՝ նշելով բնական տարեփոխությունն ու գարնան հաստատումը երկրում… Իսկ ապրիլի 20-ին բնությունը զատեց իր գույները եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնն էր, որ նշվում է նաեւ որպես Հայոց Զատիկի տոն: Եվ գարունն արդեն բերք ու բարիքի եւ ծլարձակումի բնական ընթացքի մեջ է հայտնվում Եվ մայիսյան օրերին է, որ հայ արիները եւ հեթանոս ազգայնականները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ հայոց երկիրն էլ լի ու առատ դարձնի

Ընտանիքի միջազգային օրը

Հետաքրքիր է, որ 1993-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի համաձայն՝ մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: Տոնը հնարավորություն է տալիս համընդհանուր ուշադրությունը հրավիրել ընտանիքի խնդիրներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է, որ այդ օրը կարելի է դիտարկել, թե սոցիալ-տնտեսական ոլորտում տեղ ունեցող փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենում ընտանիքի եւ նրա անդամների վրա, թե ինչ պատասխան քայլեր է հնարավոր ձեռնարկել ընտանիքի ամրապնդման համար: Հավելել է, որ շատ երիտասարդներ գործազրկության պատճառով շատ ավելի երկար են կախված լինում ծնողների աջակցությունից, քան կցանկանային: Իսկ թոշակների բավարար չլինելու պատճառով տարեցների նկատմամբ հոգատարությունն ավելի շատ ուշադրության պիտի արժանանա:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում նշված է, որ «1. Չափահաս տղամարդիկ եւ կանայք, առանց որեւէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում եւ ամուսնալուծության ժամանակ: 2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք, ազատ համաձայնության դեպքում: 3. Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է եւ հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի»:

Հայաստանում չե՛ն խրախուսվի ինչպես համասեռական, այնպես էլ նմանատիպ այլ ընտանիքները

Այս տարի կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարված է ընտանիքի տարի: Այս մասին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը: Մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրը, անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, նա նշել է, որ կառավարությունն իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներ, որի ՙհիմնական նպատակը երեխային հասարակությունից չմեկուսացնելն է եւ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանումը՚: Նախարարության համակարգում այսօր կա 6 մանկատուն եւ 8 գիշերօթիկ հաստատություն, եւ բոլոր գործողություններն ուղղված են մանկատների ու նմանատիպ հաստատությունների բեռնաթափմանը՝ այլընտրանքային հաստատություններում ներգրավելու միջոցով:

Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Վարդան Գեւորգյան էլ նշել է, որ այլընտրանքային խնամքի տարբերակները միայն խնամատար ընտանիքները չեն, եթե հնարավարություն կա, պետք է փորձել երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք. ՙՄինչեւ հիմա  խնամքի կարիք ունեցող երեխաների հարցերը կարգավորվել են խորհրդային համակարգի ոճով՝ միանգամից նման երեխաներին ուղղորդելով մանկատներ՚:

Փորձագիտական խմբի անդամի դիտարկումով, մինչ հիմա տրվել է տնային տնտեսություն հասկացության սահմանումը, բայց ոչ՝ ընտանիքի.- «Ընտանիքի ազգային քաղաքականության նոր ռազմավարության հայեցակարգով սահմանվելու է ընտանիք հասկացությունը, տրվելու է 21-րդ դարում ընտանիքի նախընտրելի ձեւերը, չեն խրախուսվելու արեւմուտքում տարածված համասեռամոլների կամ նմանատիպ այլ տեսակի կամ բնույթի ընտանիքները»:

Արտակ Հայոցյան

* * *

Ազգային ընտանիքը պահպանելու համար պետք է առավել ուշադրության արժանանան կրթական ծրագրերն ամենուր: Պիտի միանշանակ կանխվեն հայ ընտանիքի արժեհամակարգին ոչ հարիր դասընթացները, այդ թվում՝ այն փորձերը, որ եղան վերջերս, երբ «գենդերային բաղադրիչը» ցանկացան ներառել «Հասարակագիտություն» առարկայում: Կառավարությունն այս տարի հրաժարվել է կիրառել գենդերային գաղափարախոսության դրույթները պետական ծրագրերում եւ իրավական ակտերում, ուստի պետք է լինել ավելի կտրուկ:

«Լուսանցք» թիվ 16 (321), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։