Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ովքե՞ր են Հայաստանում ադամանդագործության տերերը – ադամանդի մշակումը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից…

Սա մի ոլորտ է, որտեղ Հայաստանը կարող է մրցել ամենաբարձրորակ հատվածում:

Սա մի ոլորտ է, որ ենթարկվում է արտաքին գրեթե բոլոր ազդակներին, բայց կարող է հաջողել:

Խոսքը ադամանդագործության մասին է: Պետությունը նախանշել է այս ոլորտի զարգացման տեսլականը, գործողությունների հերթականությունը եւ հեռանկարները: Ի՞նչ վիճակ է հիմա մեզ մոտ, համաշխարհային շուկան ի՞նչ միտումներ ունի:

Նախ՝ ասենք, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում բնական ադամանդի մշակման կենտրոններից էր: Եվ այս ոլորտում անկախությունից հետո էլ արագ աճ գրանցվեց օտարերկրյա ներդրումների շնորհիվ: 1973թ. «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվեց առաջին վերամշակման արտադրամասը, որը հետագայում դառնում է ԽՍՀՄ 7 խոշորագույն գործարաններից մեկը՝ 1986թ. թողարկելով 70 մլն դոլարի արտադրանք: 1976թ. հիմնվեց «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազ կարատ վերամշակման հզորությամբ: Զարգացման գագաթնակետին ոլորտի արդյունաբերական անձնակազմի թիվը 3 հազար էր: Ընդհանրապես հայ ադամանդագործ վարպետները մեծ համբավ ունեն: Որոշ հայկական ընկերություններում իրականցվել է անգամ ադամանդի ամենաբարձր որակի՝ «գերազանց» կարգի մշակում: Հայաստանում ոլորտի վերականգնման խթան եղավ 1992թ. ադամանդների ոլորտում հայտնի գործարար Արսլանյանների ներդրումը: Ի դեպ, նրանց միջնորդությամբ մեր երկիր եկան նաեւ այս ոլորտի այլ հեղինակավոր ընկերություններ (Tashe, Rosy Blue): Բնագավառում կարեւորագույն իրադարձություն եղավ, երբ 2000թ. ոլորտի առաջատար «Լեւ Լեւաեւ դայմոնդս» (Lev Levaev Diamonds) ընկերությունը մուտք գործեց Հայաստան: Հայկական ադամանդագործության զարգացմանն էապես նպաստեց նաեւ այն, որ հումքի առաջնային աղբյուրը հասանելի էր:

Մինչեւ 2003թ. հայ-ռուսական միջկառավարական պայմանագրի շրջանակում հայկական ընկերություններին տրված քվոտան, այնուհետեւ 2007թ. հայկական ընտրված ընկերություններին հումքի հատուկ պայմաններով գնման պայմանավորվածություններն ապահովել են Հայաստանում վերմշակված հումքի զգալի մասը: Եթե մի քիչ մանրամասնենք, ապա 1997թ. ՀՀ կառավարության եւ ռուսական «Ալռոսա»-ի միջեւ կնքվում է նպաստավոր պայմաններով հումք ներմուծելու պայմանագիր (տարեկան 300-500 հազ. կարատ):  2002թ. «Ալռոսա»-ի հետ պայմանագիրը դադարեցվում է: Հենց այս տարին է ՀՀ ադամանդագործության զարգացման գագաթնակետը՝ 370 հազ. մշակված կարատով:

Հետո 2007թ. ՌԴ-ում արգելվեց աշխատել «հումք՝ վերամշակման համար» սխեմայով: 2008թ. մեր երկրում գրանցվեց վերջին 10 տարվա դոլարի ամենացածր փոխարժեքը՝ 306 դրամ: Դրան հաջորդեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը: 2002թ.՝ այսպես ասենք, 370 հազ. կարատային հաջողությունից հետո մինչեւ 2009թ. ցուցանիշը նվազեց տարեկան 7 անգամ՝ հասնելով 50 հազ. կարատի: 2011թ. արդեն Հայաստանի ադամանդագործությունը աշխատում էր իր արտադրական հզորությունների 17.5%-ի չափով ընդամենը (2002թ. համեմատ): Ոլորտի աշխատողներն արտահոսեցին Ռուսաստան, Կանադա, Աֆրիկա: Ճիշտ է, 2010-11թթ. որոշակի աճ նկատվեց ոլորտում, բայց դա պայմանավորված էր համաշխարհային շուկայի աշխուժացմամբ եւ ՀՀ դրամի արժեզրկմամբ:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ՀՀ կառավարության պայմանավորվածությունը ռուսական «Ալռոսա»-ի հետ նպաստավոր պայմաններով հայկական ընկերություններին հումք մատակարարելու մասին (1997թ.), հնարավորություն տվեց հայկական ընկերություններին ստեղծել ծախսային առավելություններ մյուս երկրների նկատմամբ: Արդյունքում բացվեցին բազմաթիվ փոքր ընկերություններ՝ տեղական կապիտալով, իսկ համաշխարհային խաղացողների համար ստեղծվեց հնարավորություն Հայաստանի միջոցով ձեռք բերել ռուսական հումք:

Արդեն 2002թ. արտոնությունները վերանում են, սկսած 2006թ.-ից Ռուսաստանից ներմուծումը գրեթե զրոյանում է մինչեւ 2010թ.: Համաշխարհային ճգնաժամի հետեւանքով էլ նվազեց պահանջարկը շքեղության՝ ոսկերչության եւ ադամանդի նկատմամբ, որի արդյունքում կրճատվեցին ադամանդի մշակման ծավալները (միայն 2009թ. աշխարհում ադամանդի վերամշակման ծավալները կրճատվել են 36%-ով): Ոլորտը սկսեց վերականգնվել 2010թ.-ից:

Արտաքին գործոններից (օտարերկրյա ներդրումներ, դոլարի փոխարժեք, ռուսական հումքի մատչելիություն, համաշխարհային ճգնաժամ) զատ ոլորտի շարժի վրա ներքին գործոններ էլ են ազդում: Օրինակ՝ «Lev Լevaev Diamonds»-ը 2000թ. ձեռք բերելով «Շողակն» գործարանը, դառնում է ոլորտի խոշորագույն արտադրողը: Այստեղ ժամանակին աշխատել է մինչեւ 1.800 մարդ, կամ ճյուղում զբաղվածների գրեթե կեսը: Սակայն 2007թ.-ից «Շողակն»-ը դատական վեճի մեջ է ՊԵԿ-ի հետ, ինչի արդյունքում նույն տարվանից դադարեցվել է ձեռնարկության գործունեությունը. վեճը կարծես մինչ օրս դեռ լուծված չէ: Այս ամենին հավելյալ ոլորտի համար վերջին տարիներին խնդիրներ են ծագել «ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով աշխատող ընկերությունների մոտ՝ կապված հումքի մշակման կորուստների գնահատականների եւ ԱԱՀ-ի վերադարձի հետ:

Ովքե՞ր են Հայաստանում այս գործի տերերը: Մեր երկրի ադամանդի մշակման գերակշիռ մասն իրականացվում է օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

2011թ. Հայաստանում բնական մշակված եւ չմշակված ադամանդի առուվաճառքի, ներմուծման, արտահանման լիցենզիա է ունեցել 9 ադամանդագործական ընկերություն: Ադամանդ է վերամշակում 7 ընկերություն՝ «Լորի», «Դայմոթեք», «Արեւակն», «Ֆայրսթոուն», «Դայմոնդ», «ԷՅ ԷԼ ԹԻ», «Անդրանիկ»: Ընկերությունների հիմնական մասն աշխատում է պատվիրատուի հումքով, հատկապես օտարերկրյա ընկերությունների կողմից հիմնված վերամշակման գործարանները: Որոշ ընկերություններ աշխատել են սեփական միջոցների հաշվին ձեռք բերված հումքով, որի բաժինը սակայն չափազանց փոքր է եղել: 2011թ. հայկական 9 ընկերություններ են գնումներ արել «Ալռոսա»-ից ՀՀ կառավարության եւ այդ ընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում: 1 ընկերություն էլ հումքի տեսակավորման գործունեություն է ծավալում:

Վերամշակող հիմնական ընկերությունները հետեւյալն են.- «Լորի»: 1992թ. անկախ Հայաստանի առաջին ադամանդագործական ընկերությունն է, որ հիմնադրվել է 1992թ. Արսլանյանների կողմից եւ որի սեփականատերերն են այսօր Արսլանյաններն ու Rosy Blue-ն: Երբ գործունեության գագաթնակետին էր, մշակել է ամսական 10-15 հազար կարատ, ուներ 450 աշխատող: Այսօր ընկերություն աշխատում են մոտ 150 մարդ, եւ աշխատում են հիմնականում «հումք՝ վերամշակման համար» սկզբունքով: Ընկերությունն ունի «գերազանց» մշակման որակի առանձնացված արտադրամաս:

– «Դայմոթեք»-ը հիմնադրվել է 1999թ.: Սա պատկանում է Rosy Blue ընկերությանը: Պիկային տարում ունեցել է ամսական մինչեւ 15,000 կարատ մշակում, 750 աշխատող: Այժմ ունի մոտ 100 աշխատող եւ ամսական մոտ 3,000 կարատի մշակում: Աշխատում են հիմնականում սեփականատիրոջ կողմից մատակարարվող հումքով, սակայն ունենում են եւ սեփական պատվերներ:

2000թ. հիմնադրված «Արեւակն» ընկերությունը Tache ընկերության սեփականությունն է: Ունեցել են 170 աշխատող եւ ամսական մինչեւ 4,000 կարատ մշակում, ներկայումս՝ մոտ 130 աշխատող եւ 3,000 կարատ մշակում:

Լե Լեւաեւի կողմից 2000թ. մասնավորեցված «Շողակն»-ի մասին արդեն նշեցի: Հենց այդ տարում էլ աշխատանքը սկսած ընկերությունը 2005թ. արտադրության առավելագույն մակարդակն է ունեցել՝ ամսական մինչեւ 35,000 կարատ մշակմամբ եւ 1,800 աշխատողով: Աշխատել է սեփականատիրոջ հումքով:

– «Ֆայերսթոուն»-ը հնդկական խոշորագույն ընկերության մասնաճյուղն է Երեւանում: Բացվել է 2009թ.՝ DCA ընկերությունից վարձակալելով արտադրական տարածքներ: Չնայած նախնական ներդրումային ծրագրով նախատեսված էր ստեղծել մինչեւ 3,000 աշխատատեղ, 2011թ. ընկերությունում աշխատում էր մոտ 100 մարդ: Ընկերությունը գրեթե չի գործում հումքի բացակայության պատճառով:

Թե համաշխարհային ինչ միտումներ կան ադամանդագործության ոլորտում եւ համադրելի ինչ առավելություններ ունի Հայաստանը, որոնք թույլ են տվել զարգացման տեսլական մշակել, կանդրադառնանք հաջորդիվ:

Մնում է միայն սպասել, թե ինչ ազդեցություն կունենա ոլորտի վրա ՀՀ-ի մուտքը Մաքսային միություն: Եվ արդյո՞ք ոլորտի հումքը կմտնի այն բացառությունների շարքը, որի հետ կապված ապրանքախմբի ցանկը հայկական կողմը քննարկում է ռուսական կողմի հետ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։