Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…

Մեր ավանդապատումները շարքից.- Գեղարքունիքի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-16-ում

Գանձավանք կամ Անգիր վանք - գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտ: Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաեւ Անգիր վանք, որովհետեւ նրա մեջ ոչ մի գրի նշան չկա:

Սեւանա վանք - գտնվում է Սեւանա կղզում: «Ի կառուցել մեծին Գրիգորի զայս եկեղեցի «կոչեաց եւ անուն տեղւոյս Այս է վան, որ հոլովելով աղաւաղանօք ի լեզուս, եհաս առ յետագայսն եւ առ մեզ անուամբս Սեւան»:

Սուրբ Հովհաննես - գտնվում է Սեւանի Դդմաշեն գյուղի հյուսիսում: Եղել է Հովհաննես անունով մի մարդ: Երիտասարդ ժամանակ նա ավազակությամբ է զբաղվել: Երբ ծերացել է, եկել է այստեղ, աղբյուրների մոտ քոլիկ՝ տնակ է շինել, ապրել մեջը, սնվել հովիվների եւ գյուղացիների տված կերակուրի փշրաքներով: Քավելու համար իր գործած մեղքերը՝ Հովհաննեսը դարձել է ճգնավոր: Մի օր էլ նրան գտել են մեռած: Հովհաննես ճգնավորի տնակ-մատուռը հետո դարձել է սրբավայր՝ Սարի Սուրբ Հովհաննես անունով:

Քարեջանի քռա - գտնվում է Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղի դաշտում: Քարեջան անունով մի քարհատ է եղել, աղքատ, բայց քարի պես ամուր ու աշխատավոր մարդ: Դրա համար էլ նրան տվել են Քարեջան անունը: Երկար ժամանակ զբաղվելով քարհատությամբ՝ Քարեջանը քար է մատակարարել գյուղի քարտաշներին ու տուն կառուցողներին: Այն տեղը, որտեղից ժամանակին քար է կտրել Քարեջանը, կոչվում է Քարեջանի քռա, բնական քարակույտ, կապան:

Այվազի քռա - գտնվում է Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղի հյուսիսային կողմում: Այվազ անունով մի մարդ մանգաղը վերցրած՝ գալիս է այստեղից խոտ քաղելու: Հենց մոտենում է քռային, քարերի տակ բուրդ է տեսնում: Կարծում է, թե հովիվները խուզել են ոչխարը եւ աղայից թաքցրել, որ հենց մութն ընկնի՝ գան-տանեն: Բուրդը գրկում է թե չէ, տեսնում է՝ ի՛նչ բուրդ, արջ է: Այվազին հաջողվում է ետեւի կողմից բռնել եւ սեղմել արջի ամորձիները: Արջը թուլանում է եւ ուժեղ գոռում: Մոտիկ տեղից օգնության են հասնում: Սակայն մինչեւ մարդկանց գալը, Այվազը սպանում է արջին եւ շալակով բերում գյուղ: Քարքարոտ այդ տեղը դրանից հետո կոչվում է Այվազի քռա:

Քարացած քավոր կամ Աթարի դեզ - գտնվում է Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի ձորում: Սա մի ժամանակ քակորի ամրոց է եղել, որ պատկանել է մի շատ հարուստ մարդու: Աղքատը եկել է այդտեղից մի երկու քակոր տանելու: Ագահ հարուստը չի թողել: Աղքատն անիծել է եւ ամբողջ քակորը քար է դարձել:

Սեւանա լիճ

Ա) Սեւանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը եւ ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում:

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով՝ «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սեւանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը:

Բ) Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին որոշելով, որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը եւ դառնորեն կանչում. Սեւ Վան եկավ մեր գլխին, սեւ Վան: Ու այդպես էլ լճի անունը մնում է Սեւան:

Նորատուս - նախկինում՝ Նորադուզ. Հայաստանի հնագույն բնակավայրերից է, մեկը Գեղարքունի գավառի այն սակավաթիվ գյուղերից, որի հին անունը պահպանվել է մինչեւ օրերը: Մինչեւ 19-րդ դարի սկիզբը եղել է Ծմակ գավառի՝ Կամոյի շրջան վարչական կենտրոնը: Զաքարյանների ժամանակ այստեղ է նստել նրանց կառավարիչը, որն արձանագրությունների մեջ կոչվում է դեմեթար, մեփորել կամ առաջնորդ: 16-րդ դարում Գեղարքունյաց մելիքական 4 տոհմերից մեկը՝ Ազարյանները, մելիք Բարիքի օրոք իրենց նստոցը մոտակա Գանձակ գյուղից տեղափոխվում են Նորատուս:

Գյուղի մեջ եւ նրա շրջակայքում կան մեծ թվով միջնադարյան հուշարձաններ ու արձանագրություններ:

Սեւ եւ կարմիր սարեր -  Գեղամա լեռնաշղթայի վրա են: Սեւ սարը ժամանակին եղել է մի բռնակալ մարդ, որը քար է դարձել ժողովրդի անեծքով, իսկ Կարմիր սարը՝ մուրազաբեր մի աղջիկ, որին ուժով տիրացել է բռնակալը: Չկարողանալով վայելել աղջկա սերը՝ Սեւ սարը մինչեւ հիմա ամպի պես որոտում է, գոռում նրա վրա ու չի կարողանում մոտենալ: Ասում են, թե դրա համար Սեւ սարը լալիս է, չի կարողանում մոտենալ: Լալիս է անզոր կատաղությունից եւ իր վրեժը հանում մարդկանցից:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։